ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հավակնոտ համաձայնագիր, որ կստորագրվի նոյեմբերին. Լուկ Պիեռ Դեվինի բացառիկ հարցազրույցը

15 սեպտեմբերի, 2017 | 12:30

Հայաստանի հետ Եվրամիության գլխավոր բանակցող ՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի եւ ԵԱՀԿ-ի գծով տնօրեն,  Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով գործադիր տնօրենի տեղակալ Լուկ Պիեռ Դեվինը պատասխանում է  ՕՐԵՐ եվրոպական անկախ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցերին

 

 

,,ԵՄ-Հայաստան համաձայնագիրը  նոր հնարավորություններ կապահովի առեւտրի եւ ներդրումների համար, կբարձրացնի քաղաքացիների շարժունակությունը,,

 

  • ՕՐԵՐ- Դուք տարիներ շարունակ գլխավորում եք Հայաստանի հետ Եվրոպական միության բանակցությունների ողջ ընթացքը։ Ձեր կարծիքով ի՞նչ առաջընթաց կա այդ բանակցություններում, ե՞րբ եք նախատեսում ստորագրել վերջնական համաձայնագիրը։
  • Լուկ Դեվին- Փետրվարի 27-ին Եվրամիությունը եւ Հայաստանը հաջողությամբ ավարտեցին նոր իրավական հիմքերով բանակցությունները՝ Համապարփակ եւ Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի (CEPA) շուրջ հետագա համագործակցության համար։ Երկկողմ հարաբերությունների այս կարեւոր ձեռքբերման մասին հայտարարվեց Հայաստանի նախագահ Սարգսյանի ԵՄ կառույցներ կատարած այցի ընթացքում։   Համաձայնագիրը նախաստորագրվել է մարտի 21-ին Երեւանում։ Նախքան ստորագրումը, համաձայնագրի նախագիծը այժմ անցնում է  ,,իրավական ստուգում,, եւ պետք է դեռ թարգմանվի ԵՄ բոլոր պաշտոնական  լեզուների եւ հայերենի։ Այլ ներքին իրավական ընթացակարգեր են պահանջվում նաեւ երկու կողմերից, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների։ Սա որոշ ժամանակ կպահանջի, բայց ամենից  կարեւորն այն է, որ բանակցությունները ավարտվեցին եւ տեքստը նախաստորագրվեց։ Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության հաջորդ գագաթնաժողովը լավ հնարավորություն է ստորագրելու համաձայնագիրը, եթե, իհարկե, վերը նշված ընթացակարգերը մինչ այդ ավարտվեն։ Դա հավակնոտ, բայց մատչելի նպատակ է:

  • ՕՐԵՐ-Մեր ընթերցողների համար կխնդրեի մանրամասնեք, թե ի՞նչ է տալու այս համաձայնագիրը Հայաստանին , որքան գիտեմ, այն չի լինելու ասոցացված անդամություն եւ չի ապահովելու ազատ առեւտրի գոտի մտնելու հնարավորությունը։
  • Լ.Դ.-Դա կլինի ժամանակակից, համապարփակ եւ հավակնոտ համաձայնագիր, ընդգրկելով քաղաքական, տնտեսական եւ ճյուղային համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են  տրանսպորտը, էներգետիկական, հաղորդակցությունը, ֆինանսական ծառայությունները, տարածքային զարգացումը, առողջապահությունը, կրթությունը։ Նա կընդալյնի ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակները, հաշվի առնելով նոր գլոբալ, քաղաքական եւ տնտեսական շահերը, որոնք կիսում են երկու կողմերը, եւ այն մարտահրավերները, որ նրանք ուզում են դիմակայել միասին: ՀԸԳՀ-ն պետք է փոխարինի ներկայիս (հնացած) Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը, որը  գործում է 1999 թ-ից /Խմբ.- Համաձայնագիրը ստորագրվել է 1996 թ.-ին, սակայն ուժի մեջ է մտել 1999 թ./ .: Քանի որ 2013 թ. Հայաստանի կողմից  Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշում ընդունվեց, ապա ՀԸԳՀ-ն չի կարող ներառել ապրանքների արտոնյալ առեւտուրը (եւ Եվրասիական միության անդամը չի կարող կնքել առանձին արտոնյալ համաձայնագրեր)։ Այնուամենայնիվ, մենք վստահ ենք, որ այն կշարունակի զարգացնել մեր քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները՝ ներառյալ երկկողմ առեւտուրը: Այս համաձայնագիրը կգործի  վերանայված Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում: Համատեղ ընդհանուր արժեքները եւ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ուժեղ հանձնառությունը հիմնավորում են նոր համաձայնագիրը եւ մեր ապագա համագործակցությունը: Դրանք կստեղծեն բարենպաստ պայմաններ ավելի ուժեղ համագործակցության համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը եւ շրջակա միջավայրը: Դա նոր հնարավորություններ կապահովի առեւտրի եւ ներդրումների համար, ինչպես նաեւ կբարձրացնի մեր քաղաքացիների շարժունակությունը: Անշուշտ, Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ ԽՀԱԱԳ-ը/DCFTA/, ավելի հեռանկարային են: Բայց Արեւելյան գործընկերության քաղաքականությունը բավականաչափ ճկուն է եւ  թույլ է տալիս տարբերակված մոտեցում, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության (ԵԱՄ) անդամ երկրի հետ: Եվ այս հնարավորությունից օգտվելով, թույլ տվեք ընդգծել,  որ  ՀԸԳՀ-ն ոչնչով  չի խանգարում Եվրասիական տնտեսական միությանը  Հայաստանի անդամակցությանը, որի հետ մենք ոչ մի խնդիր չունենք:  Արեւելյան գործընկերությունը չի կառուցվել, որեւէ մեկի  կամ որեւէ մեկի հարաբերությունների դեմ,  եւ մենք համարում ենք, որ դրական է այն, որ Հայաստանը թույլ է տալիս լավ հարաբերություններ ունենալ այլ առեւտրային գործընկերների հետ:

  • ՕՐԵՐ- Որո՞նք են գլխավոր տարբերությունները այս համաձայնագրի եւ մինչեւ 2013 թվականը պատրաստված փաստաթղթի միջեւ։ Ի՞նչ նոր նախապայմաններ են առաջարկվել Հայաստանին, որ նախկինում չկային։
  • Լ.Դ.-Այս հարցին ինչ որ չափով պատասխանել ենք նախորդ հարցում։ Իհարկե, ՀԸԳՀ-ն ասոցացման համաձայնագիր չի եւ չի ընդգրկում խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի, ի տարբերություն երեք տարի՝ 2010-2013թթ Հայաստանի հետ բանակացած նախորդ համաձայնագրի։ Եվրասիական տնտեսական միությանը միանալով, Հայաստանը չի կարող կնքել առանձին արտոնյալ առեւտրային համաձայնագիր  ապրանքների  առեւտրի համար: Այնուամենայնիվ, ՀԸԳՀ-ի մեջ ներառված առեւտրի հետ կապված դրույթները կբարելավեն ԵՄ-Հայաստան երկկողմ առեւտրի պայմանները, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու Հայաստանի պարտավորությունները:

Տնտեսական ավելի սերտ համագործակցությունը նախատեսում է տնտեսավարող սուբյեկտների համար ավելի լավ կարգավորիչ միջավայր ապահովել` ծառայությունների  առեւտուր, ընկերությունների հիմնադրման եւ կառավարման, կապիտալի տեղաշարժի, պետական գնումների եւ մտավոր սեփականության իրավունքի ոլորտներում:   ԵՄ-ն Հայաստանի հետ նոր համաձայնագրի կնքման համար նախապայման չի առաջադրել: Ընդհակառակը, ԵՄ-ն նույնիսկ առատաձեռնորեն շարունակում է 2013 թվականից հետո Հայաստանին տրամադրել միակողմանի առեւտրային արտոնություն:

 

  • ՕՐԵՐ.-Ինչքանո՞վ է Հայաստանի համաձայնագիրը տարբերվում Արեւելյան գործընկերության մյուս երկրների համաձայնագրերից։ Որքան գիտեմ, դուք նաեւ Ադրբեջանի հետ գլխավոր բանակցողն եք, ինչքանո՞վ է տարբերվում նրանց ներկայացված տարբերակը Հայաստանի համաձայնագրից։
  • Լ.Դ.-Մենք  այսպես ասած «մեկ չափսը»  չենք կիրառում բոլորի համար, բայց ունենք հարմարեցված յուրահատուկ մոտեցում`հիմնված յուրաքանչյուր երկրի հավակնությունների եւ իրողությունների վրա: Ուստի համաձայնագրերի համեմատությունը շատ իմաստ չունի:

 

  • ՕՐԵՐ.- Որքանով է հեշտ աշխատել հայկական կողմի հետ, կա՞ն լուրջ քաղաքական եւ տնտեսական տարբերություններ  կամ  վիճելի կետեր, եւ ինչպե՞ս է  Հայաստանը ընդունել ԵՄ  նախապայմանները:
  •  Լ.Դ.-Ինչպես արդեն նշեցի, ԵՄ-ն այդ համաձայնագրի համար որեւէ նախապայման չի տվել:  Հայկական կողմի բանակցող կողմերը շատ լավ պատրաստված եւ համառ էին, սակայն մենք կարողացանք բանակցություններն ավարտել միայն 14 ամսվա ընթացքում: Իհարկե, յուրաքանչյուր կողմն ունի իր հատուկ զգայունությունը, բայց մենք կարողացանք հասնել կոնսենսուսի: Այժմ սեղանին է դրված մի հավակնոտ համաձայնագիր` երկու կողմերի համար կարեւոր օգուտներով, որը ճանապարհ է բացում առավել ընդարձակ եւ արդյունավետ ԵՄ-Հայաստան համագործակցության համար: Ես իրոք սպասում եմ դրան:

 

Հակոբ Ասատրյան

ՕՐԵՐ ամսագիր

Պրահա


Առնչվող նյութեր
1. Մենք կարևորում ենք Արևելյան գործընկերության 20 արդյունք մինչև 2020 թվականը. ասել է Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում
2. Բրյուսելում կայացավ Հայաստան – Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը
3. Բրյուսելում ստորագրվեց Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագիրը
4. Եվրամիություն.Մնացականյան-Մորեգինի հանդիպում, համատեղ հայտարարություն. ավելի քան 160 մլն եվրո՝ 2017-2021 թվականների համար
5. Արտգործնախարարը Բրյուսելում քննարկեց ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հարցը
6. Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Յոհանես Հանի հետ
7. ԱլԳ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
8. Հայաստանի Ազգային Ժողովը վավերացրեց ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը
9. Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին Հայաստան – Եվրոպական միություն գործընկերության առաջահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը
10. Համաձայնագիրը կհամարվի ուժի մեջ մտած համաձայնագրի վավերացման կամ հաստատման մասին վերջին ծանուցումն ավանդապահին հանձնելուց հետո-Կարեն Նազարյան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: