ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հավատքն օգնում է աշխատանքին

27 հուլիսի, 2008 | 23:38

Օրեր-ի հարցերին պատասխանում է գործարար Արա Աբաջյանը

 Չեխիայի երրորդ մեծ քաղաքում, Օստրավայում, որի բնակչությունն անցնում է 400 հազարը, 1990 թվականից հաստատվել ու ապրում է փոքրաթիվ հայկական համայնքը՝ մոտավոր տվյալներով 300 հայեր կամ մոտ 50 ընտանիք։ Չեխիայում հաստատվելու առաջին տարիներին հայերն այստեղ զբաղվել են առեւտրով եւ շինարարությամբ, բացել են խանութներ եւ ռեստորան, այնուհետեւ ընդլայնել են բիզնեսի շրջանակները, աշխատանքներ ծավալել տարբեր ոլորտներում։ Ինչպես նշում է մեզ հետ զրույցում ,,Արայիկ ընկերության,, նախագահ Արա Աբաջյանը, միայն աշխատանքով չեն բավարարվում։ Իրենց համար առավել քան կարեւոր է նաեւ հավատքը։ ,,Մենք ազնվորեն պետք է ծառայենք Աստծուն։ Չբավարարվենք առօրյա աշխատանքով, այլ մեր պահվածքով եւ մեր հավատարմությամբ օրինակելի լինենք բոլորի համար։ Մենք պետք է մտածենք թե ինչ ժառանգություն ենք թողնում մեր երեխաներին՝ փող, թե հավատք։ Իմ կարծիքով երկուսն էլ պետք են, բայց նախեւառաջ պետք է լինի հավատքը։  Եթե երեխան վախեցավ Աստծուց, ուրեմն նա կփրկվի։ Այդ իսկ պատճառով, մենք ձգտում ենք կյանքում կիրառել Աստծո պատգամները։ Ով Աստծուն հավատա, նա կուժեղանա ե՛ւ հոգեպես, ե՛ւ աշխատանքում,,։

Օստրավայում ապրող հայ երեխաների համար դեռեւս շաբաթօրյա դպրոց չկա։ Բայց նրանց ծնողներն աշխատում են տանը հայերեն խոսել։ Կան նաեւ հայ-չեխական ընտանիքներ։ Հայ ամուսիններն ամեն ինչ անում են, որ մանուկ հասակից իրենց երեխաները հայերեն խոսեն։

-Կան արդյո՞ք դժվարություններ բիզնեսում, առօրյա աշխատանքում, հարցիս, Արա Աբաջյանը պատասխանում է. ,,Իհարկե, ամեն աշխատանքում էլ կան դժվարություններ, սակայն ինչ վերաբերում է չեխերին, ապա եթե ազնիվ լինես, շատ լավ կարելի է աշխատել եւ համագործակցել նրանց հետ,,։

Օստրավան լինելով երբեմնի արդյունաբերական մեծ կենտրոն, այսօր իրապես կրճատել է ածխահանքերի շահագործումը։ Մեծ տեղ է տրվում միջմշակութային կապերին եւ մարզական միջոցառումներին, որոնց շարքում ամենահայտնին չեխական ,,Օստրավայի գույներ,, միջազգային երաժշտական փառատոնն է, որին մասնակցում են աշխարհի տարբեր տեղերից ժամանած ազգային եւ ժողովրդական, ինչպես նաեւ էստրադային, ջազային ու ռոք խմբեր ու անհատ կատարողներ։ Տարիներ առաջ այստեղ ելույթ ունեցավ նաեւ մեր մեծ հայրենակից, դուդուկահար Ջիվան Գասպարյանը։ Առանձին համերգով հանդես եկավ  ամերիկահայ հանրահայտ երգիչ Սերժ Թանգյանը, որի համերգի մասին գրել ենք ՕՐԵՐ-ի նախորդ համարում եւ մեզ ցույց տված աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում նաեւ օստրավահայ համայնքի ներկայացուցիչներին։

Հայտնի է, որ Արա Աբաջյանն իր համախոհների հետ մասնակցում է նաեւ  քրիստոնեական ավետարանչական եկեղեցու աշխատանքներին։ Վերջերս էլ Պրահայում տեղի ունեցավ այդ եկեղեցու շնորհանդեսը։ Այս առիթով զրույցի հրավիրեցինք նրան։

 

-Դուք կարող եք բացատրել, թե ինչո՞ւ հայ առաքելական եկեղեցու փոխարեն ընտրեցիք ավետարանչական եկեղեցին։ Ի՞նչը ձեզ չի բավարարում մեր եկեղեցում, որ փնտրեցիք այլ եկեղեցում։

-Ես ոչինչ չունեմ մեր Հայ առաքելական եկեղեցու դեմ, որովհետեւ մեր ազգը, որը բարգավաճել է եւ իմաստուն մարդիկ ենք ունեցել, բոլորն այդ հավատքի հետեւից են գնացել եւ փոխանցել են սերնդե-սերունդ։

-Այո, նույնիսկ, երբ պետականություն չենք ունեցել, մեր ժողովրդին եկեղեցին է պահել։

-Ես լրիվ համամիտ եմ ձեզ հետ։ Բայց հիմա մենք ի՞նչ ենք անում։ Այն ինչ արել են՝ մեր նախնիներն են արել։ Հիմա մենք  ոչինչ չենք անում որպեսզի մեր հավատքը փոխանցենք սերնդից սերունդ։

-Հիմա էլ մեզանից՝ յուրաքանչյուրիցս է կախված, մենք պետք է մտնենք այդ եկեղեցին եւ հզորացնենք այն։

-Ես էլ դա եմ ասում։ Ես մեր եկեղեցին էլ եմ գալու։ Հավատքը միայն աղոթքը չէ։ Հավատքը դա գործն է։ Դու պետք է գործեր անես եւ օգնես մարդկանց, որոնք նեղության մեջ են։ Պետք է կարողանաս ներել քո թշնամիներին։ Աստված սիրում է ժրաջան, աշխատասեր, իր պատվիրանները կատարող մարդուն։ Այս եկեղեցում ես Աստծո իրական պատգամներին եմ ծանոթանում։ Եթե մեր առաքելական եկեղեցու հոգեւոր հայրը ինձ բացատրի, ես սիրով նրա պատգամներն էլ կլսեմ։ Ես փնտրում եմ Աստծո կամքը իմ կյանքում, որ հասկանամ, թե Աստված ի՞նչ է մեզանից ուզում։ Ես դեռ մեր Հայ առաքելական  եկեղեցում դա չեմ գտել։ Թող մարդիկ ընտրեն այն եկեղեցին, որտեղ  իրենք հասկանում են Աստծո կամքը։Եթե մեր ժողովուրդը  ճիշտ ճանաչի Աստծուն, ապա մեր ազգը առհավետ կլինի օծյալ։ Ի վերջո, եկեղեցին ես եւ դու ենք, մարդիկ, ոչ թե պատերը։

 

Օստրավայի հայ համայնքը դեռեւս որեւէ մշակութային կենտրոն կամ դպրոց չունի։ Ի՞նչ ծրագրեր ունեք այդ ուղղությամբ։

-Մենք արդեն զրուցել ենք Չեխիայում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ հայր Բարսեղի հետ եւ որոշել ենք նման դպրոց նախաձեռնել։ Տեսնենք, թե Աստծո կամոք ինչ կստացվի։ Հակառակը, ես գտնում եմ, որ մեր երեխաները մեր լեզուն պետք է սովորեն եւ այդ ուղղությամբ Հայր Բարսեղի հետ պետք է որոշենք, թե ինչ կարող ենք անել։ Ես մեր ազգը շատ եմ սիրում եւ գտնում եմ, որ ինչ գիտելիքներ էլ որ ձեռք բերեմ, մեր ազգի համար օգտակար լինեմ։ Աստված ասում է, որ եթե դու քո ընտանիքի անդամներին չես օգնում, ուրեմն դու ավելի վատն ես, քան ովքեր մեղք են գործում։ Որովհետեւ եթե դու հայերին չես օգնում, ուրիշներին ինչպես կարող ես օգտակար լինել։ Անձամբ մեր եկեղեցին զբաղվում է, որ երեխաները ճանաչեն Աստծուն։ Շատերին թվում է՝ եթե ես ուկրաինացի քարոզչին եմ լսում, ուրեմն դրանով ստորադասում եմ հայկական եկեղեցին։ Բայց դա այդպես չէ։ Ես քարոզչի միջոցով Աստծո ձայնն եմ լսում։ Աստվածաշունչն էլ հրեաներն են գրել, ուրեմն ի՞նչ է մենք հրեա՞ ենք։ Ես իմ ժողովրդին շատ եմ սիրում։ Մեր հայերը շատ լավն են եւ խելացի։

-Բայց եթե Չեխիայում գործում է  հայ հոգեւոր առաջնորդ, ինչո՞ւ ընտրել օտարին։ Ի՞նչը ստիպեց, որ դուք ուկրաինացի հոգեւոր առաջնորդ ընտրեք։

-Ես այդ մարդուն չեմ ճանաչել։ Ես փորձեցի գտնել մի եկեղեցի, որն իրոք ծառայում է Աստծուն։ Հազարներով մարդկանց են օգնում նրանք, հատկապես թմրամոլներին, այն ընտանիքներին, որոնք կարիքի մեջ են։ Գիտեք, թերեւս մեր եկեղեցիների մթնոլորտը պետք է փոխվի։ Աստված չի ասում, որ արի եկեղեցի այսպես կանգնի, մոմն այսպես վառի։ Ծիսակարգը շատ ծանր է։ Դա չի նշանակում, որ ես դեմ եմ մեր եկեղեցուն։ Ո՛չ, եթե մեր ազգը քրիստոնյա չլիներ, ես այսօր այստեղ նստած չէի լինի։ Դրա համար մեր ժողովուրդը պետք է նախ Աստծուն ճանաչի։ Ես ոչ թե ուկրաինացի հոգեւոր առաջնորդի  հետեւից գնացի, այլ նրա միջոցով փորձեցի Աստծո ձայնը լսել։

-Ձեր մաղթանքը ո՞րն է։

-Մենք հայ ենք եւ հայ էլ կմնանք։ Եւ ամենակարեւորն այն չէ, թե որ  եկեղեցին կգնաս։ Գնա այն եկեղեցին, որը Աստծո եկեղեցին է, որից գիտելիքներ ես ստանում։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր ազգին ու մշակույթին։ Ինչ գիտելիքներ, որ ձեռք բերենք, պետք է ծառայեցնենք մեր ժողովրդին։

                    Հ.Ասատրյան, Օստրավա-Պրահա

                               ՕՐԵՐ ամսագիր, 3/43/ 2008

 

 

Orer.eu – Orer Armenian European Magazine 3/43/2008


Առնչվող նյութեր
1. Հայ հոգեւոր ժառանգությանը նվիրված հաղորդում չեխական Նոյ հեռուստաալիքով
2. Հայաստանը Ֆրանցիսկոս պապի այցի կարիքը շատ ուներ.-Հայր Դանիել, Նոյ հեռուստաալիք
3. ,,Մարլենկա կամ կյանքի ուխտագնացություն հրաշքի հետ,, գրքի շնորհանդեսը չեխական Օստրավայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
2.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
3.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
4.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
5.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
6.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
7.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
8.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
9.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
10.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: