ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 դեկտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը և նրա ժամանակը

07 դեկտեմբերի, 2017 | 19:47

Դեկտեմբերի 5-ին Մայր աթոռում տեղի ունեցավ «Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը և նրա ժամանակը» թեմայով գիտաժողով։ Մասնակիցներին օրհնության խոսքով դիմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։

Հարկ ենք համարում մեջբերել Վեհափառ Հայրապետի խոսքն ամբողջությամբ. «Հոգևոր հայրեր, գիտաժողովի պատվարժան մասնակիցներ, սիրելի ներկաներ, ողջունում ենք ամենքիդ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Հովհաննես Օձնեցի Հայրապետին նվիրված գիտաժողովի գումարման առիթով, որը կազմակերպված է երանելի Հայրապետի գահակալության 1300-ամյակի կապակցությամբ:

Գիտաժողովը ևս մեկ առիթ է գնահատելու Հովհաննես Օձնեցի սուրբ Հայրապետի վաստակը մեր Եկեղեցու և ժողովրդի պատմության մեջ, արժևորելու նրա հարուստ ժառանգությունը, քրիստոնեական հավատքի անաղարտության պահպանման համար նրա կողմից ներդրված նվիրական ջանքերը և իր ժողովրդին անկորուստ պահպանելու խնամքն ու հոգածությունը: Գիտաժողովը նաև առիթ է նորոգվելու բազմաշնորհ Հայրապետի եկեղեցանվեր ու հայրենանվեր ոգով:

Մեր ժողովուրդը սրբացրել է Հովհաննես Օձնեցի Կաթողիկոսին և իր երևելի հովվապետին մեծարել «Իմաստասեր» անվամբ։ Իմացության և գիտության հանդեպ սերը, ինչպես նաև առաքինությամբ և հոգևոր սխրանքներով լեցուն կյանքը լավագույնս նկարագրում են նրա կերպարը։ Նրա անձի մեջ ի մի են եկել քաջիմաց աստվածաբանի, շնորհաշատ քարոզչի ու հռետորի, խոհեմ առաջնորդի ու դիվանագետի հատկանիշները։ Նա հիշվում է որպես «երկրորդ Ոսկեբերան», Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալների, Գրիգոր Լուսավորչի գործը շարունակող մեծ իմաստասեր և նոր առաքյալ:

Երանաշնորհ Հայրապետը մեծ բարենորոգիչ էր: Մեր Եկեղեցու փառավոր էջերից է նրա ընդամենը տասնամյա գահակալությունը, որի ողջ ընթացքում Հովհաննես Օձնեցին հետևողական պայքար մղեց Հայաստանում քրիստոնեության անաղարտ պահպանման, մեր Եկեղեցու դավանանքն ու ծեսը տեսականորեն հիմնավորելու և այդ ծիրում մեր Եկեղեցու քրիստոսաբանական նկարագիրն ամբողջացնելու համար: Իր Ճառերով, ծիսական կանոններով և դրանց մեկնաբանությամբ, Կանոնագրքի կազմումով, անգամ անզուգական շարականներով ու հոգևոր երգերով, որ կրում են նրա աստվածաբանական մտքի դրոշմը և հավատքի երկնաթռիչ շունչը, Հովհաննես Օձնեցի Հայրապետը ամենայն իրավամբ համարվում է մեր ուղղափառ հավատքի հիմնասյուներից մեկը։

Հայկական պետականության բացակայության պայմաններում Հովհան Օձնեցին նաև խոհուն և քաջ առաջնորդ եղավ: Իր իմաստությամբ ու հոգևոր նկարագրով նա կարողացավ շահել արաբ խալիֆի վստահությունը և մեծ պատերազմներով լի ժամանակում իր ժողովրդին հեռու պահել նոր փորձություններից ու համախմբել մեր Եկեղեցու հովանու ներքո: Մեր ժողովրդի ապահովության, նրա հավատքի անսասանության և քրիստոնեական կյանքի ամրության համար մեծ Հայրապետի հոգածությունն ու արդյունավոր ջանքերը առ այսօր հիասքանչ օրինակ են մեզ և հետագա սերունդների համար։ Արդարև, այսօր էլ, երբ օրվա հրամայական է դիմագրավումը զանազան գաղափարախոսությունների, որոնք միտված են մեր Եկեղեցու դավանանքից, ծեսից իր զավակներին հեռացնելուն, ազգային միասնությունը քայքայելուն, Հովհաննես Օձնեցու գործունեությունը վերիմաստավորման և վերարժևորման մի նոր ու կարևոր խորհուրդ է ստանում:

Մեծագործ Հայրապետի 1300-ամյակը հրավեր է վառ պահելու նրա սուրբ հիշատակը և ավելի վառ` այն սերը, որով Հայոց հոգելույս Հայրապետը պայծառ է պահել Հայ Եկեղեցու լույսը և իր կյանքով ավելացրել պայծառությունը հոգևոր մեր տան: Սա է նրա մեծագույն պատգամը, հայրական հորդորն ու խրատը մեզ: Եվ չկա ավելի մեծ գնահատական նրա կյանքին ու գործին, քան մեր հավատարմությունը նրա թողած անգնահատելի ժառանգությանը և առաքելաշավիղ ընթացքին:

Հայրապետական Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում գիտաժողովի կազմակերպիչներին՝ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Չուլջյանին, Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանին, «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քհն. Պողոսյանին և նախանձախնդրությամբ այս գիտաժողովին համախմբված բոլոր մասնակիցներիդ:  Բարձրյալի օրհնությունն ենք հայցում ամենքիդ և արդյունավոր ընթացք ու հաջողություններ մաղթում գիտաժողովի աշխատանքներին»:

Այնուհետև կազմակերպիչների ողջույնի խոսքից հետո տեղի ունեցավ լիագումար նիստը, որի ժամանակ ներկայացվեցին Յուրի Սուվարյանի և Վալերի Միրզոյանի «Հովհաննես Օձնեցի. Կանոնագիրք հայոց» սոցիալ-փիլիսոփայական և կառավարչական հիմքերը», Սեյրան Զաքարյանի «Դամասկոսում  Հովհան Օձնեցու կնքած պայմանագրի» գնահատման հարցի շուրջ և Ազատ Բոզոյանի «ԺԴ տիտղոսների բյուզանդական կանոնագրքի հայերեն թարգմանությունը և «Կանոնագիրք հայոցը» զեկուցումները։ Դրանցում հեղինակները հետաքրքիր վերլուծություններ և անդրադարձներ կատարեցին, որոնք ուղղակի նվիրված էին Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի ազգանվեր գործունեությունը։

Այնուհետև գիտաժողովը շարունակվեց զուգահեռաբար երկու դահլիճներում՝ Գևորգյան ճեմարանի Կոմիտաս սրահում և «Վաչե և Թամարա Մանուկյան» մատենադարանում, ավելի քան 20 զեկուցումներով և ելույթներով, որոնք առնչվում էին Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի հայոց և հայ եկեղեցու պատմությունում թողած հետքին։ Մեր թղթակիցը դիմեց նիստերը վարողներից բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանին՝ մեկնաբանության խնդրանքով։

«Զեկուցումները տարբեր բնույթ և ուղղվածություն ունեին,- ասաց նա և բնականաբար նպատակ՝ բացահայտելու հոգևոր մեծ, ես կասեի անգամ պետական գործչի գործունեության տարբեր ուղղությունները՝ նրա քրիստոսաբանական հայացքների ներկայացումից սկսած (զեկուցող՝ Վիկտորյա Համբարձումյան) մինչև նրա կերպարի արտացոլումը հայ բանահյուսության մեջ։ Այս և նման տիրույթներում, ներկայացված զեկուցումները և դրանց քննարկումները ավելի առարկայական և գործնական էին դառնում։

Օրինակ, հետաքրքիր էր լսել Աստղիկ Ավետիսյանի խոսքը Սուրբ Հովհաննես Օձնեցուն առնչվող ուխտերի՝ կամ Հասմիկ Հարությունյանի զեկուցումը Հովհան Օձնեցու շարականների ոճական առանձնահատկությունների մասին։ Պակաս գրավիչ չէին նաև Հայկ Հակոբյանի «Սուրբ Հովհան Օձնեցին վրացական աղբյուրներում», Խաչիկ Գրիգորյանի «Սուրբ Հովհան Օձնեցու գործունեությունը և երկերը՝ որպես հայոց եկեղեցու դավանական բանաձևերի և եզրութաբանության ելակետ» կամ «Հովհան Օձնեցու կերպարը հայ ձեռագրական արվեստում»։

Ամեն զեկույցում մի հետաքրքիր փաստ և իրողություն էր ավելացնում Հովհան Օձնեցի կաթողիկոսի կերպարին և նրա ազգանպաստ գործունեությանը։

Կոնֆերանսի ընդմիջմանը մենք առիթ ունեցանք զրուցելու նաև Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ, ով երախտիքի խոսքը ուղղեց Վեհափառ Հայրապետին և Մայր Աթոռին, քանի որ նրանց օրհնությամբ և անմիջական քայլերով կայացավ շատ կարևոր այս գիտաժողովը։

«Ինչպես ցույց են տալիս ներկայացվող ելույթները, Հովհան Օձնեցի կաթողիկոսի գործունեությունը այնքան հարուստ և բազմաշերտ է, որ նման ուսումնասիրությունները նորովի են բացահայտում նրա կերպարը և ապրած ժամանակաշրջանը։

Իմ հոգևոր եղբայրներ Գևորգյան ճեմարանի հոգևոր ճեմարանի տեսուչ Գարեգին վարդապետ Համբարձումյանի և Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանի ջանքերը հաջողությամբ են պսակվել և այսօր մենք ունեցանք բազմազան ելույթներով գիտաժողով։

Ասեմ, որ Հովհան Օձնեցի կաթողիկոսին նվիրված միջոցառումները Լոռում մեկնարկել են ապրիլի 17-ին՝ հազարավոր մարդկանց ուխտագնացությամբ դեպի Արդվու Սուրբ Հովհաննես եկեղեցի, ուր գտնվում է Հովհան Օձնեցու դամբարանը։ Վերջերս Արդվում տեղադրվել է Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի արձանը, որի հանդիսավոր բացումը կլինի հաջորդ տարի՝ ապրիլի 17-ին։

Լույս է տեսել Գառնիկ Շախկյանի «Հայրապետական աթոռին փառքը» գիրքը։ Մտածում ենք այստեղ ունենալու հայրապետական գավազանի քանդակագործական և ճարտարապետական մարմնավորումը։ Ծրագրեր շատ ունենք։ Հովհան Օձնեցուն նվիրված միջոցառումները չպետք է կազմակերպերպենք միայն նրա որևէ հոբելյանին նվիրված։ Նրան, մեր լուսավոր հայրապետներին, գործիչներին պետք է հիշենք և ոգեկոչենք տարին բոլոր»։

Գիտաժողովի ընդմիջումներից մեկի ժամանակ տեղի ունեցավ նաև նոր լույս տեսած Գառնիկ Շախկյանի «Հայրապետական աթոռին փառքը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը ներկայացրեց հեղինակը՝ ճարտարապետության դոկտոր Գառնիկ Շախկյանը, ընդգծելով, որ իր նպատակն է եղել համառոտ և համապարփակ կերպով ներկայացնել Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի կյանքն ու գործունեությունը։

Գրքի խմբագիր Սերգո Երիցյանը ավելացրեց, որ գիրքը հանրամատչելի է և հնարավորին պատերացում է տալիս մեր մեծ հայրենակցի մասին։

«Կարծում եմ, որ ապագայում ընթերցողին կհասնեն ոչ միայն այս հետաքրքիր զեկուցումների ամփոփումները, այլև գրքեր՝ նվիրված հայ առաքելական եկեղեցու մեծ գործչին և հայրենասերին»։

Ընդհանրապես, հյուրընկալ Մայր աթոռի մթնոլորտը սուրճի, թեյի, ճաշի ընդմիջումների ժամանակ հնարավորություն էր տալիս գիտաժողովի շուրջը մտքեր, կարծիքներ, տեսակետներ փոխանակել՝ ինչ-որ տեղ շարունակել քննարկումները։ Օրվա բանախոսներից մեկը՝ Վալերի Միրզոյանը, նկատեց, որ նման ջերմ ու կառուցողական մթնոլորտի ստեղծումը թույլ է տալիս ասելիքը մինչև վերջ հասցնել։

«Ամենակարևորը, մենք պետք է կարողանանք այդ ամենից դասեր քաղել,- շարունակեց նա,- իսկ Հովհան Օձնեցին ուսանելի շատ դասեր ունի՝ երկիրը պահպանելու, շենացնելու, զարգացնելու առումով»։

Գարեգին վարդապետ Համբարձումյանի խոսքով էլ գիտաժողովը ուսանելի եղավ նաև ճեմարանի սովորողների համար, ովքեր հաղորդակից եղան Հովհան Օձնեցու հոգևոր մեծ աշխարհին։

«Մայր Աթոռում նման գիտաժողովներ կազմակերպելու այս ավանդույթը շարունակվում է Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և նրա նախանձախնդրության շնորհիվ, որովհետև իսկապես մեր ճեմարանը նաև յուրօրինակ գիտական կենտրոն է, ուր պետք է նման գիտաժողովներ լինեն»։

Իսկ Արարատ քահանա Պողոսյանի համոզմամբ մեր հոգևոր հայրերի կյանքի և գործունեության նման հանրահռչակեցումները, վերլուծությունները ոչ միայն մեր պատմությունն են ներկայացնում, այլև նրանց ավանդույթներով դաստիարակված մեր երիտասարդ հոգևորականներին։ Իսկ այդ առումով Հովհան Օձնեցին բացառիկ օրինակ է։

Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը, ով նաև հետաքրքիր զեկուցում կարդաց «Հայ-ասորական եկեղեցական հարաբերությունները Սուրբ Հովհան Օձնեցի կաթողիկոսի օրոք» թեմայով, համոզված է, որ գիտաժողովը կարևոր նշանակություն կունենա և հնարավորություն կտա նորովի բացահայտելու Հովհան Օձնեցի կաթողիկոսին։

Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանն էլ ասաց, որ գիտաժողովի արդյունքները և ոգին կփոխանցի Օձունի և շրջակա գյուղերի հավատացյալներին, ովքեր ուխտագնացության են մեկնում Հովհան Օձնեցու դամբարան։

Ընդամենը 1-2 ամիս առաջ է տեղադրվել Հովհան Օձնեցի կաթողիկոսի արձանը, բայց այն արդեն սիրված է, մարդիկ գալիս են, երկրպագում, իրենց հարգանքի տուրքը մատուցում»։

Մինչև գիտաժողովի վերջին ակորդը՝ ներկաները, մասնակիցները, բանախոսները ձգտում են իրենց ասելիքը բարձրաձայնել, Հովհան Օձնեցի կաթողիկոսին առնչվող նոր նյութեր ու մոտեցումներ ներկայացնել, նոր ասելիք նախանշել։ Անշուշտ գիտաժողովը կամփոփի հրատարակվելիք ժողովածուն, որը կարող է լինել «Էջմիածին» պարբերականի ամբողջական առանձին համարով, նաև այլ հրապարակումներով։ Ողջ օրվա քննարկումները նաև նոր թեմաներ երևան բերեցին, ավելի հաստատուն դարձրին մասնագետների մտադրությունները։

Մասնակիցներին մնում է շնորհակալությամբ և երախտագիտությամբ հրաժեշտ տալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և ասել՝ մինչ հանդիպում Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի հետ 2018 թվականի ապրիլի 17-ին՝ Լոռու մարզի Արդվի գյուղում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքում՝ այս անգամ Հովհան Օձնեցի կաթողիկոսի շարականների ներքո։

Կարինե Տիտանյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-Երևան


Առնչվող նյութեր
1. Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսին նվիրված վավերագրերի ժողովածուների շնորհանդես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
2. Հայաստանում մեկնարկել են Ազգային ժողովի ընտրությունները
3. Վեհափառ Հայրապետները կայցելեն Արցախ
4. Համահայկական խնդիրների լուծման համար արմատական բարեփոխումներ են անհրաժեշտ
5. Հռոմի Պապի հետ հանդիպմանը Արամ Ա կաթողիկոսը հիշեցրել է Ցեղասպանության ու Սիրիայի մասին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հինգերորդ դարի պատմիչը նկարագրում է հայ հասարակության ողբալի վիճակը
2.Թվային աշխարհը երեխաների համար ավելի անվտանգ դարձնենք՝ միևնույն ժամանակ ընդլայնելով համացանցի հասանելիությունն ի շահ ամենախոցելի երեխաների (ՅՈՒՆԻՍԵՖ)
3.Պրահայում 794 հազար եվրոյով վաճառվել է Այվազվոսկու ,,Փոթորիկ ծովում,, կտավը
4.Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն
5.Բեռլինի Aurora Dialogues-ի ընթացքում փորձագետները քննարկել են մերօրյա միգրացիոն ճգնաժամի լուծման ուղիները
6.Թրամբէն առաջ Էրտողան Երուսաղէմը Իսրայէլի մայրաքաղաք ճանչցած է. Փայլան
7.Գագիկ Գինոսյանի «Ողջու՜յն, տղե՛րք» գրքի շնորհանդեսը
8.Եվրոպահայերի համագումարի կոչը՝ հայ եւ վրացի հոգեւոր եւ պետական այրերին
9.«Հայերի ծառայությունը Լեհաստանի Հանրապետությանը. Գրյունվալդից մինչև Մոնտե Կասինո» խորագիրը կրող ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
10.Սամվել Թադեւոսյանի «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: