ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հունաստանը խափանել է «Թալեաթ փաշա» կոմիտեի Ցեղասպանության ժխտման հնարքը Աթենքում

15 հունվարի, 2015 | 00:08

Sasunyan HarutՀարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Անցյալ շաբաթ թուրքական «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքին չհաջողվեց  Հունաստանում կրկնել տասը տարի առաջ Շվեյցարիայում իր կազմակերպած ժխտողական խաղը:  Փերինչեքը ծրագրել էր իր սրբապիղծ «Թալեաթ փաշա» կոմիտեի անդամների հետ միասին մեկնել Աթենք՝ վիճարկելու Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող վերջերս ընդունված հունական օրենքը: Նա երազում էր «հերոս» դառնալ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հունաստանի դեմ հայց ներկայացնելով՝ օրենքը խախտելու համար ակնկալվող ձերբակալությունից հետո:

Դեռևս 2005 թվականին, Շվեյցարիայի ոստիկանության կողմից կալանավորվելուց  հետո, Փերինչեքը մեղավոր ճանաչվեց Հայոց ցեղասպանության ժխտման համար: Երբ Շվեյցարիայի դաշնային դատարանը (Գերագույն դատարանը) հաստատեց նրա պատիժը, Փերինչեքը 2008 թ. դատավճիռը բողոքարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): 2013 թ. դեկտեմբերի 17-ին, ՄԻԵԴ-ի յոթ դատավորներից հինգը որոշում կայացրեցին հօգուտ Փերինչեքի՝ պնդելով, որ Շվեյցարիայի դատարանները խախտել են նրա խոսքի ազատության իրավունքը: Երեք ամիս անց Շվեյցարիան ՄԻԵԴ-ի սխալ որոշումը բողոքարկեց դատարանի 17 անդամներից բաղկացած Մեծ պալատում, որը նախատեսում է 2015 թ. հունվարի 28-ին վերաքննել ավելի վաղ ընդունված դատավճիռը:

Բարեբախտաբար, Փերինչեքի ծրագրած հնարքը Հունաստանում բազմաթիվ արգելքների հանդիպեց …  Նախ, սկսենք նրանից, որ նա չէր կարող Թուրքիայից դուրս գալ, քանի որ նրա վրա ճամփորդական արգելք էր սահմանված բանտից պայմանական ազատվելուց հետո՝ դավադրության մասնակից լինելու համար:  Երբ առանց նրա, իր կուսակցության 13 անդամներից բաղկացած պատվիրակությունը ժամանեց Աթենքի օդանավակայան, Հունաստանի իշխանությունները խելամտորեն որոշեցին խմբին հետ վտարել Թուրքիա, քան թե տեսարան սարքել՝ նրանց ձերբակալելով:  Հունական ոստիկանությունը որպես արդարացում օգտագործեց թուրք այցելուների ճամփորդական փաստաթղթերի կարգին չլինելու փաստը:

Ստամբուլ վերադառնալուց հետո արտաքսված թուրքերը կուսակիցների կողմից հռչակվեցին որպես «հերոսներ»: Փերինչեքն անմիջապես մեղադրեց նախագահ Էրդողանին և վարչապետ Դավութօղլուին՝ իրենց «չափազանց խայտառակ որոշման» համար, որով կանխեցին նրա Հունաստան մեկնելը՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Փերինչեքի հետևորդները նաև մեղադրեցին Հունաստանում Թուրքիայի դեսպան Քերիմ Ուրասին՝ հունական կառավարության հետ դավադրության մեջ՝ խոչընդոտելով իրենց առաքելությունը: Ի պատասխան՝ թուրք դեսպան Քերիմ Ուրասը մեղադրեց «Թալեաթ փաշա» կոմիտեի անդամներին՝ իրենց սեփական ծրագրերը խանգարելու համար, դրանց մասին նախօրոք հայտարարելով, չնայած դեսպանի հորդորին՝ անաղմուկ ժամանելու Աթենք և հանդես գալու միայն այնտեղ հասնելուց հետո…  Ուրասն ավելացրեց, որ թուրքական պատվիրակության վաղաժամ հրապարակային հայտարարությունների պատճառով, հունահայ համայնքն Աթենքում բողոքի ցույցի էր նախապատրաստվել նրանց դեմ:

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն պաշտպանեց Փերինչեքի՝ Հունաստան մեկնելու վերաբերյալ դատարանի արգելքը: Մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն հերքեց Փերինչեքի մեղադրանքը, թե Անկարան փորձել է խոչընդոտել իր կոմիտեի ուղևորությունը դեպի Հունաստան: Սակայն, Փերինչեքին շատ ավելի կարևոր ուղևորություն է սպասվում հունվարի 28-ին, երբ ակնկալվում է, որ նա ներկա կգտնվի իր գործով Շվեյցարիայի բողոքարկման դատական նիստին ՄԻԵԴ-ում, Ստրասբուրգում: Չնայած այն բանին, որ Փերինչեքի հետ ունեցած հեռախոսազրույցում Չավուշօղլուն ասել էր, որ Թուրքիայի կառավարությունը չի առարկում նրա Ստրասբուրգ մեկնելուն, սակայն արտգործնախարարն զգուշացրել էր, որ Փերինչեքի փամփորդական արգելքի վերացման վերջնական որոշումը դրված է Թուրքիայի Գերագույն դատարանի վրա: Անկարան այժմ պետք է հակակշռի իշխող կուսակցության դեմ ծայրահեղ ազգայնական քննադատի աճող հեղինակության վնասը՝ ընդդեմ մոլեռանդ ժխտողականին աջակցելու առավելության Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ընթացքում:

Թուրքական և միջազգային լրատվամիջոցները լայնորեն տարածեցին նախորդ հոդվածներից մեկում իմ հաղորդած հրատապ լուրը, որով բացահայտվել էր, որ Ամալ Քլունին Ջեֆրի Ռոբերտսոնի և այլ ակնառու փաստաբանների հետ Հայաստանը կներկայացնի ՄԻԵԴ-ի դատական նիստում հունվարի 28-ին: Տիկին Քլունիի ներգրավվածության լուրն այս դատական գործում տարօրինակ արձագանքի արժանացավ Փերինչեքի կողմից, որը թուրքական մամուլին ասաց. «Տիկինը կարող է մասնակցել դատական նիստին, բայց եթե անգամ Հիսուսի կինն էլ գա, միևնույն է, հաջողության հասնելու հնարավորություն չունի»…

Իմ վերջին հոդվածից հետո, մի քանի ընթերցողներ մատնանշել էին անծանոթ ընտանեկան կապը տիկին Քլունիի (Ամալ Ռամզի Ալամուդին) և շվեյցարացի նշանավոր միսիոներ «Պապա» Ջակոբ Կյունցլերի միջև, որը հայտնի է որպես «հայ որբերի հայր»: Մինչև Ցեղասպանությունը, 25 տարի շարունակ, Կյունցլերը և նրա կինը ջանասիրաբար օգնել են հայ համայնքին Ուրֆայում: Այնուհետև, 1920-ականներին Կյունցլեր ամուսիններն սկսել են աշխատել Մերձավոր Արևելքի նպաստամատույցի համար, տարհանելով հազարավոր հայ որբերի Թուրքիայից դեպի Ղազիր, Լիբանան, որտեղ հայ աղջիկները գործել էին հանրահայտ «Սպիտակ տան գորգը», որը 1925 թվականին նվիրաբերվել էր Միացյալ Նահանգների նախագահ Քալվին Քուլիջին: Կյունցլերի դուստր Իդան ամուսնացել է Ամալի պապիկի՝ Խալիլ Ալամուդինի զարմիկ Նաջիբ Ալամուդինի հետ: 1970 թ. Իդա Կյունցլերը հրատարակել է մի ուշագրավ գիրք իր հոր անձնվեր մարդասիրական գործունեության մասին՝ «Պապա Կյունցլերը և հայերը» խորագրով:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Առնչվող նյութեր
1. ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 103-ՐԴ ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
2. Սփյուռքը Հայաստանի կողքին է. Հունահայերը աջակցում են շարժմանը
3. ԱԹԵՆՔ. ԲԵՌԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ 140-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ
4. ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱԹԵՆՔՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ԲԵՌԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ 140-ԱՄՅԱԿԻՆ
5. Մեր ժողովուրդներին կապում են քրիստոնեությունը, պատմությունը, ցեղասպանություններն ու մշակույթը.-հույն փոխարտգործնախարար
6. Հունաստան-Հայաստան. բանակցում են արտգործնախարարությունները
7. ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԿԻՊՐՈՍԻ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ
8. Հունաստանի քաղաքական կուսակցությունները զորակցել են հայկական պահանջատիրական պայքարին
9. Հունաստան. մի շարք քաղաքներում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
10. Կմիավորվե՞ն արդյոք սփյուռքում հայերն ու հույները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: