ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ-վրացական հարաբերություններում նոր մարտահրավերներ և հեռանկարներ են բացվում

16 հոկտեմբերի, 2014 | 10:23

JavakhqՎրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ջավախքում խոշոր չափի սպառազինություն հայտնաբերելու մասին, որը թաղված է եղել հողի տակ: Ըստ հաղորդագրության, հայտնաբերվել է 128 տանկային արկ, մոտ 4000 պայթուցիկ դետոնատոր՝ հակատանկային արկերի, ավելի քան 15 հազար զսպանակային պայթուցիչներ: Կատարվում է քննություն, սպառազինության ծագումը պարզելու համար:

Ի՞նչ է պարզելու քննությունը, Ջավախքում հայտնաբերված մեծաքանակ սպառազինության վերաբերյալ: Ո՞վ է այն պահել, երբվանից է այն պահվում: Այդ սպառազինությունը նո՞ր է, թե ասենք տեղակայված է դեռեւս ռուսական ռազմակայանի առկայության տարիներից, եւ սպառազինությունը հողում պահվել է ռազմակայանի հեռացման ժամանակ:

Ջավախքը նուրբ տարածաշրջան է եւ ավելորդ է բացատրել, թե ինչ նշանակություն ունի թե հայ-վրացական, թե տարածաշրջանային կայունության համար; Վրաստանի իշխանությունը մշտապես տագնապել է, որ Ջավախքը կարող է դառնալ ապակայունացման աղբյուր, անվտանգության սպառնալիք: Ընդ որում, վրացիները թերեւս չեն էլ թաքցրել, որ այդ սպառնալիքի գեներատոր դիտում են ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանը, որը եւս զգալի ազդեցություն ունի Ջավախքի վրա:

Թեեւ այնտեղից հանվել է ռուսական ռազմակայանը, այդուհանդերձ Վրաստանի իշխանությունը շարունակում է ապրել վտանգի զգացումով եւ սպասումով: Այդ շրջանակում է ընկալվում նաեւ Ջավախքից ոչ հեռու՝ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանը, դրան էլ գումարաщ Գյումրիում կազակական զորքի առկայությունը, որի մասին հայտնի դարձավ շաբաթներ առաջ Ազատություն ռադիոկայանի ռեպորտաժից:

Վրաստանի իշխանությունը ցանկանում է իր տարածքում ստեղծել ՆԱՏՕ բազա, ուսումնական կենտրոն: Թբիլիսին հայտարարել է, որ դրա ստեղծման համար անհրաժեշտ քայլերը կատարել է, իսկ որոշումն էլ կայացվել է ՆԱՏՕ Ուելսի Վեհաժողովի ընթացքում: Հավանական է, որ այդ բազան կլինի Ջավախքում ռուսական ռազմակայանի տեղում ստեղծվելիք վրացական զորամասի տարածքում: Այդպիսով, Թբիլիսին հավանաբար կփորձի պաշտպանվել ռուսական վտանգից, որի հավանական հարթություն է դիտարկում Ջավախքը:

Հնարավոր է, որ հայտնաբերված սպառազինությունը Թբիլիսիի համար լինի եւս մի փաստարկ այդ տարածաշրջանում ՆԱՏՕ կենտրոն ստեղծելու օգտին:

Պաշտոնական Երեւանին հաջողվել է անել հնարավորը Ջավախքում հակավրացական սադրանք թույլ չտալու համար, թեեւ փորձեր անկասկած եղել են: Եթե Վրաստանը փորձի Ջավախքում կառուցել ՆԱՏՕ ուսումնական կենտրոնը, ապա Երեւանի համար այստեղ մի կողմից չափազանց կարեւոր ռազմավարական զարգացում է, մյուս կողմից՝ լուրջ մարտահրավեր:

Ռազմավարական զարգացում է այն առումով, որ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ծանրագույն բեռն ուսին կրող հայկական զինուժը ի դեմս ՆԱՏՕ այդ կայանի կարող է անմիջական հարեւանությամբ ունենալ կարեւոր գործընկեր:

Մարտահրավերն այն է, որ Ռուսաստանը Վրաստանում եւ մասնավորապես Ջավախքում ՆԱՏՕ բազա թույլ չտալու համար կարող է փորձել ապակաունացնել իրավիճակը, եւ Հայաստանին հարկ կլինի զսպել հնարավոր սադրանքները Ջավախքում:

Դրան զուգահեռ, այստեղ Ռուսաստանի դաշնակիցն է նաեւ ՆԱՏՕ անդամ Թուրքիան, որն անկասկած չի ցանկանա տարածաշրջանում կիսել «նատօ-ականությունը» Վրաստանի հետ, լավ պատկերացնելով, որ դա ուղղակիորեն հանդիսանում է հյուսիս-ատլանտյան դաշինքի համար Թուրքիայի գործընկերային նշանակության անկում: Անկարայի համար ամեն ինչ առավել անցանկալի է նաեւ այն պատճառով, որ դրանով Հայաստանի անմիջական հարեւանությամբ առկա է լինում ՆԱՏՕ-ի հասանելի կենտրոն: Թուրքիան լավ է պատկերացնում, որ թեեւ տեղակայումը լինելու է Վրաստանում, սակայն Վրաստանը լինելու է ընդամենը Հայաստանի զինուժի հետ գործընկերության ՆԱՏՕ-ի նոր հարթակ: Այսինքն, լուծվելու է այն խնդիրը, ինչը տարիներ շարունակ փորձել է արգելակել Անկարան:

Այդ տեսանկյունից, Թուրքիան Վրաստանի իրավիճակը Ջավախքի միջոցով ապակայունացնելու հարցում Ռուսաստանի բնական դաշնակիցն է, ինչն անկասկած մեծացնում է մարտահրավերը Հայաստանի համար: Եվ այդ հարցում որեւէ լավ բան չի սպասվի նաեւ Վրաստանին, եթե Թբիլիսին չգործի Երեւանի հետ դաշնակցված: Դա է ճանապարհը, որը թույլ կտա «չորացնել» հողի մեջ թաղված սպառազինությունն ու կանխարգելել դրա «բերքատվությունը»:

Հակոբ Բադալյան

http://armenian-community.ge/


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպում. առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի
2. Ինչքանո՞վ են ՀՀ նոր իշխանությունները գիտակցում Ջավախքի ռազմավարական նշանակությունը
3. Մենք վճռական ենք հայ-վրացական դարավոր եղբայրական հարաբերությունները բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու. Նիկոլ Փաշինյան
4. Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ
5. Թբիլիսիում բացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշատախտակ և տեղի ունեցել պաշտոնական ընդունելություն
6. Նախագահ Սարգսյանը հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ
7. Հայաստանի նախագահը մասնակցել է Վրաստանում կազմակերպված բարձր մակարդակի քննարկմանը
8. Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն Թբիլիսիում
9. Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի նախագահին եւ վարչապետին
10. Սերժ Սարգսյան. Հայերի համար Վրաստանն առանձնահատուկ գրավչություն ունի

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: