ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայոց ցեղասպանության բանաձեւն առայժմ չի հաջողվել Չեխիայի խորհրդարանի նիստի օրակարգ մտցնել

29 հունիսի, 2016 | 17:55

Czech Parliament Poslanecka SnemovnaՊՐԱՀԱ-ՕՐԵՐ- Հունիսի 28-ին Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի հերթական նիստի ժամանակ ԱՆՈ կուսակցությունից պատգամավոր Զդենեկ Սոուկուպը փորձել է գարնանային նստաշրջանի վերջին նիստի օրակարգ  մտցնել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ, սակայն նրա առաջարկը քվեարկությամբ չի անցել։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, նա գործել է ինքնուրույն եւ քայլերը չի համաձայնեցրել Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի հետ՝ լինելով նույն խմբի անդամ։ Այնուամենայնիվ  ներկաներից 65-ը կողմ է քվեարկել բանաձեւը օրակարգ մտցնելուն, 21-ը՝ դեմ, իսկ 81-ը ձեռնպահ է մնացել։ Օրակարգ մտցնելու համար պահանջվում էր, որպեսզի ներկա 167 պատգամավորներից կողմ քվեարկի 84-ը։ Չի բավարարել 19 ձայն։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հաստատել է նաեւ պարոն Սոուկուպը եւ նշել է, որ  կատարվածն ամոթ է, քանի որ նման բանաձեւեր արդեն ընդունել են եվրոպական 20 երկրներ, վերջերս՝ նաեւ Գերմանիան։ Կայքէջերից մեկն էլ հրապարակել է  բոլոր այն պատգամավորների անունները, որոնք դեմ են քվեարկել՝ նրանց մեծ մասը սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից են՝ 19-ը, մեկը՝ ԱՆՈ-ից եւ մեկն էլ ՝ ԹՈՓ 09-ից։  Հետաքրքիր է, որ ամբողջությամբ կողմ են քվեարկել  USVIT աջ ծայրահեղական խմբակցությունը և քրիստոնյա-դեմոկրատ պատգամավորների մեծ մասը, ինչպես նաեւ ԱՆՈ կուսակցության ներկայացուցիչների մեծ մասը։ Սոցիալ-դեմոկրատներից  կողմ  է քվեարկել 8 պատգամավոր։

Քաղաքական դիտորդների կարծիքով, բանաձեւը նեկա պահին օրակարգում չընդգրկելուն նպաստեց նաեւ այն, որ Չեխիայի քաղաքական էլիտան զբաղված է ոստիկանության բարեփոխումների հետ կապված կոալիցիոն ճգնաժամով, նաեւ հրատապ խնդիրներ է առաջացրել բրիտանական Brexit-ը, որի պատճառով թե՜ վարչապետ Սոբոտկան,  եւ թե՜ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կարել Շվարցենբերգը բացակայում էին հանրապետությունից։ Իսկ Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկը ձեռնպահ է քվեարկել։ 

Ամենայն հավանականությամբ,Հայոց ցեղասպանությունը դատապարտող  բանաձեւը օրակարգ մտցնելու նպատակով կրկին կներկայացվի Պատգամավորների պալատի աշնանային նստաշրջանի ընթացքում։ Միայն թե պետք է ճիշտ պահ ընտրել, եւ լավ նախապատրաստվել, այլապես  ինքնագործունեությունը միշտ նման արդյունք է ունենում։

Հ.Ասատրյան

ՕՐԵՐ

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
2. Հոկտեմբերի 12-ին հայկական թեմայով դասախոսություն Ստրահովի գրադարանում
3. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
4. Չեխական եւ Չեխոսլովակիայի կինոյի օրեր Երեւանում
5. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
6. Վարդան Մամիկոնյանի անմոռանալի համերգը Պրահայում. նա հիշեց նաեւ Ազնավուրին
7. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
8. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
9. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
10. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: