ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հանդիպում Իսրայելի նախագահի հետ և ելույթ Հայոց ցեղասպանության գիտաժողովում

11 նոյեմբերի, 2015 | 07:32

 

Անցյալ շաբաթ ելույթ ունեցա Իսրայելում Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին գիտաժողովում, դասախոսություն կարդացի Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում և մասնակցեցի Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ հանդիպմանը:

Sasunyan HarutՆախագահ Ռիվլինը Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով էր Կնեսետի (խորհրդարան) նախագահ եղած ժամանակ: Որպես Նախագահ, նա այժմ ավելի զուսպ է՝ չցանկանալով հակադրվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր կառավարության դատապարտելի լռությանը: Սակայն, անցյալ շաբաթ գիտաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, նախագահ Ռիվլինը կասկած չթողեց, որ իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ մնացել է անփոփոխ: Այդ hանդիպման ժամանակ նա նույնիսկ օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրը: Նա նաև հիշեց այս տարվա սկզբին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ունեցած ելույթը, որտեղ նա հատուկ հղում էր արել Հայոց ցեղասպանությանը:

Նախագահ Ռիվլինին հիշեցրեցի, որ ավելի քան երկու տասնյակ երկրներ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և Իսրայելը նույնպես պետք է ճանաչի այն մի պարզ պատճառով՝ ճիշտը դա է…  Ես հույս հայտնեցի, որ Իսրայելը նրա շարունակական աջակցությամբ կլրացնի իմ գրքի «բացակայող էջը», ուր թվարկված են Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրները:

Այնուհետև նախագահ Ռիվլինին հանձնեցի իմ գիրքը՝ «Հայոց ցեղասպանություն. խոսում է աշխարհը։ 1915-2015 թթ., փաստաթղթեր և հռչակագրեր», գիտաժողովում ունեցած ելույթիս պատճենը և «Կալիֆորնիա կուրիեր» թերթի համարներից:

Հայոց ցեղասպանության գիտաժողովը կազմակերպել էին պրոֆեսոր Յահիր Աուրոնը և Իսրայելի Բաց համալսարանի սոցիոլոգիայի, քաղաքագիտության և հաղորդակցության ֆակուլտետը: Ականավոր բանախոսների թվում էին Իսրայելի Բաց համալսարանի նախագահ Յակոբ Մեցերը, պրոֆեսորներ Յահիր Աուրոնը, Իսրայել Չարնին, Էլիու Ռիխտերը, «Յադ Վաշեմ» Հոլոքոստի թանգարանի գլխավոր պատմաբան, պրոֆ. Դինա Փորաթը, դոկտ. Ստեֆան Իրիգը՝ «Աթաթուրքը նացիստական երևակայության մեջ» գրքի հեղինակը, հայտնի իրավապաշտպան Ռագիփ Զարաքօղլուն Թուրքիայից, Ստամբուլի Բիլգիի համալսարանի պրոֆ. Այհան Աքթարը, Իսրայելի հեռուստակայանի 1-ին ալիքի միջազգային լուրերի տեսության լրագրող և խմբագիր Յակով Ահիմերը, «Հաարեց» թերթի գրականության և մշակույթի բաժնի խմբագիր Բենի Զիֆերը և Երուսաղեմի հայկական համայնքից Ջորջ Հինթլյանը:

Գիտաժողովում ունեցած իմ ելույթում ափսոսանք հայտնեցի, որ Իսրայելի պետությունը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ահա որոշ հատվածներ իմ ելույթից.

«Ես նախ պետք է մի կարևոր տարանջատում անեմ Իսրայելի կառավարության և Իսրայելի ժողովրդի ու ամբողջ աշխարհի հրեաների միջև, որոնք Հայոց ցեղասպանությանը և դրա ճանաչմանը ուշադրություն դարձնելու կոչով հանդես եկող  վճռական ձայներից էին.

– Հենրի Մորգենթաու, ԱՄՆ-ի դեսպանը Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության ժամանակ.

– Ֆրանց Վերֆել,  հրեական ծագում ունեցող ավստրիացի հեղինակ, որը 1933 թ. գրեց իր հանրահայտ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը: 1934 թվականին նրա գիրքը թարգմանվեց եբրայերեն և ամենուրեք լայն տարածում գտավ հրեա ընթերցողների շրջանակում, մասնավորապես Վարշավայի գետտոյում, դառնալով գոյատևման և նացիստների դեմ դիմադրության ոգեշնչման աղբյուր Շոայի ժամանակ.

– Ռաֆայել Լեմկին, հրեական ծագում ունեցող լեհ փաստաբան, որն ստեղծել է ցեղասպանություն եզրը: 1949 թ. CBS-ի «Դիմակայելով ազգին» (Face the Nation) հեռուստածրագրում հարցազրույցի ժամանակ դոկտ. Լեմկինը բացահայտեց. «Ես հետաքրքրվեցի ցեղասպանությամբ, որովհետև դա տեղի էր ունեցել հայերի հետ».

– Կցանկանայի այս պատմական դեմքերի թվին ավելացնել նաև Յոսի Բեյլինի անունը, որը 2000 թ. ապրիլի 24-ին խոսեց Հայոց ցեղասպանության մասին որպես Իսրայելի արդարադատության նախարար, իսկ 1994 թվականին՝ որպես փոխարտգործնախարար՝ չնայած իսրայելի կառավարության կողմից խիստ ճնշումներին և քննադատությանը.

– Մենք նաև սիրով հիշում ենք Կրթության նախարար Յոսի Սարիդին, որը Երուսաղեմում 2000 թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 85-ամյակի միջոցառման գլխավոր բանախոսն էր: Նա հայտարարեց. «Ես այստեղ ձեզ հետ եմ որպես մարդ, որպես հրեա, որպես իսրայելցի և որպես Իսրայելի պետության կրթության նախարար….  Նա ով անտարբեր կանգնած է դրա [ցեղասպանության] դիմաց, ով անտեսում է, ով հաշվարկներ է անում, ով լռում է, նա միշտ օգնում է  ոճրագործներին և ոչ թե սպանվածներին»:

– Ես այս ցանկում պետք է ավելացնեմ նաև առաքինի հրեաներ, պրոֆեսորներ Իսրայել Չարնիի, Յահիր Աուրոնի, Յեհուդա Բաուերի, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելի և բազմաթիվ այլ հրեա մտավորականների անունները, որոնք Հայոց ցեղասպանության մասին հոդվածներ և գրքեր գրելու առաջամարտիկներն էին, նույնիսկ հայ մտավորականներից առաջ:

– Ես պետք է նաև գովասանքի խոսքեր ասեմ Կնեսետի անդամներին և Կնեսետի նախկին նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ Իսրայելի ներկայիս նախագահին, որը Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով էր՝ չնայած իր կառավարության ուժեղ ընդդիմությանը:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
3. Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանն իր հավատարմագրերը հանձնեց Իսրայելի նախագահին
4. Քնեսեթը Կը Մերժէ Հայոց Ցեղասպանութիւնը Ճանչցող Բանաձեւը
5. Հրեա պրոֆեսորը Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ է պահանջում Իսրայելի կառավարությունից
6. Հայաստանը դեսպանատուն կբացի Իսրայելում, եթե Իսրայելը բացի Երեւանում.ԷԴ Նալբանդյանի հարցազրույցը
7. Նեթանյահու. Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ
8. Երուսաղեմում Նալբանդյանը շոշափել է Հայոց ցեղասպանության հարցը եւ այցելել Յադ Վաշեմ
9. Ինդիանան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 48րդ նահանգը
10. Ազնավուրների ձիթապտղի ծառը Իսրայելում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
2.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
3.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
4.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
5.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
6.Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան
7.Բրյուսելում մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր հայ արվեստագետների համար
8.Լեզվի կոմիտեն տարածել է որ-ի եւ ով-ի գործածության հորդորակ
9.Հրանդ Տինքի անունով փողոց՝ Սթամպուլի մէջ
10.Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: