ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
27 հունիսի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հասմիկ Պապյան. Զգալ հողի ուժը

11 ապրիլի, 2017 | 21:56

toska opera2017 թվականի ապրիլի 12-ին Երեւանի Սպենդիարյանի անվան  օպերայի եւ բալետի  ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Պուչչինիի ՚՚Տոսկա՚՚ 
օպերան՝ սոպրանո Հասմիկ Պապյանի մասնակցությամբ։ Այս օրը հիշարժան է նրանով, որ 30 տարի առաջ այս  թատրոնում առաջին անգամ տեղի է ունեցել մեծանուն երգչուհու  մեծ բեմելը:

Այս առիթով ներկայացնում ենք ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 2016 թվականի Ավստրիայի հայ համանքին նվիրված հատուկ համարում Հասմիկ Պապյանի հետ արված հարցազրույցը։

Orer nov 2016.indd

ORER 5-8/2016

ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագրի հարցերին պատասխանում է Հայաստանի ժողովրդական արտիստ, սոպրանո Հասմիկ Պապյանը

 Տարիներ շարունակ ՕՐԵՐ եվրոպական ամսագրի էջերում ներկայացրել ենք համաշխարհային օպերային արվեստի հայազգի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկին՝  սոպրանո Հասմիկ Պապյանին։ Անցնող տարին նույնպես հագեցած էր անվանի երգչուհու համար։ Դեռ 2015-ին նա մի շարք  կարեւոր ելույթներ ունեցավ արտասահմանյան տարբեր բեմերում։  2015-ի մարտին Սան Ֆրանցիսկոյի  ՙOther Minds՚ փառատոնում կատարեց  Տիգրան Մանսուրյանի զուգահեռ երգերը կամերային նվագախմբի հետ։ ՀԲԸՄ-ի հովանու ներքո  ապրիլի 21-ին  Մոցարտի ՙՌեքվիեմը՚ հնչեց Փարիզում, որին մասնակցեց նաեւ աշխարհի տարբեր երկրների հայ երաժիշտներից կազմված նվագախումբը՝ Ալան Ալթինօղլուի ղեկավարությամբ։  Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում նրա բացառիկ կատարմամբ հնչեց Վյաչիսլավ Արտյոմովի ՙՌեքվիեմը՚՝  Ռուսաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի  եւ երգչախմբի մասնակցությամբ։ Մայիսի 8-ին  Վաշինգտոնում Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների ներկայությամբ պատարագ մատուցվեց,  որից հետո համերգին, ի թիվս այլ մեծանուն երաժիշտների, ելույթ ունեցավ նաեւ Հասմիկ Պապյանը։

Հիշարժան էին նաեւ ելույթները Տորոնտոյում, Մոնրեալի եւ Նյու Յորքի մենահամերգները,    ՙԱնուշ՚ օպերայի բեմադրությունը Լոս Անջելեսում։

2016 թվականը նույնպես հագեցած էր ելույթներով, բայց, իհարկե, տարվա հիշարժան պահերից էր ՙԱվրորա՚ մրցանակաբաշխությունն, որի ընթացքում մեծանուն երգչուհին ոչ միայն հմտորեն վարեց ողջ երեկոն, այլեւ հանդես եկավ չքնաղ կատարումով։

Hasmik Papyan 6– Ի՞նչ խորհուրդ է իր մեջ պարունակում  ՙԱվրորա՚ մրցանակը եւ ինչո՞ւ համաձայնեցիք մասնակցել այդ նախագծին։

–  Նախ, Ավրորա Մարդիգանյանի կյանքի ուղին, այսինքն՝  ճակատագիրը բացառիկ է, այն հարկավոր էր հավերժացնել, արդեն ուշացել էինք, և 2-րդը՝ վերջապես դուրս եկանք զոհի կարգավիճակից և ցույց տվեցինք աշխարհին, որ մենք ոչ միայն վերապրեցինք, այլ նաև այսօր կարող ենք ձեռք մեկնել անզոր, տառապյալ մարդկանց, էլ ո՞վ, եթե ոչ մենք… շատ լավն էր գաղափարը և չմասնակցել չէի կարող:

– Վերջին տարիները հիմնականում կապված էին Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցի հետ։ Հայոց ցեղասպանության թեման ինչքանո՞վ է առնչվում Ձեր անձնական պատմությանը՝ ընտանիքին։

– Անկախ մեր կամքից ցեղասպանության թեման մեր երակներում է։ Դրանով ծնվում ենք,  թեեւ չենք տեսել, միայն լսել ենք, բայց փոխանցում ենք մեր սերունդներին։ Ցեղասպանությունը շատ խորը հետք է թողել մեր ազգի վրա, այն արդեն մեր ազգային նկարագրի մաս է կազմում։ Մենք դրանից չենք կարողանա ձերբազատվել։ Եթե նույնիսկ Թուրքիան ընդունի, ներողություն խնդրի, բավարարվենք պահանջատիրությամբ, միեւնույն է, դա մեզ չի լքելու։

hasmik kluni– Անձնական ի՞նչ պատմություն եք հիշում։ 

– Երկու կողմի պապիկներս սեբաստացի են, մի տատիկս Ղարսից է, մյուսը՝ Պոլսից։ Պապիկներս երկուսն էլ հրաշքով են փրկվել։ Հորս հայրը 1915 թվին յոթ տարեկան է եղել, մեծացել է Հունաստանի Ամերիկյան որբանոցում։ 1925 թվականին  հանդիպել է տատիկիս եւ 1927 թվին եկել են Հայաստան։ 1941 թվականից հինգ տարի մասնակցել է պատերազմին։

Մյուս պապիկս գաղթի ճանապարհին կորցրել էր մորը, ընտանիքի կեսը մորթվել է։ Իսկ տատիկս գաղթի ճանապարհին կորցրել էր քրոջը, ում հետագայում՝ 42 տարի անց ՙՀայրենիքի ձայն՚ թերթի միջոցով գտավ։ Լոնդոնից եկավ քույրը, բայց օդանավից իջնելիս այնքան հուզված էր, որ ընկավ ու ոտքը կոտրեց։ Երեք ամիս պետք է մնար, բայց վեց ամիս մնաց։ Շատ լավ հիշում եմ, փոքր էի այդ ժամանակ։

Հիշում եմ նաեւ, որ պապիկս շատ էր ուզում գնալ Թուրքիա եւ իր տունը տեսնել։ 14 տարի պայքարեց, անընդհատ մերժում էին։ Անձամբ գնաց Մոսկվա Թուրքիայի դեսպանի մոտ եւ թուրքերենով զրուցելուց հետո, ի վերջո դեսպանը տվել էր մուտքի վիզան։ Նա գնաց եւ գտավ ոչ միայն իրենց տունը, այլեւ բարեկամներին, հարազատներին։ Այնտեղից վերադարձավ եւ 85 տարեկանում մահացավ. 1986 թիվն էր։ Ես երբ սկսեցի երգել եւ դեռեւս Խորհրդային Միության օրոք հյուրախաղերի մեկնել, տարբեր երկրներում սկսեցի հանդիպել իմ բարեկամներին, Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում։ Շատ հետաքրքիր զգացումներ էին։ Հետո 1946 թվի եկածները սկսեցին հետ գնալ, բայց պապիկս երբեք չմտածեց հետ գնալու մասին, թեեւ այնքան տառապանքների էր ենթարկվել այդ տարիներին։

Պապիկիս եղբայրը պատերազմի ժամանակ գերի էր ընկել եւ հետո տեղափովել էր Ամերիկա։ Տասը տարի անց Հայաստան եկավ, եւ շատ դժվարություններ ունեցավ, անվերջ հարցաքննությունների էին կանչում։ Մեր ընտանիքը շատ մեծ էր։ Հայրիկս ուներ երեք եղբայր եւ մեկ  քույր, եւ բոլորս մի տան մեջ էինք ապրում։ 16 երեխա էինք, հետագայում բոլորս բաժանվեցինք։ Մանկությունս այդ տանն է անցել։ Անմոռանալի էին այդ օրերը, երբ բոլորը հավաքվում էին ու երգում։  Ցավոք, այդ երգերն այսօր չեն հնչում։

-Իսկ Ձեր պապը նույնպես երաժի՞շտ էր։

– Նա արհեստավոր էր, կարի մեքենա էր բերել իր հետ, ուներ իր անձնական ձեռնարկությունը։ Բայց նաեւ ջութակ էր նվագում։

-Երաժշտականությամբ ո՞ր կողմին ենք ավելի նմանվում։

-Երկու կողմին էլ։ Շատ երաժտասեր էին, բայց ոչ մեկը երաժիշտ չէր։ Ինքնուս նվագում էին բոլոր գործիքները։ Տարօրինակ էր, մեծ հայրիկս՝ Մկրտիչը, ուդ էր նվագում։ Իր հետ  ջութակ էր բերել Հունաստանից։ Ուդը նվիրեցի Նարեկացի արվեստի կենտրոնի նվագախմբին։ Իհարկե, ցավով  բաժանվեցի գործիքից, բայց  կարծում եմ տանը դնելը ճիշտ չէր։ Նպատակս էր, որպեսզի ինչ-որ մեկը գոնե նվագի, միգուցե Հայաստանում ցանկություն ունենան։

Ամենամեծ ցավն այն է, որ եթե ցեղասպանության ենթարկված չլինեինք, այսօր մենք որտեղ կլինեինք։

-Հիշեցի Ձեր ելույթը Ստամբուլում, երբ այնտեղ առաջին անգամ հանդես եկաք Կոմիտասի ծրագրով, եւ դահլիճը կանգնած արտասվում էր։ Այս տարիներին, հատկապես Կոմիտասին նվիրված խտասալիկը թողարկելուց հետո, ինչպիսի՞ն է եղել օտար հանդիսատեսի ընկալումը։

-Կոմիտասին արդեն Դեբյուսին է գնահատել։ Կոմիտասի երաժշտությունը, գիտե՞ք, ինչով է զարմանալի, որ կարծես երեկ են գրվել այդ մշակումները։ Նա այսօրվա կոմպոզիտորների հետ համաչափ կարող է քայլել։ Դա մեր պատմությունն է։ Ամենամեծ ցավն այն է, որ եթե ցեղասպանության ենթարկված չլինեինք, այսօր մենք որտեղ կլինեինք։ Մենք չունենք Մոցարտի, Վագների, Վերդիի հետ մրցող օպերաներ։ Դա նույնպես մեր պետականություն չունենալու արդյունք է։ Այդ վայրագ ազգերը զգում էին մեր ուժը, դրա համար որոշեցին մեզ վերացնել։

 Hasmik Papyan 3

-Իսկ Ավստրիայի, Գերմանիայի կողմից  ցեղասպանության ընդունումն ինչպիսի՞ պատգամ ուներ իր մեջ։

– Այսօր ինձ համար անսպասելի էր մարդկության նման ռեակցիան մեր պատմությանը։ Սա մի նոր սկիզբ է, որ մենք դնելու ենք մեր ձեռքով։ Աշխարհի առաջադեմ մարդկությունն արդարություն է փնտրում։ Ես հասկացա, որ մարդիկ հոգնել են ստից ու կեղծիքից, եւ մեր միջոցով նորից ուզում են ոտքի կանգնել։ Ամենամեծ պատգամը ինձ համար դա էր այս ապրիլի 24-ին։

-Ձեզ համար անսպասելի՞ էր ընդունումը։

-Այո, Ավստրիայից ես չէի սպասում։

-Ինչո՞ւ։

– Որովհետեւ Ավստրիայի վարած քաղաքականությունը շատ հակասական էր։ Իսկ Գերմանիայի նախագահ Գաուկից ե՜ւ որպես անհատ, ե՜ւ որպես քրիստոնյա, ես սպասում էի, հակառակը, նրանից այլ բան չէի էլ սպասում։ Բայց այս ամենի սկիզբը դրեց Հռոմի պապը։ Ես վստահ եմ, որ մի օր Թուրքիան կընդունի, եւ դա սարերի ետեւում չի։ Ես հրաշքների եմ հավատում, ինչպես ոչ ոք չէր հավատում, որ Գերմանիայի պատը կփլվի, Խորհրդային Միությունը կփլուզվի… եւ մի օր կարթանանք եւ դա կտեսնենք։

Նախ թուրքերին  է հարկավոր իրենց պատմությանն առերեսվելը։ Բայց նախեւառաջ անհրաժեշտ է մեր երկրի հզորացումը։ Մենք պետք է կարողանանք օգտագործել համաշխարհային զանգվածային ուշադրությունը մեր հանդեպ որպես ժողովրդի, ազգի ու պետության։ Բայրոնի, Լեփսիուսի, մյուսների կարծիքները պատահականություն չեն։

Ասում եմ, որ լավագույնս օգտագործենք այս պահը, ինչը միգուցե օգնի, որպեսզի  Հայաստանը ներսից նույնպես ձերբազատվի  ամեն տեսակի կեղծիքից ու անարդարություններից։

-Մի քանի տասնամյակ ապրելով Ավստրիայում, կարողացել եք ոչ միայն  Ձեր դստերը, այլեւ գերմանացի  ամուսնուն ներարկել այնպիսի  հայկականություն, որ նրանք ոչ միայն փայլուն հայերեն են խոսում, այլեւ Կոնրադ Քուհնը նաեւ հայերենից գերմաներեն Չարենց է թարգմանում։  Շատ-շատերին նման արդյունք չի հաջողվում ապահովել։

-Իմ ընտանիքի հայկականությունը պահելու հարցում սա նվազագույնն է, որ ես կարողացել եմ անել։ Շատ դժվար  է օտարի հետ ամուսնանալը։ Ես երբեք չէի մտածում, որ օտարի հետ կամուսնանամ։ Բայց այդպես ստացվեց։ Հայ ասպետները շատ երկար մտածեցին։ Մինչ նրանք մտածում էին, գերմանացին ավելի արագ կողմնորոշվեց։ Ի վերջո ամուսնանում է այն տղամարդը, ով ուզում է ամուսնանալ։ Ես հարցազրույցներում պատմել եմ, թե դա ինչպես ստացվեց։ Ես հավատում եմ նախախնամությանը։ Ամուսնությունները երկնքում են կատարվում։ Եթե հայ աղջիկներն ամուսնանում են օտարների հետ, ընտրում են լավագույններին։

Սա նվազգայունն է, որ ես կարող էի անել։ Իմ ամուսինը հասկացավ,  հաշվենկատ գտնվեց լավ իմաստով, որ լեզուն հարստություն է։ Անգնահատելի հարստություն է մեր լեզուն, որը ցավոք մենք չենք հասկանում։ Եղել են դեպքեր, երբ տեսել եմ, որ հայերը խուսափում են հայերեն խոսելուց։ Իրենց թվում է, որ եթե  իրենք  անգլերեն կամ գերմաներեն խոսեն, ավելի մեծ տպավորություն կթողնեն։ Այդպես չի։ Ես տեսնում եմ նորից միտումը, որ շատ հայ երիտասարդներ սկսում են հայերեն սովորել։ Շատ օտարներ, որ չգիտեին հայկականության մասին, թե Հայաստանն ու հայոց լեզուն ինչ են, նրանք նույնպես սկսել են հայերեն սովորել։ Հայերեն սովորելը ճոխություն է։ Մարդը պետք է ազատ լինի, մեծ հոգեւոր ուժ ունենա, որ սկսի հայերեն սովորել։ Իմ ամուսինը, որպես գերմանացի, չէր կարող ինքն իրեն ներել, որ սեղանի շուրջ նստածները խոսեն մի լեզվով, որն ինքը չի հասկանում։

-Դա ցույց է տալիս իր կամքի ուժն ու սերը Ձեր նկատմամբ, որը տվել է նման արդյունք։  Նա օրինակ է ծառայել շատ-շատ հայերի, որ հայերենն անհնար են համարում սովորել, եւ ցույց տվել,  թե ինչպես կարող է օտարը մաքուր հայերեն խոսել։ 

-Իմ աղջկա առաջին լեզուն  հայերենն է։ Նա  նախ  սկսել է խոսել հայերեն։ Երբ գնաց դպրոց, ո՞րն է քո մայրենի լեզուն հարցին, հարցաթերթիկում գրել էր՝ հայերենը։ Ինքը ծնվել էր եւ  դպրոց գնացել Վիեննայում։ Լեզուն մտածողություն է, հոգեբանություն է, լեզուն բնավորություն է, լեզուն աշխարհայացք է, լեզուն ամեն ինչ է։

-Կարելի՞ է ասել՝ կատարվել է Ձեր երազանքը։

-Ես մի երազանք ունեմ, որ Հայաստանը տեսնեմ հզորացած։ Այնպիսի երկիր, որտեղ մարդիկ արժանապատիվ ապրում են։ Իսկապես դա իմ ամենամեծ երազանքն է։ Երկրորդ երազանքս է, որ տեսնեմ աղջիկս կարդա Նարեկացի։ Աղջիկս կարողանա ոչ միայն կարդալ, այլ հասկանալով կարդա Խորենացի եւ այլ գրքեր։ Ինքը գիտի Չարենց, բայց այդ ամենի իմաստը հասկանա։ Ես այնքան պետք է ապրեմ,  որ Հայաստանը դառնա Հզոր պետություն։ Ուժեղ։ Ոչ թե հզորների հետ մրցի, այլ դառնա արժանապատիվ պետություն։

HASMIK normal_A_tosca_napoli_1– Բնական է, անընդհատ շրջագայությունների ու ներկայացումների  մեջ շատ զբաղված եք եղել, բայց միգուցե հասցրել եք հետեւել նաեւ ավստրիահայ համայնքին։ Ինչպիսի՞ն է ավստրիահայ համայնքը, ի՞նչ առավելություններ ու թերություններ ունի։

-Ինչպես բոլոր համայնքներում, որտեղ կա երկու հայ, կա երկու կարծիք։ Հայերը չեն կարողանում միասնական լինել, եւ սա պատճառ է, որ հեռու կանգնես եւ հեռվից նայես իրենց գործունեությանը, եւ եթե կարող ես ինչ-որ բանով օգնել, օգնես։ Ընդհանուր առմամբ սա շատ ցավալի իրականություն է։ Դարեր շարունակ սա մեզ հետապնդել է, եւ մենք մինչեւ հիմա դասեր չենք քաղել։ Միայն ցեղասպանության հարցում հանկարծ դառնում ենք միասնական։ Ամբիցիաները պետք է մի կողմ դնել։

-Ավստրիացիներն ինչպե՞ս են վերաբերում հայերին, ինչպես բոլոր  օտարների՞ն։ 

-Այո, այդքան զանազանություն չկա։ Նրանց համար տարբերություն չկա սերբ ես, թե հայ։ Վերֆելի պարագան շատ կարեւոր է։ Մեր ազգը, մեր մշակույթը ճանաչում են գրագետ մարդիկ։ Անգրագետ մարդիկ չգիտեն։ Նրանք, ովքեր գիտեն մեր պատմությունը, Վերֆելի գիրքը, վերաբերմունքն այլ է։ Գիտեն Ռաուլ Ասլանին, ով եղել է ՙԲուրգ՚ թատրոնի տնօրենը, գիտեն Սոնա Ղազարյանին, ով երկար տարիներ մեծ աստղ էր Վիեննայի թատրոնում, պոլսահայ Կարպիս Բոյաջյանին համաշխարհային մեծության բարիտոն էր, այժմ արդեն թավջութակահար Նարեկ Հախնազարյանին,  ջութակահար Սերգեյ Խաչատրյանին, դաշնակահար Նարե Արղամանյանին…

– Ի՞նչ է անհրաժեշտ ազգային ինքնությունը պահպանելու համար,  ինչպիսի՞ն պետք է լինի մեր սփյուռքը։

-Ամենամեծ նախապայմանը լեզուն պահպանելն է, խառն ամուսնություններից խուսափելը։ Ես համայնքների հետ մեծ հույսեր չեմ կապում։ Մի քանի սերունդ անց ձուլվելու են։ Մեր ամենամեծ ուշադրությունը պետք է լինի Հայաստանի վրա, եւ մեր բոլոր ներդումներն ու ուժերը պետք է լինեն Հայաստանում։ Ես ցավով եմ մտածում, թե ինչպես են Հայաստանի հարստությունը դուրս տանում։ Եթե մի հայ երիտասարդ հաջողության է հասնում դրսում, ապա  նույնիսկ նյութական արժեքները պետք է տանի Հայաստան եւ այնտեղ ներդնի։ Իհարկե, կան դրան խանգարող հանգամանքներ։

Սա շատ կարեւոր է ինձ համար։ Ես ոչ մի համայնքի հետ հույս չեմ կապում։ Սա հայերի կարոտախտը բավարարելու միջոցներ են ընդամենը։

 Պետք է հետ գնանք եւ վերադարձնենք մեր պարտքերը մեր երկրին, մեր ժողովրդին։ Ես արդեն ասել էի, որ երկարատեւ գործուղման մեջ էի։

Hasmik Papyan Toska2-Ի՞նչ եք Դուք պատրաստվում անել։

-Արդեն լրացել է իմ բեմական գործունեության 30 տարին։ Պատրաստվում եմ վերադառնալ Հայաստան։ Ես չեմ պատկերացնում այստեղ՝ բարեկեցիկ Եվրոպայում մնալ։ Շնորհակալություն, որ ինձ այստեղ հնարավորություն տրվեց սովորելու, ինքնակատարելագործվելու, կայանալու, հարստանալու, եւ հիմա ժամանակն է այդ ամենը հետ տանելու։ Իմ մի ոտքն արդեն Հայաստանում է։ Իսկապես ես այդպես եմ տեսնում, որ բոլորը պետք է գնան, հատկապես Հայաստանում ծնված եւ մեծացած մարդիկ, որոնց այդ հողը տվել է նման հնարավորություն։ Պետք է հետ գնանք եւ վերադարձնենք մեր պարտքերը մեր երկրին, մեր ժողովրդին։ Ես արդեն ասել էի, որ երկարատեւ գործուղման մեջ էի։ 2000 թվականին Թել Ավիվում երգում էի, հետո մեկնեցի Երուսաղեմ, ուր ուխտագնացություն էր կազմակերպվել։ Այնտեղ հանդիպեցի Սիլվա Կապուտիկյանին, նա գիրք նվիրեց եւ ցանկություն հայտնեց,  որ բոլոր ճամփաներս Հայաստանից սկսվեն։ Այն ժամանակ դա դժվար էր պատկերացնել,կոմունիկացիաների առումով դժվար էր,  հիմա ոչ մի խնդիր չկա։ Եթե պետք լինի, ապա Հայաստանից կարելի է մեկնել հյուրախաղերի։ Հողի ուժը պետք է զգալ։

             

Զրույցը վարեց Հակոբ Ասատրյանը

ՕՐԵՐ ամսագիր, 5-8\2016


Առնչվող նյութեր
1. «Ամեն» շոու–ներկայացման պրեմիերան հունիսի 23-ին Երեւանում, ապա՝ Վերոնայում, Լոնդոնում, Փարիզում, Նյու Յորքում եւ այլուր
2. ԿԱՐԴԱԼ ՍՈՎՈՐԵԼ ԵՄ ԵՐԳԻ ՀԱՄԱՐ. ՀԱՅԿ ՄԽՈՅԱՆ
3. Հասմիկ Պապյանի շռայլ նվերը Պրահային
4. Լեգենդար System-ը կփոխի աշխարհը. գնդացրային համազարկեր Պրահայում
5. Հունիսի 14-ին Հասմիկ Պապյանը Նորմայի դերերգով հանդես կգա Պրահայում
6. ,,Երուսաղեմի 7 դարպաս,,ով Պենդերեցկին կփակի ,,Պրահայի գարունը,,
7. Փիթեր Ունջյանի մոգական փայտիկը երկու օր շարունակ գերեց Պրահայի հանդիսատեսին
8. Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթի հաղթողներն են Անդրեյ Կուրբետը և Արինա Իսահակյանը
9. Իդա Կավաֆյանը, Փիթըր Ունջյանը եւ Պենդերեցկին Պրահայի գարուն երաժշտական փառատոնում
10. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ՝ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: