ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովը Երեանում

22 ապրիլի, 2013 | 14:44

ԵՐԵՎԱՆ- Ապրիլի 22-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովը, որին մասնակցում էր շուրջ 500 երիտասարդ աշխարհի 30 երկրից:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Այսօր տոն է հայրենիքում, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայ երիտասարդները հավաքվել են քննարկելու համազգային կարևորության խնդիրներ և փորձելու են նոր ուղիներ առաջարկել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման ու հետևանքների վերացման, Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման, լեզվի և մշակույթի պահպանման խնդիրների լուծման գործում: Հայերենն է լինելու աշխարհի տարբեր ծայրերում հայի տեսակը պահպանելու մեր զենքը: Խորհրդանշական է, որ համաժողովն անցկացվում է Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին: Վաղը ձեր ջահերով երթը պետք է լինի ուխտ՝ հայերենը պահպանելու, ձեր ազգային ոգին ու ինքնությունը պահպանելու զորավոր ուխտ»:

Այնուհետև Հ. Հակոբյանն ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը համաժողովի մասնակիցներին, որով նա կոչ էր անում հայ երիտասարդներին՝ համաշխարհնայցման գործընթացներում 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու համար պահպանել ազգային ինքնությունը, որի կարևոր առհավատչյան մայրենի լեզվով հաղորդակցվելն է:

Համաժողովի մասնակիցներին իր հայրապետական օրհնանքն էր հղել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Մաղթելով համաժողովին արգասաբեր ընթացք՝ նա կոչ արեց երիտասարդներին ունենալ պայծառ հավատ, քաջարթուն միտք՝ իրենց նպատակները կյանքի կոչելու համար:

Այնուհետև ընթերցվեց ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի ուղերձը, որում կարևորվում էր համահայկական երիտասարդական համաժողովի անցկացումը՝ որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանը, փոխգործակցությանն ուղղված կարևոր քայլերից մեկը:

Ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նշելով որ՝ «Մեր ուժը մեր միասնության մեջ է» վարչապետն ասաց. «Լեզուն է, որ մեզ միավորելու է և մեկ բռունցք է դարձնելու հայությանը, այն հայ ինքնության կարևորագույն առանցքն է: Մեր ազգի հուսալի ապագան և շարժիչ ուժը երիտասարդությունն է, և այս երիտասարդական համաժողովը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող համահայկական կարևորագույն ծրագրերից մեկն է»:

Համաժողովի մասնակիցներին իր ուղերձն էր հղել Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որում նշվում է, որ ՀՀ սփյուռքի նախարարության հետ իրենց կառույցի համագործակցության գլխավոր ուղղությունը հայապահպանության ոլորտն է, որի վառ վկայությունն է համատեղ իրականացվող «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխությունը տարբեր անվանակարգերում:

Ելույթներով հանդես եկան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ս. Մանասարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանը, ՀՅԴ բյուրոյի հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կ. Մանոյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ն.Մարտիրոսյանը, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրերն Սուրեն Դանիելյանը, ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդյաց տների տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Ելույթ ունեցողները միաձայն հավաստիացրեցին, որ հայերենը ոչ միայն բոլորի սրտում է, այլև մտքում, այն մեր հայեցի ապագայի կերտման գրավականն է և, որ հայ երիտասարդների միասնությունը անկարելին կարող է դարձնել կարելի, երիտասարդները պետք է նվիրվածություն, կամք ու վճռականություն ցուցաբերեն՝ ապահովելու հայապահպանությունը Սփյուռքում:

Ելույթներով հանդես եկան նաև համաժողովի մասնակից սփյուռքահայ երիտասարդները, ովքեր համաժողովին իրենց մասնակցությունը համարում են միմյանց հետ ծանոթանալու, համազգային նշանակության հիմնահարցերը համատեղ քննարկելու, հայրենիքից նոր, զորավոր ազդակներ ստանալու հրաշալի հնարավորություն:

Ընդմիջումից հետո համաժողովի մասնակիցները դիտեցին ՀՀ սփյուռքի նախարարության մասին պատմող ֆիլմ։

Ելույթների առանցքը համազգային կարևորություն ունեցող հարցեր են` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, դատապարտում, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորում, մայրենի լեզվի, մշակույթի, ինքնության պահպանման, հայպահպանության ուղղությամբ տարվող աշխատանքներ։

Ամփոփելով լիագումար նիստը, ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանը նշեց, որ հնչած բոլոր ցանկություններն ու առաջարկները հաշվի կառնվեն, կմշակվեն և կիրականացվեն դրանցից բխող միջոցառումներ ու ծրագրեր: «Սփյուռքում հայապահպանության խնդիրների լուծումը կարող ենք ապահովել հզոր Հայաստան կերտելով»:

Լիագումար նիստից հետո համաժողովի մասնակիցները շրջայց կատարեցին Երևան քաղաքում, Կասկադում մասնակցեցին մշակութային միջոցառման:

Ապրիլի 23-ին համաժողովը կշարունակի աշխատանքներըը երեք թեմատիկ նիստերով`«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ», «Մշակութային հիմնախնդիրներ», «Երիտասարդության հիմախնդիրներ»:

Հիշեցնենք, որ եռօրյա համաժողովի ընթացքում մասնակիցները կմասնակցեն մշակութային միջոցառումների, կդիտեն «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» ֆիլմը, կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Վանաձոր, կհետևեն ՀՀ կառավարության նիստի աշխատանքներին, կմասնակցեն Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված դեպի Ծիծեռնակաբերդ երիտասարդության ջահերով երթին։ Ապրիլի 24-ին, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հետ կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, կմասնակցեն Սփյուռքի այգում կազմակերպվելիք ծառատունկին և ծաղիկներ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։

Ապրիլի 23-ին համաժողովը կշարունակի իր աշխատանքները: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սրահներում կկայանան թեմատիկ քննարկումներ հետևյալ երեք ուղղություններով՝ «Երիտասարդության հիմնախնդիրները», «Լեզվամշակութային հիմնախնդիրներ» և «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ»:

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Ապրիլի 22-ից 24-ը՝ Համահայկական երիտասարդական համաժողով Երեւանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Ապիլայֆ»ը երեք գյուղերում կզարգացնի մեղվաբուծությունը
2.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
4.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
5.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
7.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
8.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
9.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
10.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: