ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԲԸՄ Եվրոպայի պատվիրակությունը Արցախում

22 ապրիլի, 2017 | 15:30

Արցախի ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը

 

Ապրիլի 22-ին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) մի խումբ երիտասարդ ակտիվիստների՝ ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Տավիտյանի ուղեկցությամբ, ովքեր Արցախ էին ժամանել ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի կողմից նախաձեռնված «Հանուն Ղարաբաղի» արշավի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ու միջազգային գործընթացներում ներգրավման, ինչպես նաև Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման վերաբերյալ մի շարք հարցերի։ Կողմերը նշել են նաև Արցախի մասին Եվրոպայում օբեկտիվ տեղեկատվության տարածման և միջազգային հանրության շրջանում իրազեկվածության բարձրացման ուղղությամբ ակտիվ քայլերի ձեռնարկման կարևորությունը։

Հյուրերի խնդրանքով ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է 2016 թ. ապրիլին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքովադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացման գործընթացները։

Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) եվրոպական շուրջ տասը երկրներից պատվիրակության անդամները, ովքեր Արցախ են ժամանել ՀԲԸՄ «Եվրոպան հանուն Արցախի» ծրագրի շրջանակներում, երեկ՝ ապրիլի 22-ին, Ստեփանակերտում հանդիպել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀԿ ներկայացուցիչների հետ ՀԲԸՄ պատվիրակության անդամները քննարկել են փոխգործակցության հարցեր, հետաքրքրվել են առկա հիմնախնդիրներով, զրուցել անելիքների ու ծրագրերի մասին: Հանդիպման ընթացքում ՀԲԸՄ պատվիրակության անդամները պատասխանել են նաև ՀԿ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայ բարեգործական ընդհանուր միության եվրոպական գրասենյակի տնօրեն Նիկոլա Տավիտյանը ասել է, որ Արցախ այցի նպատակը ճանաչողական է, քանի որ պատվիրակության անդամների մի մասն առաջին անգամ է այցելում, և գործնական է, քանի որ տարբեր հանդիպումների ընթացքում փորձում են առանձնացնել այն հիմնական խնդիրները, որոնց շուրջ առաջիկայում կաշխատեն:

«Առաջին հերթին կակտիվացնենք մեր քարոզչական աշխատանքը, որպեսզի եվրոպական ավելի շատ կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելեն Արցախ: Եվրոպայում Արցախը միակ չճանաչված պետությունն է, որի հետ համագործակցություն չկա: Մեզ համար շատ կարևոր է որպեսզի եվրոպացիները կոնկրետ տեղեկություններ և տպավորություններ ունենան, որ այստեղ մարդիկ ապրում և արարում են, ու որ Արցախը միայն հակամարտության գոտի չէ»,- ասել է Ն. Տավիտյանը:

Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի ընդհանուր համակարգող Շահնուր Մինասյանն էլ ասել է, որ հակամարտության քողի ներքո Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ հումանիտար շատ լուրջ խախտումներ են իրականացվում:

«Այս ամենը պետք է ներկայացվի եվրոպական համապատասխան կառույցներին, և այս առումով մեզ լոբբիստական մեծ աշխատանք է սպասվում: Տեղեկատվական դաշտում ևս անելիքները մեծ են,-ասել է Շ. Մինասյանը և հավելել,- առայժմ ինֆորմացիայի հավաքագրման փուլում ենք: Հանդիպումներ ենք ունենում ԱՀ Ազգային Ժողովի, Կառավարության ներկայացուցիչների հետ. այս ամենը պետք է կանոնակարգենք, հայեցակարգ մշակենք, որպեսզի կարողանանք շարունակել մեր հետագա կոնկրետ քայլերը»:

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 23-ին նույնպես ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի կառույցի մի խումբ ներկայացուցիչների։

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ վարչապետը ողջունել է ՀԲԸՄ նախաձեռնությունը՝ կարևորելով կառույցի ներկայացուցիչների անմիջական շփումը Արցախի հետ, ինչն ամուր հիմք կհանդիսանա հետագա համագործակցության համար:

«Բարով եք եկել ձեր հայրենիք, դուք մեր դեսպաններն եք Եվրոպայում: ՀԲԸՄ դերը մեծ է Արցախում. անկախության հռչակումից ի վեր այն ակտիվորեն գործում է այստեղ: Հատկանշական են կառույցի աշխատանքները կրթության ոլորտում, և մենք ակնկալում ենք ավելի մեծ մասնակցություն թե՛ այդ և թե՛ այլ հնարավոր ուղղություններում: Կառավարությունը պատրաստ է առավելագույնս աջակցել ձեր բոլոր ծրագրերին, այդ թվում՝ Արցախն արտասահմանում ներկայացնելու ձեռնարկումներին»,- ասել է վարչապետը:
Ա. Հարությունյանը պատվիրակության ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Արցախի սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող ծրագրերի, սպասվող արդյունքների և դրանցում Սփյուռքի ունեցած դերի վրա: Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին:

ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի ղեկավար Նիկոլա Տավիտյանը ներկայացրել է «Եվրոպան հանուն Արցախի» ծրագրի մանրամասները և պատրաստակամություն հայտնել ավելի սերտ համագործակցել Արցախի պետական կառույցների հետ:


Առնչվող նյութեր
1. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
2. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
3. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
4. ՀԲԸՄ-ը նոր թափով պիտի սկսի հասարակական-տնտեսական ծրագիրներու իրականացումը
5. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ
6. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
7. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
8. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
9. Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարում են նորարար տաղանդավոր արվեստագետներին օժանդակող ծրագրի մեկնարկը
10. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: