ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԲԸՄ Հայաստան. «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը Երեւանում

22 սեպտեմբերի, 2017 | 19:06

Երևանի օպերայի թատրոնում կայացավ «Մեր Խոստումը» երաժշտական ներկայացման պրեմիերան

 

22-ը սեպտեմբերի, 2017թ., Երևան. Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ) Հայաստանը մամուլի ասուլիս է հրավիրել «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջի և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի մասնակցությամբ, ովքեր ժամանել են Հայաստան մասնակցելու մի շարք հիշարժան միջոցառումների՝ ի ցույց ֆիլմի ստեղծողների հանդեպ հայ ժողովրդի երախտագիտության:

«Շնորհակալ եմ մեր ժողովրդին այսպիսի ջերմությամբ ընդունելու և սատարելու համար: «Խոստումը»  իրականացավ Քըրքի խանդավառության շնորհիվ: Ցավոք, նա մեզնից հեռացավ մինչև ֆիլմի նկարհանման աշխատանքները կսկսվեցին և Քըրքորյանը չտեսավ վերջնական արդյունքը, թե ինչպես իր մեծ երազանքն իրականություն դարձավ: Այս ֆիլմը պատասխան է ժշտողականությանը, այս ֆիլմով մենք ասում ենք. մենք դեռ կանք, մենք ապրում ենք ու արարում՝ լինի Հայաստանում, թե Սփյուռքում», – ասաց «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը:

«Սա կարևոր ֆիլմ էր, որ ստեղծեցի «Ռուանդա հյուրանոցը» ֆիլմից հետո: Ինձ համար բարդ ու պատասխանատու էր, քանի որ նոր տարածաշրջան և ժողովրդի պատմություն էի բացահայտում, նախ` ինքնս ինձ համար: Չորս տարի առաջ եկա Հայաստան՝ հետազոտություններ անցկանցելու ֆիլմի համար: Հուսով եմ, կարողացել եմ պատմել հայ ժողովրդի պատմությունն այնպես,  ինչպես նրանք կցանկանային տեսնել այն», – ասաց օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը՝ հավելելով, որ վարպետաց դասեր է անցկացնելու երիտասարդ ու տաղանդավոր հայ ռեժիսորների և կինոգործիչների համար: «Ստեղծարար Հայաստան» -ի (Creative Armenia) և ՀԲԸՄ Հայաստանի նախաձեռնությամբ անցկացվող վարպետաց դասը կվարի գրող և ռեժիսոր, «Ստեղծարար Հայաստան» նախաձեռնության հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը:

Իրենց այցի առաջին օրվա հյուրընկալությունից հետո հյուրերը կիսեցին իրենց ոգևորությունը սպասվող միջոցառումների, ներառյալ՝ «Մեր Խոստումը» երաժշտական ներկայացման պրեմիերայի կապակցությամբ, որը երախտիքի տուրք է՝ ոգեշնչված «Խոստումը» ֆիլմից: «Մեր Խոստումը» երաժշտական ներկայացման պրեմիերայի մեկնարկը կտրվի այս երեկո՝ Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Սպասված ելույթով հանդես կգա շվեյցարացի երգչուհի Վերոնիկա Ստալդերը և Տիգրան Պետրոսյանը, ովքեր կկատարեն «Սարի սիրուն յար» երգը, որը հատուկ ֆիլմի համար ձևավորվել և ձայնագրվել է Գրեմմի մրցանակակիր Սերժ Թանկյանի և Ստալդերի կողմից: Հայտնի հայ երգիչները նաև բեմից խմբովի կկատարեն «Խոստումը» ֆիլմի խորագիր երգը, որը հեղինակել է երջանկահիշատակ Քրիս Քորնելը, ով խորապես հավատացած էր ֆիլմի սոցիալական ազդեցությանը:

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, օտարերկրյա դեսպաններ և բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա գտնվեցին այդ երեկոյի կատարումներին։

Երեկոն նվիրվել է ամերիկացի հայտնի օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի նկարահանած՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016թ-ի սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ:

Երեկոյին ներկա են եղել ինչպես ֆիլմի ռեժիսորը, այնպես էլ «Խոստումը» ֆիլմի ստեղծմանն իրենց մեծ ներդրումն ունեցած պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը, անվանի կինոգործիչ Մայք Մեդավոյը: Երեկոյի հիմքում ֆիլմի օրիգինալ երաժշտությունն ու պատմությունն են:

«Ողջ աշխարհի հայությունը առաջին անգամ հոլիվուդյան լայնամասշտաբ ֆիլմով դիտեց իր նշանավոր անցյալը», – ասաց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:

«Դժվար է արտահայտել մեր անսահման երախտագիտությունը երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի և բոլոր նրանց ջանքերի համար, ովքեր անխոնջ աջակցել են այս պատմությունը ներկայացնելու գործին, հատկապես՝ մեր հյուրեր Թերրին, Էրիկին և նրանց հետ աշխատած մյուս պրոդյուսերներին: Նրանք բազմաթիվ մարտահրավերների են բախվել տարիների ընթացքում և կարողացել են հաղթահարել դրանք՝ ի հեճուկս բոլոր խոչընդոտների: Մեզ համար պատիվ է ֆիլմին նվիրել այս միջոցառումները, այդ թվում՝ Երևանի օպերայի թատրոնում այսօրվա ներկայացումը՝ հայաստանցի բազմաթիվ տաղանդների մասնակցությամբ»:

Շաբաթ առավոտյան Թերրի Ջորջը և Էրիկ Էսրայելյանը, ՀԲԸՄ վարչության անդամների, Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և հյուրերի հետ միասին խորհրդանշական այց կկատարեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերը հիշատակելու և Հիշատակի ծառուղում ծառ տնկելու նպատակով:

Օրը կավարտվի ՀԲԸՄ կողմից տրվող ընթրիքով: Պատվավոր հյուրերին կշնորհվի խորհրդանշական ընծա՝ «Խոստումը» ֆիլմի համար ողջ աշխարհի հայերի երախտագիտության խոսքերն ամփոփող մատյան:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունն է, որը հիմնվել է 1906 թվականին և որի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի առնչվելով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքին:

ՀԲԸՄ և վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացվող ծրագրերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել www.agbu.org կայքէջում: ՀԲԸՄ հայաստանի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել www.agbu.am կայքէջում:

 

«Խոստումը» ֆիլմը խոշոր պատմական դրամա է, որը սիրո հուզիչ պատմության միջոցով պատկերում է Հայոց ցեղասպանությունը: Միացյալ Նահանգներում և Կանադայում լայնորեն ցուցադրվելուց հետո «Խոստումը» շարունակում է ցուցադրվել ողջ աշխարհի կինոթատրոններում: Թողարկված լինելով լեգենդար Քըրք Քըրքորյանի «Survival Pictures» ընկերության կողմից և հռչակավոր, Ակադեմիայի մրցանակակիր (Hotel Rwanda ֆիլմի համար) ռեժիսոր Թերրի Ջորջի գլխավորությամբ, «Խոստումը» ներկայանում է միջազգային աստեղային դերասանական կազմով, այդ թվում՝ Օսկար Իսաակը, Քրիստիան Բեյլը, Շառլոթ Լը Բոնը, Շոհրե Աղդաշլուն և Անժելա Սարաֆյանը: Երաժշտության հեղինակը օսկարակիր կոմպոզիտոր Գեբրիել Յարեդն է՝ իր «Խոստումը» երգով, որի բառերը հեղինակել և երգը կատարել է երջանկահիշատակ Քրիս Քորնելը: Ֆիլմի ողջ հասույթն ուղղվել է տարբեր բարեգործական նպատակների՝ մարդու իրավունքների պաշտպանության շեշտադրումով:

«Խոստումը» ֆիլմի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ հղումով. http://www.survivalpictures.org/the-promise/

 


Առնչվող նյութեր
1. Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2. Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
3. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
4. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
5. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
6. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
7. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
8. Նոր հնարավորություներ՝ Հայաստանի ֆրանսախոսների համար
9. ՀԲԸՄ-ն սգում է հայ ժողովրդի հպարտություն Շառլ Ազնավուրի կորուստը
10. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: