ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հարութ Սասունյան. Դիտարկումներ հայ, ադրբեջանական և թուրքական վերջին զարգացումների վերաբերյալ

01 հոկտեմբերի, 2013 | 21:19

NALBANDYAN UNՀարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Խորհրդածություններ վերջին ուշագրավ լուրերի վերաբերյալ.

— Անցյալ շաբաթ CNN հեռուստաալիքի եթերում ամերիկահայ հայտնի փաստաբան Մարկ Կիրակոսը կշտամբեց Միացյալ Նահանգներին` Հայոց ցեղասպանության հարցում նրա երկակի ստանդարտների համար: Երբ հաղորդավարներ Քրիստիան Ամանպուրը և Անդերսոն Քուպերը քննադատում էին Իրանի կողմից հրեական Հոլոքոստի ժխտումը, Կիրակոսը նրանց հիշեցրեց նախագահ Օբամայի դրժած խոստման մասին` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: «Այդ տարածաշրջանում մեր ամենամեծ դաշնակիցը Թուրքիան է: Մինչև այժմ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Օբաման որպես թեկնածու խոսում էր դրա մասին. «եթե ես ստանձնեմ նախագահի պաշտոնը` ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»: Նախագահ դառնալուց հետո նա ամբողջովին անտեսեց դա: Այնպես որ, առկա է դինամիկ քաղաքական խաղ, որը մի քիչ կեղծավոր է», հավաստիացրեց Կիրակոսը:

— Սեպտեմբերի 22-ին Գերմանիայում կայացած ընտրություններում գերմանական Բունդեստագում` երկրի խորհրդարանի ստորին պալատում ընտրվել են թուրքական ծագում ունեցող տասնմեկ օրենսդիրներ՝ ավելի քան կրկնապատկելով նախորդ օրենսդիր մարմնում ունեցած իրենց թվաքանակը: Հայերը չպետք է կուրորեն քննադատեն այս տասնմեկ պատգամավորներին, քանի որ նրանցից ոմանք` լինեն թուրք կամ քուրդ, հնարավոր է համակիր լինեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

— Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային տուգանել է ավելի քան 200 հազար դոլարով` մի թուրք ընտանիքի տունն առանց փոխհատուցման օտարելու համար: Դատարանը վճռել է, որ Թուրքիան խախտել է ընտանիքի սեփականության իրավունքը: Այս ընտանիքը սպառել էր թուրքական դատարաններում իր բոլոր բողոքարկումները՝ մինչ ՄԻԵԴ դիմելը: Մի ընթերցող հետևյալ հեգնական դիտողությունն է տեղադրել Turkish Daily News-ի կայքէջում. «Թվում է, թե քրիստոնյա Եվրոպայի դատարանն ավելի հարգանքով է վերաբերվում մահմեդական թուրք ժողովրդին, քան մահմեդական դատարանները Թուրքիայում»:

— Եվրամիության հետ կապերի գծով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղիշն անցյալ շաբաթ հայտարարեց, որ «Թուրքիան, հավանաբար, երբեք չի դառնա Եվրոպական Միության անդամ` այդ դաշինքի ներկայիս անդամների կոշտ դիմադրության և կանխակալ վերաբերմունքի պատճառով»: Ինչպես միշտ, Բաղիշը սխալվում է: Թուրքիային չի հաջողվի դառնալ Եվրամիության անդամ, ոչ թե արևմտյան նախապաշարումների, այլ` իր երկրի օրենքները եվրոպական ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելուց հրաժարվելու համար:

— Սիրիայում «Ալ-Քաիդայի» ահաբեկիչների կողմից հազարավոր քրիստոնյաներ, այդ թվում հայեր, առևանգվել, սպանվել կամ խեղվել են, սակայն մինչև օրս եվրոպական կամ ամերիկյան որևէ պաշտոնյայի կողմից դատապարտման ոչ մի խոսք չի հնչել: Դեռ ավելին, արևմտյան ղեկավարները մահաբեր զենք են մատակարարում ծայրահեղականներին, որպեսզի նրանք կարողանան էլ ավելի շատ անմեղ մարդկանց կյանք խլել: Վաղուց ժամանակն է, որ արևմտյան աշխարհի հանրությունն իր զայրույթն արտահայտի զանգվածային բողոքի ցույցերով և սուր հանդիմանություններով: Միացյալ Նահանգների Կոնգրեսը պետք է արգելի զենքի մատակարարումը Սիրիայում կռվող բոլոր օտարերկրյա զինյալներին: Անցյալ շաբաթ Սիրիայի Ռաքքա քաղաքում հայկական կաթոլիկ և հունական ուղղափառ եկեղեցիները պղծվել և կողոպտվել էին: Ջիհադականներն անամոթաբար մագլցել էին հայկական եկեղեցու գմբեթի վրա և խաչի փոխարեն տեղադրել իրենց սև դրոշը:

— Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիևն անընդհատ և ակամա աջակցում է Հայ դատին` ատելի հայտարարություններ անելով, որը բացասական տպավորություն է ստեղծում միջազգային հանրության մոտ նրա երկրի մասին: Ալիևի վիրավորական հայտարարությունը, թե «Երևանը և Զանգեզուրն ադրբեջանական տարածքներ են» և «կգա ժամանակը ու մենք այնտեղ կապրենք», մտային խանգարում ունեցող մարդու զառանցանք է: Սպասվում է, որ հոկտեմբերի 9-ին Ալիևը երրորդ անգամ նախագահ կընտրվի, իսկ դա նշանակում է, որ հայ ժողովուրդը կշարունակի օգուտ քաղել նրա «օգտակար» հայտարարություններից ևս մի քանի տարի:

— Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բանավեճը սրվեց, երբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդես եկան միմյանց հակասող հայտարարություններով: Ստորեւ ներկայացված են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթից հատվածներ, որոնցում նա մեղադրում է Ադրբեջանի հետևյալ գործողությունները.

ա/ «ռազմատենչ և հակահայ ատելություն սերմանող հռետորաբանության օրեցօր ավելացում»,

բ/ «լայն մասշտաբներով հարձակողական զենքի աննախադեպ կուտակում»,

գ/ «տխրահռչակ ահաբեկչական կառույցների հետ սերտ կապ ունեցող վարձկանների օգտագործում»,

դ/ «կացնահարող մարդասպան Սաֆարովի փառաբանում Ադրբեջանի ղեկավարության կողմից»:

Այնուհետև, Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ «ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և կանխարգելումը շարունակում են առաջնահերթություն հանդիսանալ Հայաստանի համար։ Մենք անհրաժեշտ քայլեր կնախաձեռնենք՝ ուղղված ցեղասպանության հանցագործության նոր դրսևորումների կանխմանը, միաժամանակ առաջնային նշանակություն տալով մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատվության և ժխտողականության հարցերին… Որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ` Հայաստանն աներկբա ողջունում է ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից արտահայտված հստակ դիրքորոշումը՝ բացառելու որևէ անձեռնմխելիության կամ ներման հնարավորություն մարդկության դեմ հանցագործություն կատարողների համար»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Սփյուռքի նախարարն առաջարկում է Սփյուռքի համար խորհրդարան ձևավորել Հայաստանում
2. Ինչպես չղեկավարել կառավարությունը և իշխանությունից զրկվել ժողովրդի կողմից
3. Սոչիում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
4. Վարչապետն Արցախում
5. Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. մաս 1, 2
6. Նախագահ Թրամփը մեկ շաբաթվա ընթացքում երկու ապտակ ստացավ ՄԱԿ-ում
7. Հինգերորդ դարի պատմիչը նկարագրում է հայ հասարակության ողբալի վիճակը
8. Ալիևը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ստում է ամբողջ աշխարհի առջև
9. Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
10. Ադրբեջանը մեղադրվում է Եվրոպայի խորհրդին միլիոնավոր դոլարների կաշառք տալու մեջ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: