ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հովհաննես Այվազովսկու աննախադեպ ցուցահանդես եւ գիտաժողով Երեւանում

Աշխարհահռչակ ծովանկարչի 200-ամյակը կնշվի Հայաստանում
04 սեպտեմբերի, 2017 | 09:15

ՕՐԵՐ եվրոպական ամսագրի հարցերին պատասխանում է Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը

Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2017 թվականի հիշարժան տարեթվերի շարքում: Այս առթիվ Հայաստանի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 15-ից կբացվի «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը, որտեղ կներկայացվի հայազգի մեծ նկարչի ստեղծագործական ուղին ըստ Հայաստանի ազգային պատկերասրահի գեղանկարչական ու գրաֆիկական հավաքածուների և տարբեր արխիվներում պահվող վավերագրերի: Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը։ Ցուցահանդեսի նախաբացումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ի երեկոյան։ 850 քառակուսի մետր տարածք զբաղեցնող  ցուցադրությունը հնարավոր կլինի դիտել մինչեւ 2018 թվականի հունվարի 15-ը։ Կներկայացվեն  ծովանկարչի շուրջ յոթանասուն աշխատանքները, այդ թվում՝ երբևէ չցուցադրված գրաֆիկական գործերը, Մայր Աթոռի տրամադրած երկու կտավները, ինչպես նաև ռուսական թանգարաններից բերված՝ Այվազովսկու ստեղծագործությունները: Ցուցադրանքն սկսվելու է աշխարհի արարումը խորհրդանշող «Քաոսից» և ավարտվելու Այվազովսկու՝ «Նոյն իջնում է Արարատից» կտավով։

Իսկ սեպտեմբերի 15-16-ը, Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում կգումարվի «Ծովանկարչության սահմանները» խորագրով միջազգային գիտաժողով` նվիրված Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին:  Հյուրերի թվում կլինեն թե՛ Հայաստանի, եւ թե՛ արտերկրի ճանաչված արվեստաբաններ, արվեստագետներ, թանգարանային գործի վարպետներ: Այվազովսկու հոբելյանի առիթով Կենտրոնական բանկը թողարկել է արծաթե հուշադրամներ, որոնք կտրամադրվեն  Հայաստան ժամանած  պատվավոր հյուրերին։ Նրանցից ոմանց կտրվի նաեւ Այվազովսկու անվան շքանշան։

Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյան

-Պարոն Ծատուրյան, ի՞նչ ծրագրեր է նախատեսում Հայաստանի Ազգային պատկերասրահը Հ.Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Իր գոյության ընթացքում քանի՞ անգամ է պատկերասրահը կազմակերպել նրա աշխատանքների անհատական ցուցահանդես, հրատարակվե՞լ են արդյոք պատկերագրքեր։

-Հայաստանի ազգային պատկերասրահը 2017 թվականի համար բավականին հագեցած ծրագիր է կազմել, մի շարք ցուցահանդեսներ կազմակերպվելու են արտերկրում, բայց պետք է ասեմ, որ 2017 թվականի սեպտեմբերից սկսած՝ պատկերասրահը մեծ պատիվ ունի աշխարհին ներկայանալու մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդես-միջոցառումներով: Աշխատանքներ ենք տանում Մխիթարյան միաբանության հետ, նախնական բանակցություններ են ընթանում, երևի գիտեք Այզվազովսկու հայտնի՝ ՙՔաոս՚ աշխատանքը պահպանվում է այնտեղ և պիտի փորձենք այն  ցուցադրության նպատակով Հայաստան բերել: Էջմիածնի թանգարանից ևս աշխատանքներ կցուցադրվեն, ինչպես նաև կլինեն գործեր մասնավոր հավաքածուներից:  Պետք է ասեմ, որ հսկայական աշխատանք է արվում և այս ցուցահանդեսի կազմակերպման հարցում բավական մեծ ներդրում ունի ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նախատեսվում է գիտաժողով հրավիրել սեպտեմբեր ամսին, որին արտերկրից մեծ թվով մասնակիցներ ներկա կլինեն:

Իսկ առհասարակ  իր գոյության ընթացքում ՀԱՊ-ը կազմակերպել է շուրջ յոթ ցուցահանդես, տպագրվել է վեց պատկերագիրք և տարբեր բուկլետներ:

– Այվազովսկու քանի՞ նկար կա պատկերասրահի պահոցներում, ինչպե՞ս են դրանք հայտնվել Հայաստանում։ Աշխարհում ո՞ր տեղն է գրավում Հայաստանն իր հավաքածուով։

– Ազգային պատկերասրահում Այվազովսկու գործերից պահվում է 58 գեղանկար և 31 գրաֆիկա, եւ աշխատանքներ կան թե՜ պահոցներում, թե՜ ցուցադրությունում, որտեղ բնականաբար ամբողջը չի ներկայացված: Իհարկե, ցանկալի կլինի ավելի շատ ցուցադրել, բայց տարածքի հարց կա, որ հուսով եմ մոտ ապագայում կլուծվի: Թե որ տեղն է գրավում թանգարանն աշխարհում, դժվար է ասել, վիճելի հարց է, նայած որ տեսանկյունից ենք դիտարկում: Այդ հարցում շատ նրբություններ կան:

-Անցած տասնամյակների ընթացքում եղե՞լ է արդյոք դեպք, որ Այվազովսկու որեւէ կտավ անհետանա Ազգային պատկերասրահից։ Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել այդ ուղղությամբ։

-Պատկերասրահի բոլոր աշխատանքները հաշվառված են և գտնվում են համապատասխան հսկողության ներքո:  Սակայն պատմության մեջ, դեռևս 1997 թ. եղել է դեպք, պատկերասրահից գողացվել է Այվազովսկու մի գործ՝ ՙԼուսնյակ գիշեր աղբյուրի մոտ՚: Դեպքից որոշ ժամանակ անց, այն հայտնաբերվել է Մոսկվայում և այդ տարիների իշխանության ջանքերով այն վերադարձվել է Ազգային պատկերասրահին:

-Հայտնի՞ է արդյոք, թե Հայաստանի թանգարաններում, պատկերասրահներում եւ անձնական հավաքածուներում Այվազովսկու քանի կտավ կա։

-Ստույգ թիվ դժվար է ասել, բայց Այվազովսկին շատ է վրձնել: Աշխարհում հաշվվում է մոտ 6000 կտավ, որից  ինչպես նշեցի, մեր պատկերասրահում կա 58 գեղանկար և 31 գրաֆիկա:

-Չեք կարծում, որ Այվազովսկին պետք է մշտական ցուցադրություն ունենա Հայաստանի Ազգային պատկերասրահում կամ առանձին թանգարան՝ Երեւանում։

-Հայաստանի Ազգային պատկերասրահում կա Այվազովսկու մշտական ցուցադրության երկու սրահ՝ հրաշալի աշխատանքներով: Ինչ վերաբերվում է առանձին թանգարան ունենալուն, երբեք էլ վատ չէ յուրաքանչյուր նոր նախաձեռնություն, բայց սա ինքնանպատակ չպետք է լինի: Աշխարհը շարժվում  է դեպի թանգարանային խոշորացման, եթե բացվի, ապա թանգարանը ինչ հավաքածուով պետք է ներկայանա, չէ որ կոնտենտն է թելադրում, իսկ այս դեպքում կոնտենտը դա հենց  հավաքածուն է:

Վստահ ենք, որ մեծագույն պատիվ է, որ Ազգային պատկերասրահում են ցուցադրվում վարպետի աշխատանքները, ընդհանրապես որևէ երկրի ազգային պատկերասրահում ցուցադրվելն արդեն իսկ պատիվ է, քան առանձին փոքր թանգարանը: Առհասարակ եկեք հասկանանք, նկարիչը ինչով է մոտիվացվում, որպեսզի առանձին թանգարան ունենա՝ նրանով, որ նա հայ է, եթե մասնագիտորեն ենք դիտարկում՝ Հայաստանի պարագայում դա ճիշտ չի, Այվազովսկին երբեք Հայաստանում չի եղել, ապրել և ստեղծագործել է Թեոդոսիայում, որտեղ էլ ունի իր տուն-թանգարանը: Ես ավելի շատ կողմ եմ օրինակ պատկերագրքերից բացի նոր ֆիլմեր, տեսահոլովակներ նկարահանել նրա մասին, ավելի մատչելի կերպով ներկայացնել իր արվեստը հասարակությանը:

-Ի՞նչ նշանակություն է ունեցել Այվազովսկու արվեստը հայ գեղանկարչության համար։

-Եթե դիտարկում ենք հայկական արվեստի տեսանկյունից,  բավական մեծ հետք է թողել: Նա իր  ներդրումն է ունեցել հայկական բնանկարի ստեղծման, կայացման և զարգացման գործում. անձնական շփումների ու մասնագիտական խորհուրդների արդյունքում արևմտահայ կերպարվեստը հարստացել է մի շարք բնանկարիչների շնորհիվ՝ հայ դասականներ Գ.Բաշինջաղյան, Մ.Ճիվանյան, Վ. Մախոխյան, Ա. Շաբանյան, Է. Մահտեսյան և այլք, որոնցից մի քանիսն անգամ Ֆրանսիայում արժանացել են ՙՊատվո Լեգեոն՚ շքանշանի:

 

  ՕՐԵՐ 1-4/79/ 2017

 

 

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. Համագործակցության և բարեկամության փառատոնը Լոռվա աշխարհում
2. «Ծնվեց մահկանացու, թողեց անմահ հիշատակ»
3. Չեխաբնակ Ալեքսանդր Օնիշենկոյի ցուցահանդեսը Երեւանում
4. Արվեստանոց բաց երկնքի տակ. ավանդական փառատոնը սկսվում է Օձունում
5. Այվազովսկու 200-ամյակին նվիրված մեծ ցուցահանդեսի «աստղային» կտավը՝ «Քաոսը», արդեն ճանապարհին է
6. Չեխաբնակ Ալեքսանդր Օնիշենկոյի իմպրեսիոնիստական գեղանկարները կներկայացվեն Երեւանում
7. Չեխահայ նկարիչ Հովիկ Մուրադյանը Չինական եւ Եվրոպական Արվեստի առաջին բիենալեում
8. Գեղանկարիչ Մհեր Էվոյանը՝ Նյու Յորքի Չելսեա միջազգային մրցույթ-ցուցահանդեսում
9. «Ռեքվիեմ. Արչի Գալենցի մարդկանց պատկերներ» ցուցահանդեսը՝ Բեռլինում օգոստոսի 8-ին
10. Արսինե Քլյան. «Դանիելյան» արվեստի կենտրոնի փոքրիկ հյուրը Էստոնիայից

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: