ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայտնի հոգեւորական եւ փիլիսոփա Լևոն արք. Զեքիյանը նշանակվել է պապական պատվիրակ Մխիթարյան միաբանությունում

05 հունիսի, 2016 | 06:41

hayr levon zekianԻնչպես հաղորդում է arevelk.am-ը Մխիթարյան միաբանության հաղորդագրությունը տեղեկացնում է, որ մեր ժամանակների մեծագույն հայագետ, Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ  Լևոն արք. Զեքիյանը Հռոմի Պապի կողմից նշանակվել է Մխիթարյան միաբանությունում պապական պատվիրակ: Նրա լիազորությունները սկսել են գործել հունիսի 1-ից:

Լևոն Զեքիյանը Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդն է, Վենետիկյան ակադեմիայի անդամ, բազմաթիվ գրքերի և մենագրությունների հեղինակ: Նա համարվում է մեր ժամանակների մեծագույն հայ փիլիսոփան: Լևոն Զեքիյանի անմիջական ջանքերով 2015-ին Հռոմի  Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակել է  Տիեզերական եկեղեցու վարդապետ:

Մեր կողմից ավելացնենք նաեւ, որ Հայր Լեւոն Զեքիյանի ջանքերով արդեն 30 տարի շարունակ Վենետիկի համալսարանում ամեն ամառ օգոստոս ամսին անցկացվում են հայոց լեզվի ուսուցման խտացյալ դասընթացները, որոնց մասնակից են դարձել հայ եւ օտար բազմաթիվ ուսանողներ։

Ըստ պաշտոնական տվյալների, Պողոս-Լևոն Զեքիյանը ծնվել է Կոստանդնուպոլսում 1943 թվականի հոկտեմբերի 21-ին։ Սովորել է Կոստանդնուպոլսի վարժարաններում, Վենետիկի Մխիթարյան միաբանության դպրեվանքում։ 1962 թվականին ավարտել է Հռոմի Գրիգորյան պապական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, 1966 թվականին՝ նույն համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը։ 1966-1968 թվականներին մասնագիտացել է Արևելյան աստվածաբանության բնագավառում։

1968-1974 թվականներին ուսուցչություն է արել Կոստանդնուպոլսի Մխիթարյան և Կեդրոնական, 1974 թվականից՝ Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում, 1982-1985 թվականներին՝ տնօրեն, 1981 թվականից՝ Վենետիկի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, 1980-1985 թվականներին՝ «Բազմավեպի» խմբագիր։

1974 թվականից բնակվում է Իտալիայում։ Մինչև 2011 թվականը Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանում վարել է իր իսկ կողմից 1976 թվականին հիմնված հայագիտական ամբիոնը։ Ներկայումս Հռոմի Արևելյան հայրապետական համալսարանում աստվածաբանության և հայ եկեղեցու դավանանքի դասախոս է։ 2014 թվականին նշանակվել է Կոնստանդնուպոլսի և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի արքեպիսկոպոս։։

Հիմնական աշխատանքները վերաբերում են գիտակցության, Օգոստինոսյան ներգոյապաշտության, հումանիզմի, հայոց պատմության, բանասիրության և մշակույթի, ազգային և կրոնական ինքնության հարցերին, հայ տեսահայեցողական և աստվածաբանական մտքին։ Անդրադարձել Է նաև Հովհան Մանդակունու, Ներսես Շնորհալու, Պետրոս Դուրյանի, Դանիել Վարուժանի և այլոց ստեղծագործություններին, հայ-վրացական մշակութային կապերին, գրաբարի հոլովման համակարգին և այլն։

Տիրապետում է հայերենին (նաև գրաբար), թուրքերենին, իտալերենին, ֆրանսերենին, գերմաներենին, անգլերենին, ռուսերենին։

Շնորհավորում ենք Հայր Զեքիյանին եւ մաղթում արգասաբեր գործունեություն։

ՕՐԵՐ

 

Մխիթարյան մայրավանքի հաղորդագրությունը

Փրանկիսկոս Պապը Մխիթարեան Միաբանութեան համար Պապական Պատուիրակ նշանակած է Լեւոն Արք. Զէքիեանը
Վենետիկի Մխիթարեան Միաբանութենէն ստացանք Մայիս 31 թուակիր հետեւեալ հաղորդագրութիւնը, զոր կու տանք նոյնութեամբ.-
***

Վերջին տասնամեակներու ընթացքին, Մխիթարեան Միաբանութեան դիմագրաւած տնտեսական եւ այլ կարգ մը հարցերուն առընչութեամբ, իբրեւ նեցուկ եւ օժանդակ նման հարցերու լուծման համար՝ Վատիկանի կողմէ կարգուած էին, հերթաբար, մասնաւոր խորհրդականներ եւ գործակատարներ, տարբեր իրաւասութիւններով օժտուած։
Նկատի առած որ այս հերթական «այցելութիւն»ներէն ցարդ չէին քաղուած ակնկալուած վերջնական արդիւնքները, 30 Ապրիլ 2016 թուակիր վճռագրով, Ն.Ս. Փրանկիսկոս Պապը Մխիթարեան Միաբանութեան համար Պապական Պատուիրակ նշանակեց, լիազօր իրաւասութեամբ, Պոլսոյ Հայ Կաթողիկէ թեմի առաջնորդ Գերպ. Տ. Լեւոն Արք. Զէքիեանը։ Պատուիրակի իրաւասութիւնները լրիւ ի զօրու կը դառնան, ստորագրութեան իրաւունքով նաեւ քաղաքական ատեաններու առջեւ, 1 Յունիս 2016 թուականէն սկսեալ։
Նորակոչ պաշտօնավար Սրբազանը, Միաբանութեան առօրեայ ընթացիկ գործերուն տնտեսման համար, իբրեւ իր ներկայացուցիչները նշանակած է՝ Ս. Ղազարու Մայրավանքին եւ առ հասարակ Միաբանութեան համար՝ նախկին Ընդհ. Աբբայ Գերյ. Հ. Եղիա Վրդ. Քիլաղպեանը, իսկ Վիեննայի Մենաստանին համար՝ նախկին տեղական Աբբայ Գերյ. Հ. Պօղոս Վրդ. Գոճանեանը։
Տ. Լեւոն Արք. կ՛օգտուի հաղորդագրութեան ընծայած այս առիթէն, խնդրելու համար բովանդակ Հայ ժողովուրդին եւ, յատկապէս, Հայաստանեայց Սուրբ Եկեղեցւոյ բոլոր Ուխտի մանկանց աղօթքը եւ հոգեւոր սրտակցութիւնը իրեն եւ Հայ ժողովուրդի հոգեւոր ու մտաւոր անդաստանին մէջ երախտաշատ Մխիթարեան Միաբանութեան համար։
Դիւան Մխիթարեան Միաբանութեան

Վենետիկ,
Ս. Ղազարու Մայրավանք
31 Մայիս 2016 ■

 


Առնչվող նյութեր
1. Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
2. Իտալիա. «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախմբի ելույթը Սալենտոյի միջազգային 15-րդ կինոփառատոնի փակմանը
3. «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին» աշխատությունը լույս է տեսել Սուրբ Էջմիածնում
4. Դեսպան Բաղդասարյանը Հռոմի քաղաքապետին հրավիրել է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին
5. «Լաւագոյն հայկական կրթօջախ» ` Հայ Լեզուի և Մշակոյթի Ամառնային Խտացեալ Դասընթացքին
6. Իտալիայի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
7. Հայ-իտալկան միջպետական երկու փաստաթուղթ է ստորագրվել Երեւանում
8. Հայաստանի եւ Իտալիայի նախագահների ներկայությամբ բացվել է Մշակութային ժառանգության պահպանման հայ-իտալական կենտրոնը
9. Նիկոլ Փաշինյանը և Սերջիո Մատարելլան կարևորել են տարածաշրջանում կայունության ամրապնդումը
10. Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: