ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հունիսի 2-ից մեկնարկում է ,,Նոր անուններ,, պատանի երաժիշտ-կատարողների 3-րդ միջազգային փառատոնը

31 մայիսի, 2013 | 17:14

ԵՐԵՎԱՆ- Հունիսի 2-5-ը Երևանում կանցկացվի «Նոր անուններ,, պատանի երաժիշտ-կատարողների 3-րդ միջազգային փառատոնը: Ծրագրի ղեկավարն է մշակույթի գործիչների ընկերակցության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը: Փառատոնի հովանավոր և գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: Փառատոնը կանցակցվի ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Մշակույթի գործիչների ընկերակցություն,, կազմակերպության նախաձեռնությամբ։

Պատանի երաժիշտ կատարողների 3-րդ միջազգային փառատոնին մասնակցում են մինչև 18 տարեկան չորս տասնյակ շնորհալի երաժիշտներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կուբայից, Բելառուսից, Ղազախստանից, Մալթայից, Սիրիայից, Վրաստանից: Փառատոնի մասնակիցները երևանյան ունկնդրին կներկայանան նվագախմբային և մենանվագ կատարումներով: Նրանցից շատերը բազմաթիվ ելույթներ են ունեցել աշխարհի հեղինակավոր բեմերում, միջազգային ու հանրապետական մրցույթների, փառատոների բազմակի դափնեկիրներ և տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ են:

 

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 2-ին, ժամը 18:00-ին՝ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ /դիրիժոր՝ Հարություն Արզումանյան/: Հունիսի 3-ին և 4-ին, ժամը 18:00-ին երևանյան հանդիսատեսը նույն համերգասրահում կունկնդրի պատանի երաժիշտների մենանվագ կատարումները:

 

Փառատոնի եզրափակիչ համերգը տեղի կունենա հունիսի 5-ին, ժամը 18:00-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ /դիրիժոր՝ Հարություն Արզումանյան/:

 

Փառատոնային օրակարգը կներառի նաև մասնակիցների համար մշակութային ծրագիր /այցելություններ Երևանի մշակութային օջախներ, հուշարձաններ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/: Մայիսի 31-ին ՀՀ մշակույթի նախարարությունում «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 3-րդ միջազգային փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Լիլիա Նիկոյանը, Հայաստանի «Նոր անուններ,,ծրագրի ղեկավար, Մշակույթի գործիչների ընկերակցության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը և Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի երաժշտագետ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Նոնա Ոսկանյանը:

Ավելացնենք, որ 2004 թվականին ,,Նոր անուններ,, ծրագրի շնորհալի երեխաները ելույթներ ունեցան նաեւ Պրահայում։

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Մարիաննա Շիրինյանի ու ,,Նոր անուններ,,ի փայլուն համերգը Կոպենհագենի ՄԱԿ-ի ավանում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: