ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հասմիկ Պապյան.Աշխարհին հավասարի իրավունքով պետք է ներկայանանք

02 սեպտեմբերի, 2013 | 00:01

Hasmik Papyan internetՊՐԱՀԱ- Այսօր համաշխարհային օպերային արվեստի Պրիմադոննա, անզուգական երգչուհի Հասմիկ Պապյանի ծննդյան օրն է։ Նրա վերջին ելույթը երեւանյան բեմում եւ հայ մամուլին տված հարցազրույցները մի անգամ եւս ցույց տվեցին, թե ինչ բարձրության ՄԱՐԴ եւ արվեստագետ է Հասմիկ Պապյանը։ Շնորհավորում ենք սիրելի երգչուհուն ծննդյան օրվա առիթով եւ մաղթում նոր բեմելներ ու լի դահլիճներ իր այնքան սիրելի օպերային բեմերում։

Իսկ մեր ընթերցողներին ենք ներկայացնում ՕՐԵՐ ամսագրի 2012 թվականի վերջին համարում տպագրված հարցազրույցը Հասմիկ Պապյանի հետ։

Հայ եւ միջազգային օպերային արվեստի հանրաճանաչ ներկայացուցիչներից մեկին` վիեննաբնակ սոպրանո, Հայաստանի ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանին այս անգամ հանդիպեցինք Հայաստանում, ուր նա գտնվում էր Գյումրի քաղաքի հրավերով։ Սիրելի երգչուհուն զրույցի հրավիրեցինք` կիսվելու հայաստանյան հանդիպումների ու ապագա ծրագրերի շուրջ։

-Գյումրի քաղաքը Ձեզ պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց։ Անակնկալ էր դա Ձեզ համար, կարծես թե միայն համերգային ծրագիր ունեի՞ք, այնպես չէ՞։

HASMIK norma_avignon2-Այո, շատ մեծ անակնկալ էր։ Ես պետք է համերգային ծրագրով հանդես գայի,բայց համերգը ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց։ Հուսամ մի այլ առիթով կերգեմ։

-Գյումրիի հետ անձնական կապ ունե՞ք։

-Գյումրիում անցել է իմ մանկությունը, ամառները միշտ այնտեղ էինք գնում, քանի որ մայրս կիսով չափ գյումրեցի է։ Գյումրին շատ եմ սիրում։ Մեր ընտանիքի արմատները գնում են Արեւմտյան Հայաստան, Սեբաստիա, Կարս։ Իսկ հայրս Մոսկվայում է սովորել, նա ավելի շատ էր սիրում ռուսական մշակույթն ու արվեստը։

-Ինչպիսի՞ն էին այս անգամ տպավորությունները Գյումրիից։

-Հերոս են այդ մարդիկ, որ կարողանում են դիմանալ եւ ապաքինել այդ վերքերը, ապրել նման պայմաններում։ Քաղաքը բնական է նույնը չի։ Զգացվում է այդ խորը վերքը։ Այդպիսի մարդ չկա, որին հանդիպես ու կորուստ չունենա։

-Իսկ երաժշտական առումով ի՞նչ վիճակում է Գյումրին։ Արվեստի ակադեմիան գործու՞մ է։

HASMIK normal_P_Anusch-Ակադեմիան կա, սիմֆոնիկ նվագախումբ ունեն։ Վերջերս բեմադրել են ,,Անուշը,, , եւ օպերայի հարյուրամյակը նշել էին իրենց ուժերով` իրենց նվագախմբով, մենակատարներով, ոչ մեկից օգնություն չէին խնդրել։ Պետք է ասել,որ մեծ պատվախնդրությամբ դուրս էին եկել այդ փորձությունից։ Գյումրին այնպիսի մեծեր է տվել` երաժիշտներ, նկարիչներ, գրողներ, ճարտարապետներ։ Գյումրին մեր երկրի սիրտն է։

 -Տարիներ առաջ մեր հարցազրույցում անդրադառնալով հայաստանյան օպերային արվեստին ափոսանքով նշեցիք, որ տխուր վիճակ է։ Կարելի է ասել, որ անցած տարիներին ինչ-որ փոփոխություններ եղել են։

-Ութ տարի առաջ եւ այսօր, իհարկե, առաջխաղացում կա։ ,,Սպարտակը,, բեմադրվեց, ,,Աիդան,, ։ Ինձ համար ամենամեծ բացթողումը օպերային թատրոնում այն է, որ հաճախակի չեն այդ ներկայացումները։ Նրանք պետք է խաղացանկում լինեն, եւ ավելի հաճախ ներկայացվեն։ Թեկուզ դատարկ կամ կիսադատարկ դահլիճում, երգիչները պետք է առիթ ունենան բեմ դուրս գալու։ Երգիչի բեմական կյանքն այնքան կարճ է։ Ի՞նչ է նշանակում, երբ երգիչը մի քանի անգամ է տարվա մեջ բեմ դուրս գալիս։ Ինձ համար դա ամենամեծ բացթողումն է եւ անհասկանալի է։ Չեմ կարծում, որ ֆինանսական է պատճառը։ Նվազագույն աշխատավարձ ստանալով, նրանք մեծ նվիրումով են աշխատում` ե՛ւ երգիչները, ե՛ւ նվագախումբը, ե՛ւ երգչախումբը։ Նրանք մեծ զոհաբերությամբ գալիս են ե՛ւ երգելու, ե՛ւ նվագելու։ Դա իրոք, մեծ զոհաբերություն է։

Ես հեռու եմ ապրում եւ մոտիկից չգիտեմ այդ խոհանոցը, թե ինչու ներկայացումներն ավելի հաճախ խաղացանկում չեն երեւում։

-Մի գուցե՞ լավ չեն լուսաբանվում։

HASMIK normal_A_tosca_napoli_1-Այնքանով, որքանով լինում են, լուսաբանվում են։ Պետք է ընդունել, որ դասական երաժշտությունը արտասահմանում էլ այնպես չի լուսաբանվում, ինչպես պոպ կամ ռոք երաժշտությունը։ Այստեղ էլ լուսաբանվում են։ Ուղղակի այն ներկայացումները, որոնք հաջողված են, պետք է շարունակեն գործել, եւ երգիչներին բեմ դուրս գալու առիթ տրվի։ Չէ՞ որ այդքան գումար է ծախսվել այդ ներկայացումների վրա։ Օրինակ` ,,Դոն Ժուանը,, տեսա, անհաջող ներկայացում էր, չէր ստացվել։ Բայց անկախ դրանից, թատրոնի խաղացանկում Մոցարտի ,,Դոն Ժուանը,, պահել պետք էր։ Գոնե մի տասը անգամ պետք է խաղացվեր, սակայն երկու անգամ խաղալուց հետո, ներկայացումը այլեւս չկրկնվեց։ Նույնը վերաբերում է ,,Ալմաստ,, եւ ,,Սայաթ- Նովա,, օպերաներին։

-Տեխնիկական մի հարց։ Ներկայացումը ցուցադրելու համար մեծ ծախսե՞ր են պահանջվում։

-Եթե ներկայացումն արդեն բեմադրված է, միայն մնում է դեկորացիաները դնել եւ խաղալ։ Ընդ որում տոմսերի վաճառքից կարելի է գումար վաստակել։ Չեմ կարող ասել ինչո՞ւ չի արվում։

 -Դուք բնակվում եք Եվրոպայի սրտում, ամենուր շրջագայում եք։ Ընդհանուր առմամբ դասական երաժշտության ընկալման մեջ փոփոխություններ զգո՞ւմ եք։

-Ընդհանրապես ֆինանսական ճգնաժամի պայմաններում առաջինը տուժում է մշակույթը։ Թատրոններ են փակվում, նվագախմբեր են փակվում, բեմադրությունների քանակն է պակասում։ Ուղղակի Եվրոպայում այնպիսի մակարդակի վրա է դրված այդ ամենը, որ ինչքան էլ կրճատեն, անպայման մի բան կմնա։ Հովանավորներ կան, որ շահագրգռված են աջակցել։ Իհարկե, ինչ էլ լինի, օպերային երաժշտությունը չի դադարի ապրելուց Եվրոպայում։

Բայց հիմա զգալի են փոփոխություններն ու անկումը։

-Այժմ մի հետաքրքիր միտում է նկատվում թե՛ Եվրոպայում, եւ թե՛ Ամերիկայում, երբ ռոք երաժիշտները հանդես են գալիս սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Օրինակ` Սերժ Թանգյանը նման փորձ արեց, ինքը նույնիսկ գրեց սիմֆոնիկ ստեղծագործություն։ Հետեւաբար հետաքրքիր է իմանալ, Ձեր մեջ էլ ցանկություն չի՞ առաջացել երգելու ռոք օպերաներում։

-Ընդհանրապես դասական երաժշտությունը շռայռություն է եւ հասանելի չէ բոլորին, եւ դա այդպես էլ պետք է լինի։ Ավելի մատչելի դարձնել երաժշտությունը կամ կապել երիտասարդությանը, դա ողջունելի է։ Բայց ես ինքս չեմ պատրաստվում դա անել։ Նույնիսկ երեք տենորների հայտնի փորձը` մասսայականացնելու դասական երաժշտությունը, ինձ համար մի փոքր ընդունելի չէ։

-Դեռ ութ տարի առաջ Վերդիից բացի երազում էիք երգել Վագներ։ Ձեզ հաջողվե՞ց Իզոլդայի դերում հանդես գալ։

-Հիմա պետք է երգեմ։ Նախ երգեցի ,,Թռչող Հոլանդացին,,` առաջին պարտիան։ Առաջին ցանկությունս կատարվեց եւ երգեցի Դենվերում` Կոլորադոյում։ Այժմ 2013-ին առաջին անգամ ,,Տրիստան եւ Իզոլդա,, պետք է երգեմ Մագդեբուրգում։ Այնտեղ փոքր թատրոն է, որտեղ նախ պետք է ինքս ինձ փորձեմ։ Այժմ դերի պատրաստությունն ընթացքի մեջ է։ Պրեմիերան մայիսի 11-ին է լինելու։ Դեռ երկար աշխատանք է սպասվում։ Դրանից հետո այլեւս նշանառության տակ առնված դեր չկա։ Բայց ինչպես ասում են, երբեք մի ասեք` երբեք։ Չես իմանա, թե ինչ նոր հորիզոններ կարող են բացվել Տրիստանից հետո։ Միգուցե երգեմ Յանաչեկ, Յենուֆա, Մակրոպոլոսի գործը, ժամանակակից օպերաներ։ Երկու տարի առաջ երգեցի Իլդեբրանդո Պիցետտիի ,,Ֆեդրան,, , որ շատ հազվագյուտ կատարվող ստեղծագործություն է։ Դա կազմակերպել էին ֆրանսիական Մոնպիելոյում, եւ նվիրել այդ գործն առաջինը կատարած երգչուհի Ռեժին Քրիստանի մահվան առաջին տարելիցին։ Ինձ տրվեց այդ պատիվը։ Հրաշալի, չքնաղ ստեղծագործություն էր։

Անցած տարի երգեցի նաեւ Ջոկոնդա, այնուհետեւ Ֆրանչիսկո Դամինի` ,,Ռիկարդո Զանդոնայ,, հայտնի ստեղծագործությունը։ Այս գործը 100 տարի առաջ է ստեղծվել, սակայն ընդամենը չորս երգչուհի են կատարել։ Մագդա Օլիվերոն, հետո Ռենատա Սկոտոն, Դանելա Դեսին եւ ես։

-Հետաքրիր է, որ ընտրել եք ամենատարբեր դիապազոնի ստեղծագործություններ։ Ձեր փո՞րձն է թույլ տալիս նման համարձակություն։

-Այո, այլեւս կորցնելու բան չկա։ Եթե սրանից տասը տարի առաջ մտավախություն ունեի, որ եթե երգեմ Վագներ, ապա միգուցե չկարողանամ վերադառնալ ,,Նորմային,, ,քանի որ այն տարիներին իրոք փնտրված ,,Նորմա,, էի։ Հիմա կարող եմ ինձ թույլ տալ։ ,,Նորման,, շարունակում եմ երգել եւ վերջերս Վարշավայում լույս տեսավ ,,Նորմայի,, խտասալիկը։ Բայց եթե հիմա չկարողանամ վերադառնալ ,,Նորմային,, , չեմ ափսոսա։

Orer 2012 10-12-Վերջին տարիներին սփյուռքում ի հայտ են եկել տաղանդավոր երաժիշտ երեխաներ, երիտասարդներ։ Ի՞նչ խորհուրդ կտաք իրենց ստեղծագործական ճանապարհի շեմին։

– Այն, ինչ տեսնում եմ դրսում, համոզված եմ, իսկական տաղանդն իր տեղը կգտնի։ Եվ այն ինչ դրսում եմ տեսնում եւ այստեղ` Երեւանում, ինձ ուրախացնում է։ Վերջերս Երեւանի Գաֆեսճյան կենտրոնի համերգասրահում լսեցի թավջութակահար Հայկ Սուքիասյանի եւ դաշնակահար Ժորա Սարգսյանի ելույթը։ Կարող եմ ասել միջազգային մակարդակի երաժիշտներ էին եւ կատարեցին մի հրաշալի ծրագիր։ Պատկերացնում եք, նրանք դեռ կոնսերվատորիայի ուսանողներ են, բայց նրանց կարելի է տանել ցանկացած համաշխարահային բեմ եւ հպարտանալ։ Չեմ ժխտում, դժվարություններ կան այդ ճանապարհին, բայց պետք է նաեւ այդ ճանապարհը անցնել։ Իհարկե, պետք է հովանավորել ծախսերը, բայց միեւնույն է, իսկական տաղանդը գտնում է իր ճանապարհը։

-Իսկ ժամանակակից երաժշտարվեստը Ձեզ որքանով է մտահոգում։ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասում էր, որ մեծ տեղ է տվել երաժշտական դպրոցներին եւ տեխինկապես հագեցրել է։

-Ամենամեծ մտահոգությունը կոնսերվատորիան է, որ այնպիսին չէ, ինչպիսին իմ ժամանակ էր։ Դիմորդները պակասել են, ուսանողները` նույնպես։ Բայց դա ամբողջ աշխարհում է, միայն Հայաստանում չէ։ Երիտասարդները հասկանում են, որ այդ ճանապարհը կարող է չկարողանան անցնել, որպեսզի կյանքի համար գումար վաստակեն։ Իսկ նրանք իրենց ապրուստը վաստակելու ավելի հեշտ միջոցներ են փնտրում։ Այսօր գերմանական նվագախմբերում շատ դժվար է գտնել գերմանացիների, հիմնականում կորեացիներ ու ճապոնացիներ, չինացիներ են աշխատում։ Իսկ մեզ համար ցավալի է, որ մեր կոնսերվատորիայում դիմորդ չկա, նույնիսկ բաժիններ կան, որ ընդհանրապես մարդ չի դիմել։ Չգիտեմ այսպես մինչեւ ուր կգնանք։

Իհարկե, շատ ուրախալի երեւույթներ էլ կան։ Երեւան են գալիս հայտնի երաժիշտներ, փառատոնների պակաս չկա։ Դահլիճները լեփ-լեցուն են երիտասարդներով, այսպիսի մեծաքանակ երիտասարդություն ես ոչ մի երկրում չեմ տեսել` թե՛ համերգներին, թե թատրոնում։ Միեւնույն ժամանակ շատ երիտասարդներ գալով թատրոն ուշադիր չեն լսում եւ խանգարում են կողքիններին։ Թատրոնում գտնվելու մշակույթը չկա, հեռախոսներն են զանգահարում։ Դա պետք է վերացնել եւ հուսամ կամաց-կամաց կվերանա։

-Նոր սերնդի համար Ձեր մաղթանքը ո՞րն է։

-Մեր ազգը, մեր հողը շատ բերրի է։ Ծնվում են տաղանդավոր երեխաներ։ Մենք ամեն իմաստով պետք է լինենք առաջնակարգ։ Եթե մի ուրիշ ազգի ներելի է միջակությունը, ապա մեզ` ոչ։ Նույնիսկ փողոցը անցնելիս պետք է ուշադիր լինենք, խոսելիս, շփվելիս։ Ամեն ինչում պետք է լինենք կատարյալ կրթված ու բարեկիրթ։ Որպեսզի կարողանանք հաղթել ոչ թե օտարամոլ, այլ հարգալից, այլ ավելի արժանապատիվ ու ինքնավստահ կարողանանաք սիրել ու գնահատել մեր արժեքները, որոնք չենք կարողանում գնահատել։ Եվ ամենակարեւորը մեր լեզուն պահպանել, մեր լեզվամտածողությունը։ Այն, ինչ որ մեր հեռուստատեսությունն է հրամցնում, դա աններելի է։ Աշխարհին հավասարի իրավունքով պետք է ներկայանանք։ Մեզ պետք է քաղաքակիրթ ու արժանապատիվ միջոցներով հաղթել դիմացինին եւ մտնել համաշխարհային մշակութային կյանք։

Զրույցը վարեց

Հակոբ Ասատրյանը

Երեւան-Պրահա

2012թ.

ՕՐԵՐ , 11-12/ 2012


Առնչվող նյութեր
1. Հայկական օրերը Մոնակոյում վերածվեցին մշակութային հրավառության
2. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
3. «Պէտք է Հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել».- Տեսակցութիւն՝ Չեխիոյ «Օրեր» ամսագրի խմբագիր Յակոբ Ասատրեանի հետ
4. ,,Ոսկե ծիրան,, Պատվո մրցանակ մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանին
5. ,,Ոսկե ծիրանը,, ողողեցին Հասմիկ Պապյանն իր անզուգական ձայնով, իսկ Դարեն Արոնոֆսկին՝ ջրով
6. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
7. Նիկոլը, Հավելը եւ Հայաստանի վերանկախացումը
8. Հասմիկ Պապյանը հակադարձել է Սերժ Սարգսյանին. Հեռու մնացեք խաղաղ ցույցերը բռնություններով ճնշելու Ձեր միակ միջոցը կիրառելու նախազգուշացումներից
9. Ազնավուր. Ես սիրում եմ չեխ հանդիսատեսին
10. ,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնում կցուցադրվի չեխահայ Անդրան Աբրահամյանի ֆիլմը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: