ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշվեց նաեւ Հունաստանում

04 մայիսի, 2015 | 15:49

atenk genocide 3Ապրիլի 20-ին Աթենքի «Տեխնոխորոս» պատկերասրահում կայացավ «100 տարի անց…» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը կազմակերպվել է Հունաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող 12 հայ նկարիչներ իրենց արվեստի միջոցով վիզուալ երկխոսություն են առաջարկում դիտողին` ընդդեմ Ցեղասպանության մոռացության վտանգի: Թեմատիկ առումով ցուցադրությունը բաղկացած է երկու մասից: Առաջինում դիտորդն ականատես է լինում Ցեղասպանության զարհուրելի իրականությանը` իր հետևանքներով և փրկված մարդկանց ու հաջորդ սերունդների վերապրածով: Այնուհետև ներկայացվում է մերօրյա իրականությունը լավատեսական տեսանկյունից` մոխրից վերածնվելու և կյանքի շարունակման ուղերձով: Ցուցադրության առանցքում Հունաստանում հայտնի հայ atenk genocide2նկարիչ Գագիկ Ալթունյանի երկու ստեղծագործություններ են` մեկ քանդակ և 15 մետր երկարությամբ կտավ: Վերջինս պատկերում է նկարչի տեղահանված ընտանիքի ճակատագիրն ու բացահայտում հայ ազգի բնաջնջման սարսափները: Ցուցադրությունը կգործի մինչև ապրիլի 30-ը:

Ապրիլի 21-ին Աթենքի «Free Thinking Zone» գրադարանը մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային ընթերցումներին: Հունաստանի ակադեմիայի անդամ և գրող Թանասիս Վալտինոսի, գրողներ Իոաննա Կարաձաֆերիի, Լենա Դիվանիի, Ամանդա Միխալոպուլուի և հրատարակիչ Էվա Կարաիտիդի կողմից ընթերցվեցին հատվածներ Սարոյանի, Բալաքյանի, Միխալոպուլուի, Քուրդյանի` Հայոց ցեղասպանության թեմայով ստեղծագործություններից: Ընթերցումն ուղեկցվում էր Յոտա Վեիի` ազգային երգերի կատարումներով: Միջոցառման շրջանակում դեսպան Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն ընթերցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը:

atenk1Ապրիլի 22-ին ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեի և Երիտասարդական միության կազմակերպմամբ և Նեա Զմիրնիի քաղաքապետարանի հովանավորությամբ «Գալաքսիաս» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Նեա Զմիրնիի մշակութային միության նախագահ, փոխքաղաքապես Վանգելիս Խաչատրյանի «Նահատակների հուշակոթողներ» խորագրով լուսանկարների ալբոմի ներկայացումը, որին հաջորդեց հունահայ անվանի երգիչ Սարո Դեմիրճյանի համերգը: Միջոցառմանը ներկա գտնվեց դեսպան Ղալաչյանը:

Ապրիլի 22-ին «Հայաստան» հասարակական-մշակույթային կենտրոնում կայացավ Հունահայկական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, գրող-հրապարակախոս Հովսեփ Քասեսյանի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «10 դաս 1 ցեղասպանության մասին» դասախոսությունների շարքի հերթական` «Չնվաճված ժողովրդի պատմությունը» խորագրով դասախոսությունը:

Ապրիլի 23-ին Աթենքի Կոկինիայի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ուղիղ հեռարձակումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Արարողության ավարտին հնչեցին հայկական և հունական եկեղեցիների զանգերը, հայկական բոլոր եկեղեցիների երգչախմբերի մասնակցությամբ կատարվեցին «Սուրբ-սուրբ» և «Հայր մեր» հոգևոր երգերը: Բազմամարդ հանրությանը խոսք ուղղեց և օրվա խորհուրդը մեկնաբանեց Հունահայոց առաջնորդ, գերաշնորհ Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանը: Արարողությանը ներկա էր դեսպան Ղալաչյանը:

Ապրիլի 24-ին Ատտիկայի մարզպետարանի նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Հունաստանի հանձնաժողովի կազմակերպմամբ Նեա Զմիրնիի «Էսթիա» կենտրոնի հրապարակում տեղակայված Հայոց ցեղասպանության զոհերի «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի ունեցավ գոհաբանական աղոթք և դափնեպսակների զետեղում: Հունահայոց առաջնորդ, գերաշնորհ Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանի գլխավորությամբ` Հայ առաքելական, ավետարանական և կաթողիկե եկեղեցիները ներկայացնող հոգևոր հայրերը գոհաբանական աղոթք կատարեցին` նվիրված սուրբ նահատակներին: Ելույթներով հանդես եկան օրվա նախագահող Աննա Սևդայանը, դեսպան Գագիկ Ղալաչյանը, Նեա Զմիրնիի քաղաքապետը, Ատտիկայի մարզպետարանի ներկայացուցիչը: Հույն դերասան Դիմիտրիս Պետրոպուլոսը ասմունքեց Սիամանթոյի «Պարը» բանաստեղծությունը` հունահայ արվեստաբան, թարգմանիչ Հակոբ Ջելալյանի թարգմանությամբ: Հունաստանի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտների պատվո պահակախմբի ուղեկցությամբ տեղի ունեցավ դափնեպսակների զետեղում Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին:

Ապրիլ ամսվա ընթացքում Հունաստանի Հայ Կապույտ Խաչի նախաձեռնությամբ հավաքվեց մոտ մեկ տոննա սնունդ, որն ապրիլի 24-ին փոխանցվեց Հույն ուղղափառ եկեղեցու «Ապոստոլի» բարեգործական միությանը` Աթենքի կարիքավոր ընտանիքներին տրամադրելու նպատակով: Սննդի տուփերի վրա զետեղվել էին Հայոց ցեղասպանության խորհրդանիշն ու կարգախոսը: Մայիսի 24-ին և հունիսի 14-ին Հունաստանի Հայ Կապույտ Խաչի նախաձեռնությամբ կկայանա արյունատվություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:


Առնչվող նյութեր
1. Սփյուռքը Հայաստանի կողքին է. Հունահայերը աջակցում են շարժմանը
2. Մեր ժողովուրդներին կապում են քրիստոնեությունը, պատմությունը, ցեղասպանություններն ու մշակույթը.-հույն փոխարտգործնախարար
3. Հունաստան-Հայաստան. բանակցում են արտգործնախարարությունները
4. ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԿԻՊՐՈՍԻ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ
5. Հունաստանի քաղաքական կուսակցությունները զորակցել են հայկական պահանջատիրական պայքարին
6. Հունաստան. մի շարք քաղաքներում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
7. Կմիավորվե՞ն արդյոք սփյուռքում հայերն ու հույները
8. Կարեն Նազարյան. Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության վրա
9. «Մեր հերոսական Արցախը» Հունաստանում` Կարեն Միրզոյանի մասնակցությամբ
10. ՀՈՒՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՏՈՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ՀՈՒՆԱՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ 120-ԱՄՅԱԿԸ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: