ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀՄԸՄ 100-ամյակը նշվեց Հայաստանում՝ հուլիսի 20-28-ը. ցուցահանդես, բանակում, գիտաժողով եւ հանդիսավոր նիստ

29 հուլիսի, 2018 | 08:04

Հուլիսի 20-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում տեղի ունեցավ Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հարյուրամյակի առիթով կազմակերպվելիք տոնակատարությունների մեկնարկի հանդիսավոր արարողությունը:
Այս առիթով, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում վերաբացվեց «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ցուցադրությունը:

Պատմական միջոցառմանը ներկա էին ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը, Հայկ Դեմոյանը, բարձրաստիճան հյուրեր, ՀՄԸՄ նախկին և նոր անդամներ։

ՀՄԸՄ նվագախմբի ուղեկցությամբ` նախ կայացավ Հայ մարմնակրթական ընդհանուր միության դրոշի բարձրացման արարողությունը, ապա ելույթով հանդես եկան Հայկ Դեմոյանը և ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը:

Այնուհետև բոլոր ներկաներով մասնակցեցին Հիշողության պուրակում ծառատունկին՝ Անթիլիասից, Պոլսից, Փարիզից և Արարատ լեռից բերված հողը խառնվեց պուրակի հողին: Տնկվեց արծաթափայլ եղևնի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին՝ ՀՄԸՄ 100-ամյակի առթիվ:

Ծառատունկից հետո միջոցառման մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Անթիլիասում, Պոլսում, Փարիզում և Արարատ լեռան վրա վառված ջահերն էլ միացան հուշահամալիրի անմար կրակին:

ՀՄԸՄ 100-ամյակի տոնակատարությունների մեկնարկն ամփոփվեց Հայոց ցեղասպանության թանգարանում «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակավոր ցուցադրության վերաբացումով: Բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը.

«Մեծ է ՀՄԸՄ դերը հայապահպանության գործում: ՀՄԸՄ-ը նպաստում է մեր նորահաս սերունդի ֆիզիկական առողջ կազմավորման և ազգային ու բարոյական արժեքների ձեռք բերմանը: ՀՄԸՄ-ը նաև կամուրջ է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման համար: ՀՑԹԻ –ը հատուկ ուշադրության է արժանացնում նախաեղեռնյան հայ կյանքի ուսումնասիրությանն ու լուսաբանմանը: Հայ մարմնակրթությունն այդ կյանքի կարևոր կողմերից է, հայերն են եղել Օսմանյան կայսրության մարզական կյանքի հիմնադիրները»:

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտին տրվեց ՀՄԸՄ 100-ամյակին նվիրված ալբոմ և հուշանվեր:

Այնուհետև ներկաները ծանոթացան ժամանակավոր ցուցադրությանը, Հայկ Դեմոյանը մանրամասն ներկայացրեց ցուցանմուշների ու ցուցապաստառների պատմությունը:

Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) 11-րդ բանակումին ներգրավված սփյուռքահայ երիտասարդները հուլիսի 22-ին հյուրընկալվել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:

Ողջունելով և շնորհավորելով բանակումի մասնակիցներին Հայ մարմնակրթական ընդհանուր միության կազմավորման 100-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել կառույցի դերը հայապահպանության, մասնավորապես, սփյուռքահայ երիտասարդների հայրենասիրական դաստիարակության գործում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այցելությունը ռազմական կրթօջախ և շփումը ապագա սպաների հետ սփյուռքահայ պատանիներին կդարձնի էլ ավելի հպարտ և հայրենապաշտ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և կազմակերպչական գործունեությանն աջակցելու համար՝ ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանն իր հերթին նշել է, որ սփյուռքահայ երիտասարդները մշտապես պատրաստակամ են հարկ եղած դեպքում տեր կանգնելու հայոց պետականությանն ու մաս կազմելու դրա հարատևման երաշխիքը հանդիսացող հայկական բանակի։

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան կատարած այցելության ընթացքում բանակումի մասնակից 1200 սկաուտները շրջել են կրթահամալիրի տարածքում, ծանոթացել համալսարանի պայմաններին, մարզահրապարակում իրենց ուժերն են փորձել տարբեր մարզաձևերում։

Հուլիսի 24-ին    Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում  տեղի է ունեցել Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադրման 100-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությանը, որին ներկա են եղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը ՀՄԸՄ-ի բոլոր անդամներին ջերմորեն շնորհավորել է 100-ամյա հոբելյանի առթիվ և խորհրդանշական համարել, որ հոբելյանական միջոցառումը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում կայացած դրամատիկ քաղաքական իրադարձությունների ժամանակաշրջանում:

«Թույլ տվեք ասել, որ վերջերս Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն ըստ էության կյանքի է կոչել Հոմենեթմենի կարգախոսը՝ բարձրացիր և բարձրացրու: Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում. խեղճացած, կռացած քաղաքացին վեր կացավ, բարձրացավ և բարձրացրեց իր հայրենիքը, իր հայրենիքի անունը, իր կարգավիճակը սեփական հայրենիքում և այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամուր կանգնած է իր ոտքերի վրա՝ ուղիղ ողնաշարով և հպարտ հայացքով: Սա շատ կարևոր ձեռքբերում է, բայց սա ամենը չէ, ինչին մենք ուզում ենք հասնել: Մենք պետք է շարունակենք մեր ընդհանուր կարգախոսի իրականացումը և շարունակենք բարձրանալ ու բարձրացնել մեր հայրենիքը: Բավարար չէ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այսօր ամուր կանգնած է իր ոտքերի վրա բարձր և բարձրացրած իր երկրի, պետության հեղինակությունը: Մենք հույս ունենք, որ Հայաստանի քաղաքացին շարունակելու է իր ընթացքը, զարգացնելու է, ճախրելու է, թռչելու է մեր ազգային և պետական երազանքների մակարդակի: Մենք այսօր բոլորին կոչ ենք անում, սիրելի հայրենակիցներ, եկեք միասին՝ ազգովի բարձրանանք և բարձրացնենք, մենք սփյուռքի մեր գործարարներին հրավիրում ենք Հայաստանի Հանրապետություն, որպեսզի նրանք իրենց հայրենիքում, բարձրանան և բարձրացնեն, բարձրանան՝ իրենց քաղաքացիական գիտակցությամբ, օրենքի առաջ իրենց ունեցած պարտավորության գիտակցությամբ և բարձրանան իրենց անձնական, թիմային, գործարար հաջողությունների բերումով: Մենք այսօր Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի պետական ծառայողներին կոչ ենք անում, ասում ենք՝ բարձրացեք և բարձրացրեք մեր հայրենիքը, բարձրացեք ձեր ծառայության մեջ, ոչ թե անձնական շնորհների, ձեռքբերումների մեջ, այլ անձնական ծառայության մեջ մեր հայրենիքին և մեր ժողովրդին: Եվ մենք ուզում ենք արձանագրել, որ մեզնից յուրաքանչյուրի բարձրանալն իր հետևից պետք է բարձրացնի ուրիշներին, ոչ թե ցածրացնի, ոչ թե հուսահատության, հուսալքության և արտագաղթի անդունդը նետի մեր մյուս հայրենակիցներին: Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը չափազանց կարևոր դեր է ունեցել մեր ժողովրդի պատմության մեջ և շարունակում է ունենալ սկսած հայ ժողովրդի շրջանում մարմնամարզական, մարմնակրթական ավանդույթների սերմանումից, շարունակելով որբախնամ, հայապահպան առաքելությամբ:

Խորհրդանշական է, որ Կոստանդնուպոլսում հիմնված ՀՄԸՄ-ի 100-րդ տարեդարձը նշվում է անկախ և ազատ Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Սա խորհրդանշում է նաև ապագայի մասին մեր պատկերացումը: Ինչպես ՀՄԸՄ-ն Կոստանդնուպոլսի տափաստաններից այս 100 տարվա ընթացքում բարձրացավ դեպի Հայաստանի Հանրապետություն, բառիս բուն և փոխաբերական իմաստով, այնպես էլ մենք հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցչի հրավիրում ենք բարձրանալ Հայաստան և բարձրացնել Հայաստանը: Սա է այն առաքելությունը, որ մեզ միավորում է և այս առաքելության մեջ մենք անկասկած պետք է հաղթենք: Եվ ուրեմն կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են ազատ ու երջանիկ Հայաստանում»:

Գյումրիում բացվեց Հ.Մ.Ը.Մի ռահվիրա Վահան Չերազի արձանը

Հուլիսի 23-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ Հ.Մ.Ը.Մ-ի ռահվիրա Վահան Չերազի արձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հոգևոր հայրեր, Համաշխարհային սկաուտական շարժման ընդհանուր քարտուղարի ներկայացուցիչը, Վահան Չերազի դուստրը` Բյուրակն Չերազը, Հ.Մ.Ը.Մ-ի կենտրոնական և շրջանային վարչությունների անդամներ, հյուրեր: Օրվա բանախոսն էր ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենադպիր Րաֆֆի Կէօվողլանյանը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը բոլոր գյումրեցիների անունից շնորհավորեց ՀՄԸՄ-ականներին՝ կազմակերպության 100 ամյակի և  Վահան Չերազի արձանի բացման առիթով:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Չերազի դուստրը՝  Բյուրակն Չերազը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ներկա գտնվել իմ ծննդավայր Գյումրիում: Շնորհակալություն ՀՄԸՄ-ին այս գեղեցիկ նախաձեռնության համար: Շնորհակալություն քանդակագործ Սամվել Մուրադյանին հրաշալի քանդակի համար»:

Ողջույնի ուղերձ հնչեցվեց նաև համաշխարհային սկաուտական կազմակերպության անունից:

Վահան Չերազի արձանի բացումից հետո՝ շեփորախմբի գլխավորությամբ սկաուտական քայլերթով հրապարակով անցան Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի առիթով համա.Հ.Մ.Ը.Մ.-ական 11-րդ բանակմանը մասնակցելու համար աշխարհի 26 երկրներից հայրենիք ժամանած 1200 սկաուտներ:

Հայ հասարակականքաղաքական գործիչ, հայտնի մարզիկ, Հայաստանում սկաուտության հիմնադիրներից Վահան Չերազը 1920-1927 թթ. զբաղվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ որբերի հավաքագրմամբ և խնամակալությամբ, հիմնել սկաուտական և մարզական խմբեր ԳյումրիումՆա գնդակահարվել է ստալինյան բռնաճնշումների տարիներին:

 Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ՀՄԸՄի հիմնադրման 100 ամյակին նվիրված նամականիշի մարում և գիտաժողով

Հուլիսի 26-ին սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ՀՄԸՄ-ի հիմնադրման 100 ամյակին նվիրված նամականիշի մարում և գիտաժողով:

Նամականիշի մարման արարողությանը մասնակցեցին ՀՀ սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր Գրիգորյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

ՀՄԸՄ-ի հիմնադրման 100 ամյակին նվիրված գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր Գրիգորյանը:

Շնորհավորելով ՀՄԸՄ 100 ամյակի առթիվ՝ փոխնախարարը մասնավորապես նշեց. «ՀՄԸՄ-ն իր ստեղծման օրվանից մշտապես իրականացրել է տարբեր ազգապահպան ծրագրեր՝ սերունդներին դաստիարակելով հայրենասիրական  և  մարդասիրական արժեքներով: Ինձ համար, որպես նախկին հոմենեթմենական, և նախկին հոմենեթմենականների զավակ, անչափ ոգևորիչ են այս հոբելյանի առիթով տեղի ունեցող տոնախմբությունները: Պատիվ ունենալով մասնակցել ՀՄԸՄ 100- ամյակին նվիրված ձեռնարկներին՝ հերթական անգամ վերապրեցի այն զգացմունքները, որ երբևէ ունեցել եմ սկաուտական շարքերում եղած ժամանակ: Համոզված եմ, որ հայրենիքում համախմբված ՀՄԸՄ-ի մեծ ընտանիքի անդամները դրական մեծ լիցքեր կստանան և նոր ուժով, նույն եռանդով կշարունակեն իրենց առաքելությունը: Վստահեցնում եմ, որ սփյուռքի նախարարությունը պատրաստակամ է մշտապես աջակցելու ՀՄԸՄ-ի ծրագրերին, որը կհանգեցնի որակական նոր մակարդակի համագործակցության:  Մենք, այսօր  նոր սկիզբ ենք դնում  Հայաստան-Սփյուռք կապերի մեջ՝ նոր ձևաչափով գործելով նոր Հայաստանում, և ուրեմն, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ՀՄԸՄ-ի 100 ամյակի առթիվ և գիտաժողովի աշխատանքներին մաղթում եմ   արդյունավետ ընթացք»:

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ՀՄԸՄ-ի կեդրոնական վարչության անդամ Իշխան Եղայանը: « ՀՄԸՄ 100 ամյակին նվիրված միջոցառումների շարքում այս գիտաժողովը աննախընթաց կարևորություն ունի՝ հայակերտման ու հայապահպանության կառույցի գործունեության ուսումնասիրության, արժևորման, գնահատմանառումով», – նշեց նա:

«ՀՄԸՄ կազմավորումը, առաջին քայլերն ու գործունեությունը» թեմայով զեկուցումով հանդես եկավ ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը՝ ներկայացնելով կազմակերպության ստեղծման ու կայացման պատմությունը:

ՀՄԸՄ կենտրոնական վարչության նախկին ատենադպիր Հարութ Չեքիճյանի «Մայր Հայրենիք վերադարձն ու գործունեությունը (1918-1921)» թեմայով զեկուցումը վերաբերում էր ՀՄԸՄ հետագա զարգացման ընթացքին,

«ՀՄԸՄ իբրեւ Սփյուռքում հայապահպանության ջահակիր, եւ համասփյուռքյան կառույցի ստեղծումը» թեմայով զեկուցում ներկայացրեց Տիգրան Ճինպաշյանը:

«Վերընձյուղում Հայրենիքում եւ գործունԷությունը 1989-ից մինչեւ մեր օրերը» թեմայով զեկուցեց Գեղամ Մանուկյանը՝ ներկայացնելով վերջին տասնամյակներում կազմակերպության գործունեության վերսկսումը Հայաստանում:

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Շաւարշ Քրիսյանը:

Բյուրականում կայացավ ՀՄԸՄի 100-ամյակի և 11-րդ համաՀՄԸՄական բանակումի փակման արարողությունը

Հուլիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Բյուրականի բանակավայրում անցկացվեց ՀՄԸՄի 100-ամյակի և 11-րդ համաՀՄԸՄական բանակումի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բն, սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր Գրիգորյանը, ՀՀում Սիրիայի դեսպանը, հասարակական գործիչներ, պատվավոր այլ հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, ներկայացրեց հյուրերին, կենտրոնական վարչության անունից ողջունեց վեհափառ տիրոջ այցելությունը բանակավայր:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բն իր խոսքը սկսեց տերունական աղոթքով: Շնորհավորելով ՀՄԸՄ 100 ամյակի առթիվ՝ նա հավելեց. «Ուրախ եմ գտնվել ձեզ հետ, ձեր մեջ: Շնորհիվ մեր հավատքի ու մշակույթի մեր ազգը վերապրեց ամենածանր փորձությունները, կարողացավ վերակերտել պետականությունը: Այս տարի մեծ շուքով տոնախմբում ենք Հայոց պետության 100 ամյակը: Վստահ եմ, որ այս բանակավայրում, այս բարձունքի վրա զգում եք հայոց հողի ուժն ու զորությունը և տուն պիտի վերադառնաք ավելի զորացած: Վստահ եմ, որ մեր հայրենիքի ձեռքբերումները հպարտությամբ են լցնում ձեր սիրտն ու հոգին»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ սփյուռքի փոխնախարար, նախկին հոմենեթմենական Բաբկեն Տեր Գրիգորյանը: Նա վստահություն հայտնեց, որ հայրենիքում համախմբված ՀՄԸՄի մեծ ընտանիքի անդամները դրական մեծ լիցքեր կստանան և նոր ուժով, նոր եռանդով կշարունակեն իրենց առաքելությունը:

Հուլիսի 19-29-ը Հայաստանում մեծ շուքով նշվում է ՀՄԸՄի մեկդարյա հոբելյանը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բի, Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Աի, սփյուռքի նախարարության աջակցությամբ:

ՀՄԸՄի 100-ամյակին նվիրված՝ «Պատվաբեր անցյալից հաղթական ապագա» խորագրով 11-րդ համաՀՄԸՄական բանակումին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 1200 հոմենեթմենական՝ ԱՄՆի, Կանադայի, Ավստրալիայի, Լիբանանի, Եգիպտոսի, Ամմանի, Իրանի, Իրաքի, Քուվեյթի, Իսրայելի, Ռուսաստանի, Սիրիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ավստրիայի, Շվեդիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Հոլանդիայի և այլ երկրների 26 քաղաքներից:

 

 

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի եւ լրատվական ծառայությունների 

ՕՐԵՐ

 

 


Առնչվող նյութեր
1. Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում Բուլղարիայում
2. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2018թ. կրթաթոշակի ծրագրի մեկնարկը
3. Խարոյկահանդէսի Հրաւէր Վիեննայում
4. Երեւանում տեղի ունեցավ ՀՄԸՄ 10-րդ համահայկական մարզախաղերի բացման հանդիսավոր արարողությունը
5. ՀՄԸՄ. Հայոց Ցեղասպանութեան 102րդ ամեակը Վիեննայում
6. Ավստրիա. Եւրոպայի երիտասարդութեան ներուժի համախմբման լաւագոյն առիթ հանդիսացաւ Հ.Մ.Ը.Մ.-ի Եւրոպայի Երիտասարդական Առաջին Հաւաքը Վիեննայի մէջ
7. ԱՎՍՏՐԻԱ. Հ.Մ.Ը.Մ.-ի Եւրոպայի Երիտասարդական Առաջին Հաւաքը Վիեննայում
8. ՇՏԱՊ. Հրթիռակոծուեցաւ Հալէպի ՀՄԸՄ-ի Դաշտը. 2 զոհ, 10 վիրաւոր եւս մեկ զոհ Սուլէյմանիէ շրջանում
9. Լույս է տեսել «Ավրորայի ճանապարհը. ցեղասպանություն վերապրածի ոդիսականը» պատկերազարդ հատորը
10. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՇՈՒՐՋ 450 ԲՆՕՐԻՆԱԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: