ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայկական ,,Կարմեն,,ի շլացուցիչ փայլը Փարիզի Բաստիլում. Վարդուհի Աբրահամյան

05 ապրիլի, 2017 | 08:26

ՖՐԱՆՍԻԱ.- Փարիզի Բաստիլ Ազգային օպերայում ապրիլի 2-14-ը Կարմենի դերում հանդես է գալիս մեցցոսոպրանո Վարդուհի Աբրահամյանը։ Նա առաջին հայ երգչուհին է, ով այս հեղինակավոր  բեմում կատարում է Կարմեն։ Առաջին ներկայացումն արդեն իսկ արժանացել է հանդիսատեսի, թատերագետների ու մամուլի ջերմ արձագանքին, գնահատելով այն հուզիչ, ազդեցիկ ու շլացուցիչ։

Այդ առիթով ներկայացնում ենք ՕՐԵՐի գլխավոր խմբագիր  Հակոբ Ասատրյանի զրույցը սիրված երգչուհու հետ։

Վարդուհի Աբրահամյան , Կարմեն, Փարիզ

Վարդուհի Աբրահամյան , Կարմեն, Մոսկվա, Մեծ Թատրոն

-Սիրելի Վարդուհի, նկատի ունենալով, որ առաջին անգամ ենք ներկայացնում Ձեզ մեր ամսագրի էջերում, մեր զրույցը սկսենք Ձեր ընտանիքից։ Կարծեմ ծնողներդ նույնպես երաժիշտ են եւ բնականաբար մեծ ազդեցություն են ունեցել քո՝ իբրեւ անհատի ձեւավորման վրա։

– Ընտանիքս երբեք ինձ չի ուղղորդել, որ անպայման երգչուհի դառնամ։ Բայց տանը միշտ երաժշտություն եմ լսել։ Հայրս էր միայն երգիչ՝ Ռուբեն Աբրահամյանը, ով երգում էր մեր օպերային թատրոնում, ուներ անմահական ձայն, յուրահատուկ ձայնի երանգ եւ բացառիկ կատարողականություն։ Նրա ձայնը փոխանցվել է ինձ եւ քրոջս, նույնպես երգչուհի՝ սոպրանո Նաիրա Աբրահամյանին, ով  երգում է Մարսելում։ Ինքը նախընտրեց մնալ այնտեղ, իսկ ես ընտրեցի բոհեմական կյանքը, անընդհատ ճանապարհներ ու ելույթներՑավոք հայրս չտեսավ ինձ բեմի վրա, 2013-ին մահացավ, դրա համար շատ տխուր եմ։ Նա եկել էր Ֆրանսիա եւ երեք շաբաթից ,,Գառնիե,, թատրոնում ներկայացում ունեի, բայց ելույթիցս չորս օր  առաջ մահացավ։  Ու չգիտեմ ինչպես 13 ներկայացում երգել եմ  իր համար՝  այդ ցավը մեջս կրելով։ Այդ պահին մի գերբնական ուժ էի զգում, իսկ  ելույթից հետո՝ դատարակություն։  Հենդելի ՚՚Հուլիոս Կեսար՚՚ում Կոռնիլիայի դերը այդ դեպքում լրիվ համընկնում էր իմ հոգեվիճակին։

Հայրս մանկուց խորհուրդ էր տալիս , որ դժվար մասնագիտություն է եւ պարտադիր չի, որ մենք էլ երգիչ դառնանք։ Բայց երբ քույրս ընդունվեց կոնսերվատորիա, նրա ուսուցիչը Գոհար Գասպարյանն էր։ Նրա հետ շատ մտերմացանք, եւ մի օր մայրիկիս հետ երբ իր տանն էինք, ասաց՝ ՚՚Աղջիկ բան մը երգե՚՚։ Երգեցի, շատ հավանեց, ասաց, որ սեպտեմբերից  կոնսերվատորիայի նախապատրաստական բաժին փորձեմ ընդունվել։ Այդպես  քննությունները լավագույնս հանձնեցի եւ ընդունվեցի անվճար բաժին։  Գոհար Գասպարյանը աջակցեց, ասելով, որ երեխան լավ տվյալներ ունի, բայց ֆինանսական միջոցներ չունի։ Այդպես ընդունվեցի նրա  դասարանը  եւ  2000-ին ավարտեցի կոնսերվատորիան։

Վարդուհի Աբրահամյան , Կարմեն, Փարիզ

Վարդուհի Աբրահամյան , Կարմեն, Փարիզ

Քանի որ Երեւանի օպերային թատրոնը չի կարող  բոլոր երգիչներին բավարարել  կամ ելույթի հնարավորություն տալ, հետեւաբար ուզում էի դուրս գալ Հայաստանից։   Ոչ մեկին չճանաչելով,  ֆրանսերեն չիմանալով 2000 թ-ին եկա Մարսել, ընդունվեցի տեղի կոնսերվատորիան։ Ինքս իմ վրա աշխատելով՝ հաստատվեցի։ Միշտ հիշում էի հորս խոսքերը, որ ձեռքերը վեր պարզած պետք է գնալ ու չվհատվել, որ բեմը պետք է վախենա քեզանից, եւ ոչ թե դու՝ բեմից։ Միայն աշխատասիրությամբ ես հասա ինչ որ մի տեղ, թեեւ դեռ շատ ճանապարհ ունեմ անցնելու։ Ինձ ոչ հայկական համայնքն է օգնել, ոչ էլ՝ որեւէ մեկը։  Առաջին օգնությունը ստացել եմ ինձ արդեն հարազատ դարձած Մանդալյան ընտանիքից։ Հպարտ եմ, որ միայն իմ ուժերով եմ հասել ամեն ինչի, եւ դրանում օգնել է Աստծո տված տաղանդը, որ փոխանցվել է հորս կողմից։

– Հիշում եք, ե՞րբ առաջին անգամ բարձրացաք ֆրանսիական բեմ։

– Մի օր Մարսելի կոնսերվատորիայի ուսուցիչս ներկայացրեց մի իմպրեսարիոյի, ով լսումներ կազմակերպեց տարբեր օպերաներում։ Շատ թատրոններ լսեցին, բայց առաջինն ինձ դեր վստահեց  Փարիզի Բաստիլ օպերան։ Առաջին ելույթս Ռիգոլետոն էր՝ Մագդալենայի դերերգով։

Իհարկե, միշտ կյանքում հանդիպում են մարդիկ, ովքեր մեծ դռներ են բացում, չեն նայում ազգությանը, այլ գնահատում են քո տաղանդը, նույնիսկ առանց փորձառության վստահում են քեզ։  Ու թեեւ իբրեւ հայ եմ ներկայանում, բայց իմ ունկնդիրները հիմնականում օտարերկրացիներ են։

Վարդուհի Աբրահամյան , Իտալացին Ալժիրում , Փարիզ, Գառնիե թատրոն

Վարդուհի Աբրահամյան , Իտալացին Ալժիրում, Փարիզ, Գառնիե թատրոն

Փարիզում հայտնվելուց հետո հնարավորություն ունեցաք մրցույթների մասնակցել, նաեւ այլ տեղերում փորձել։

– Ես մրցույթներին ընդհանրապես չեմ մասնակցում եւ չեմ ընդունում, որովհետեւ չեմ կարծում, որ երեք արիա երգելով, կարելի է ամբողջ ներկայացումը ուսերի վրա տանել։ Ներկայացման ժամանակ ի վերջո ոչ միայն երգում  ես, այլեւ խաղում։ Այլապես արիաներ շատ կարող եմ երգել, ուղղակի նաեւ վստահություն չունեմ այդ մրցույթների նկատմամբ։ Ընդհանրապես արվեստի մեջ մրցույթ հասկացությունը չեմ սիրում։ Արվեստում ամեն մարդ իր ներքինն է դնում եւ յուրովի է ներկայացնում։ Որ օրը ես մրցույթի համար երգեմ, ինձ թվում է ոչ թե աստիճաններով վերեւ կբարձանամ, այլ կիջնեմ ներքեւ։  Մրցույթը վտանգավոր է նաեւ մեր ոլորտի համար, քանի որ այն առաջացնում է  նախանձ, ինչը առաջին թշնամին է մեր էության։ Իսկ նախանձ կրելով մեջդ, դու չես կարող այն հաճույքը պատճառել հանդիսատեսին, որ նա նորից գա քեզ լսելու։ Սա սպորտ չի, որ մրցակցենք։ Ամեն մարդ յուրովի, միայն իր աշխատասիրության շնորհիվ է հասնում արդյունքի։ Կարեւորն այն է,որ  այդ ճանապարհին երբեք չսխալվես։

-Արդեն հանդես եք եկել բազմաթիվ բեմերում՝ Փարիզ, Մոսկվա, Ցյուրիխ, Համբուրգ… Կարմենի եւ Դալլիլայի դերերգերի կատարումը մի հարցազարույցում համարել եք Ձեր երազանքը։ Այժմ նոր երազանքներ ունե՞ք։ 

– Ունեմ, իհարկե։ Իհարկե, կան դերեր, որ կցանկանայի երգել, բայց այս պահին դրանք կարողեն վնասել ձայնս, ուստի կնախընտրեի հիմա երգել այն դերերը, որոնք լավ եմ կատարում։ Դրանք կարող եմ երգել 5 տարի հետո։ Մի դեր կա , որ շատ էի ուզում եւ արդեն առաջարկել են երգել  չորս տարի անց,  եւ  ես համաձայնվել եմ։  Հիմա  նաեւ բելկանտո եմ երգում։ Պետք է ձայնալարի ճկունությունը միշտ պահել։ Տարիքի հետ մեր ձայնն էլ է փոխվում եւ  բեմական 17 տարիների ընթացքում այդ փոփոխությունն անընդհատ զգացել եմ։ Այժմ Մասնեի ,,Վերտեր,, օպերայում Շառլոտի դերը կուզեի երգել։ Կարծում եմ, որ դա կլինի մոտ ժամանակներս։

Վարդուհի Աբրահամյան , Դալլիլա, Վալենսիա

Վարդուհի Աբրահամյան , Դալլիլա, Վալենսիա

– Շատ դժվար է եվրոպական օպերային թատրոնում ինչ որ բարձրունքի հասնելը եւ մնալը։ Հիշում եմ, տարիներ առաջ մեր հանրահայտ սոպրանո Հասմիկ Պապյանի հետ  էինք զրուցում, նա ասում էր, որ ամեն անգամ բեմ մտնելիս զգում ես այդ պատասխանատվությունը եւ չես կարող երբեք թուլանալ, քանի որ հանդիսատեսը երբեք չի ների քո թույլ տված ամենաչնչին մեկ սխալը։

– Լիովին համամիտ եմ։ Հատկապես դրսում, քեզ ոչ ծանոթության համար են դեր տալիս, ոչ գեղեցկության, այլ միայն աշխատանքի համար։ Երբ զգացին, որ աշխատանքի մեջ այլեւս զիջում ես, շնորհակալություն կհայտնեն եւ հաջողություն կասեն։ Ծանոթությունը նման պարագաներում չի գործում։ Դրա համար աշխատանքի մեջ պետք է առավելագույնը անես եւ կատարես որակով, եւ նախ ինքդ գոհ մնաս քո աշխատանքից։ Հիշեցի մի դեպք, երբ թատրոններից մեկում Կարմեն էի երգում, որտեղ բառերը շարժումներին չէին համապատասխանում։ Եվ ես ռեժիսորին ասացի, որ տեքստը չի համընկնում գործողությանը, իսկ նա ինձ ասում է, դահլիճում ոչ ոք ֆրանսերեն չի հասկանում։ Ես էլ պատասխանեցի. ,,բայց չէ որ ես եմ հասկանում,,։ Այդպիսով նախ երգչին են վիրավորում, էլ չեմ ասում լեզվի ու օպերայի նկատմամբ վիրավորական մոտեցումը։ Այնպես որ, մեր աշխատանքում մենք պետք է լինենք նաեւ ազնիվ։

Վարդուհի Աբրահամյան

Վարդուհի Աբրահամյան

– Դերերի ընտրության հարցում խի՞ստ եք։

– Ես չեմ խորշել տարբեր դերեր ստանձնելուց, նույնիսկ տղամարդու դեր եմ կատարել, որն ինձ համար շատ հետաքրքիր էր։ Վերջին անգամ Տորոնտոյում 2016-ի սեպտեմբերին երգեցի նման մի դերերգ, որի ժամանակ ինձ այնպես էին կերպարանափոխել, որ ինքս ինձ չէի ճանաչում։ ,,Արիոդանտե,, օպերայում Պոլոնիեսոյի դերն էր, որ ինձ թվում է շատ ռեալիստական ստացվեց։ Լուսանկարը, որ տեսնեք, կվախենաք։ Ինձանից նույնիսկ պահանջվում էր, որ այդ տղամարդու չար կերպարին բնորոշ վուլգար շարժումներ անեմ։ Ինձ թվում է վերջին անգամ երգեցի այդ դերը, այլեւս չեմ երգելու, բայց բեմադրությունը ցնցող էր եւ շատ ծիծաղելի։ Հանդիսատեսն այնքան էր ինձ հետ ապրում, այնքան էր իրենց գրավել այդ չար կերպարը, որ երբ բեմի վրա ինձ սպանեցին, դահլիճը ծափահարեց։

– Իսկ ինչո՞ւ էին կնոջը վստահել այդ դերը, տղամարդ երգիչ չկա՞ր։

– Ռոսինին , Հենդելը, Բեռլիոզը եւ այլ կոմպոզիտորներ գրել են շատ օպերաներ, որոնցում  պետք է կինը երգի տղամարդու դերը։ Այդ դերերը մշտապես կատարում  են մեցցոսոպրանոները կամ կոնտր տենորները։

Վարդուհի Աբրահամյան , Նորմա, Վալենսիա

Վարդուհի Աբրահամյան, Նորմա, Վալենսիա

– Նշեցիք, որ 17 տարի է արդեն բեմում եք։ Այս տարիներին արվեստում ձեր ամենակարեւոր ձեռքբերումը ո՞րն եք համարում։

– Լավ մարդկանց հանդիպելը։ Այս բնագավառում միշտ չէ, որ կարող ես լավ մարդկանց հանդիպել, քանի որ նախանձն ու չարությունը կարող են ուղեկցել քեզ։ Տարվա 11 ամիսը դրսում եմ աշխատում, ու ինձ համար շատ կարեւոր է լավ մարդկանց հետ աշխատանքը, ընտանեկան մթնոլորտը։ Օրինակ՝ Չեչիլա Բարտոլիի հետ երբ աշխատում եմ, ինձ զգում եմ ինչպես տանը։ Եվ նրա նման շատերի հետ հաճելի է աշխատելը։ Դա գնահատում եմ ու սիրում եմ, եւ այդ փորձերի նախապատրաստական շրջանը հաճույքով է անցնում։ Լինում են, իհարկե, նաեւ դեպքեր, երբ ժամերն ենք հաշվում, որ տվյալ պայմանագիրը ավարտվի, գնանք ու այդ մարդու երեսն այլեւս չտեսնենք։  Իսկ ընդհանրապես գոհ եմ, որ լավ մարդկանց եմ հանդիպում։ Նրանք կարող են նույնիսկ մի խորհուրդ տալ, որից  ինձ համար նոր ճանապարհ կբացվի։

– Կարելի է ասել , որ արվեստում գտել եք ձեր երջանկությունը, իսկ անձնական կյանքո՞ւմ։

– Անձնական երջանկություն ունեմ, մնում է վայելեմ։ Աշխատանքս թույլ չի տալիս, քանի որ 11 ամիս դրսում եմ։ Երբ գոնե 1-2 օր ազատ եմ լինում, անպայման Մարսել եմ մեկնում ՝ ընտանիքիս մոտ։ Բայց հեշտ չի ունենալ եւ ընտանիք, եւ կարիերա։ Իսկ ես ամուսնացած եմ, երեխաներ ունեմ։ Դիմացինդ այնքան պետք է սիրի ու հասկանա քեզ, որ քո հետ միասին կարողանա ապրել, ուրախանալ այդ ամեն ինչով։ Իմ արձակուրդ գնալը՝ տուն գնալն է։

Վարդուհի Աբրահամյան , BeNvenuto CelLini , Հռոմ

Վարդուհի Աբրահամյան , Բենվենուտո Չելլինի , Հռոմ

– Իսկ Երեւանում լինո՞ւմ եք։

– Երեւանն իմ սիրտն է։ Շատ կուզենայի երեք ամիսը մեկ անգամ գոնե գնալ։ Ժողովրդին երբ տեսնում եմ, անկախ ինձանից լիցքավորվում եմ։ Մարդկանց մեջ մի այլ ջերմություն կա, եւ երբեք էլ դա չի վերանա։ Նույնիսկ երբ անցյալ տարի ընտանիքս մեկ ամսով եկավ ինձ մոտ Իտալիա եւ ամառը միասին անցկացրեցինք, վերադառնալիս տղաս ինձ ասում է, որ այս տարի էլ չհանգստացանք։ Ասում եմ,  ինչպես թե չհանգստացանք, իսկ ինքը՝ թե  Հայաստան չգնացինք։ 

Ես միշտ ասում եմ, որ Հայաստանը մեր մայրն է, իսկ Ֆրանսիան՝ հայրը, քանի որ չեմ կարող ուրանալ այն ամենը, ինչ տվել է ինձ Ֆրանսիան։

– Հայաստանում ելույթներ ունենու՞մ եք։

– Երբեք։ Երբ դեռ հայրս ողջ էր եւ օպերայում երգում էր, իրեն ասացի , որ կարող է հետաքրքրվել, պատրաստ եմ գնալ մեկ ներկայացում առանց որեւէ պայմանի երգել, որ ինքն էլ լսի։ Ասել էին, թե հարմար դեր չունեն։ Բայց այս ամառ ծանոթացա մի հիանալի անձնավորության հետ՝ երգահան եւ երաժիշտ Մարինե Ալեսի եւ նրա եղբոր՝ Ռուբեն Վարդանյանի հետ, եւ մեր հրաշալի բարիտոն Գեւորգ Հակոբյանի հետ դուետով  ձայնագրեցինք Մարինե Ալեսի  երգերից մեկը՝  ՚՚Քարե դարը,,։ Ուզում էին, որ մայիսի 28-ին ,,Ավրորա,, մրցանակաբաշխության ժամանակ երգեմ, բայց քանի որ այդ օրը ,,Եվգենի Օնեգին,, ներկայացում ունեմ, չեմ կարող գնալ Երեւան։ Գիտեք, այստեղ տարիներ առաջ արդեն պլանավորած է։ Իմ մոտ արդեն իսկ մինչեւ 2020 թվական ծրագրված ելույթներ կան։ Իսկ Հայաստանից այլ հրավերներ չեն եղել։

Վարդուհի Աբրահամյան , Կարմեն, Փարիզ

Վարդուհի Աբրահամյան , Կարմեն, Փարիզ

Գալով Փարիզի ելույթներին։ Ի՞նչ դեր է Ձեզ համար Կարմենը, եւ քանի անգամ եք արդեն մեծ բեմերում մարմնավորել այդ կոլորիտային կերպարը։

– Հինգից ավելի տարբեր թատրոնների բեմադրություններում մարմնավորել եմ այդ կերպարը, ամեն անգամ այն ներկայացնելով այլ երանգներով ու բնավորության գծերով։ Սակայն, Կարմենի մի գիծն է, որ ինձ մոտ միշտ անփոփոխ է, դա այն է, որ նրա կեպարը ինձ համար վուլգար չէ, ուժեղ էակ է, փորձում է սիրել  եւ սիրված լինել։  Կարմենն  իր բնավորության մեջ շատ գույներ ունի։ Դա է ինձ համար այս կերպարը հետաքրքիր դարձնում։ Այն դերերից է, որ չորս ակտում անընդհատ կերպարը զարգանում է եւ փոփոխվում։ Ամեն անգամ փոխելով բեմադրությունը միշտ մի գույն է ավելանում։ Նույնիսկ գործընկերներիս փոխելով, բեմադրությունն էլ է փոխված երեւում։  Կալիկստո Բեիտոյի փարիզյան բեմադրության մեջ Դոն Խոսեի իմ գործընկերն է ամերիկացի  Բրայան Հիմմելը, որի հետ խաղը շատ բնական է  ստացվում եւ արժանանում հանդիսատեսի ջերմ գնահատականներին։  

Վերջում ավելացնենք, որ այս տարի Վարդուհի Աբրահամյանը  Կարմենի  դերակատարամամբ հանդես կգա նաեւ Ցյուրիխում, Մյունխենում, Սալերնոյում, Հոնկոնգում եւ այլ քաղաքներում։  Իսկ  ապրիլի  5-ին, 8-ին, 11-ին եւ  14-ին  նրա Կարմենը կարող եք դիտել Փարիզի ազգային Բաստիլ օպերայում։

 

Հակոբ Ասատրյան

ՕՐԵՐ ամսագիր

Պրահա

Մի հատված 2016 թվական, Վալենսիա, Դալլիլայի դերում, Գրեգորի Կունդի հետ, դիրիժոր՝ Պլասիդո Դոմինգո

Վարդուհի Աբրահամյան

Վարդուհի Աբրահամյան

Վարդուհի Աբրահամյան , Բենվենուտո Չելլինի,, Հռոմ

Վարդուհի Աբրահամյան , Բենվենուտո Չելլինի, Հռոմ

 

Վարդուհի Աբրահամյան, Կարմեն, Փարիզ

Վարդուհի Աբրահամյան, Կարմեն, Փարիզ


Առնչվող նյութեր
1. Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը
2. ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված ընդունելություն Փարիզում
3. Վալանս. մանուկներու մշակոյթի արուեստանոցը այս անգամ նուիրուած էր Շարլ Ազնաւուրին
4. «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» խորագրով միջազգային գիտաժողով Լիոնում՝ նոյեմբեր 9-10
5. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
6. «Հայաստան» բառը շատ նուրբ ու հուզիչ զգացում է առաջացնում ֆրանսիացիների հոգում-Էմանուել Մակրոն
7. ՄԱՆՈՆ օպերայի պրեմիերան Հայաստանի օպերային թատրոնում
8. Մահացել է Մոնսերատ Կաբալյեն. նա երկու անգամ Արցախ էր այցելել
9. Հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում, իսկ ՀՀ դեսպանությունում ցավակցություններ գրանցվեցին սգո մատյանում
10. Վարդան Մամիկոնյանի անմոռանալի համերգը Պրահայում. նա հիշեց նաեւ Ազնավուրին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: