ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայերն ու հույները ավելին են, քան բարեկամներ. ՀՀ նախագահը Աթենքում

14 մարտի, 2016 | 16:07

atenkՆախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի Հանրապետության Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Հունաստան:

Մինչ բարձր մակարդակի բանակցությունները, Սերժ Սարգսյանը Աթենքում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:

Հունաստանի Նախագահի նստավայրում ՀՀ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Պրոկոպիս Պավլոպուլոսը առանձնազրույց են ունեցել: ՀՀ Նախագահը և Պրոկոպիս Պավլոպուլոսը, ով մինչ Նախագահի պաշտոնն ստանձնելը եղել է Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամ և բավականաչափ տեղեկացված է Հայաստանի վերաբերյալ կարևորագույն հարցերին, քննարկել են միջպետական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ` միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը, փոխշահավետ մի շարք կարևոր ոլորտներում հայ-հունական գործակցության զարգացմանը, միջխորհրդարանական կապերին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր: Նախագահներն անդրադարձել են նաև միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի, ներկայացրել դրանց շուրջ երկու երկրների մոտեցումները, խոսել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների և դրանց զարգացման գործում բարեկամ Հունաստանի դերակատարության, Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում ստեղծված ճգնաժամի և դրա հետևանքով առաջացած մարդասիրական աղետի, փախստականների ճգնաժամի հետևանքների մասին, որն այսօր համաեվրոպական խնդիր է դարձել, իսկ Հունաստանի կառավարության համար՝ ամենօրյա լուրջ մարտահրավեր:

Առանձնազրույցից հետո, ի պատիվ պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի անունից տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով` անդրադառնալով բարձր մակարդակի հայ-հունական միջպետական հարաբերություններին, դրանց առավել սերտացման և փոխշահավետ բազմաթիվ ոլորտներում համագործակցության զարգացման ներուժին, ընդհանուր պատմությամբ և ավանդույթներով փոխկապակցված, երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամությանը, ինչպես նաև այդ բարեկամության ամրապնդման գործում զգալի դերակատարություն ունեցող Հունաստանի հայ համայնքին:

«Բարեկամ հույն ժողովրդի հյուրընկալության մասին վկայությունները հիշատակվում են դեռևս մեծն Հոմերոսի «Ոդիսականում», այդուհանդերձ, հունական «քսենիան» մեզ՝ հայերիս, քաջածանոթ է ոչ միայն գրականությունից: Անծանոթին անօգնական չթողնելու պատգամին հավատարիմ՝ հարյուր տարի առաջ հույն ժողովուրդը ապաստան տվեց հայրենազրկված և անօթևան մնացած հազարավոր հայերի: Եվ այսօր հպարտությամբ եմ նշում, որ արմատներ ձգելով Հունաստանում՝ հայ համայնքն ամրացավ ու ծաղկեց՝ իր ստեղծագործ ներդրումը բերելով Հունաստանի շենացմանն ու նպաստելով հայ-հունական միջպետական համագործակցության ամրապնդմանը:

Հյուրերի նկատմամբ նման վերաբերմունքն անչափ հարազատ է մեզ` հայերիս, սակայն, հյուրասիրության այս դրսևորումը մեր ժողովուրդներին կապող միակ ընդհանրությունը չէ: Հայերն ու հույները ավելին են, քան բարեկամներ: Նրանք միմյանց փոխկապակցված են ընդհանուր պատմությամբ և ավանդույթներով:

Ներկայացնելով երկու հնագույն քաղաքակրթություն՝ հայ և հույն ժողովուրդները արարել են կողք կողքի՝ իրենց հետքը թողնելով համաշխարհային պատմության էջերում: Պայքարել են կողք կողքի՝ վաստակելով գոյատևելու իրավունքը: Այսօր էլ, որպես համանման արժեքների ու բարոյականության կրողներ, հանդես են գալիս կողք կողքի՝ վաստակելով հարատևելու ու բարգավաճելու իրավունքը: Այդ ժառանգության հիման վրա ենք այսօր շարունակում ամրապնդել հայ-հունական բարեկամությունը, որն արդեն 24 տարի է, ինչ միջպետական բնույթ է կրում:

Այսօր մենք ունենք հագեցած երկկողմ օրակարգ՝ քաղաքական գործուն երկխոսու-թյունից մինչև համագործակցություն կրթության և մշակույթի բնագավառներում: Սերտորեն փոխգործակցում ենք ռազմական ոլորտում: Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում Հունաստանը մեր կարևորագույն գործընկերներից է: Պարբերական դարձած բարձրաստիճան փոխայցելությունները հնարավորություն են տալիս ուրվագծել համագործակցության նոր հնարավորություններ: Ասածիս վառ վկայությունն իմ այս այցն է, որի հիմնական նպատակն է նոր մակարդակի բարձրացնել մեր տնտեսական համագործակցությունը՝ հիմնվելով առկա ներուժի վրա»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջարկել բաժակ բարձրացնել հանուն հայ և հույն ժողովուրդների դարավոր պատմության, հանուն ներկա բարեկամության և ապագա սերունդների հարատև համակեցության:

Հունաստանի նախագահՈղջունելով ՀՀ Նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը` Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսն ընդգծել է, որ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Հունաստան ևս մեկ անգամ ցույց է տալիս բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, մշակութային, երկու երկրների միջև հարաբերությունների և համագործակցության բարձր մակարդակն ու բացառիկ կարևորությունը: Նշելով, որ հայերը և հույները միմյանց հետ կապված են ամուր պատմական, բարեկամական կապերով, Նախագահ Պավլոպուլոսը շեշտել է, որ այսօրվա միջպետական հարաբերությունների հիմք դարձած այդ պատմական կապերն ամրապնդվել են դարերի ընթացքում` դժվարին պայմաններում. «20-րդ դարի սկզբներին երկու ժողովուրդները միևնույն պատճառով տառապալից պահեր են ապրել, ինչպես վկայում է պատմությունը` թե՛ հայ ժողովրդի, թե՛ Պոնտոսի հույների, թե՛ Փոքր Ասիայի հույների նկատմամբ տեղի ունեցածը: Մենք չենք մոռանա 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Հպարտ ենք, որ Հունաստանն այն քիչ երկրներից էր, որ օթևան տվեց տարագիր հայերին, նաև Հունաստանն առաջին երկրներից էր, որ ճանաչեց հայերի դեմ գործված ցեղասպանությունը, իսկ մյուս կողմից` Հայաստանի խորհրդարանը ճանաչեց պոնտոսցիների դեմ գործված ցեղասպանությունը: Պետք է հիշենք, պարո՛ն Նախագահ, որ պատմական հիշողությունը կարևոր է մարդկության հավաքական գիտակցության համար, կարևոր է նաև մարդկության ապագայի տեսանկյունից: Հատկապես ներկայիս ճգնաժամային պայմաններում, երբ սև, մութ ամպեր են հավաքվել համաշխարհային հորիզոնում, պետք է հիշենք անցյալը, ոչ թե որպես ատելություն սերմանելու միջոց, այլ որպեսզի կարողանանք ապագայում խուսափել նման ողբերգություններից»,- ասել է Հունաստանի Նախագահը, ում տեսակետի հետ ՀՀ Նախագահն այս հարցում համակարծիք է եղել` ընդգծելով, որ ցեղասպանությունը հիշելը և դատապարտելը հետագա ցեղասպանությունների կանխարգելման նպատակ ունի և փաստելու, որ մեր թշնամիներին չի հաջողվել իրականացնել մի ամբողջ ժողովրդի ոչնչացնելու իրենց ծրագիրը:

Հունաստանի Նախագահը խոսել է զարգացման լայն հնարավորություններ և հեռանկար ունեցող հայ-հունական երկկողմ կապերի մասին, որոնք, նրա համոզմամբ, ավելի կամրապնդվեն ՀՀ Նախագահի պաշտոնական այցի արդյունքում:

Նախագահ Պավլոպուլոսը բաժակաճառում հանգամանորեն անդրադարձել է իր երկրի արտաքին քաղաքականության մի շարք կարևորագույն հարցերի` Հունաստան-Թուրքիա հարաբերությունների, Կիպրական հարցի, տարածաշրջանի մարտահրավերների, փախստականների խնդրի վերաբերյալ Հունաստանի դիրքորոշումներին: Այդ համատեքստում նա ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հունաստանի դիրքորոշումը, նշելով, որ Հունաստանն իր արտաքին քաղաքականության մեջ հետապնդում է միջազգայնորեն ընդունված օրենքների և նորմերի հիման վրա բոլոր հարցերի խաղաղ կարգավորման սկզբունքը և, անշուշտ, նույն տեսակետին է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված: Պրոկոպիս Պավլոպուլոսն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը այդ հիմնախնդրի լուծման ամենահարմար հարթակն է: Հունաստանի Նախագահի խոսքով, իր երկիրը կարևորում է Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունը նաև տարածաշրջանի տնտեսական զարգացման տեսանկյունից:

«Վստահ եմ, պարո՛ն Նախագահ, որ նկատի ունենալով այս մարտահրավերները, բոլորս մեր հնարավորությունների սահմաններում պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դիմագրավենք այս ճգնաժամները:

Ցանկանում եմ բաժակ բարձրացնել ու խմել անձամբ Ձեր և բարեկամ հայ ժողովրդի կենացը` մաղթելով ազգային իղձերի և նպատակների իրականացում, առաջընթաց բոլոր ոլորտներում»,-ասել է Հունաստանի Նախագահը:

atenk2Հունաստան պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նաև հարցազրույց է տվել Հունաստանի հանրային հեռուստաընկերությանը:

Ավելի ուշ Նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ Աթենքի Բյուզանդական և քրիստոնեական թանգարանում ներկա կգտնվի «Հայաստան.Արարատի ոգին» խորագրով ցուցահանդեսի բացմանը, իսկ երեկոյան հանդիպում կունենա  Հունաստանի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ:


Առնչվող նյութեր
1. ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 103-ՐԴ ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
2. Սփյուռքը Հայաստանի կողքին է. Հունահայերը աջակցում են շարժմանը
3. Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց
4. Չեխահայերը միանում են Սերժ Սարգսյանի հրաժարականի կոչին. Հայրենիքին փոփոխություն է պետք
5. Հասմիկ Պապյանը հակադարձել է Սերժ Սարգսյանին. Հեռու մնացեք խաղաղ ցույցերը բռնություններով ճնշելու Ձեր միակ միջոցը կիրառելու նախազգուշացումներից
6. Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշիյանին կոչ է արել անհապաղ նստել բանակացությունների սեղանի շուրջ
7. Վեհափառները նախագահին եւ վարչապետին խաղաղությամբ հարցերը լուծելու կոչ են արել
8. ՀՀ Ազգային ժողովի նիստում Սերժ Սարգսյանն ընտրվել է ՀՀ վարչապետ` բողոքի ցույցերի պայմաններում
9. ԱԹԵՆՔ. ԲԵՌԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ 140-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ
10. ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱԹԵՆՔՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ԲԵՌԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ 140-ԱՄՅԱԿԻՆ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: