ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստան. 2013-ի երկար ամռան անսպասելի բացահայտումները

11 սեպտեմբերի, 2013 | 16:04

Lusine Petrosyan2013 թվականը Հայաստանում սկսվեց բավականին սովորական` չնայած փետրվարին նշանակված նախագահական ընտրություններին: Խորհրդարանական վեց կուսակցություններից չորսը սեփական թեկնածուներ չառաջադրեցին, եւ մրցակցության ասպարեզը մնաց հիմնականում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանին եւ «Հանրապետականի» առաջնորդ, գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Փետրվարի 18-ին նախագահական ընտրությունները կայացան, գործող նախագահը հայտարարվեց հաղթող թեկնածու: Հովհաննիսյանը չընդունեց հայտարարված արդյունքները եւ իր կողմնակիցներին առաջնորդեց Երեւանի Ազատության հրապարակ: Հովհաննիսյանի հանրահավաքները, մարզային այցելությունները, հացադուլը եւ այլն շարունակվեցին գրեթե երկու ամիս, բայց մեծ փոփոխության չհանգեցրին: Գործող նախագահը լիազորությունների երկրորդ ժամկետի պաշտոնամուտը նշեց ապրիլի 9-ին, իսկ քաղաքական դաշտը, նույնիսկ առանց նկատելի վերախմբավորումների, սահեց դեպի նոր ընտրություններ` Երեւանի ավագանու մանդատների համար: Այս անվերջանալի ընտրական մարաթոնը վերջնագծի հասավ մայիսի վերջերին, եւ այդ պահից էլ սկսեցին ծավալվել որոշ հիշարժան իրադարձություններ:

 

Մայիսի 28. Արքայազն Չարլզը ժամանում է Հայաստան

 

Հայաստանի պատմությունը հաշվվում է երեք հազարամյակից ավելի: Հայկական առաջին` Արարատյան կամ Ուրարտուի թագավորությունը պատմության ասպարեզ է իջել երեք հազարամյակ առաջ, եւ վերջին հայկական թագավորությունը` Կիլիկիան անկում է ապրել շուրջ կես հազարամյակ առաջ: 20-րդ դարասկզբին Հայաստանը վերականգնեց իր անկախությունը` հիմնադրելով Առաջին Հանրապետությունը (1918-1920), սակայն հայկական վերջին արքայատան անկումից ի վեր Հայաստանում Բրիտանական արքայական ընտանիքի անդամի չէին հյուրընկալել: Արքայազն Չարլզը Հայաստան ժամանեց առանձնապես նշանակալից մի օր` 2013-ի մայիսի 28-ին` Առաջին Հանրապետության անկախության հռչակման 95-րդ տարեդարձի օրը, հետեւաբար կամա թե ակամա այցը խորհրդանշական լիցք ուներ:

Միացյալ Թագավորությունը եւ Ֆրանսիան սերտորեն կապված են հայկական ազգային պետության վերածննդի հետ: Նրանք առաջինն էին, որ միջազգայնորեն ճանաչեցին հայերի իրավունքը` մի քանի դար տեւած ընդմիջումից հետո վերստեղծելու ազգային պետություն Հայկական բարձրավանդակի մեծ մասում, ներկա Հայաստանից վեց-յոթ անգամ ավելի ընդարձակ տարածությամբ: Վարչապետներ Դեյվիդ Լլոյդ-Ջորջի եւ Ժորժ Կլեմանսոյի ու այդ օրերի բրիտանական եւ ֆրանսիական կառավարությունների այդ մոտեցումը որոշակիացավ 1916-ին կնքված Սաքս-Պիկոյի պայմանագրում եւ իր մարմնավորումը գտավ 1920-ին ստորագրված Սեւրի դաշնագրում:

Պարզապես երկու այլ երկրներ` Թուրքիան եւ Ռուսաստանը, լրջորեն մտահոգված հայկական անկախ պետության հեռանկարից, որը ստեղծվելով Սեւրի դաշնագրով հաստատված սահմաններում եւ քաղաքականապես շաղկապված լինելով Եվրոպային, անխուսափելիորեն վերածվելու էր Փոքր Ասիայում եվրոպական ներկայության միջնաբերդի, վիժեցրին դաշնագրի գործադրումը: Այս երկու ժողովուրդները միատեղ գրավեցին հայկական տարածքները եւ 1921-ին երկկողմ սեպարատ պայմանագիր կնքեցին` կոպտորեն ոտնահարելով Սեւրի միջազգային դաշնագիրը: Ավելին, ռուս-թուրքական տանդեմը գործնականում թույլ չտվեց 1915-ի Հայոց ցեղասպանության վերապրողների վերադարձը հայրենի եզերք եւ հողերը, որ հազարամյակներ շարունակ պատկանել էին հայությանը, հանձնեց Թուրքիայի հսկողությանը: Թուրքիան երբեք դա չի արել միայնակ, այլ Ռուսաստանի հետ ամուր համագործակցությամբ: Սա է ճշմարտությունը, որ միտումնաբար այնպես է խեղաթյուրվել խորհրդա-ռուսական պատմագրության կողմից, որ շատերը, անգամ Հայաստանում, ռուսներին ընկալել են գրեթե որպես փրկիչներ, մինչդեռ իրականում նրանք նույնպիսի կործանարարներ էին, թուրքերից հետո:

Արքայազն Չարլզի այցը այդ շատ նշանակալից օրը` Առաջին հանրապետության տարեդարձին, ինչ-որ առումով խորհրդանշում էր 95-ամյա վաղեմության իրադարձությունները, Հայաստանի, հատկապես Առաջին Հանրապետության պատմության մեջ Ռուսաստանի տխրահռչակ դերակատարությունը: Սակայն 2013-ի մայիսին դժվար էր պատկերացնել, թե պաշտոնական Երեւանը այնքան կառաջանա պատմական ճշմարտության ճանապարհին, որ մոտ մեկ ամիս անց Հայաստանի Գլխավոր դատախազը իրավաբանների մեծ լսարանի առջեւ կխոսի Սեւրի դաշնագրից, մասնավորապես շեշտելով, որ այն շարունակում է մնալ միջազգային իրավազոր փաստաթուղթ` առնվազն Հայաստանին վերաբերող մասով, քանի որ դաշնագրի` 1920-ին Վերսալյան վեհաժողովում ստորագրվելուց ի վեր, ստորագրող կողմերը այն երբեւէ չեն վերանայել եւ չեն վերացրել:

Հուլիսի 5. Ռուսաստանի հետ հարաբերություններում hայտնվող զիգզագներ

 

Այնպես պատահեց, որ Արքայազն Չարլզի այցը Հայաստան համընկավ ԱՊՀ երկրների գագաթաժողովի հետ, որ գումարվել էր Կենտրոնական Ասիայի երկրներից մեկում: Հայաստանի նախագահը չմեկնեց գագաթաժողով, Հայաստանում մասնակցեց Մայիսի 28-ի տոնակատարություններին, նաեւ ընդունեց Արքայազն Չարլզին: Առանձնակի ոչինչ չկար դրանում, սակայն հայաստանյան մամուլի եւ քաղաքականության բոլոր ռուսաֆիլները (ոչ այնքան ստվար, որքան աղմկոտ մի հանրություն) իմի եկան` մի կամ մյուս կերպ «բացատրելու», որ նախագահ Սարգսյանի` գագաթաժողովին չմասնակցելը հստակ հակա-ռուսական քայլ էր: Ռուսոֆիլները խոստանում էին Ռուսաստանի կոշտ արձագանքը, բայց շատ էին վրդովված՝ համոզիչ լինելու համար:

Ինչեւէ, մոտ երկու շաբաթ անց լրատվություն տարածվեց, որ Ռուսաստանը մոտ մեկ միլիարդ դոլարի ռազմավարական հարձակողական զինտեխնիկա է վաճառել Ադրբեջանին (վերջինս զինադադարի ռեժիմում է գտնվում Լեռնային Ղարաբաղի հետ, որը միջազգայնորեն չճանաչված, ինքնահռչակ հայկական պետություն է, պատերազմել եւ հաղթել է Ադրբեջանին 1990-94թթ.): Դժվար թե սա զենքի մատակարարման առաջին կամ վերջին գործարքն էր երկու պետությունների միջեւ, ուղղակի այս անգամ գործարքն իրականացվեց բացահայտ: Հայաստանի իշխանությունները հրապարակավ չարձագանքեցին նորությանը, բայց մոտ մեկ ամիս հետո ստացվեցին լուրեր, թե Հայաստանն ավելի կատարելագործված զենքեր է գնել Չինաստանից: Մինչդեռ լայն հասարակության արձագանքը Հայաստանում նույնքան հանդարտ չէր. հակառուսական տրամադրությունները սկսեցին գերիշխել սոցիալական ցանցերում, մամուլում, առօրյա խոսակցություններում` բացահայտելով ավելի ատելություն, քան այլ վերաբերմունք:

Զարմանալիորեն հուլիսի կեսերին Ռուսաստանում մի հայաստանցի վարորդ ավտովթարի պատճառ դարձավ: Նրա բեռնատարը բախվել էր մի քանի տասնյակ մարդկանց փոխադրող ավտոբուսի: Ուղեւորներից շատերը դժբախտաբար մահացել էին, ուրիշները ծանր վնասվածքներ էին ստացել, եւ վարորդն ինքը հոսպիտալացվել էր: Մի քանի օր անց հայաստանցի վարորդը հիվանդանոցից ուղիղ տարվել էր դատական նիստի` կանացի վերնազգեստով: Ընդամենը այս տեղեկությունը եւ այդ վերնազգեստով լուսանկարը ապշեցուցիչ հակազդեցություն առաջացրին Հայաստանում: Գրեթե մեկ շաբաթ, գուցե ավելի, քաղաքացիական ակտիվիստները ցույցեր էին անցկացնում ռուսական դեսպանատան առջեւ, մամուլում եւ հանրային սեկտորում ուղղակի ժայթքեցին վիրավորանքներն ու հայհոյանքները Ռուսաստանի հասցեին: Հայաստանի ԱԳՆ-ն խառնվեց վարորդի խնդրին, օմբուդսմենը մեկնեց Մոսկվա, այդուհանդերձ հանրային զայրույթը չէր մարում:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը նկատելիորեն շփոթված էր եւ ի վերջո հասավ նրան, որ թշնամական ուժերին մեղադրեց Հայաստանում հակառուսական տրամադրություններ հրահրելու մեջ: Այդ դիվանագետի բարեբախտությունն էր, որ սոցիոլոգ չէր, այլապես կընկալեր, որ Հայաստանում հակա-ռուսական զգացումները բավականին տարածված են, ոչինչ հատուկ հրահրելու կարիք չկա, ամեն պատահականություն էլ կարող է դրանք քողազերծել:

Այս բոլոր զարգացումները ակներեւ դարձրին հասարակական այն տրամադրություները, որ Ռուսաստանը չի կարող անտեսել: Բայց ամենից ուշագրավ շրջադարձը հայ-ռուսական հարաբերություններում անսպասելիորեն կատարվեց իշխանությունների կողմից: Սահմանադրության օրը, հուլիսի 5-ին, Հայաստանի Գլխավոր դատախազը պաշտոնապես խոսեց Սեւրի դաշնագրի եւ դրա շրջանակում հայության իրավունքների մասին: Սեւրի դաշնագրի եւ հայության իրավունքների թեմայի վերակենդանացումը չէր կարող չնշանակել նրանց դատապարտում, ովքեր արգելեցին դաշնագրի գործադրումը: Իսկ դա նախեւառաջ Ռուսաստանն էր: Անկախ նրանից Սեւրի դաշնագրի կարգավորումները այսօր կարող են քաղաքականությունում ինչ-որ բան նշանակել, թե ոչ, հենց միայն իմացությունը եւ բարձրաձայնումը այն ճշմարտության, որ վերջնահաշվում հավասարեցնում է ռուսներին եւ թուրքերին, անխուսափելիորեն տանում է հայ-ռուսական բարեկամության ստերեոտիպերի խորտակման:

Մի քանի օր անց Հայաստանը եւ Եվրամիությունը հայտարարեցին, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները հաջողությամբ ավարտվել են, եւ Հայաստանը պատրաստ է դրանց նախաստորագրմանը նոյեմբերին, Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովում:

Սեպտեմբերի 3. Հայաստանի շրջադարձի մասին հայտարարությունը Մոսկվայում

 

Օգոստոսի մեծ մասը ե՛ւ Հայաստանի նախագահը, ե՛ւ ԱԳ նախարարը կարծես արձակուրդում էին, իշխող «Հանրապետական» կուսակցության հետնապահներն էլ շաղակրատում էին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի մասին: Սակայն սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահը աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա եւ այնտեղ հայտարարեց Պուտինի Մաքսային միությանը միանալու Հայաստանի ցանկության մասին: Հանրության համար դա ասես ամպրոպ էր անամպ երկնքում:

Ամենքին հասկանալի է, որ Ռուսաստանը այդ հայտարարությանը հասել էր ճնշմամբ եւ շանտաժով: Բայց ռուսական մեթոդները նույնն են եղել հարյուրամյակներ… Հետեւաբար Ռուսաստանի վարքագիծը կարող է բացատրություն լինել, բայց ոչ` զարմանք հարուցել կամ արդարացում ծառայել: Դժվար է հավատալ, թե Հայաստանը կամ Եվրամիության ղեկավարները այնքան միամիտ են, որ չէին հաշվարկել Ռուսաստանի չարագործության հնարավորությունը, երբ առկա է Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտություն, եւ Ռուսաստանը ի զորու է դյուրությամբ ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:

Այդ հեռանկարը պետք է որ հստակ լիներ եւ աչքի առջեւ պահվեր բոլոր երեքեւկես տարիներին, երբ ընթանում էին «Ասոցացման համաձայնագրի» եւ «Խորը ու համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի» բանակցությունները: Հակա-քայլերը նույնպես պետք է որ դիտարկված լինեին:

Ամեն պարագայում, ճիշտ հաջորդ օրը Հայաստանը հայտարարեց, որ տարեվերջին Վիլնյուսում համաձայնագրերը ստորագրելը մնում է օրակարգում, եւ Եվրամիությունից եղավ պաշտոնական հաղորդագրություն. «Մենք սպասում ենք Հայաստանից ավելի հանգամանալից լսելու իրենց մտադրությունների մասին, եւ թե ինչպես են իրենք ցանկանում ապահովել համատեղելիությունը դրա (հեղ. Մաքսային միության) եւ Ասոցացման ու ԽՀԱԱՊ համաձայնագրերով նախատեսվող պարտավորությունների միջեւ: Խորհրդակցությունների ավարտից հետո մենք հետագա ընթացքի վերաբերյալ եզրահանգումներ կանենք: Ցանկանում ենք եւս մեկ անգամ ընդգծել, որ Ասոցացման համաձայնագիրը եւ ԽՀԱԱՊ-ն բոլորի համար օգտակար բարեփոխումների հիմք են, ոչ թե զրոյական արդյունքով խաղ, եւ կարող են համատեղվել ԱՊՀ երկրներում տնտեսական համագործակցության հետ»:

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի ԱԳ նախարարը մեկնեց Բրյուսել, այնուհետեւ Վիլնյուս` հանդիպելով ԵՄ Ընդլայնման հարցերով հանձնակատարին եւ նախագահող երկրի` Լիտվայի ԱԳ նախարարին: Ներկա դրությամբ ասվել է, որ Հայաստանի ներգրավվածությունը ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրում շարունակվելու է, Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ինտենսիվ խորհրդակցություններ են շարունակվելու ամբողջական պատկերը պարզելու եւ լուծումներ գտնելու համար: Սեպտեմբերի 11-13-ին Հանձնակատար Ֆյուլեն ժամանելու է Հայաստան` մասնակցելու Արեւելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը նախապատրաստելու է նոյեմբերի 28-29-ի Վիլնյուսյան գագաթաժողովը: Կարելի է հուսալ, որ Ֆյուլեի այցից հետո ավելին կիմացվի:

Ամեն դեպքում յուրաքանչյուրն էլ գիտակցում է, որ Ռուսաստանը խոչընդոտներ է ստեղծում ոչ թե լոկ Հայաստանի, այլ ընդհանրապես Արեւելյան գործընկերության համար` ջանալով բոլոր չորս երկրներին` Հայաստանին, Մոլդովային, Վրաստանին եւ Ուկրաինային ետ պահել Եվրամիության հետ ինտեգրումից: Մեթոդները, ճնշումները, հակազդեցությունները տարբեր են յուրաքանչյուրի դեպքում, բայց Ռուսաստանի հուսահատ ջանքերը հետաձգելու այս երկրների անկասելի ինտեգրումը ԵՄ-ի հետ, տեսանելի են ամենուր: Դրա համար էլ լավագույնը ընդհանուր պատասխանն է:

ԵՄ ԱԳ նախարարների սեպտեմբերի 7-ի հանդիպումից հետո տարածված հայտարարությունը եկավ հաստատելու ասվածը. «Անդամ պետությունները հայտնում են իրենց համերաշխությունը Արեւելյան գործընկերության ծրագրի երկրների հետ, որոնք ընտրել են եվրոպական ուղին, եւ լիովին զորակցում են նրանց: Ռուսաստանի ճնշումը Ուկրաինայի եւ Արեւելյան գործընկերության այլ երկրների հանդեպ աճելու է, հետեւաբար կարեւոր է այս խնդիրը պահել Եվրամիության օրակարգում: Մենք պետք է ուղիներ գտնենք աջակցելու, որ այդ երկրները դիմակայեն նման ճնշմանը»:

Մինչ այդ Հայաստանի քաղաքացիական ակտիվիստները ինչ-ինչ ուշագրավ ակցիաներ են կազմակերպում ՀՀ նախագահի նստավայրի եւ «Հանրապետական» կուսակցության գրասենյակի առջեւ` նախագահ Սարգսյանին կոչելով «չեբուրաշկա» (խորհրդային հայտնի մուլտիպլիկացիոն հերոս է) Մոսկվայում իր կատարած հայտարարությունների համար: Հուսանք, վերջինիս կհաջողվի ապացուցել, թե ինքն այդպիսին չէ:

Լուսինե Պետրոսյան

Աբյուր-http://libertasblogs.wordpress.com/2013/09/08/armenia-the-unexpected-revelations-of-the-long-summer-of-2013/


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: