ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան

24 օգոստոսի, 2018 | 10:01

Օգոստոսի 23-ին  Ծաղկաձորում տեղի ունեցավ «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, Սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր: «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը նախատեսված էր 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդներիհամարՕգոստոսի 10-ից մեկնարկած ծրագրին մասնակցել է սփյուռքի շուրջ 400 պատանի և երիտասարդ` աշխարհի 25 պետությունից։

Ներկաներին ողջունեցին նախ սփյուռքի նախարարը, ապա՝ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում մասնավորապես ասաց. «Քիչ առաջ հնչած «Երազ իմ երկիր հայրենի» արտահայտությունը շատ երգերում է հնչել, ընդ որում հետաքրքիրն այն է, որ մենք հայրենիքի մասին երազել ենք ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Հայաստանից դուրս: Ուզում եմ ասել հետևյալը, Հայաստանի Հանրապետությունում գտնվող հայերի համար այդ երազն արդեն իրականություն է, և եկել է մի դարաշրջան, որ սկսի այդ երազն իրականություն դառնալ նաև արտերկրում ապրող, ինչպես ընդունված է ասել՝ սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար: Ես ուզում եմ, որ դուք այստեղից տանեք ձեր միջավայրի, ձեր ծնողների և ձեր երեխաների Հայաստան վերադառնալու սերմը, Հայաստան վերադառնալու անհրաժեշտությունը, Հայաստան վերադառնալու գիտակցությունը, Հայաստան վերադառնալու սերը, Հայաստան վերադառնալու քաղաքացիությունը, որովհետև ես համարում եմ, որ յուրաքանչյուր հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, և պատիվ ունեմ ձեզ դիմել որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների: Մեր ավետյաց երկիրն իրականություն դարձնելու ժամանակը եկել է և շատ կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրի ընտանիքում ամեն օր խոսվի Հայաստան վերադառնալու գաղափարի և անհրաժեշտության մասին: Կրկին ցանկանում եմ կրկնել, եթե ոչ ձեր ծնողները, ապա գոնե դուք, եթե ոչ դուք, ապա գոնե ձեր երեխաները պետք է անպայման վերադառնան հայրենիք: Սփյուռքի նախարարն ասաց, որ Հայաստանը սիրելու հայրենիք է, Հայաստանը սիրելու երկիր է, բայց ես ուզում եմ ասել նաև, որ Հայաստանն ապրելու երկիր է, սա մի երկիր է, որտեղ պետք է ապրել, զարգանալ, ստեղծագործել, ուժեղանալ, հարստանալ և հարստացնել՝ գաղափարներով, սիրով, ապագայով, հզորությամբ: Եվ ես համոզված եմ, որ մենք այսօր, միմյանց աչքերի մեջ նայելով, միմյանց տեսնելով, միմյանց սիրելով, ավելի ենք հզորանում: Եվ ուրեմն, կեցցե′ ազատությունը, կեցցե′ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե′նք մենք և մեր երեխաները, որ ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»:

Ճամբարականներին ողջունեց նաև սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Նախարարը շնորհակալություն հայտնեց բոլոր աշխատակիցներին, գործընկեր կառույցներին, կամավորներին, որոնք օգնեցին իրականություն դարձնել «Քայլ դեպի տուն» ծրագիրը, որն աննախադեպ էր մասնակիցների թվով:  Մխիթար Հայրապետյանը համոզմունք հայտնեց, որ երեխաները հասցրել են սիրել հայրենիք-Հայաստանը: «Հայաստանը սիրելու երկիր է, ապրելու երկիր է, խենթանալու երկիր է: Համոզված եմ, որ  տուն կգնաք ու ձեր հասակակից հայրենակիցներին կպատմեք Հայաստանի մասին՝ իր իր գեղեցկությամբ, իր հարուստ մշակույթով ու պատմությամբ, իր հզոր ժառանգությամբ, նաև՝ իր մարտահրավերներվ, բայց հզոր բանակով, իր խնդիրներով, բայց հպարտ ժողովրդով: Վստահ եմ, որ հանդիպելու եմ ձեզ հետ Հայաստանում: Կտեսնվենք: Շնորհակալ եմ բոլորիդ», – հավելեց նախարարը:

Վերջում վարչապետը պատասխանեց երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանում արդարության հաստատմանը, օրենքի գերակայությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և այլն: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է: «Այսօր չկա մեկ մարդ, ով կարող է իրեն վեր դասել օրենքից, ով կարող է համարել, որ ինքը կարող է ունենալ ավելի շատ իրավունքներ, քան որևէ մեկը: Օրենքի առաջ բոլորի հավասարությունն անկյունաքարն է արդարության: Մեզ համար ամենակարևոր խնդիրը մարդկանց համար աշխատանքով զարգանալու, առաջընթաց ունենալու, բարեկեցության հասնելու պայմաններ ստեղծելն է: Եվ ամեն օրվա հետ, ամեն ժամվա հետ Հայաստանն ավելի արդար պետություն է դառնում, քան կար»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:

Պատասխանելով սփյուռքահայ երիտասարդներից մեկի հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանին չի վախեցնում, որ իր նկատմամբ հայ ժողովուրդն այդքան մեծ հավատով է լցված, վարչապետը նշեց. «Վերջերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իմ էջում տեղադրել էի մի հոդված, որը գրել եմ 2010 թվականին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի մենախցում գտնվելու ժամանակ, և այդ հոդվածը վերնագրված էր «Իմ վախը»: Այդ հոդվածը այն մասին էր, թե ինչից եմ ես վախենում: Այդ հոդվածում ես գրել եմ այն մասին, որ ես շատ եմ վախենում հիասթափեցնել մարդկանց. բայց սա վախ է, որը ոչ թե ստիպում է նահանջել կամ կծկվել, այլ վախ է, որը ստիպում է առաջ գնալ և ամեն օրվան, ամեն քայլին վերաբերվել առավել պատասխանատու»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր հոդվածը ավարտվում է հետևյալ կերպ. «Չվախենաք, չե՛մ հիասթափեցնի»:

Ծրագրի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին վարչապետին իրենց հանդիպելու և հարցերին պատասխանելու համար:


Առնչվող նյութեր
1. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2. Իշխան Թովմասյան. Մեկնելու եմ Հայաստան, այնտեղ շատ գործ կա անելու
3. Եվրոպայի ամենաերիտասարդ գործող նախարարը Հայաստանից է
4. Ներկայացվել է «Արի տուն» ծրագրի բարեփոխված տարբերակը՝ «Քայլ դեպի տուն» ծրագիրը /Օգոստոսի 10-24-ը/
5. Սփյուռքի նախարարը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ
6. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
7. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
8. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից
9. «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
10. Սփյուռքից դժգոհություններ են հայտնել Մանվել Գրիգորյանի ղեկավարած կառույցի հետ իրենց առնչությունների մասին. հայտնում է սփյուռքի նախարարությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: