ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայ-գերմանական հարաբերությունների անցյալն ու ներկան քննարկել են Բեռլինում

«Բարև Աշխարհ» ցուցահանդես՝ նվիրված Հայաստանին
06 հուլիսի, 2018 | 12:29

© Norman Posselt · www.normanposselt.com

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը և գերմանական Global Perspectives Initiative կազմակերպությունը հուլիսի 4-ին Բեռլինում կազմակերպել էին համատեղ քննարկում-միջոցառում՝ նվիրված հայ-գերմանական հարաբերությունների անցյալին ու ներկային։ Միջոցառմանը հրավիրված էին Գերմանիայի Բունդեսթագի անդամներ, Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ, գերմանացի մտավորականներ, մշակույթի գործիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

Միջոցառումը կազմակերպվել էր Բեռլինի Hamburger Bahnhof թանգարանում բացված «Բարև Աշխարհ» (Hello World) ցուցահանդեսի՝ Հայաստանին նվիրված թեմայի շրջանակում։

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը, ով ողջունելով հյուրերին, ընդգծել է նման քննարկումների կարևորությունը մշակույթի և կրթության ոլորտում հայ-գերմանական հարաբերությունների զարգացման և խորացման համար։

Վերոնիկա Զոնաբենդի խոսքով, «Դիլիջանի միջմշակութային փոխանակում» ծրագիրը, որն իրականացվել է «Համագործակցություն քաղաքացիական հասարակության հետ» ծրագրի շրջանակում` IDeA հիմնադրամի աջակցությամբ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ, ներկայացնում է հայ և գերմանացի մշակույթի գործիչների բազմակողմանի և ակտիվ շփումները։ Նրա կարծիքով, ծրագրի արդյունքները նոր շունչ կարող են հաղորդել Հայաստանի և Գերմանիայի միջև մշակութային շփումների ակտիվացմանը։

«Այսօր մենք ներկա գտնվեցինք շատ բաց և խոր քննարկման։ Այն, որ այս միջոցառումը տեղի է ունենում թանգարանում, ցույց է տալիս արվեստի և թանգարանների նոր դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում։ Նմանատիպ միջոցառումների նպատակն է նոր հորիզոններ բացել և կողմերին ծանոթացնել մեր երկրների մշակութային ժառանգությանը։ Մշակույթը լավագույն ուղին է միմյանց ծանոթանալու համար՝ առանց կորցնելու սեփական ինքնությունը։ Ես կարծում եմ, որ այս միջոցառումն օգնեց մեզ ավելի լավ հասկանալ միմյանց և շփվել միմյանց հետ», – ասել է Վերոնիկա Զոնաբենդը։

IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը գերմանացի հյուրերին ներկայացրել է հիմնադրամի այն ծրագրերը, որոնք ուղղված են ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանմանը։  Դրանցից են «Տաթևի վերածնունդ», «Դիլիջան արվեստների դիտարան», Շուշիի մզկիթի վերականգնման ծրագրերը։

Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը միջոցառման պատվավոր հյուրերից էր։

«Ողջունում եմ այս կարևոր նախաձեռնությունը, որը հայ-գերմանական ամուր բարեկամական հարաբերությունների հերթական վկայությունն է: Կցանկանայի խորին շնորհակալություն հայտնել նախաձեռնության կազմակերպիչներին և մասնակիցներին, ում շնորհիվ մենք հնարավորություն ունեցանք այսօր անդրադառնալու հարուստ պատմություն ունեցող մեր երկու ժողովուրդների միջև դինամիկ զարգացող համագործակցությանը», – ասել է Աշոտ Սմբատյանը։

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը և Գերմանիայի  Ավետարանական եկեղեցու խորհրդի նախկին նախագահ Վոլֆգանգ Հուբերը հայ-գերմանական հարաբերությունների ներկային ու անցյալին նվիրված քննարկման գլխավոր բանախոսներն էին։

«Կարծում եմ՝ հայ – գերմանական հարաբերություններում շրջադարձային պահ եղավ այն ժամանակ, երբ Գերմանիան ճանաչեց Օսմանյան կայսրության հայերի և մյուս քրիստոնյաների հանդեպ կատարված ցեղասպանությունը։ Այդ պահը առանցքային էր մեզ համար՝ սկսելու նոր հարաբերություններ Հայաստանի և Գերմանիայի միջև։ Երբ մենք նայում ենք այսօրվա Հայաստանին, մենք տեսնում ենք, որ այն ունի ուժեղ քաղաքացիական հասարակություն, որը հիացմունքի է արժանի։ Կարծում եմ Եվրոպան, և մասնավորապես Գերմանիան, պետք է ավելի կարևոր դեր խաղա, որպեսզի Հայաստանը դառնա լիակատար ժողովրդավար երկիր»,- ասել է Ջեմ Օզդեմիրը։

Քննարկումից հետո հյուրերը շրջայց են կատարել Hamburger Bahnhof թանգարանում բացված «Բարև Աշխարհ» (Hello World) ցուցահանդեսի Հայաստանին նվիրված մասում, որտեղ ցուցադրված էին «Դիլիջանի միջմշակութային փոխանակում» ծրագրի արդյունքները, որոնք ներկայացնում են 20-րդ դարում  կրթական և մշակութային շփումներն ու փոխանակումները հայերի և գերմանացիների միջև։ 1960-1970 թթ․-ին Դիլիջանը հայտնի առողջարանային հանգստավայր էր, որտեղ սիրում էին այցելել գերմանացի ճարտարապետները, գրողները, կինոյի գործիչներն ու երաժիշտները։

2017 թ․ դեկտեմբերին UWC Դիլիջան դպրոցում կայացած հատուկ միջոցառման ժամանակ IDeA հիմնադրամը ներկայացրել էր «Դիլիջանի միջմշակութային փոխանակում» ծրագրի արդյունքները։

 

© Norman Posselt · www.normanposselt.com


Առնչվող նյութեր
1. Շտուտգարտում կայացան 8-րդ Հայ Մշակույթի Օրերը. բացառիկ ելույթներ եւ շնորհանդեսներ
2. Հայաստանին նվիրված ֆորում գերմանական Կարլսրուե քաղաքում
3. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
4. Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
5. Վերականգնումից հետո բացվել է Տաթևի Սուրբ Աստվածածին եկեղեցին
6. «Դիլիջան» ազգային պարկն այցելուներին կներկայանա նոր տեսքով ու հարմարություններով
7. Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Մանհայմ քաղաք
8. Հայաստանում փողոցները մաքրելու մասին. ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 15-ին՝ Մաքրության համաշխարհային օրը
9. Բեռլին. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ
10. Գերմանիայի կանցլերն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: