ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայոց ցեղասպանության մասին Օբաման բազմաթիվ վկայակոչումներ լսեց Շոայի միջոցառման ժամանակ

14 մայիսի, 2014 | 11:59

sasunian kardashianԱյս տարվա մայիսի 7-ին, Լոս Անջելեսի Hyatt Regency Century Plaza հյուրանոցում ես մասնակցել եմ մի շատ տպավորիչ բարեգործական միջոցառման` նվիրված Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոայի հիմնադրամի 20-ամյակին, որը հավաքագրում է՝ Հրեական հոլոքոստը, Հայոց, Կամբոջայի և Ռուանդայի ցեղասպանությունները և 1937 թվականի Նանկինի կոտորածը վերապրածների ու ականատեսների վկայությունները:

Միջազգային հայտնի «Օսկար» մրցանակի դափնեկիր ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը «Շինդլերի ցուցակը» ֆիլմի նկարահանումներից հետո ստեղծեց Շոայի հիմնադրամը` Հոլոքոստը վերապրածների և այլ ականատեսների անձնական տվյալների հավաքագրման և պահպանման նպատակով: 2006 թվականին Շոայի հիմնադրամը մաս կազմեց Հարավային Կալիֆորնիայի համալսարանի և այժմ այնտեղ պահվում են 52 հազար տեսագրված վկայություններ` 58 երկրներ ներկայացնող 34 լեզուներով: Այն իր տեսակի մեջ ամենամեծ արխիվն է ամբողջ աշխարհում:

Միջոցառմանը մասնակցում էր նախագահ Օբաման, ով արժանացավ «Մարդկության դեսպան» բարձր պարգևին: Մասնակիցների թվում էին նաև Սամուել Ջեկսոնը, Օկտավիա Սփենսերը, Բարբարա Սթրեյզանդը, Լիամ Նիսոնը և Բրյուս Սփրինգսթինը, վերջինս կատարեց իր` «Ավետյաց երկիր» և «Պար մթության մեջ» երկու հուզիչ երգերը:

2010 թվականին Հայկական ֆիլմերի հիմնադրամը և Ջ. Մայքլ Հակոբյանը ստորագրեցին պատմական համաձայնագիր Շոայի հիմնադրամի հետ` Հայոց ցեղասպանությունը վերապրածների և ականատեսների տեսահարցազրույցների թվայնացման, պահպանման և տարածման համար: Անցյալ ամիս հայկական վկայությունների 400 թվայնացված պատճեններ հանձնվեցին Շոայի հիմնադրամի Վիրտուալ պատմության և կրթության ինստիտուտին: 2015 թ. Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ, հայկական վկայությունները` թարգմանությունից, ենթագրերի տեղադրումից և ինդեքսավորումից հետո, Հոլոքոստի և մյուս ցեղասպանությունների ականատեսների տվյալների հետ միասին, մատչելի կդառնան 30 երկրների 50 հաստատություններում (այդ թվում` ԱՄՆ Հոլոքոստի թանգարանում):

Մոտ 100 ամերիկահայեր մասնակցեցին մայիսի 7-ի միջոցառմանը` Շոայում հայկական հավաքածուի համար հավաքելով ավելի քան 100 հազար դոլար: Երեկոյի ընթացքում բազմաթիվ հիշատակումներ եղան Հայոց ցեղասպանության մասին: Սփիլբերգն առաջինն էր, որ հայտարարեց Շոայի արխիվներում Հայոց ցեղասպանության վկայությունները ընդգրկելու ծրագրի մասին: Մասնակիցների ուշադրությանը ներկայացված տեսաֆիլմում ցուցադրվեցին Ջ. Մայքլ Հակոբյանի, ցեղասպանությունը վերապրած Փոլ Անտոնյանի և հայ բռնագաղթվածների մի շարք լուսանկարներ: Շոայի հիմնադրամի գործադիր տնօրեն Սթիվեն Սմիթը ևս խոսեց Հայոց ցեղասպանության մասին` ներկայացնելով Եվնիգե Սալիբյանին` Ցեղասպանությունը վերապրած 104-ամյա կնոջն Այնթապից: Երեկոյին հյուրընկալած կատակերգու Քոնան Օ’Բրայանն ամբիոնից տիկին Սալիբյանին ներկայացնելուց հետո միջոցառման ավարտին մոտեցավ նրա սեղանին և լուսանկարվեց նրա հետ:

salimyan kardashianՍալիբյանը որպես պատվավոր հյուր նստած էր հայտնի հոլիվուդյան աստղ Քիմ Քարդաշյանի կողքին: Հաջորդ օրը Քարդաշյանը սոցիալական ցանցում տեղադրեց Սալիբյանի հետ իր լուսանկարը` հետևյալ գրությամբ. «Ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել Շոայի հիմնադրամի երեկոյին` Հայոց ցեղասպանության վկայությունների աջակցման համար: Ես նստած եմ Հայոց ցեղասպանությունը վերապրած 100-ամյա ամենաոգեշնչող կնոջ կողքին»: Մի քանի օրվա ընթացքում նրա տեղադրած նյութը ստացավ 400 հազար «լայքեր», գրեթե 5 հազար մեկնաբանություններ Instagram-ում և 110 հազար «լայքեր» նրա ֆեյսբուքյան էջում:

Չնայած երեկոյի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամբիոնից հնչած բազմաթիվ հիշատակումներին` նախագահ Օբաման իր 18 րոպեանոց ելույթում որևէ ուղղակի հղում չարեց հայերի կամ Հայոց ցեղասպանության մասին. ոչ էլ ակնկալվում էր, որ կանի: Սակայն Օբաման անուղղակիորեն վկայակոչեց Հոլոքոստից զատ այլ ցեղասպանությունները` առանց դրանք նշելու.

– «Ես ուզում եմ առանձնահատուկ խոսք ուղղել այս երեկո մեր կողքին գտնվող վերապրածներին` ոչ միայն Հոլոքոստի, այլև ինչպես Սթիվենը [Սփիլբերգ] նշեց` մյուս աներևակայելի ոճրագործությունները վերապրածներին»:

– «Եթե Շոան վերապրածների հիշողությունները մեզ մի բան են սովորեցնում, ապա այն է, որ լռությունը չարիքի ամենամեծ համադավադիրն է: Եվ մեզանից, յուրաքանչյուրիցս է կախված Հոլոքոստի ցանկացած հերքման խստագույն դատապարտումը»:

– «Դուք [Սփիլբերգ]… վավերագրել եք ոչ միայն Հոլոքոստի փորձը, այլև դրանից առաջ և հետո տեղի ունեցած վայրագությունները…. Ձեզ և Շոայի հիմնադրամի բոլոր մարդկանց, և այն ամենի համար, ինչ դուք արել եք`լուսավորելով վկայությունների հավերժական կրակը, որը հնարավոր չէ մարել և մերժել, հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը»:

Հայերը կարիք չունեն ճնշելու Օբամային, որպեսզի նա բացահայտորեն վկայակոչի Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ մեկ այլ նախագահ` Ռոնալդ Ռեյգանը, 1981 թվականի ապրիլի 22-ին իր նախագահական հռչակագրով արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Անհրաժեշտ չէ Միացյալ Նահանգների յուրաքանչյուր նախագահից համառորեն պահանջել ամեն տարի նույն բանը ճանաչել: Նախագահ Օբաման պետք է Հայոց ցեղասպանություն եզրը օգտագործի ոչ թե հայ ժողովրդի սիրույն համար, այլ իր սեփական պատիվը փրկելու` կատարելով այն լուրջ խոստումը, որ տվել էր որպես նախագահի թեկնածու: Միայն դրանից հետո նա կարող է իսկապես արժանի լինել «Մարդկության դեսպանի» բարձր կոչմանը:

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
3. Հրեա պրոֆեսորը Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ է պահանջում Իսրայելի կառավարությունից
4. Ինդիանան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 48րդ նահանգը
5. ԱՄՆ-ի Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
6. Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
7. Թուրքիայի դեսպանին պետք է դուրս շպրտել Միացյալ Նահանգներից. Մաք Քեյնի հայտարարությունը
8. Հայոց ցեղասպանությունը ճանաչելը ճիշտ որոշում էր. Չեխիայի հրեական համայնքի ղեկավար
9. Հայաստանը ողջունում է Չեխիայի պատգամավորների պալատի որոշումը.Էդ.Նալբանդյան
10. Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: