ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հովիկ Չարխչյան. Մեր մեծերին ու նրանց հիշատակը դարձրել են կասկածելի գործարքների ու պատեհապաշտ դրսևորումների առարկա

«Լինել ժամանակի մեջ». հարցազրույց 50-ամյակի շեմին
17 հունիսի, 2014 | 17:44

Hovik Charkhchyan 2Հովիկ, այսօրվա մեր զրույցն ուզում եմ սկսել քո մտքերից մեկով. «Աշխարհագրական հայրենիքի սահմանները պահում են զինվորները: Հոգևոր հայրենիքի սահմանապահները մայրենի լեզվով խոսողներն են: Աղավաղվա՞ծ է այն, ոտնձգությունների՞ է ենթարկվում, ուրեմն վտանգված են հոգևոր հայրենիքի սահմանները: Ուրեմն` ամեն մեկս մեր հայեցի խոսքով սահմանապահի պատասխանատվություն ունենք: Սահմանապահ ենք, ոչ թե վարսավիր»։ Տխուր իրականությունն այն է, որ քո ասած վարսավիրների քանակը չափազանց մեծ է, ըստ որում նաև հեռուստատեսությունում, մամուլում։ Ի՞նչ ես կարծում, ո՞րն է պատճառը։

– Մի անգամ իմ հարցին` ի՞նչ է լեզուն, մեկը պատասխանեց. «Դպրոցում դասավանդվող առարկա»: Սա մեր օրերին բնորոշ ամենաանկեղծ պատասխանն էր: Այսօր շատերի համար մայրենի լեզուն ավելին չէ, քան դասաժամ, որի հանդեպ ժառանգական պատասխանատվությունը սկսվում և ավարտվում է այդ դասի համար ստացված գնահատականով: Իսկ նման դեպքերում էական չի կարող լինել, թե ինչպիսին է առաջադիմությունդ, քանի որ գիտակցված չէ ամենակարևորը. սերմը մեկ անգամ ջրելով ծառ չի դառնա, այն պահանջում է մշտական հոգատարություն:

Կարելի է լեզվի կարևորության և նրա պահպանման մասին հարյուրավոր հատորներ գրել, սակայն մայրենին ապրում և զարգանում է կիրառական գործառույթներում: Եվ հենց այս դաշտում է, որ առավել ցցուն է զգացվում նրա տկարությունը: Ինչ խոսք, անխտիր բոլորից չես կարող լեզվի ակադեմիական գիտելիքներ պահանջել: Բայց նրանք, ովքեր հաղորդակցվում եմ մեծ լսարանների հետ, պարտավոր են պատշաճ չափով տիրապետել մայրենի լեզվին, նրա տարատեսակ դրսևորումներին և լեզվական հարստության անհրաժեշտ պաշարին: Իսկ ովքեր կարծում են, թե աղքատիկ իմացությունը կարող են քողարկել զանազան անհեթեթ պատճառաբանությունների կարկատանների տակ, վաղ թե ուշ մատնելու են թե իրենց մտքի չքավորությունը, թե հոգևոր հայրենիքի հանդեպ պարտազանցությունը:

–  Խորհրդային ժամանակների քաղաքական իրականության մերժումը մեր հասարակությանը հասցրեց նրան, որ սկսվեց  ամեն ինչի մերժում, ինչ ծնունդ էր առել Խորհրդային Միությունում։ Ու ինչպես միշտ լինում է թացը չորին խառնելուց, սկսվեց նաև մերժվել այն, ինչ մեր գենետիկ հիշողությունն է, մեր ավանդույթն է, մեր ծեսըմեր ազգային նկարագիրը։  Նույնիսկ դուդուկը Հայաստանում դարձավ վատ իմաստով մոդա, քանի որ արևմուտքում տարբեր երաժիշտներ ու կինոստուդիաներ սկսեցին գործածել դա։ Հիմնական առաջարկը ցածրորակ հումորն է, ցածրորակ երաժշտությունը, ցածրորակ բեմադրությունները։  Մի ամբողջ սերունդ է մեծացել այդ սննդի վրա։  Արժեքներն աղճատված են։ Կա՞ մի շրջադարձային կետ, որից այն կողմ արդեն համային զգացողությունները իսպառ բթացած լինեն, իսկ վերադարձն՝ անհնար։

– Հիշողությունը կորցրած մարդը համարվում է ծանր հիվանդ: Բժշկությունը դրան անվանում է ամնեզիա` պնդելով, որ այն ուղղակի առնչություն ունի գիտակցության խանգարման հետ: Միտումնաբար դրսևորված մոռացումն այս պարագայում այլ բան չէ, քան կրկնակի ծանրության հիվանդություն, որովհետև երբ մարդը պատրաստվում է մոռացության տալ կամ ժխտել մի բան, ինչն արժանի է հիշվելու, ապա նա հանդես է բերում չարամտություն` պայմանավորված այս կամ այն դրդապատճառներով: Միայն հոգեպես և բարոյապես առողջ մարդն է ունակ հասկանալու, որ լավը լավ է մնում բոլոր ժամանակներում և բոլոր քաղաքական իրավիճակներում, իսկ վատը վատ է` անկախ նրանից` խորհրդային ժամանակների, թե՞ նորանկախ հանրապետության «արտադրանքն» է:

Իսկ նրանց համար, ովքեր պատրաստ են թեթև ձեռքով փոփոխություններ կատարել իրենց «կերակրացանկում»` նախապատվություն տալով հեշտ մարսվող ցածրորակ «ուտեստներին», կարող եմ միայն զգուշացնել՝ հարգելիներս, ձեզ սպառնում է սննդային խանգարումը:

– Քո գրականագիտական ուսումնասիրությունները դառնում են գրական վեպեր՝գրված գեղարվեստական բարձր ճաշակով, բանաստեղծական պատկերներով։ Կարծում եմ հայ իրականության մեջ սա նորություն է։Սակայն հաճախ դժվար է լինում բաղդատել, տարանջատել՝որտեղ է ավարտվում փաստը, այսինքն գրականագետ Հովիկ Չարխչյանը, ու որտեղ է սկսվում երևակայական հատվածը՝այսինքն գրող Հովիկ Չարխչյանը։Սա վերաբերում է և՛ «Չարենցի կրակոցը» վեպին, և՛ «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» երկհատորյակին։

«Չարենցի կրակոցը» գրքի հրատարակության առիթով տրված մի հարցազրույցում դու նշել ես. «Պիտի խոստովանեմ, որ նպատակս եղել է ոչ այնքան Չարենցի կենսապատում շարադրելը, որքան գրել մի գիրք սիրո, մեղանչումի, հատուցման ու մարդկային ողբերգության մասին: Այն ոչ այնքան պահանջում է ընթերցողի հետազոտող մանրադիտակը, որքան կարիք ունի զգայուն սրտի, որն ընդունակ է ապրել օտար ցավն ու երջանկությունը: Իսկ նրանք, ովքեր այնուամենայնիվ պրպտումները կնախընտրեն ազատ ընթերցանությունից, կարող են միանգամայն հանգիստ լինել: Այստեղ ոչինչ չի կատարվել ժամանակից ու ճշմարտությունից դուրս: Եվ, ընդհանրապես, եթե այս գիրքն ընթերցելիս ինչոր մի պահի ձեզ կթվա, թե այս կամ այն հատվածը սոսկ երևակայության ծնունդ է, ապա հիշեք, որ իրականությունը միշտ էլ ավելի առինքնող է, քան ամենավառ մտապատրանքը»: Ուրեմն, ինչ, այդուհանդերձ սա սոսկ փաստագրական վեպ չէ՞, կան նաև հատվածներ, որ քո երևակայությա՞ն արդյունք են։

– Եթե կա փաստը, երևակայությունն այնտեղ անելիք չունի: Եթե կա երևակայությունը, նրա սնունդը փաստն է: Միայն այս սկզբունքով է կարելի ստեղծել փաստագրական վեպը կամ, ինչպես այժմ ընդունված է անվանել, կենսապատումը: «Չարենցի կրակոցի» Hovik Charkhchyan Jpgպարագայում գեղարվեստական պատումը կարող է տպավորություն ստեղծել, թե հեղինակը մեղանչել է դեպքերի ու իրադարձությունների արժանահավատության առաջ` վիպականությունը գերադասելով փաստագրությունից: Սակայն դա թվացյալ կարծիք է: Գրքում չկա մի դրվագ, կերպար, գործողությունների վայր, որ չհամապատասխանի իրականությանը: Իսկ այն էջերում, որտեղ հեղինակայնի միջամտությունն ակնհայտ է, դրանք անպայման ներքին տրամաբանական կապ են պահպանում բուն եղելության հետ:

Ընդհանրապես, կենսագրական վեպի ժանրը վաղուց ի վեր լայն տարածում ունի համաշխարհային գրականության մեջ: Սակայն փաստ է նաև, որ հայ հեղինակները մշտապես առանձնակի վերապահումով են ձեռք մեկնել այդ ժանրին: Նաև սա է պատճառը, որ մեր ընթերցողներից ոմանք հիվանդագին պոռթկումներ են ունենում այս կամ այն գրողի անձնական կյանքի մասին վեպեր ընթերցելիս` շարունակելով հավատարիմ մնալ այն կասկածելի համոզմունքին, թե անձնական կյանքի սրբության սրբոցը ոտնձգությունների է ենթարկվում: Անկեղծ ասած, ինձ համար մինչ օրս էլ անբացատրելի է մնում, թե մարդկային կյանքն ինչպե՞ս կարող է լինել ոչ անձնական կամ անանձնական: Այդ ի՞նչն է, որ դուրս է անձից, որ կարող է չառնչվել, բայց միևնույն ժամանակ առնչվել այս կամ այն անհատին: Ու մինչ հիշյալ պարադոքսը կգտնի իր բացատրությունը, ողջ աշխարհում կենսագրական վեպերը շարունակում են լույս աշխարհ գալ միլիոնավոր տպաքանակներով` անտեղյակ, որ Հայաստանում տրեխներ հագած մի ավանդապաշտ գեղջուկ պատվազրկված է զգում իրեն, քանի որ մի գրող համարձակվել է պատմել ուրիշների կյանքը` վտանգելով նամուսն ու ղեյրաթը:

– Մի խումբ գրականագետներ ու շատ չարենցասերներ վստահ են, որ Չարենցը թաղված է Երևանից Էջմիածին տանող մայրուղու ձախ կողմում, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան պարսպից ոչ հեռու, Հրազդանի Egishe-Charentsկիրճի եզերքին։ Տեղանքն ուխտատեղի էր դարձել, մարդիկ մոմեր էին վառում, դրված էին Չարենցի դիմանկարն ու համապատասխան ցուցանակը, անգամ՝ խաչ։ Սակայն օրերից մի օր թումբը հարթեցվեց ու հայտնվեց շինարարական աղբի տակ։  Ի՞նչ վիճակ է հիմա։

– Ճիշտ այնպիսին, ինչպես նկարագրեցիր: Եթե կան մարդիկ, ովքեր մտադրվել են ամեն գնով ձերբազատվել Չարենցի  շիրմից, նրանք երբեք աղբի պակաս չեն ունենա: Պիղծը հենց նրա համար է աշխարհ գալիս, որպեսզի պղծի:

Չարենցի տունթանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը ժամանակին բացատրություն էր տվել, որ Չարենցի  «Ժառանգները գերեզման փորելուն և գերեզման գտնելուն դեմ են»։ Սա ուղղակի ծիծաղելի է, քանի որ Չարենցի նման մեծության հիշատակն ու նրա վերջին հավանական հանգրվանի խնդիրը թոռան կամ ինչոր հարազատի քմահաճույքով չի կարող  սահմանափակվել։ Գուցե ավելի լուրջ պատճառնե՞ր կան նման թերահավատության համար։

– Տալ Լիլիթ Հակոբյանի անունը և այնուհետև խոսել լուրջ պատճառների մասին` արդեն իսկ զվարճանքի թեմա է: Այս տիկինը Չարենցի հետ կապ ունի այն չափով, որ նրա աշխատավայրի պատին «Եղիշե Չարենց» է գրված: Նույն տեղում փակցրեք, ասենք, Պատրիս Լուլումբայի անունը, և Հակոբյանը կդառնա աֆրիկացի հեղափոխականի ջատագովն ու գերեզմանի խնկարկուն:

Այնպես որ, միայն ծայրագույն անլրջության պահերին կարելի է  մեկնաբանության արժանացնել նրա դարակազմիկ մտքերը:

–  Չարենցի դուստր Հասմիկ Չարենցը, իր հարցազրույցներից մեկում ասել է, թե խնդրել է, որ բանաստեղծի ենթադրյալ հուղարկավորության վայրում գտնված ոսկորները տան իրեն, ինքը Հոլանդիայում ԴՆԹի թեստ անցկացնել տա։ Նրան մերժել են։ Տեղանքում գտնված ոսկորները տունթանգարանում չեն, ակադեմիայում չեն։ Ուրեմն որտե՞ղ են դրանք հիմա, մի՞թե նույն Հասմիկ Չարենցի չի կարող պահանջել դրանք։ Ի վերջո, Հայաստանը նաև պետություն է բացի Չարենցի տունթանգարան ու աշխարհագրական տարածք ունենալը։

– Գերեզմանների ու ոսկորների առուծախով զբաղվողներն արժանի չեն, որ ես անդրադառնամ նրանց: Զազրելի երևույթ է, բայց հայկական մշակութային ժառանգության մի հսկայական մաս այսօր գտնվում է հայ մեծերի զավակների, թոռեների ու ծոռների, հեռու-մոտիկ ազգականների, պատկառելի ազգանունների թիկունքում թաքնվող խղճուկ գոյությունների ձեռքերում, ովքեր շահարկելով այդ անունների հանդեպ ժողովրդի ունեցած հարգանքը՝ մեր մեծերին ու նրանց հիշատակը դարձրել են  կասկածելի գործարքների ու պատեհապաշտ դրսևորումների առարկա: Պետությունն այս հարցում իրեն պահում է Պիղատոսի պես` լվանալով ձեռքերը և հեռու մնալով «շառ ու փորձանքից»: Մի խոսքով, մեկը արժանի է մյուսին: Արդյունքում մենք վերստին կորցնում ու կորցնում ենք: Մինչդեռ գիտությունը ոչ թե ԴՆԹ-ով կապվածների, այլ խելացի մարդկանց միջամտության կարիքն ունի:

Երևանի Նալբանդյան 27 հասցեում երկար ժամանակ ապրել է ՉարենցըԱյն հիմա՞ էլ դեռ ազատ տարածք է։  Ո՞ւմ մոտ են Չարենցի անտիպներըու որքա՞ն է դրանց ծավալը։

– Հայաստանում ընդունված չէ հրապարակավ հայտարարել, թե որ անհատի մոտ ինչպիսի մշակութային արժեքներ են պահվում: Կարծես դա մեծ հանցանք է: Որոշ դեպքերում էլ այդ բանը չի գաղտնազերծվում, քանի որ շատ դժվար պիտի լինի պատասխանել հարցին` «Իսկ ինչպե՞ս են դրանք հայտնվել ձեզ մոտ»: Այնպես որ, շատ ու շատ ձեռագրերի, արժեքավոր իրերի գոյության մասին կամ կարելի է կռահել, կամ իմանալ այս կամ այն պատահական աղբյուրից:

Նույն իրավիճակը կարող է լինել նաև Նալբանդյան 27 հասցեում գտնվող բնակարանի պարագայում: Հանկարծ կպարզվի, որ այն վաղուց արդեն սեփականաշնորված է ոմն օլիգարխի կողմից:

– «Ռազմագերիներ. Պատերազմից անիծվածները»  հոդվածում նշել էիր, որHovik Charkhchyan 1 անցյալը գնահատելու իրավունքը վաստակել ենք մենք` մի սերունդ, որ ըստ էության ոչինչ կամ համարյա ոչինչ չգիտի դրա մասին: Իսկ ինչո՞ւ չգիտենք՝ կրթությա՞ն պակաս է, ցանկությա՞ն պակաս։ Գուցե պարզապես չենք կարևորում անցյալը՝  «պետք է առաջ նայել» թեզն իբրև աքսիոմ արած։

– Նորերի մի զգալի հատված ուղղակի սարսափ է զգում անցյալի ժառանգությունից, քանի որ այդ ժառանգությունն իր կշիռով ու ծավալով նսեմացնում, ոչնչացնում է ժամանակակիցների դատարկ, անպտուղ ու վաղանցիկ հոգևորի և նյութականի պաշարը:

Մարդկանց մեկ այլ խմբի համար սա ինքնահաստատման միակ միջոցն է` մերժել անցյալը, որպեսզի հիմնավորված ու արդարացված լինի իրենց գոյությունը:

Եվ վերջապես կա երրորդ խումբը, ովքեր գրեթե ոչինչ չգիտեն անցած տասնամյակների ու հարյուրամյակների մասին, և իրենց մակերեսային, թռուցիկ գիտելիքները լիովին բավարար են համարում վերջնագրային գնահատականներ հնչեցնելու համար: Կարիք կա՞ այդ` ապագա շտապողների բանակին մեկ անգամ ևս հիշեցնելու հայտնի խոսքերը. «Ով չգիտի իր պատմությունը` նա ապագա չունի»:

Դու սիրում ես նորություններ գտնել, բացահայտումներ անել, ոչ թե գրողի կամ բանաստեղծի գործերը կարդալ ու վերամբարձ բառեր գրել ,,հայ գրականության ոսկե մատյանում,,  դրանց դերի ու նշանակության մասին։ Քո հերթական հետազոտությունները հասցրել են նրան, որ Խաչատուր Աբովյանը փաստորեն ոչ թե պարզապես տնից դուրս է եկել ու այլևս չի վերադարձել, ոչ թե գաղտնաբար սպանվել է թուրքի աղջիկ սիրելու համար՝ վերջիններիս եղբայրների կողմից, ու էլի ինչինչ վարկածներ, այլ որ աքսորվել է Օխոտսկ ու նրա գերեզմանը պետք է փնտրել այնտեղ՝ Սիբիրում։ Քո հետազոտությունները հանգեցրին Չարենցի հուղարկվորման հավանական վայրի բացահայտմանը։  Սրանք գրականագիտության մեջ այնքան լուրջ բացահայտումներ են, որ մեր այպանած խորհրդային ժամանակներում կդառնային դոկտորական սենսացիոն թեզերտվյալ գրականագետը կդառնար տիտղոսակիր մեկը, իսկ գրականագիտությունն ու հանրությունն իրոք շահած դուրս կգային ուսումնասիրություններից։ Ինչո՞վ է բացատրվում ընդհանուր թերահավատությունն ու դրանք ստուգելու տարրական անհրաժեշտությունից խուսափելու ներկայիս անտարբերությունը՝ ըստ որում և՛ մասնագետների, և՛ հանրության։ (Պետության մասին չեմ խոսում անգամ)։ Միայն խնդրում եմ սոցիալտնտեսական կացությամբ չբացատրես դա, քանի որ ինքդ էլ նույն սոցիալ տնտեսական դժվարին կացության մեջ ես ապրում։

– Անշուշտ, ասվածը ոչ մի ընդհանուր բան չունի սոցիալական կացության հետ և մեծ հաշվով չէր էլ կարող ունենալ: Եթե այսինչ այսինչյանին հետաքրքրում է որևէ կիսամերկ դերասանուհու վերջին ինտիմ արկածը, այլ ոչ թե Աբովյանի մահվան առեղծվածը, իսկ այնինչ այնինչյանը ավելի մեծ հաճույք է զգում օրենքով գողի մասին իմանալ, քան Չարենցի, սոցիալ-տնտեսական ոչ մի կացությամբ դա շտկել հնարավոր չէ: Կուշտ ստամոքսը դեռևս կուշտ ուղեղի երաշխավորը չէ:

Սակայն սա չի նշանակում, թե անհնար է կռահել` ինչպես վրա հասավ հոգևոր արժեքների հանդեպ ապատիան, և ինչը խթանեց գռեհիկ հակումների գերաճին: Դա կարող է բացատրել ցանկացած հողագործ, ով գիտի, թե ինչպես է մոլախոտը խեղդում այգին:

Ահա այդպես էլ մեր կյանքում է: Քանի դեռ անգործության են մատնված այն ձեռքերը, որոնք կոչված էին սերմը զատել որոմից,  անհնար է լինելու առատ հունձք ակնկալել հոգևոր դաշտում:

Արդեն 3 տարի է «Չարենցի կրակոցը» գիրքը հրապարակված է, ու դու ասել էիր, որ հաջորդ գիրքդ լինելու է Չարենցի մահվան հանգամանքների   ու 1918-20 թվերին  Հայաստանի դաշնակցական կառավարությանը նրա անդամության մասին։  Հաշվի առնելով, որ «Չարենցի կրակոցը»  վեպը 6 տարում է գրվել, ուրեմն ե՞րբ կարելի է սպասել նոր վեպիդ։

– Պիտի խոստովանեմ, որ գիրք տպագրելն ինձ համար երբեք գերնպատակ չի եղել և միշտ զարմանքով եմ վերաբերվել նրանց, ովքեր տարին մի քանի գիրք են հրապարակում և հպարտությամբ ասում են, թե իրենք 38 կամ 45 գրքի հեղինակ են: Ես նախապատվությունը տալիս եմ աշխատանքին, և ոչ մի օր չի անցնում առանց դրա: Իսկ ինչ վերաբերում է նոր գրքերին, ապա դրանք անպայման լույս կընծայվեն, հենց որ վրա հասնի մարդկանց ներկայանալու պատեհ պահը: Ինչպես ասում են` լավ է քիչ, բայց՝ լավ:

Անտարես» գրահրատարակչական ընկերությունը պատրաստվում էր կրկին հրատSulamitaարակել «Սուլամիթա.Սևակի մեծ սերը» երկհատորյակը՝ լրացումներով։ Որտե՞ղ են հիմա այդ նամակներըՍուլամիթան քեզ հանձնել է դրանց բնօրինակնե՞րը։

– Սևակի նամակների բնօրինակները գտնվում են Իսրայելում` Սուլամիթայի անձնական արխիվում: Նա ինձ տրամադրել է դրանց լուսապատճեները: Ես բազմիցս անդրադարձել եմ այն խնդրին, թե ինչպես կարելի է դրանք բերել Հայաստան: Խոսել եմ նաև Սուլամիթայի հետ: Առայժմ հարցը բաց է մնում: Հուսանք, որ այն ի վերջո դրական լուծում կունենա, առավել ևս, որ խոսքը միայն նամակների մասին չէ:

Քո միակ ոչ գրականագիտական թեման ՎազգենՍարգսյանն է։ Նա  մեր ոչ վաղ անցյալի ոչ միանշանակ քաղաքական ու ռազմական գործնիչներից է, ու  չլիներ նրա ողբերգական սպանությունը, հազիվ թե նա ստանար Սպարապետ մականունը։  Ինչո՞վ է պայմանավորված քո հետաքրքությունը նրա անձի հանդեպ՝ անձնական ծանոթությա՞մբ , թե՞ որոշակի ժամանակ Հայաստանի Պաշտպանության նախարարությունում լրատվության ու քարոզչության վարչության պետի տեղակալը լինելուդ հանգամանքով։

– Պատմությունը եթեներ չի հանդուրժում, այդ իսկ պատճառով ձեռնպահ կմնամ որակումներ ու գնահատումներ կատարելու անշնորհակալ գործից: Մյուս կողմից՝ այնքան էլ համաձայն չեմ, թե թեմատիկ շեղումներից միակը Վ. Սարգսյանի անձն է (վկան` վերջին կես տարում «168 ժամ» թերթում տպագրված հոդվածաշարս և մինչ այդ լույս տեսած տասնյակ այլ հրապարակումներ): Չէի ասի, թե անձնական ծանոթություններն ու աշխատանքային առնչությունները հետին դերակատարներն են, բայց կան շատ ուրիշ նշանավոր անհատներ, որոնց հետ ունեցել եմ շփումներ ու կապեր, սակայն նրանք չեն դարձել իմ նյութերի հերոսներ: Ասեմ միայն, որ երբեք դեպքերի ու դեմքերի ընտրությունը ինքնանպատակ չէ: Յուրաքանչյուր անդրադարձ որոշակի առաջադրությունների  հանրագումար է` թելադրված այս կամ այն հանգամանքով, տվյալ պահին հանրային պահանջարկի հրատապությամբ: Ի դեպ, հենց այս օրերին ես կինոսցենար եմ գրում 1988 թ. Սպիտակի երկրաշարժի մասին, և այն ևս կարելի է համարել «ոչ գրականագիտական թեմա»:

–  Դու բանաձևել ես  աքսիոմային մի ճշմարտություն. «Անցյալը տարածական իմաստով ներքևում գտնվող հատված է, իսկ ներկան ու ապագան դեպի բարձունք տանող տանող ուղի են դիտարկվում։ Մինչդեռ  ճիշտ հակառակն էանցյալն է, որ բարձունքին է, որովհետև բարձունքից է, որ տեսանելի է ամբողջ դաշտը, բարձունից կարելի է հասկանալ, թե ճանապարհն ուր պիտի գնա և ուր պիտի հանգեցնի։ Երբ մենք վաղվա ուղին ենք ընտրում, մենք անպայման անդրադառնում ենք անցյալին։ Տեսնում ենք` ինչ խոչընդոտներ ու խութեր են հնարավոր այդ ճանապարհին ու դրան նայում ենք անցյալի բարձունքից»։    Անցյալ-ապագա հարաբերակցության մեջ, ներկան չի՞ կորչում։

– Մեր կյանքի լանդշաֆտային նկարագիրը սոսկ պայմանականություն է: Նույն կերպ կարելի է ասել, որ անցյալը ծանրախոհ հասունությունն ու կենսափորձն է, իսկ ներկան հավակնոտ երիտասարդությունն է, որ երբեմն մոռանում է ավագների խորհուրդները: Սակայն եթե առաջնորդվենք այս բաժանումով, ապա կարող ենք հավելյալ խնդիրների առաջ կանգնել: Բանն այն է, որ  ընդհանուր ուղին մասնատելու միտումը շատ հաճախ մեզ կտրում է իրականությունից և դարձնում այս կամ այն ժամանակահատվածի պատանդը: Մինչդեռ մեր անցած ու անցնելիք ճանապարհը միշտ էլ պետք է դիտարկել իբրև մեկ ամբողջականություն: Այդ միասնությունը թույլ կտա ոչ միայն հաշտեցնել ծայրահեղ բևեռները, այլև լայնացնել հորիզոնը: Հենց սա է, որ կոչվում է` լինել ժամանակի մեջ:


Առնչվող նյութեր
1. Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» վիպակի շնորհանդեսը սեպտեմբերի 11-ին
2. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
3. Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը
4. Հանդիպում գրող Կիմա Կիրակոսյանի հետ
5. «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանը պատրաստ կլինի 2020 թվականին՝ մեծ գրողի 85-ամյա հոբելյանին
6. Գրախոսական. Արամ Քերովբեան. Ձայն յանապատի. եկեղեցական երաժշտութեան բարեկարգումը ԺԹ. դարու վերջաւորութեան
7. Մեծ ասելիք՝ փոքր ծավալում. Վարդգես Դավթյանի ժողովածուները
8. Վանաձորցի երիտասարդ դրամատուրգը Հայաստանը ներկայացրեց Գերմանիայում
9. Լիպարիտ Սարգսյանի ծննդյան 80-ամյակը
10. Յարոմիր Շտետինան դարձավ 75 տարեկան. Նոր գրքի շնորհանդեսը Պրահայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: