ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները

18 հոկտեմբերի, 2018 | 20:17

Այս տարվա հոկտեմբերի 3-ից Լոռին, արդեն աշնանային գույներով, սպասում էր արվեստագետներին: Առիթը «Համագործակցության և բարեկամության ներկապնակ» փառատոնն էր, որի շրջանակներում այս տարի Լոռի էին եկել շուրջ 20 նկարիչների` տարբեր`5 երկրներից, ովքեր հայ նկարիչների հետ եկել էին բացահայտելու ու ևս մեկ անգամ ներկայացնելու Հովհաննես Թումանյանին, նրա ծննդավայրն ու Լոռվա ոգեշնչող բնությունը:

«Համագործակցության և բարեկամության ներկապնակ» փառատոնի կազմակերպիչ, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, մասնակից-նկարիչներ Վահագն Գասպարյանը և Սուրեն Ամիրյանը փոքրիկ ասուլիսով ամփոփեցին ավարտված փառատոնը: Ներկայացնում ենք ասուլիսի ժամանակ հնչած հիմանական դատողությունները, խոհերը և մտորումները:

«Փառատոնն արդեն 9-րդ տարին է, ինչ անցկացվում է: Անգամ եղել է տարի, երբ երկու նկարչական փառատոն ենք ունեցել: Վերջին փառատոնին մասնակցում էին թվով 20 նկարիչներ: Նրանք եկել էին Լոռվա մարզ, որովհետև այս տարվա փառատոնը նվիրված էր Թումանյանին` նրա ծննդյան 150-ամյակին ընդառաջ: Նկարիչները նկարում էին այն վայրերում, որոնք կապ ունեին Թումանյանի հետ: Նրանք ամբողջ երկու օր անցկացրին Դսեղում, որ կարողանան ամբողջությամբ զգալ և նկարել թումանյանական միջավայրը:

Լոռվա բնությունը շատ հարուստ է. ամեն նկարիչ իր անկյունն ու գույնն էր գտնում», -նախաբանի իր խոսքում նշեց Սերգո Երիցյանը:

Ըստ գեղանկարիչ Սուրեն Ամիրյանի` աշնանային Լոռին իսկական դրախտ է յուրաքանչյուր նկարչի համար, ուր այնքան գույներ ու երանգներ կան, որ օտարերկրացի նկարիչները շփոթմունքի աստիճան հիացած էին մնում.

«Օտարերկրացի նկարիչները սկզբում դժվարանում էին նկարել մեր բնությունը, նկարում էին ուղղակի այն, ինչ կար, բայց մի քանի օր մնալուց ու հարմարվելուց հետո իրենք էլ արդեն բավականաչափ զգում էին թումանյանական բնությունը», – նշեց  Սուրեն Ամիրյանը:

Լրագրողներին, իհարկե, առաջին հերթին հետաքրքրում էր, թե ի՞նչ տպավորություններ ունեին օտարերկրացի նկարիչները փառատոնի, Հայաստանի ու հայերի մասին.

«Առաջին օրերին բոլորն էին մի փոքր շփոթված` ստացված մեծ տեղեկատվությունից ու տպավորություններից, բայց մի քանի օր անց սկսեցին հասկանալ մեր բնությունը, պատմաճարտարապետական հուշարձանները, մեր միջավայրը: Մի մասի համար դժվար էր. նրանք դեռ երիտասարդ էին, անփորձ, չէին կարողանում լիարժեք հարմարվել գույների և երանգների այս բազմազանությանը, հրաժարվել իրենց մոխրագույնից կամ կապույտից: Բայց նրանց հաջողվեց հաղթահարել այսպես ասած «փորձությունը», ու ի վերջո բոլորն էլ Հայաստանից գնացին գունային ամբողջական ներկապնակով», – պատասխանեց գեղանկարիչ Վահագն Գալստյանը:

Իսկ Սուրեն Ամիրյանը, պատասխանելով մեկ այլ հարցի, նախորդ փառատոնից փոքրիկ զվարճալի մի պատմություն հիշեց.

«Նախորդ փառատոնի ժամանակ Բելառուսի ներկայացուցիչն ասաց, որ մեր սարերն ու բնությունը շատ գեղեցիկ են, իրենց երկրում էլ սարեր կան, բայց շատ ցածր են, ես պատասխանեցի` ափսոս, որ մեր երկիրը փոքր է, նա ասաց՝ ինչո՞ւ ես այդպես ասում, եթե արդուկենք այս սարերը, Ֆրանսիայից էլ մեծ երկիր կունենաք»:

Մասնակիցների ընտրության գործը, իհարկե, ամենապատասխանատուներից է. պետք է հրավիրել մարդկանց, ովքեր ճիշտ կներկայացնեն Հայաստանը.

«Ինչպես ամեն տարի` այս տարի ևս կային տարբեր երկրներից մասնակիցներ, որոնցից մի մասը անցյալ տարիներին եղել էին Հայաստանում, մի մասն էլ նորեկներ էին, բայց նրանք կարողացան դառնալ մի ստեղծագործական թիմ, որը ձգտեց ճանաչել, հասկանալ ու բացահայտել Հայաստանը», – մասնակիցների ընտրության մասին մի փոքր պատմեց Սերգո Երիցյանը:

Բոլոր մասնակիցները ընդգծեցին, որ նման ամենամյա փառատոնները Հայաստանը տարբեր երկրներում ներկայացնելու ևս մեկ հնարավորություն են տալիս:

Ավելացնենք, որ փառատոնի կազմակերպիչը «Լոռվա ձոր» հայրենակցական միությունն էր, աջակիցներն էին ՀՀ մշակույթի նախարարությունը և ԱՊՀ երկրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամը, որի ներկայացուցիչը` Քամոլ Ռահիմովը, ներկա էր փառատոնի փակմանը Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում և իր ելույթում ընդգծեց, որ փառատոնը անց է կացվում բարձր մակարդակով, մեծ արդյունավետությամբ և ստեղծագործական ամենաակտիվ որոնումներով. «Իսկ այն իրողությունը, որ այստեղ ժողովրդական տոնախմբություն է, ուր հավաքվել են հարյուրավոր մարդիկ, արվեստասերներ, գալիս է վկայելու, որ նման փառատոններ շատ անհրաժեշտ են կազմակերպել Հայաստանի տարբեր տարածաշրջաններում,- նշեց Քամոլ Ռահիմովը, – արվստը մոտեցնելով մարդկանց: Եթե դիտարկենք արվեստագետների գործերը, ապա պետք է նշել, որ այստեղ իսկապես հետաքրքիր, ինքնատիպ, ազգային` թումանյանական, ներկապնակ է, որը թույլ է տալիս ամեն մեկիս ավելի խորությամբ  ճանաչելու և հասկանալու Հայաստանը: Մենք ողջունում ենք կազմակերպիչների մտադրությունը` «Թումանյանական աշխարհ» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը Երևան քաղաքում` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին»:

Ասուլիսի մասնակիցներին ուղղված մեր այն հարցին, թե փառատոնը հաջորդ տարի կունենա՞ իր շարունակությունը, նրանք պատասխանեցին, որ ամեն մի փառատոնից հետո կանգ են առնում ` հասկանալու, թե այն ի՞նչ տվեց և երկրի մշակութային կյանքում ի՞նչ դեր ունեցավ. դրա համար ժամանակ է պետք, բայց ակամայից ամեն մի փառատոն նոր ծրագրեր է առաջ բերում, մասնավորապես` կազմակերպել փառատոն Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի գեղանկարիչների մասնակցությամբ, որին կարող են հրավիրվել նաև ԱՊՀ այլ երկրներից արվեստագետներ: Այդ փառատոնի ժամանակ շատ կարևոր կլինի երկխոսություն ծավալել տարբեր երկրների արվեստագետների միջև` ինչպես իրենց ստեղծագործությունների, այնպես էլ նրանց մտքերի, խոհերի և ասելիքի մասին, այլ կերպ ասած` ավելի ակտիվ պետք է դարձնել շփումները տարբեր երկրների արվեստագետների միջև, այս դեպքում` գեղանկարիչների, որոնք ևս երկխոսության, շփումների, միմյանց հասկանալու, ընկալելու կարիք ունեն:

Սերգո Երիցյանն ավելացրեց, որ նման փառատոնները անհրաժեշտ են նաև, որ Հայաստանի գեղանկարիչները ևս կարողանան հորիզոնական կապեր հաստատել իրենց գործընկերների հետ, ովքեր ապրում և ստեղծագործում են այլ երկրներում: «Ուրախ կլինեմ, եթե մեր նկարիչները առաջիկայում հրավեր ստանան` այցելելու Կիրգիզյա, Բելառուս կամ որևէ այլ երկիր», – եզրափակեց Սերգո Երիցյանը:

 

 


Առնչվող նյութեր
1. Համագործակցության և բարեկամության «Թումանյանական աշխարհ» նկարչական փառատոնը շարունակվում է
2. Համագործակցության և բարեկամության ներկապնակի գույները
3. «Արդեն ամեն մեկս ունենք մեր Հայաստանը». օտար նկարիչները հայաստանյան 10 օրերի մասին
4. Համագործակցության և բարեկամության փառատոնը Լոռվա աշխարհում
5. Ռումինական Հարգիտան եւ հայկական Լոռին եղբայրացան
6. Վաստակավոր նկարիչները մեկ հարկի տակ
7. Համահայկական մեկական աշխատանքի ցուցահանդես
8. Հայ և վրացի նկարիչների ցուցահանդեսը Թբիլիսիում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: