ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրությունը թևակոխում է նոր փուլ

19 ապրիլի, 2013 | 23:23

ԵՐԵՎԱՆ. – Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրությունը թևակոխում է նոր փուլ. Ազդեցության գործակից ունեցող միջազգային գրախոսվող պարբերականներում գիտական հոդվածների մրցանակաբաշխություններ

Մանե Հակոբյան  Ազատ-Հայ

Ինչպես հայտնի է, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնության համատեղ ջանքերով, ցեղասպանության 100-րդ տարվան ընդառաջ, կազմակերպվել է մրցանակաբաշխություն՝ ազդեցության գործակից ունեցող կամ ինդեքսավորվող միջազգային պարբերականներում ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայոց ցեղասպանության մասին գիտական հոդվածների տպագրության համար (ԾՐԱԳԻՐ՝ ՀՑ100_ՊԳՖԱ-Տ.3_Ա)։ Մեկ այլ մրցույթ հայտարարվել է միջազգային առաջատար օրաթերթերում, շաբաթաթերթերում, հեռուստա- և ռադիոհաղորդումներում, ինտերնետային պարբերականներում, բլոգներում, և այլուր հայոց ցեղասպանության մասին նյութեր հրապարակած լրագրողների համար (ԾՐԱԳԻՐ՝ ՀՑ100_ՊԳՖԱ-Տ.3_Բ):

Գիտական հոդվածների մրցույթին մասնակցելու համար դիմել են երեք գիտնականներ՝ Վահրամ Ռաֆիկի Այվազյանը (Զորյան Ինստիտուտի Ցեղասպանագիտության և մարդու իրավունքների 2012 թ.-ի համալսարանական ծրագրի շրջանավարտ), «Ցեղասպանություն. Մտադրությունը, հիմնավորումը և տիպոլոգիան» աշխատությամբ, Տիգրան Նորայրի Սարուխանյանը (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Կոնստանցի համալսարանի այցելու գիտաշխատող), «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Արմին Թ. Վեգների (1886-1978թ.թ.) հրապարակախոսական վկայությունները և Հայոց ցեղասպանությունը» աշխատությամբ և ազգությամբ տաջիկ Շավքաթ Կասիմովը (Shavkat Kasymov, University of Notre Dame, Indiana, USA), «Հայոց ցեղասպանության օրինակը և միլլեթի համակարգի դերը դրա իրականացման գործում» աշխատությամբ։

Այս թեմայով զրուցեցի «Տաշիր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանի հետ.

-Պարո՛ն Ճաղարյան, ինչո՞վ եք բացատրում այն, որ մրցույթին մասնակցելու համար դիմել են ընդամենը երեք գիտնականներ, ընդ որում, նրանցից մեկը՝ տաջիկ, այսինքն՝ ազգությամբ ո՛չ հայ:

-Նախ, կարևոր եմ համարում նշել, որ հայտարարված երկու մրցույթները անմիջականորեն համապատասխան հրապարակումներ տպագրելու համար չեն, ավելին՝ ամենևին ցանկալի չէր լինի, եթե նման հրապարակումներ տպագրվեին մրցույթին մասնակցելու նպատակով: Մրցույթները նպատակ ունեն խրախուսել մեր ազգի, մեր ժողովրդի համար ամենացավոտ խնդրով՝ Ցեղասպանագիտությամբ զբաղվողներին ու այդ հարցը միջազգայնացնողներին: Երկրորդ, մրցույթները շարունակական են և ընդգրկելու են մինչև 2015թ. ամեն տարվա ապրիլի 20-ից մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածները: Եվ վերջապես, մրցույթների հիմքում բավական բարձր նշաձող է դրված: Այնպես որ, ոչ թե մեր, այլ մասնագետների քննարկելիքն է՝ մեկ տարվա ընթացքում նման միջազգային հանդեսներում երեք գիտական հրապարակումները քանակական առումով նորմա՞լ են, թե՞ քիչ։

«Տաշիր» բարեգործական հիմնադրամն, անկեղծ ասած, ակնկալում էր շատ ավելի մեծ թվով հրապարակումներ և պատրաստ էր խրախուսել բոլորին հավասարապես: Ընդ որում, յուրաքանչյուրի ստանալիք գումարը չէր փոխվելու մասնակիցների քանակից կախված, քանի որ ոչ թե հաստատվել էր ընդհանուր բյուջեն, այլ յուրաքանչյուրին տրվելիք գումարի չափը, կրկնում եմ՝ անկախ քանակից: Դրա մասին մանրամասն կխոսենք առաջիկա օրերին:

Ինչ վերաբերում է այլազգի մասնակցին, ապա նրա ոչ թե մրցույթին մասնակցության, այլ Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային առաջատար գիտական հանդեսում հոդված տպագրելու փաստն ինքնին շատ խոսուն է, և չեմ կարծում, թե հավելյալ քնարական զեղումների կամ մեկնաբանությունների կարիք ունի:

-Հայտնի է, որ «Տաշիրը» ուշադրության կենտրոնում է պահում գիտնականների հարցը, Դուք բազմիցս ասել եք, որ Կարապետյանների ընտանիքը ձգտում է լրացնել այն ոլորտների բացերը, որտեղ պետական ռեսուրսները դեռևս չեն բավարարում: Այդ առումով, ի՞նչ նոր ծրագրեր եք նախապատրաստվում անել առաջիկայում:

-Եթե նկատել եք, մենք, որպես կանոն, երկարաժամկետ ծրագրերի մասին կանխավ չենք հայտարարում, իսկ հասարակությանը տեղեկացնում ենք կոնկրետ ծրագրերը կյանքի կոչելուց հետո: Նախապես հայտարարվում են միայն մեկ-երկու ամենամոտակա ծրագրերը, քանի որ մեզ համար կարևորը ցուցադրականությունը չէ, այլ կոնկրետ, շոշափելի գործն ու դրանց արդյունքները: Գիտնականների խրախուսման ծրագրերն, այո, շարունակվելու են: Այդ ծրագրերը շատ ուշադիր մենք քննարկում ենք ՊԳՖԱ-ի ներկայացուցիչների հետ, քննարկում ենք ամենայն մանրամասնությամբ, բանավեճերի ճանապարհով և ի վերջո կյանքի ենք կոչում այն ծրագրերը, որոնք առավել արդյունավետ են ու հիմնված բացառապես օբյեկտիվության սկզբունքի վրա:

Մրցանակաբաշխությանը դիմած այլազգի գիտնականի աշխատանքի վերաբերյալ հարցով դիմեցի պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Բեռլինի տեխնիկական համալսարանի այցելու գիտաշխատող, ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի անդամ Տիգրան Սարուխանյանին.

-Պարո՛ն Սարուխանյան, ծանո՞թ եք արդյոք ազգությամբ տաջիկ գիտնականի հոդվածին ու ի՞նչ կասեք այդ աշխատանքի մասին:

-Կարծում եմ, ոչ միայն պետք է զարմանալ, այլ նաև ուրախանալ այն փաստի վրա, որ Հայոց ցեղասպանության ոլորտում միջազգային պարբերականում հրատարակված հոդվածը մրցանակի է ներկայացրել ազգությամբ տաջիկ Շավքաթ Կասիմովը: Հեղինակի՝ «Հայոց ցեղասպանության օրինակը և միլլեթի համակարգի դերակատարությունը դրա իրականացման գործում» հոդվածը լույս է տեսել վերջերս Լոնդոնում: Ես այն շատ դրական եմ համարում:

Այս հոդվածին ցանկանում եմ անդրադառնալ հետևյալ իմաստով՝ առաջինը, օտարազգի հեղինակի կողմից Հայոց ցեղասպանության նկատմամբ գիտական անդրադարձը մեկ անգամ ևս մատնանշում է այն փաստը, որ անգամ գիտական կոչում չունեցող, մագիստրատուրան ավարտած անձինք, կարող են հաջողությամբ հանդես գալ միջազգային գիտական պարբերականներում: Իսկ գիտական կոչում, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Շավքաթ Կասիմովը չունի: Սրանից բխում է այն տրամաբանությունը, որ մասնագիտական առումով որևէ դժվարություն չպետք է ներկայացնի հայազգի գիտնականների համար՝ հանդես գալու նմանատիպ հրապարակումներով: Այսինքն, այն առասպելը, որ հայազգի գիտնականներին թույլ չեն տալու հրապարակել գիտական իրենց մոտեցումները, լոկ միայն անգործության կամ, թերևս, հարցի ոչ կարևորման արդյունք են:

Ֆինանսավորման պակաս այս՝ ցեղասպանագիտության ոլորտում կարծեք թե չկա: Մեր ունեցած տեղեկության համաձայն, Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրության ոլորտը գտնվել է ՀՀ նախագահի մշտական ուշադրության ներքո: Իսկ վերջին տարիների ընթացքում այդ ոլորտի ֆինանսավորումը եռապատկվել է: Սա բացառիկ դեպք է գիտության ոլորտում:

Հ.Գ. Հիշենք նաև, որ անցյալ տարի ապրիլին «Նուշիկյան ասոցիացիան» տվեց 500-հազարանոց խրախուսավճարի խոստում նրան, ով այսօր աշխարհում գոյություն ունեցող ցեղասպանագիտական հարցերին նվիրված ինդեքսավորվող և գրախոսվող միջազգային երեք պարբերականներից (Journal of Genocide Research, Holocaust and Genocide Studies եւ Genocide Studies and Prevention) որևէ մեկում կտպագրի առնվազն 5000 բառ պարունակող հոդված. «Հայաստանի և ոչ մի ներկայացուցիչ այս երեք պարբերականներում տպագրած գիտական հոդված չունի,– ասել էր Գարեգին Նուշիկյանը,– սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին նպաստելու համար մեծ նշանակություն ունի հնարավոր բոլոր միջոցներն օգտագործելը: Որոշ չափով իրավիճակը շտկելու և միջազգային պարբերականներում ՀՀ քաղաքացիների կողմից տպագրությունների առկայությունը ապահովելու նպատակով «Նուշիկյան ասոցիացիա»-ն կտրամադրի 500 000 ՀՀ դրամի խրախուսավճար ՀՀ քաղաքացի այն գիտնականներին, ովքեր նշյալ միջազգային ցեղասպանագիտական պարբերականներից որևէ մեկում կտպագրեն առնվազն 5000 բառ պարունակող համապատասխան հոդվածներ»:

Թեև մրցույթները նպատակ ունեն խրախուսել Ցեղասպանության հարցը միջազգայնացնողներին և ցանկալի չէ, որ նման հրապարակումներ տպագրվեին միմիայն մրցույթներին մասնակցելու նպատակով, այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ առայժմ «դաշտում» առանձնակի որակական փոփոխություն դեռևս չկա: Հուսանք, որ շուտով` կլինի՛։

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Ֆիզմաթ. ժամանակը կրթության մեջ
2. Մեկ մլրդ. ԱՄՆ դոլարի ներդրում՝ Հայաստանի էներգետիկայի ոլորտում
3. Հայաստանցիները կարող են մասնակցել Եվրամիության «Հորիզոն-2020»-ի գիտության և նորարարության մրցույթներին
4. Բրյուսել. նախարար Մկրտչյանը հետազոտական եւ նորարարության համաձայնագիր է ստորագրել
5. Նոբելյան մրցանակակիրները Հայաստանում
6. Նորարարության մրցույթ Հայաստանի համալսարանական ուսանողների եւ ասպիրանտների համար
7. Հայաստանի երիտասարդական հիմնադրամին առաջարկվել է ավելացնել գիտությանը վերաբերող անվանակարգերի թիվը
8. Պահանջում են չեղյալ հայտարարել քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը եւ կրկնել դրա քննարկումը
9. Հակոբ Փանոսյան. Հայաստանում գիտության զարգացման նոր ռազմավարություն պիտի մշակվի
10. Գուցե բարի նախագահը տեղյա՞կ չէ գիտության խնդիրներից

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: