ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպում Մոսկվայում եւ համատեղ հայտարարություն

09 սեպտեմբերի, 2017 | 15:34

Տարածաշրջանի հոգևոր առաջնորդները հանդես եկան համատեղ հայտարարությամբ

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, հրավերով Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի, տեղի ունեցավ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումը։

Եռակողմ հանդիպման ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

 

Ձերդ Սրբություն, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարք,

Հարգարժան շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադե, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ,

Ողջունում ենք Ձեզ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հերթական այս հանդիպմանը, որը հնարավոր դարձավ մեր հոգևոր եղբայր ի Քրիստոս Կիրիլ պատրիարքի միջնորդական հետևողական ջանքերի շնորհիվ: Վեց տարի է անցել այս ձևաչափով մեր վերջին հանդիպումից, որը տեղի ունեցավ Երևանում 2011 թ. նոյեմբերին՝ գումարված ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության ժողովի առիթով:

Մեր ժողովուրդների կյանքում բաղձալի խաղաղության հաստատման հույսով ենք մեր քայլերն ուղղում այս հանդիպումներին` քննարկելու ուղիները, որոնցով հոգևոր առաջնորդներս կարող ենք նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Այսօր, ցավոք, զգալի չեն ներդրվող ջանքերի արդյունքները, սակայն շատ ավելի մեծ և առարկայական են մեր ժողովուրդների սպասումները խաղաղ համակեցության այս փնտրտուքի մեջ:

Այս առումով դրական արդյունքներ ենք ակնկալում ժամանակ առ ժամանակ կազմակերպվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և ԱԳՆ նախարարների հանդիպումներից ու բանակցային ողջ գործընթացից:

Հակառակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում կատարվող հայտարարությունների, հոգևոր առաջնորդներիս կոչերի և պատգամների, այսօր հրադադարի պայմաններում շարունակում է լարված մնալ իրավիճակը սահմանագծում, շարունակում են զոհվել զինվորներ և երբեմն նաև սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչներ: Հատկապես մտահոգիչ ենք համարում քաղաքացիական բնակչության թիկունքում պատսպարվելու և այն միտումնավոր թիրախի վերածելու դեպքերը:

Սահմանից անդին չեն դադարում ռազմատենչ կոչերը, աճող սպառազինության վերաբերյալ հայտարարությունները: Այս ամենը մեծապես վտանգում է փոխվստահության և փոխըմբռնողության ոգու մթնոլորտի ձևավորմանն ուղղված ջանքերը և, սասանելով արդեն իսկ փխրուն հրադադարը, վերափոխում հակամարտության ուժգնացման մի նոր իրողության, որին ականատես դարձանք 2016 թվականի ապրիլին, երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Ամենքիս հայտնի է այդ օրերի ժամանակագրությունը, փաստագրված նաև միջազգային հանրության կողմից, մարտի դաշտում զոհված զինվորների, ինչպես նաև խաղաղ բնակչության նկատմամբ կատարված խոշտանգումները, վայրագություններն ու բռնությունները, պատճառված կորուստներն ու ավերները:

Մտաբերելով այս դեպքերը` բնական հարց է ծագում` ինչպե՞ս կարող են պահպանվել իրավիճակի կայունությունը ու խաղաղությունը, երբ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը միակողմանի են: Ինչպե՞ս կարող ենք հասնել խաղաղության, երբ ջանք և միջոց չի խնայվում բոլոր հնարավոր և անհնարին ճանապարհներով սեփական բնակչության մեջ ատելություն ու թշնամանք սերմանելու հարևան հայ ժողովրդի նկատմամբ, իսկ հայկական կողմի և միջազգային հանրության արդարացի և օբյեկտիվ գնահատականները հակադարձելու անհիմն մեղադրանքներով:

Մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, ինչպես և` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` բացառապես բանակցությունների միջոցով: Այլընտրանք չունի նաև Արցախի մեր հավատավոր ժողովրդի ազատ և անկախ կյանքը:

Այսօր հրամայական է, որ կամք և հանձնառություն դրսևորվի` հիմնախնդրի լուծումը փնտրելու միմիայն բանակցային հարթության մեջ և կասեցնելու հրադադարի խախտման դրսևորումները, սահմաններից հեռացնելու դիպուկահարներին, դադարեցնելու անդադար գնդակոծումները և այլևս պատճառ չդառնալու հրադադարի պայմաններում ընտանիքների դժբախտացման` անվտանգ պահելով մեր զինվորագրված զավակների կյանքը: Յուրաքանչյուր փամփուշտ, որ արձակվում է Աստծո արարածի դեմ, նաև Աստծո դեմ է:

Այստեղ ենք մենք տեսնում մեր` հոգևոր առաջնորդներիս առաքելությունը` հորդորելու և պատգամելու, մեր լծակիցների հետ մեկտեղ ձևավորելու այն գիտակցությունը և փոխըմբռնման ու հանդուրժողականության մթնոլորտը, որոնց պայմաններում հնարավոր պիտի դառնա հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացումը: Միևնույն ժամանակ մեր հանապազ հորդորը պետք է բերենք զինվորականներին պահպանելու հրադադարը և խուսափելու սադրանքներից:

Մենք մեծապես կարևորում ենք միջազգային հանրության դերակատարությունը, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը հակամարտության շփման գծում վերահսկողական մեխանիզմների կիրառման և սահմանային միջադեպերի հետաքննության հարցում: Մեր երախտագիտությունն ենք հայտնում Կիրիլ Ա Պատրիարքին և Ռուս Ուղղափառ Եկեղեցուն՝ հակամարտության առաջին իսկ օրվանից դրսևորած սրտացավության և միջնորդական ջանքերի համար,

Աստծուն հաճելի են արդարության և խաղաղության ճանապարհներով ընթացողները, որովհետև այդտեղ է Նրա սերն ու օրհնությունը, հովանին ու ողորմությունը, ինչպես Ս. Գիրքն է ասում. «Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում» (Հակ. Գ 18): Ուստի մեկտեղենք մեր ջանքերը ու միասնաբար ընթանանք այդ ճանապարհներով: Այս գործընթացի մեջ պատասխանատվություն ունենք ամենքս:

Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Բարձրյալն Աստված և հայցում, որ օրհնի և արդյունավորի բոլոր անհատների, հասարակական կառույցների ու կազմակերպությունների այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են ազգամիջյան հարաբերությունների վերականգնմանը, համերաշխության զորացմանը և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը: Թող Բարձրյալի օրհնությամբ աշխարհում և մեր ժողովուրդների կյանքում միշտ գերակայի հաշտության ոգին և պտղաբերի փոխըմբռնումն ու բարի կամեցողությունը:

Շնորհակալություն այս հանդիպման համար:

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում (ՌԴ) տեղի ունեցած տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն հանդես եկան հետևյալ հայտարարությամբ:

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ

ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Այսօր մենք՝ ադրբեջանցի և հայ ժողովուրդների հոգևոր առաջնորդներս, կրկին հանդիպեցինք Մոսկվայում Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հրավերով՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները, առանց որոնց հնարավոր չէ հասնել Կովկասում հաշտության և անվտանգության։

Մենք հատուկ նշանակություն ենք ընծայում խաղաղարարական երկխոսության հետևողական զարգացմանը, բանակցությունների շարունակմանը և միջազգային հանրության միջնորդական ջանքերին, որոնք կօգնեն հասնել հակամարտության համապարփակ կարգավորմանը։

Համոզված ենք, որ տարաձայնությունները կարելի է հաղթահարել՝ հենվելով բարիդրացիության սկզբունքների և ավանդական կրոնների կողմից քարոզվող բարոյական արժեքների ՝ բարության, մերձավորի նկատմամբ սիրո, փոխադարձ ներողամտության և բարեգթության  վրա։

Հայ և ադրբեջանցի ժողովուրդները մշտապես ապրելու են կողք կողքի, այդ իսկ պատճառով չկա այլընտրանք, քան խաղաղությունն ու համագործակցությունը։ Բազմաթիվ մարտահրավերների առջև մենք՝ մեր ժողովուրդների հոգևոր առաջնորդներս, պարտավոր ենք փնտրել համատեղ պատասխաններ։

Աղոթում ենք խաղաղության պահպանման և հակամարտության հետ առնչված բոլոր հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման համար և առ այդ հորդորում մեր ժողովուրդների քաղաքական և հասարակական գործիչներին։

Մենք կոչված ենք միասին հոգ տանել տառապյալների և ընչազուրկների համար, վկայել հոգևոր և բարոյական անանց արժեքների մասին, փնտրել հակասությունների հանգուցալուծման խաղաղ և արդար ուղիներ։ Խիստ կարևոր է հրաժարվել ռազմատենչ և թշնամական հռետորաբանությունից։

Կոչ ենք ուղղում համապատասխան անձնաց՝ նպաստելու բոլոր այւն խաղաղ բանկիչների ազատ արձակմանը, ովքեր չեն մասնակցել ռազմական գործողություններին և հայտնվել են գերության մեջ։

Իբրև հոգևոր առաջնորդներ՝ մենք կոչված ենք պաշտպանելու եկեղեցիները, մզկիթներն ու այլ սրբավայրեր։ Հետևաբար խիստ կարևոր է ապահովել կրոնական նշանակության հուշարձանների անձեռնմխելիությունն ու հարգալից վերաբերմունքը դրանց նկատմամբ։

Կոչ ենք ուղղում մեր ժողովուրդներին երիտասարդությանը դաստիարակել բարյացակամության և փոխադարձ հարգանքի, խաղաղասիրության և ավանդական բարոյականության ոգով։

Մենք, որպես հոգևոր առաջնորդներ, մեր կողմից պատրաստակամություն ենք հայտնում պաշտպանելու ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանն ուղղված խաղաղարարական նախաձեռնությունները։ Հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումների պատմությունը վկայում է նման շփումների դրական ներգործության մասին հակամարտության կարգավորման գործընթացի վրա, որը երբեք չպետք է վերաճի կրոնական հակամարտության։ Մենք մեծ հույսեր ենք կապում բանակցային գործընթացի հետ։ Մեր ժողովուրդների առջև պատասխանատվությունն ու պարտքը մղում են մեզ՝ հոգևոր առաջնորդներիս, անխոնջ և հետևողական ջանքեր գործադրել հանուն խաղաղության և բարու իդեալների երկար սպասված հաղթության։ Մենք պատրաստ ենք գործադրել բոլոր առկա հնարավորությունները տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։

Մեր համայնքների բոլոր զավակներին ուղղում ենք խաղաղության, բարօրության և բարի ձեռնարկումներում հաջողությունների բարեմաղթանքներ։ Աղոթում ենք Բարձրյալին տարաձայնությունների հաղթահարման և չարիքից ու մեղքից մեր ժողովուրդներին պահպանելու համար։ Թող Կովկասի հինավուրց և սուրբ հողի վրա հաստատվի օրհնյալ խաղաղությունը, իսկ մեր երկրների ժողովուրդներն ապրեն հաշտ և խաղաղ, աստվածատուր բարոյական օրենքներով։

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու պատվիրակությունը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, և Կովկասի մահմեդականների վարչության պատվիրակությունը՝ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի գլխավորությամբ, հատուկ շնորհակալություն են հայտնում Ռուս Ուղղափառ Եկեղեցուն և նրա գահակալ Մոսկվայի և Համայն Ռուսիո Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքին տվյալ եռակողմ հանդիպման կազմակերպման, Կովկասում խաղաղության հաստատման գործում կարևորագույն ներդրման համար և Նորին Սրբությանը մաղթում Բարձրալի օգնականությունը աստվածահաճո այդ բարձր առաքելությունը շարունակելու գործում։

 


Առնչվող նյութեր
1. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2. Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 19-րդ տարեդարձը
4. Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
5. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայի վարչապետին
6. Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
7. Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
8. ՀՅԴն Իր Ամբողջական Զօրակցութիւնն Է Յայտնում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն
9. Գերմանահայոց գործարարների միությունն իր զորակցությունն է հայտնել Մայր Աթոռին եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին
10. Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Նախիջեւանին սահմանակից մարտական դիրքեր

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
2.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
3.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
4.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
5.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
6.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
7.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
8.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
9.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
10.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: