ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայտնի են 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդները. Սոմալիի, Կոնգոյի, Սիրիայի, Սուդանի եւ Աֆղանստանի ներկայացուցիչները

24 ապրիլի, 2017 | 11:35

«Ավրորա» մրցանակի դափնեկիրը կստանա $1,000,000 դրամաշնորհ՝ ընդլայնելու մարդասիրական գործունեությունն աշխարհում

 

Ապրիլի 24, 2017թ., Երեւան – «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հայտնել է մրցանակի 2017թ. հավակնորդների անունները, որոնք ընտրվել են բացառիկ ազդեցության, խիզախության եւ ցուցաբերած նվիրվածության համար՝ փրկելով մարդկային կյանքեր եւ իրականացնելով մարդասիրական գործունեություն: Նրանք են.

 

  • Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման, «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ, Սոմալի. մարդու իրավունքների պաշտպանության համար եւ հանուն խաղաղության պայքարող ակտիվիստներ. մայր եւ դուստր, որոնք զբաղվում են մանկահասակ զինվորականների վերականգնողական աշխատանքներով՝ «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի միջոցով:
  • Ջամիլա Աֆղանի, «Նուռ» կրթական եւ հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար. զբաղվում է Աֆղանստանում կանանց եւ աղջիկների իրավունքների պաշտպանությամբ կրթական ծրագրերի միջոցով, ինչպես նաեւ՝ մահմեդական առաջնորդներին իր նախագծերում ներգրավելով:
  • Մուհամադ Դարվիշ, Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ. ատամնաբուժության ֆակուլտետի ուսանող, որը վերադարձել է իր ծննդավայր եւ բժշկական ծառայություններ է տրամադրում ու խնամում հիվանդներին՝ կատարելով վիրահատություններ եւ գրանցելով մանրամասն տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին, որոնցից շատերը շարունակվող բռնությունից տուժած երեխաներ են: Այսպիսով, նա միջազգային համայնքի ուշադրությունն է հրավիրում պաշարման մեջ գտնվող քաղաքի վրա:
  • Դենիս Մուկվեգե, գինեկելոգ-վիրաբույժ եւ Փանզի հիվանդանոցի հիմնադիր, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն. մանկաբարձ-գինեկոլոգ, ով բժշկական, հոգեբանական եւ իրավական աջակցություն է տրամադրում պատերազմական երկրում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50,000 կանանց՝ միաժամանակ պայքարելով պատասխանատվության ենթարկելու բռնություն իրականացնողներին:
  • Թոմ Քաթինա, Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ. վիրաբույժ եւ կաթոլիկ միսիոներ, որը տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբույժն է՝ իրականացնելով տարեկան 1000 վիրահատություն եւ սպասարկելով օրական ավելի քան 400 հիվանդի:

 

Մայիսի 28-ին հավակնորդները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ Երեւանում, որտեղ հայտնի կդառա 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը: Դափնեկիրը կստանա $100,000 պարգեւ՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև $1,000,000 դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

 

Ընտրող հանձնաժողովի կազմում, որի համանախագահն է օսկարակիր դերասան եւ հումանիտար գործիչ Ջորջ Քլունին, ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին, Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը եւ Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն: Հանձնաժողովը հինգ հավակնորդներին ընտրել է ներկայացված 558 թեկնածությունների միջից, որոնցից 254-ը չկրկնվող էին եւ ներկայացվել էին 66 երկրից 13 լեզվով:

 

Խոսելով «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անունից՝ հանձնաժողովի անդամ, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանն ասաց. «Մենք գոհունակություն ենք հայտնում թեկնածությունների առաջադրմանն այսպիսի լայն արձագանքի համար, որը խոսում է մեր համընդհանուր մարդկայնության ճանաչման մասին: Աշխարհագրությունը եւ հանգամանքները տարբերվում են յուրաքանչյուր հավակնորդի համար, բայց ընդհանրություններն են, որ միավորում են նրանց: Անհատները վտանգում են իրենց բարօրությունն ու անվտանգությունը՝ փրկելու կարիքի մեջ գտնվող մարդկանց: «Ավրորայի» առաքելությունն է աջակցել այս նվիրյալներին: Մենք հավատում ենք, որ փրկվածներն իրենք են ապագայում շարունակելու երախտագիտության եւ նվիրատվության շղթան»:

 

Բուրունդիի «Մեզոն Շալոմ» խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն 2016թ. ապրիլի 24-ին դարձավ «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր: Ականատես լինելով իր 72 հութու հարեւանների սպանությանը՝ Բարանկիցեն, ով թութսի է, իր կյանքի քսան տարիները նվիրել է երկրում քաղաքացիական պատերազմի տարիներին բռնության եւ հալածանքների հետեւանքով որբացած երեխաներին եւ փախստականներին ապահով օթեւան տալու գործին: Նա փրկել եւ կրթել է շուրջ 30 հազար երեխայի, իսկ նրա հիմնած հիվանդանոցում մինչեւ օրս բուժում են ստացել շուրջ 80 հազար հիվանդներ:

 

«Երեխաները՝ Բրազիլիայից մինչեւ Եթովպիա եւ Ռուանդայի բուրունդացի փախստականներն այսօր երջանիկ են, որովհետեւ այժմ նրանք ունեն սեր, անհրաժեշտ կրթություն եւ աջակցություն՝ շնորհիվ 2016թ. «Ավրորա» մրցանակի մեծահոգի աջակցության, – ասաց Մարգարիտ Բարանկիցեն, – 2017թ. հավակնորդների ազդեցիկ գործն իսկապես ակնածանքի է արժանի: Այս անհատները գործով են արտահայտում իրենց երախտագիտությունը՝ հուսադրելով մեր բազմաթիվ քույրերին եւ եղբայրներին աշխարհով մեկ: Նրանց կատարած գործը բացահայտում է մարդկանց սիրելու ունակությունը»:

 

«Ավրորա» մրցանակն ստեղծվել է 2015թ. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից՝  եւ շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: «Ավրորա» մրցանակն ամեն տարի մեծարման կարժանացնի դափնեկրին մինչեւ 2023թ.՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության իրագործման ութ տարիների (1915-1923թթ.):

 

Լրացուցիչ տեղեկություններ

 

Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման

Ֆարթուն Ադանը Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գտնվող «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի (EPHRC) գործադիր տնօրենն է: 1996թ. Սոմալիում պատերազմող զինվորականներն սպանեցին Ֆարթունի ամուսնուն նրա խաղարար գործունեության համար: Այդ օրվանից Ֆարթուն Ադանը պայքարում է Սոմալիում մարդու իրավունքների պաշտպանության, խաղաղության հաստատման, զարգացման եւ մանկահասակ զինվորականների լիարժեք վերականգնման համար՝ հաճախ վտանգավոր եւ անբարենպաստ պայմաններում: 2010թ. Ադանը նախաձեռնեց «Քույր Սոմալի» ծրագիրը՝ աջակցելու գենդերային բռնությունների ենթարկվածներին, ում հաջողվել է ողջ մնալ բռնաբարությունից հետո եւ/կամ խուսափել պարտադիր ամուսնությունից:  Նա ստեղծեց սեռական բռնությունների առաջին թեժ գիծը Սոմալիում, իսկ 2011 թվականին Մոգադիշոյում հիմնեց բռնաբարությունների ճգնաժամի կենտրոն: Մինչ  օրս կենտրոնն օգնել է ավելի քան  400 սոմալացի կանանց եւ աղջիկների՝ տրամադրելով խորհրդատվություն եւ բժշկական աջակցություն, բիզնես նախաձեռնելու հնարավորություններ եւ ֆինանսական միջոցներ, կազմակերպելով գործարարական հմտությունների դասընթացներ եւ տեղափոխելով նրանց ավելի ապահով վայրեր:  Ֆարթուն Ադանի քսանյոթամա դուստրը՝ Իլվադ Էլմանը EPHRC-ի հարցերով մոր գործընկերն է: ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից տիկին Ադանը պարգեւատրվել է  «Խիզախ կին» միջազգային մրցանակով: Նա «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի գործունեության համար պարգեւատրվել է նաեւ Գերմանիայի կառավարության կողմից: 2015-ին Հարվարդի համալսարանը տիկին Ադանին եւ նրա դստերը շնորհեց «Գլեյցմանի միջազգային ակտիվիստ» մրցանակը:

 

Ջամիլա Աֆղանի

Ջամիլա Աֆղանին «Նուռ» կրթական եւ հնարավորությունների ընդլայնման կազմակերպության հիմնադիրն է: Նա աշխատում է ընտանիքների հետ՝ նպաստելով հեռավոր գյուղերում աղջիկների դպրոցում կրթություն ստանալու հեռանկարին, աշխատանքներ է տանում հազարավոր իմամների (մահմեդական առաջնորդների) հետ՝ հավաստիացնելով կանանց կրթություն ստանալու, նրանց իրավունքները պաշտպանելու կարեւորությունը՝ համաձայն իսլամական եւ միջազգային օրենքների: Տիկին Աֆղանին ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո աշխատել է կրթության բնագավառում՝ ծառայելով Փեշավարի փախստականների ճամբարներում ապրող աֆղանացի երիտասարդներին: Նրա՝ կանանց, երեխաների եւ երիտասարդների համար հնարավորություններ ստեղծելու նպատակով նախաձեռնած տնտեսական եւ սոցիալական ծրագրերը գործում են Աֆղանստանի 18 շրջաններում: Կրոնական փոխըմբռնման «Թանենբաում» կենտրոնը Ջամիլա Աֆղանիին շնորհել է «Կրոնական խաղարարար» մրցանակը: Աֆղանին արժանացել է նաեւ բազմաթիվ ազգային եւ միջազգային մրցանակների:

 

Մուհամադ Դարվիշ

Մուհամադ Դարվիշը քսանվեցամյա ատամնաբույժ է Սիրիայի պաշարման մեջ գտնվող Մադայա քաղաքում: Մինչ շատ բժիշկներ լքեցին Սիրիան, խուսափելով բռնություններից եւ հիվանդանոցների ու բուժանձնակազմի վրա պարբերական հարձակումներից, Դարվիշը նախընտրեց վերադառնալ Մադայա: Նա այնտեղ գտնվող երեք բժիշկներից մեկն է եւ ծառայում է  40,000 բնակչության: Սիրիայի կառավարական ուժերը բազմիցս սպառնացել են նրան մարդասիրական գործունեության համար: Իր հիվանդների, մեծամասամբ երեխաների, վիճակը հանգամանորեն գրանցելու միջոցով Դարվիշին հաջողվել է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Մադայայում տեղի ունեցող իրադարձությունների վրա:

Դենիս Մուկվեգե

Բժիշկ Դենիս Մուկվեգեն հիմնել է Փանզի հիվանդանոցը 1999 թվականին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արեւելյան շրջաններում ընթացող տեւական պատերազմի ժամանակ: 1999 թվականից ի վեր՝ Մուկվեգեն իր անձնակազմի հետ միասին օգնել է սեռական բռնություններից տուժած ավելի քան 50,000 մարդու:  Բժշկական օգնությունից բացի հիվանդանոցը հիվանդներին տրամադրում է իրավական, սոցիալ-հոգեբանական աջակցություն: Բժիշկ Մուկվեգեն խիզախորեն պայքարում է կանանց պաշտպանելու եւ սեռական բռնությունների պատասխանատուներին, այդ թվում՝ Կոնգոյի կառավարությանը եւ ԿԴՀ-ի արեւելքը գրաված գրոհայիններին պատասխանատվության ենթարկելու համար:  Նա բազմաթիվ պատվոգրերի եւ մրցանակների է արժանացել, այդ թվում՝ 2014թ. Սախարովի մրցանակի: 2016թ. Fortune ամսագիրը նրան ընդգրկել է աշխարհի 50 ամենաազդեցիկ առաջնորդների ցանկում: Բժիշկ Մուկվեգեն հինգ անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի եւ Հարվարդի համալսարանի կողմից արժանացել է պատվավոր դոկտորի կոչման:

 

Թոմ Քաթինա

2007 թվականից ի վեր ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից Սուդանում հաստատված կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինան միակ բժիշկն է Սուդանի քաղաքացիական պատերազմից տուժած Նուբա լեռներում, որի բնակչությունը գերազանցում է կես միլիոնը:  Բժիշկ Թոմ Քաթինան օրական մինեւ 400 հիվանդ է ընդունում եւ շաբաթը յոթ օր, օրը քսանչորս ժամ հասանելի է հեռախոսով: Հիվանդները բժիշկ Քաթինայի մոտ բուժվելու համար յոթօրյա ճանապարհ են անցնում: Նրանք սովորաբար հիվանդանոց են գալիս ռմբակոծության հետեւանքով առաջացած վնասվածքներով եւ տարբեր հիվանդություններով՝ կոտրվածքներից մինչեւ թերսնուցում եւ մալարիա:  Տեղի սահմանափակ պայմանների պատճառով՝ Քաթինան հաճախ ստիպված է լինում հիվանդներին հնացած մեթոդներով բուժել: Հաճախ հաստատությունում չի լինում ջուր կամ էլեկտրաէներգիա: Քաթինայի գնահատմամբ՝ նա տարեկան հազար վիրահատություն է կատարում: Բժիշկ Քաթինան  եղել է  2016թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ եւ համարվում է համաշխարհային բժշկության ասպարեզում նշանավոր հումանիտար գործիչ:

 

2017թ. առաջադրված կազմակերպություններ

Հավակնորդներից յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել առաջադրել մինչեւ երեք կազմակերպություն՝ ստանալու 1 միլիոն դոլարի դրամաշնորհը:

 

Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման

  • «Էլվան» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոն, Սոմալի
  • «Վիվե Ժենե» թերապիայի եւ վերականգնողական կենտրոն, Բոսնիա եւ Հերցեգովինա
  • Փանզի հիմնադրամ, ԱՄՆ եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

 

Ջամիլա Աֆղանի

  • Հոգեկերտման եւ հավասարության կանանց իսլամական նախաձեռնություն (WISE), ԱՄՆ
  • Միջկրոնական փոխըմբռնման Թանենբաում կենտրոն, ԱՄՆ
  • Մարդու իրավունքների եւ աջակցության Կարամա ցանց (KNAHR), Աֆղանստան

 

Մուհամադ Դարվիշ

  • Բժիշկներ առանց սահմանների (Շվեյցարիա)

 

Դենիս Մուկվեգե

  • Yennenga Progress, Շվեդիա
  • 2009թ. սեպտեմբերի 28-ի զոհերի, նրանց հարազատների եւ ընկերների միություն (AVIPA), Գվինեա

 

Թոմ Քաթինա

  • Աֆրիկյան առաքելության առողջապահական հիմնադրամ (AMHF), ԱՄՆ
  • Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդ (CMMB), ԱՄՆ
  • Aktion Canchanabury, Գերմանիա

 

«Ավրորա» մրցանակի մասին

Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի 2015-2023թթ. (ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) շնորհվելու է 100.000 դոլար պարգեւ եւ բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած եւ գործի մղած կազմակերպություններին։ Մրցանակի դափնեկիրները ճանաչման են արժանանում այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման եւ մարդասիրություն առաջ մղելու վրա։

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին։

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):

 

Ավելին՝ www.auroraprize.com


Առնչվող նյութեր
1. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության գլխավոր գործընկերները
2. Դեկտեմբերի 4-5-ը Բեռլինում կանցկացվեն Aurora Dialogues քննարկումներ
3. Սամանթա Փաուերը միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին
4. Մեգին հանուն երեխաների. «Ավրորա» մրցանակի երկարաժամկետ ազդեցությունը
5. Նամակ «Ավրորայի» հերոսին
6. ԱՎՐՈՐԱ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
7. 2017Թ «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵՑ 66 ԵՐԿՐՆԵՐԻ 558 ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ
8. «Ավրորա» մրցանակաբաշխության հյուրերը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում. մրցանակաբաշխության ուղիղ հեռարձակումը ՝ այսօր ժամը 21-ից
9. Մարդասիրության ոլորտի առաջատարները ժամանում են Երեւան՝ մասնակցելու «ԱՎՐՈՐԱ» մրցանակաբաշխությանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Ապիլայֆ»ը երեք գյուղերում կզարգացնի մեղվաբուծությունը
2.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
4.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
5.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
7.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
8.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
9.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
10.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: