ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հովսեփ Թոքատ «Ավերակ Քղին». հայրենի եզերքի կարոտը սրտումս

02 դեկտեմբերի, 2016 | 11:17

Օրեր առաջ իմ լավ բարեկամներից մեկից մի հաճելի նվեր ստացա՝ Հովսեփ Թոքատի «Ավերակ Քղին»։ Այս պատկերագրքի շնորհանդեսը տեղի է ունեցել հոկտեմբերին։ Սակայն Հայաստանում չգտնվելու պատճառով չէի մասնակցել շնորհանդեսին, նաև առիթ չէի ունեցել ծանոթանալու հեղինակի հետ։

tokat-8

Թերևս այս ամենը պատճառ էր դարձել նախ հնարավորինս արագ թերթել Արևմտյան Հայաստանին նվիրված պատկերագիրքը, ապա գամվել ու ընթերցել ողջ շարադրանքը և ուսումնասիրել ներկայացված ուշագրավ լուսանկարները։ Վերջին էջն ընթերցելով ու լուսանկարները նայելով ուրիշ բան չես կարող ասել՝ հրաշալի է հեղինակի՝ Հովսեփ Թոքատի հայրենականչը, որը մեկ անգամ ընթերցելուց հետո արձագանքներ ունի քո մեջ։ Իսկ այդ արձագանքները և՛ սեր է, և՛ կարոտ, և՛ հիշատակ, ամեն ինչ, նաև արմատների կանչ։ Իսկ այդ արմատների կանչն ամենուր է՝ քանդված եկեղեցիների, կիսավեր շինությունների, խաչքարերի, կամուրջների, բնության գողտրիկ անկյունների, ճարտարապետական այլ կերտվածքների, անգամ գերեզմանոցների և, մի վերջին հաշվով, հայի ոգին ու էությունը պահպանող բնակավայրերի պատկերներում, եթե անգամ այդ ամենում գնալով պակասում է հայկականն ու հայկականությունը։ Բայց, ցավոք, որքան ժամանակն առաջ է գնում, այդ ամենը պարզապես մասունքներ են դառնում։

Շտապում ենք որքան հնարավոր է շուտ տեղեկանալ ու հասկանալ, թե որտեղ է գտնվում Քղին՝ Արևմտյան Հայաստանի այդ գողտրիկ անկյունը, որի նկատմամբ այդքան մեծ սեր ունի պատկերագրքի հեղինակը, այդ եզերքում ծնված Հովսեփ Թոքատը։

tokat-12Հեղինակը նկատում է, որ հին ժամանակներում Քղին Հայքի Խորձեան գավառի մաս էր կազմում և հայտնի էր Կողաբերդ անվանումով։ Այսօր Քղիի շրջանը մաս է կազմում Բինգյոլ նահանգին։ Քղիի տարածքը գտնվում է Էրզրումից դեպի հարավ-արևմուտք՝ սահմանակից լինելով Հընս՝ Խնուս քաղաքին։

Հեղինակն այսպես մանրամասն ներկայացնում է Քղիի և՛ աշխարհագրությունը, և՛ պատմությունը։ Իսկ հերթական էջը թերթելով՝ բացվում է Քղիի տարածաշրջանի քարտեզը՝ 1914 թվագրությամբ՝ շեն ու ծաղկուն բնակավայրերի մատնանշումով։ Այդ ամենը հայոց ցեղասպանությունից առաջ էր։ Այդ ժամանակ Քղին հիմնականում բնակեցված էր հայերով։ Հայը հողագործ էր ու անասնապահ, կարողանում էր իր տունուտեղը շեն պահել։ Ուշագրավ է շարադրանքի շարունակությունը՝ «Քղի գավառի գյուղերը և հայ բնակչության վիճակագրությունը»։

tokat-15Քղին 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին ուներ 15 գյուղախումբ։ 50 գյուղ հայաբնակ էր։ Եղեռնից առաջ դրանցում ապրում էր 37000 հայ։ Միայն Քղիի Գասապա գյուղում ապրում էր 3900 հայ։ «Գասապայի հայ համայնքն ուներ մեկ տղոց վարժարան՝ 5 ուսուցիչ և 200 աշակերտներով մեկ աղջկանց վարժարան՝ երեք ուսուցիչ և 150 աշակերտներով, և մեկ մանկապարտեզ, երեք ուսուցիչ և 250 աշակերտերով»,- գրում է հեղինակը՝ Հովսեփ Թոքատը,- Քղիի Գասապայի հայ համայնքը կբնակեր հետևյալ եկեղեցիներու թաղամասերը՝ Սուրբ Յակոբ (կառուցված 1833-ին(, Սուրբ Նշան (կառուցված 1733-ին), Սուրբ Սարգիս (կառուցված 1834-ին), Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (կառուցված 1803-ին) և Վարի թաղի եկեղեցի՝ Սուրբ Աստվածամայր (կառուցված 1803-ին)»։

Այսպես նկարագրվում են տարածաշրջանի բոլոր գյուղերը՝ իրենց պատմությամբ, աշխարհագրությամբ ու տնտեսությամբ։ Ամեն մի բնակավայր ներկայացվում է նաև իրեն բնորոշ բնութագրիչներով. Ագրակ գյուղի մոտ կային արծաթի և կավի հանքեր, Աղբըզուտ գյուղը հայտնի էր որմնադիրներով, քարակոփներով, հյուսներով, Ամասինն ուներ երկու ազգային հաստատություն՝ վարժարան և սուրբ Վարդանանց եկեղեցին, Ապողնակ գյուղի մոտ մի լճակ կար, որի ջուրը գոյանում էր ստորգետնյա մի աղբյուրից։ Առինձ գյուղի ողջ բնակչությունը կոտորվել է եղեռնի տարիներին՝ 567-ից միայն 3-ն են կենդանի մնացել։

Աստղաբերդ գյուղի անունը կապված է Աստղիկ աստվածուհու հետ։ Ավրդընիկ-Վարդենիկ անունը գյուղը ստացել է բակերում շատ վարդեր ունենալու պատճառով և եղել է միջնադարյան գրչության կենտրոն։ Արեգ գյուղում է գտնվել սուրբ Աստվածածին եկեղեցին, որը ավանդության համաձայն կառուցվել է Թադէոս Առաքյալի կողմից և եղել է կրթական կարևոր կենտրոն։ Սուրբ Աստվածածինը հարկատու է եղել Մշո սուրբ Կարապետ վանքին։

tokat-6Որ մեկը թողնես, որը թվարկես։ Ամեն մի գյուղ հայ մարդու համար շեն ու լեցուն է եղել, որոնցից թուրքերը ոչինչ չթողեցին, տիրացան այն ամենին, ինչը հայինն էր։ Ափեվանքում 121 տնից և 870 անձից կոտորեցին 90%-ին։ Գըզըլ Չպուգ գյուղում 105 տնից վերապրեց 10 հոգի, Լէք գյուղում 80 անձից վերապրեց միայն մեկ տղամարդ։ Իսկ Խաչատուր գյուղից վերապրեց դարձյալ մեկը՝  Խորեն անունով մի երիտասարդ։ Համարյա թե նույնը՝ Լճիկ, Խասգյուղ, Խարապեկ, Խոպակ, Խոլխոլ, Խոշքար և այլ բնակավայրերում։

Հեղինակը հետաքրքիր փաստեր և իրողություններ է բերում։ Պատմելով Հերտիֆ (Հարթիֆ) գյուղի մասին. «Հերտիֆի և շրջակա գիւղերու քիւրտերը կը խոստովանին թէ իրենց նախնիները հայեր եղած են։ Այդ պատճառով Եղեռնի օրերուն բազմաթիւ հայերու կեանքը փրկուած է տեղացի քիւրտերու կողմէ, եւ մաս մըն ալ Կմէկցի Իսմայիլ Աղայի ջանքերով»։

Նկատենք, որ հեղինակը, ի դեպ, թուրք լուսանկարչի հետ անցել է բոլոր հայկական, այսօր արդեն ոչ հայաբնակ գյուղերով ու ոչ միայն պատմությունը կամ վերապրածների հուշերը ներկայացրել, այլև հենց այսօրվա, մեր ժամանակի կտրվածքով տեսել, հասկացել, ընկալել է հայրենի եզերքը, հարկ եղած դեպքում ճշգրտումներ ու հստակեցումներ կատարել։

Հողաս գյուղից հեղինակը կարողացել է ընթերցողին փոխանցել մի լուսանկար, ուր սուրբ Աստվածածին եկեղեցին է եղել և ծառայել է 55 հայ ընտանիքի։Կամ Ղազ գյուղը՝ իր ժամանակակից համայնապատկերով։ Այստեղ ապրող 400 հայից և ոչ մեկը 1915-ին չի փրկվել։

Հովսեփ Թոքատը նաև իր գերդաստանի ծննդավայր Ճերմակ գյուղ է հասնում, ուր 1915-ին 200 շեն ու առատ տներ կային՝ 1500 բնակչով։ Յոթ թուրքի տուն էլ կար։ Գյուղը 1763 թվականին կառուցված սուրբ Գևորգ եկեղեցի ուներ, երկսեռ վարժարան՝ 79 աշակերտով։ «Ճերմակի բնակչութիւնը կը զբաղուեր մեծամասնութեամբ արհեստներով, առևտրով (ըստ մեծ մայրիկիս՝ իր հօրեղբայրը՝ Մելքոն Աղա Ալոեանը Չինաստանէն մետաքս եւ Ռուսաստանէն շաքար կը ներմուծէր այդ ժամանակ) եւ երկրագործութեամբ»,- գրում է հեղինակը։

tokat-10Հովսեփ Թոքատը կարողացել է գտնել իր հարազատների բարի հիշատակները՝ պատկերագրքում ներկայացնելով հին ու նոր լուսանկարների տեսքով՝ մեծ հոր Մարտիրոս Սարգսյանի կառուցած կամուրջը, հեղինակի ծնած տան հողատարածքը, Ճերմակի աղբյուրը՝ հայերեն արձանագրությամբ, հայկական գերեզմանատան ավերակները։ Ճերմակի բնակիչները Գուլգանա ձորում գրեթե լիովին կոտորվեցին։ Պահպանված սուրբ Գևորգ և սուրբ Աստվածածին եկեղեցիները հայերի ներկայության ևս մեկ հիշատակներ են։

Հեղինակն իր հայրենի Ճերմակ գյուղից հետո ներկայացնում է Ճպըրգյուղը՝ իր սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակներով, ուր իր հայրենականչի կարճ հանգիստն է ցանկացել գտնել Հովսեփ Թոքատը և լուսանկարել է քանդված, բայց հայ քրիստոնեական ոգի ունեցող եկեղեցում։ Իսկ եկեղեցու ավերակները շարունակում են պատկերացում տալ, թե ինչպիսին է եղել այս կամարակապ ինքնատիպ հոգևոր տաճարը։ Ավելի քան խոսուն են պատկերագրքի ամեն մի էջի լուսանկարները։

51 գյուղերի հետ կապված՝ հեղինակը ՀՀ պետական արխիվի տվյալները օգտագործելով ներկայացնում է ամեն մի բնակավայրի տների քանակը՝ բնակչության թվով, անձերով։ Նշվում են նաև բոլոր բնակավայրերի եկեղեցիները, մատուռները, սրբատեղիները։ Պատկերագրքում ներկայացված են նաև Քղիի վանքերի մեջ ստեղծված ձեռագրերի ցանկը։ Այս ամենի տրամաբանական շարունակությունն է Քղիի հայկական մշակույթի և կրթության ներկայացումը, որոնք ստեղծվում էին նախևառաջ դպրեվանքերում՝ Հագստունի սուրբ Կարապետ, Արեգի սուրբ Աստվածածին և Օսնակի սուրբ Կիրակոս վանքերում։ Գյուղ չկար, որ վարժարան չունենար։ Այստեղ ևս շատ խոսուն են լուսանկարները, որոնցում ներկայացված են մասնավորապես Քղիի աղջկանց նախակրթարանի սաները և ուսուցչական կազմը, Քղիի ամառային դպրոցի ուսուցչական կազմը։

tokat-3Գրքի հաջորդ հատվածը վերնագրված է «Քղեցիին զբաղմունքները»։ Այստեղ ներկայացված են ոչ միայն բնակչության հիմնական զբաղմունքները, մասնագիտությունները, այլև ինչ խաղեր էին խաղում, ինչով զբաղվում ձմռան ցուրտ օրերին։ Օրինակ, նշվում է աղյուսախաղը, որը խաղում էին իրենց տների հարթ կտուրներին, պարանի խաղը կամ էլ գոտեմարտ-ըմբշամարտը, որոնք ևս տարածված էին և հարգի բնակչության շրջանում։

Այս ամենի յուրովի շարունակությունն է «Քղեցիին հավատալիքները և սովորութիւնները» հատվածը. «Ընդհանրապես քղեցին իր տան մեջ անպայման անկիւն մը ուներ, ուր զետեղուած էին մի քանի սուրբ գրքեր։ Այդ վայրը իրենց համար սուրբ խորան կը համարվեր»։

Հեղինակը հետաքրքրությամբ է ներկայացնում նաև քղեցիների հարսանիքների նկարագրությունը, երբ դրանք օրեր, երբեմն մեկ-երկու շաբաթ էին տևում, իսկ «հարսը տղուն տուն կուգար անպայման ձիու վրա»։ Այս խորագիրը ևս համեմված է համապատասխան պատմական լուսանկարներով։ Հարսանիքի ժամանակ պարտադիր երկու ճաշատեսակ կար՝ բաղարջը և խարկված մսով՝ ղավուրմայով փլավը։ Ի դեպ, ինչպես հեղինակն է ներկայացնում, բավականին հարուստ էր քղեցիների խոհանոցը՝ դդմի ապուրից մինչև ճմուռ, թանապուրից մինչև տոնիկ ապուր։ Ուշագրավ են նաև հեղինակի որոնումները Քղիի բարբառային նմուշները ներկայացնելիս։ Այստեղ բառերի մի ամբողջ ցանկ է տեղադրված, որոնք վկայում են նաև տարածաշրջանի մարդկանց կողմից օգտագործվող հետաքրքիր ու տպավորիչ բառամթերքը՝ աղեկ-գեղեցիկ, առինգ-առաստաղ, բուճ-կարճ գուլպա, գութիկ-շան ձագ, զապնիլ-նիհարել, լէնկէո-ափսե, ծանրոտոք-հղի կին, կիրիֆտա-բահ, ճիլ-եղեգ, մկլեզ-մողես, չայ-գետ, չափար-ցանկապատ, ջայրա-ճախարակ և այսպես շարունակ, ավելի քան 550 բառ ու հասկացություն։

tokat-1Թերևս այսպես կարելի է շարունակել թվարկել  այս հրատարակության արժանիքները։ Դրանցից ամենակարևորը այն է, որ այս պատկերագիրքը եռալեզու է՝ արևմտահայերեն, անգլերեն և թուրքերեն, դրանով հասանելի հազարավոր մարդկանց՝ ում համար ընկալելի ու թանկ է հայրենականչը, տվյալ դեպքում հայ մարդու՝ Էրգրում ծնված ու մեծացած, այսօր ԱՄՆ-ում մեծ հաջողությունների հասած (Հովսեփ Թոքատը ճանաչված և մեծահամբավ ոսկերիչ է), բայց երբեք իր արմատները և հայրենի եզերքի ու իր ժողովրդի անթեղված ցավը չմոռացած։

Մեզ մնում է ցանկանալ, որ նա կարողանա շարունակել իր սկսած շնորհակալ գործը, որովհետև այն նաև ինքնատիպ հայրենագիտություն է և հայրենաճանաչություն։ Իսկ դրա կարիքը ամեն մեկս ունենք, որովհետև մենք միշտ կորցրել ենք և այսօր միայն վերագտնելու անհրաժեշտութուն և հրամայական ունենք։ Գուցե այս ամենը նաև անհրաժեշտ հայրենաբաղձություն է, առանց որի ոչ ներկա և ոչ էլ ապագա կա։

Թերևս մեր այս խոհերին ու մտորումներին հավելենք հեղինակի՝ Հովսեփ Թոքատի, յուրօրինակ «Ձոնը», որով նա սկսում է իր պատկերագիրքը. «Այս համեստ աշխատանքս կը նուիրեմ այն բոլոր ազգերուն, որոնք վտարուած են իրենց ծննդավայրերէն՝ քաղաքական պատճառներով-սկսեալ Սպանիայեն վտարուած հրեաներուն, Ռուսաստանէն տարագրուած չէրքեզներուն, Պալքանեան երկիրներէն եւ Ռուսաստանէն աքսորուած թուրքերուն, Անաթոլիայէն վտարուած յոյներուն, ասորիներուն, եւ վերջապէս, հայերուն, որոնք երեք հազար տարի մշակեցին հողը, ձեւաւորեցին երկաթը, պղինձը, ոսկին ու արծաթը, տարածեցին իրենց տաղանդը աշխարհով մէկ, վեց հարիւր տարի շարունակ պատիւ բերելով Օսմանեան Կայսրութեան՝ ամէն մարզի մէջ։ Կիտեցին ճանապարհներ, կառուցեցին կամուրջներ, առանց մտածելու թէ օր մը այդ ճանապարհներն ու կամուրջները զիրենք պիտի տանէին դէպի անվերադարձ անապատները»։

Բայց ինչպես Հովսեփ Թոքատն է վկայում՝ հայրենականչը Էրգրում դեռ չի մարել, հայոց բարի հիշատակները այնտեղ դեռ պահպանվում են՝ իսկական տերերի վերադարձի սպասումով։ Այլ խոսքով, վաղ, թե ուշ իսկական տանտերերը վերադառնալու և իրենց օջախին տեր են կանգնելու։

 

Սերգո Երիցյան

բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Հ.Գ. Գրքի ավարտին հեղինակը տեղեկացնում է, որ «Ավերակ Քղին» պատկերագրքի վաճառքից գոյացած միջոցները պետք է ուղղվի Հայաստանի սահմանամերձ տարածքների դպրոցների ուսուցիչների նյութական աջակցությանը, ինչը և արեց Հովսեփ Թոքատը, վերջերս գտնվելով Հայաստանում, այցելելով Վայոց ձորի Խաչիկ գյուղ և Տավուշի մարզ։

tokat-2 tokat-4 tokat-7 tokat-9 tokat-11 tokat-13 tokat-14 tokat-16 tokat5


Առնչվող նյութեր
1. Վանում մեծ ոճրագործություններ են կատարվել. Հովսեփ Թոքատ
2. Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» վիպակի շնորհանդեսը սեպտեմբերի 11-ին
3. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
4. Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը
5. Հանդիպում գրող Կիմա Կիրակոսյանի հետ
6. «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանը պատրաստ կլինի 2020 թվականին՝ մեծ գրողի 85-ամյա հոբելյանին
7. Գրախոսական. Արամ Քերովբեան. Ձայն յանապատի. եկեղեցական երաժշտութեան բարեկարգումը ԺԹ. դարու վերջաւորութեան
8. Մեծ ասելիք՝ փոքր ծավալում. Վարդգես Դավթյանի ժողովածուները
9. Վանաձորցի երիտասարդ դրամատուրգը Հայաստանը ներկայացրեց Գերմանիայում
10. ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՕՁՆԵՑԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՇԻՐԻՄԻՆ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԴՎԻ ԳՅՈՒՂՈՒՄ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: