ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 հոկտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանում Թուրքիայի մասին սխալ պատկերացում ունենք, իսկ Թուրքիայում՝ Հայաստանի

20 սեպտեմբերի, 2017 | 15:58

ՕՐԵՐ-ի հետ զրույցում Անկարա կատարած գիտակրթական այցի արդյունքներն է ամփոփում քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը

Հրանտ Դինք հիմնադրամի եւ Եվրամիության աջակցությամբ  քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը մոտ մեկ ամիս գտնվում էր Անկարայում, որտեղ հանդիպումներ եւ զրույցներ է ունեցել թրքական հասարակության ամենատարբեր խավերի հետ՝ դիվանագետներից մինչեւ հասարակական գործիչներ, պաշտոնյաներից, գիտնականներից  մինչեւ լրագրողներ։  Նա ստացել էր Անկարայի ,, Թեփավ,, վերլուծական կենտրոնում գիտահետազոտական աշխատանք կատարելու համար կրթաթոշակ։ Այս ծրագրի հիմնական նպատակն երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը նպաստելն է։ Հանրային դիվանագիտության այս մեծ նախագծում արդեն մի քանի տարի շարունակ մասնակցում են երկու երկրների  քաղաքացիական հասարակությունը ներկայացնող բազմաթիվ կազմակերպություններ։ Այդ ծրագրի շրջանակներում  նաեւ տեղի են ունենում գիտական ուսումնասիրություններ, փորձագետների այցեր, լրագրողների շփումներ եւ այլն։

Ո՞րն էր Անկարայում հանդիպումների հիմնական նպատակը։

-Նպատակ ունեի ներսից հասկանալ այսօրվա Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքականությունը, հասկանալ ինչ դինամիկա կա եւ որ ուղղությամբ է այն զարգանում։ Հատկապես 2015 թվականն էի հիմք վերցրել,  որը հայկական կողմի համար խորհրդանշական է՝ կապված ցեղասպանության 100 ամյակի հետ, եւ ուզում էի հասկանալ, թե ինչ փոփոխություններ են կատարվել Թուրքիայում 2015-ից հետո։ Ես ընտրել էի հարցազրույցների եւ փորձագիտական հանդիպումների մեթոդը։ Ինչ որ մարդիկ դա կարող են սուբյեկտիվ համարել, բայց հետեւել եմ եւ պաշտոնական լրահոսին, օգտվել եմ մի շարք բաց աղբյուրներից, վիկիլիքսի տվյալներից, համադրել եմ իմ ունեցած հանդիպումների հետ, որպեսզի պարզեմ, թե ինչպիսին է Թուրքիան այսօր։

– Ինչպիսի՞ն էր Անկարան, մայրաքաղաքային շունչը զգացվում էր։Արդյո՞ք քեզ հետեւում էին  կամ զգում էիր այլ անհարմարություններ։

– Այնքան էլ  չէ, Անկարան  շատ հանգիստ եվրոպական քաղաք է, լի պուրակներով, հրաշալի սրճարաններով և ռեստորաններով։  Ինձ թվում էր՝ չէին հետեւում, բայց միգուցե հեռակա կարգով հետեւում էին։ Չեմ կարող ասել։ Չեմ նկատել, որ որեւէ մեկը հետեւի ինձ կամ շենքի մոտ կանգնի։ Ինձ թվում է իրենք նման խնդիր չեն տեսնում եւ չեն հետեւում։ Չի բացառվում, որ տեխնիկան են վերահսկել, բայց դա չեմ կարող հաստատել։ Անկարայում պետական կառույցներ գնացի, իրենց սփյուռքի նախարարություն, հայերի գտա, որ հայերեն չեն խոսում, ադրբեջանցի դասախոսների հետ էլ շփվեցի։ Մոտիկից ծանոթացա մի շարք հեղինակավոր վերլուծական կենտրոնների աշխատանքներին, այցելեցի Անկարայում գտնվող բոլոր ԶԼՄ-ները, հանդիպեցի նախկին և ներկա դիվանագետների, փորձագետների, հասարակական կարծիք ձևավորողների և այլոց հետ, որոնք այս կամ այն կերպով առնչվում են հայկական հարցերին կամ ներգրավված են եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներում:

– Որքանո՞վ փոփոխվեց Թուրքիայի մասին քո պատկերացումները երեքշաբաթյա հանդիպումներից հետո, եւ ի՞նչ վիճակում  է հիմա  գտնվում Թուրքիայի քաղաքական վերնախավը։

– 2016 թվականի չստացված հեղաշրջման փորձից հետո ներքին լարվածությունը պահպանվում է։ Դա փողոցներում իհարկե չի զգացվում, բայց ընդհանուր ինստիտուցիոնալ լարվածությունը պահպանվում է։ Մարդիկ՝ հատկապես համալսարանականները, լրագրողները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, պետական պաշտոնյանները, զինվորակնները շատ ու շատ զգուշավոր են։ Եթե  պատկերավոր համեմատություն անեմ, ապա նմանվում է  Խորհրդային Միության երեսունական թվականներին: Շատերը վախենում են համարձակ խոսել, քանի որ կարող են աշխատանքից զրկվել, որեւէ քրեական գործի տակ ընկնել եւ կամ երկրից արտաքսվել։ Շատ հաճախ կազմվում են ցուցակներ, որոնցով մարդկանց ազատում են աշխատանքից, ձերբակալու են կամ արտաքսում են երկրից հուլիսյան հեղաշրջման հետ կապ ունենալու կամ աջակցելու, հաճախ շինծու, մեղադրանքներով: Բայց միեւնույն ժամանակ չեմ ուզում չափազանցնել, և չնայած այդ լարվածությանը, կյանքը շարունակվում է, մարդիկ առօյա հոգսերով են տարված։ Ճիշտ է տնտեսական խնդիրներ ևս կան Թուրքիայում, բայց այն վիճակը չէ, որ Հայաստանում հաճախ խոսում են, թե Թուրքիան ուր որ է կփլուզվի։ Այդպես չէ։ Իմ տպավորությունն այն է, որ այս վիճակը կշարունակվի մինչեւ 2019 թվականի նախագահական ընտրությունները։

– Այցի արդյունքում  որեւէ պատկերացում կարողացար կազմել՝ թրքական հասարակությունը աջակցում է ներկա վարչակարգին։

– Այո, իհարկե, այդ հարցը շոշափել եմ, եւ հատկապես բացասական է Էրդողանի նկատմամբ վերաբերմունքը։ Ոմանք նույնիսկ նրան բնորոշեցին որպես թուրքական Պուտին կամ Ալիեւ, այսինքն՝ դիկտատոր կամ ավտորիտար ռեժիմ ստեղծով։ Էրդողանը ցանկանում է ամբողջովին իր ձեռքում կենտրոնացնի ռազմական ու քաղաքական իշխանությունը և ապահովել իր հաղթանակը 2019-ի ընտրության ժամանակ։ Շատերն էին ասում, որ 2016-ից հետո Էրդողանը պարանոյիկ է դարձել։  Սա մեծ խնդիր է Թուրքիայի հասարակության առաջադեմ հատվածի համար, որն, իմիջիայլոց, բնավ էլ փոքրաթիվ չէ։

Իսկ Էրդողանին փոխարինող ուժ կամ անհատ երեւում է Թուրքիայում։

– Տարբեր կարծիքներ եմ լսել այդ մասին։ Ոմանց կարծիքով Էրդողանի 2019-ը կլինի կյանքի և մահվան պայքար, և Էրդողանը նախագահ կընտրվի անգամ կեղծարարության շնորհիվ։ Ոմանք էլ այն կարծիքին են, որ նրա վերընտրվելու հնարավորությունները շատ չեն, քանի որ վերջին սահմանադրական հանրաքվեի ժամանակ նա հազիվ կարողացավ ապահովել անհրաժեշտ ձայները։ Ասում են, որ կեղծիքների շնորհիվ նա կարողացավ 51 տոկոս ,,այո,, ապահովել։ Շատերի կարծիքով ինքը լուրջ խնդիրների է բախվելու, դրա համար է Էրդողանն այդպես նյարդային եւ անկախատեսելի դարձել։ Էրդողանը, ըստ տարբեր լուրերի, նույնիսկ նախագահական իր կեցավայրում, ամեն գիշեր փոխում  է ննջասենյակը, որպեսզի չիմանան, թե կոնկրետ որ սենյակում է գիծերելու, ււ մահափորձ չկատարեն։ Սրա մեջ որոշակի չափազանցություն կա, սակայն իմ կողմից արված 30-ից ավելի հարցազրույցների ժամանակ զգացվում էր այդ լարվածությունը։ Կա կարծիք, որ նա մինչեւ ընտրությունները կարող է համախմբել այն ուժերին, ովքեր իրեն կողմ պետք է քվեարկեն։ Ինքն ավելի պահպանողական ուժերի կողմն է բռնել, այդ թվում և՝ քրդերի, որպեսզի ստանա անհրաժեշտ քանակությամբ քվե։ Կհաջողի, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա: Էրդողանը պրագմատիկ և խորամանկ քաղաքական գործիչ է, կարողանում է ճիշտ հաշվել իր և իր հակառակոռդների հնարավորությունները և անել հետևություններ: Հնարավոր է, որ ընտրության նախաշեմին ակտիվանան Դավութօղլուն, Գյուլը, ինչպես նաև՝ կարող է առաջ քաշվեն նաև լրիվ նոր դերակատարներ:

Հայ համայնքի հետ կապված ի՞նչ նկատառումներ կան այնտեղ։ Թուրքերի վերաբերմունքը տեղի հայերի հանդեպ  կամ Կ.Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրության հետ կապված։

– Այս անգամ քանի որ Ստամբուլում չեղա, այնտեղ երկու տարի առաջ էի, հայ համայնքի հետ շատ չկարողացա շփվել։ Անկարայում հայ համայնք չկա, թեեւ մինչեւ 1915 թիվը հայերը այնտեղ կազմել են ընդհանուր բնակչության 1/3-ը։ Պատրիարքության հարցը միանշանակ չի, բարդ հարց է, եւ հայ համայնքի վերաբերմունքը պատրիարքության հարցում երկփեղկված է։ Ոմանք ասում են , որ պետք չէ, որ պատրիարքարանը քաղաքական դիրքորշում ունենա, մյուսների կարծիքով՝ պետք է ունենա։ Ըստ էության եկեղեցին միշտ էլ փորձել է այդ պահի իշխանությունների հետ արդյունավետ չեզոքություն պահել։

– Իսկ Հայաստանի նկատմամբ թուրքերի դիրքորոշման մեջ փոփոխություններ կա՞ն։

– Շատ թուրքերի մոտ կա այն զգացողությունը, որ Թուրքիան մի օր պետք է ընդունի իր սխալները եւ ազատվի անցյալի այդ ծանր բեռից։ Մյուս կողմից էլ աշխարհաքաղաքական բաղադրիչը նույնպես հանդիսանում է խոչընդոտ։ Նկատի ունեմ ե՛ւ Ադրբեջանի հետ սերտ հարաբերությունները, ե՛ւ քրդական հարցը, ե՛ւ սիրիական ճգնաժամը, ե՛ւ մի շարք այլ հարցեր: Դրանց էլ գումարվում է նաև սեփական պատմությունը իրապես տեսնելու կամքի բացակայությունը կամ վախը։ Թուրքիայում սերնունդները մեծացել են առանց ցեղասպանության դիսկուրսի։ Շատ-շատերը պատկերացում անգամ չունեն, թե ինչի մասին է խոսքը: Պատմությունից նրանք գիտեն, որ Օսմանյան կայսրության փլուզման և առաջին աշխարհամարտի համատեքստում խնդիրներ են եղել հայերի, հույների, հրեաների, ասորիների և այլոց հետ։ Այդուհանդերձ, հայ-թուրքական մերձեցման գործընթացը, որը հայտնի է նաև ֆուտբոլային դիվանագիտություն անվամբ (թեև համաձայն տարբեր աղբյուրների բանակցային գործընթացները սկիզբ են առել դեռևս 2000թ.-ից) բավականին փոխեց պատկերը դեպի դրականը՝ տնտեսական, առևտրային, մշակութային և այլն առումներով: Անգամ Ցեղասպանություն բառն այսօր այլևս թաբու չէ, թեև կան նաև սահմանափակող օրենքներ: Սակայն ամենամեծ խնդիրը այն է, թե հայերն ինչ են ուզում ցեղասպանության ճանաչում ասելով՝ փոխհատուցում են ուզում. ֆինանսական, նյութական, թե՝ այլ…. Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Հայաստանին առնչվող հարցերը չկան նույնիսկ կարեւոր հարցերի քսանյակում։ Հայաստանի հարաբերությունների հետ կապված, թե՛ մամուլից եւ թե՛ մեդիայի ներկայացուցիչների հետ շփումներից պարզեցի, /չհաշված 2015 թվի ապրիլի 24-ը/, որ շատ հազվադեպ են անդրադառնում Հայաստանին։ Գրում են միայն շատ բացառիկ դեպքերում՝ օրինակ Սասնա ծռերի ժամանակ են գրել։  Հայաստանի մասին  գրեթե ոչինչ չեն գրում, նույնը,  ի դեպ, նաև Վրաստանի մասով։ Ադրբեջանի մասին էլ  առանձնապես շատ չեն գրում։ Ընդհանրապես, Ադրբեջանով ոգեշնչվածություն չի նկատվում։ Հետաքրքիր է, որ Թուրքիա-Ադրբեջան վիզային ռեժիմ են պահպանում, այն դեպքում, երբ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը հանված է։ Ադրբեջանի հետ հարաբերություններում հավասարակաշռությունը պահպանում են։ Մենք պետք է այդ երկու երկիրը ոչ թե նույնացնեք, այլ՝ տարբերականեք։ Իրականության մեջ Ադրբեջանն իրենց համար նախկին Խորհրդային  պետություն է, որ հետ է մնում  ներկա ժամանակներից և համարվում է ԿԳԲ-ական նախագիծ, իսկ Ռուսաստանի հետ Ադրբեջանի սերտ հարաբերություններն իրենց համար անընդունելի են և մտահոգիչ։

Թուրքիան մեր հարեւանն է եւ մենք պետք է իրականում ճանաչենք այդ պետությունը, քանի որ առնվազն 600 տարի մեր պապերը եղել են այդ կայսրության քաղաքացիներ, եւ պետք է հասկանանք, ինչպես են ապրել, ինչ ժառանգություն են ունեցել, ինչ հարաբերություններ են ունեցել կենտրոնական իշխանության հետ: Մենք գիտենք միայն այն, ինչ փոխանցել են խորհրդային տարիների, և մի փոքր էլ մեր ժամանակի գրքերը և դասագրքերը: Բայց դրանք ներկայացրել են մեծ պատմության միայն շատ փոքր, և ֆիլտրված հատվածը: Շատ կարևոր է նաև իրապես հասկանալ, թե ինչո՞ւ կայսրությունը ցեղասպանեց սեփական քաղաքացիներին: Եղած բացատրությունները լիարժեք չեն:

Թուրքերն այսօրվա Հայաստանի մասին շատ քիչ գիտեն։ Հաճախ նույնիսկ Հայաստանի տեղը չգիտեն։ Թուրքիայի ներսում մարտահրավերներ կան կապաված քրդերի, տնտեսական ճգնաժամի, սիրիական փախստականների, Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-ԵՄ և մի շարք այլ հարցերում՝ հետին պլան մղելով Հայաստանի հետ հարաբերությունների հարցը: Կարծում եմ, որ այս պահին չկա նաև փակ դիվանագիտություն, ինչպես՝ 2000-ականների սկզբներին և հատկապես՝ 2008-2009 ժամանակահատվածում։ Հայաստանում շատ է խոսվում նաև Թուրքիայում իսլամական տրամադրությունների կտրուկ աճի մասին: Թեև Թուրքիայի ներսում սա ավելի շատ տեխնիկական կամ մշակությային բնույթ է կրում, քան՝ գաղափարային և կրոնական, սակայն այդ դեպքում ուրեմն Հայաստանը պետք է ավելի շատ մտահոգվի անհամեմատ ավելի տոտալ Իսլամ դավանող Իրանից, որն անթաքույց նաև աջակցում է մի շարք ահաբեկչական կառույցների:

– Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքն ինչպիսի՞ն է։  

– Նրանք ասում են, որ Ադրբեջանը լիակատար ռուսամետ երկիր է, և իրենք փորձում են հասկանալ Ադրբեջանի հարաբերությունները, բայց միևնույն ժամանակ չեն ուզում գերի լինել Ադրբեջանի քաղաքականությանը: Ուստի համարում են, որ ավելի նպատակահարմար կլիներ, եթե Հայաստանն ու Թուրքիան բանակցեին առանձին, առանց երրորդ երկրի շահերը հաշվի առնելու Ես էլ հակադարձում էի, ասելով, որ նման փորձ արդեն արվեց 2009-ին, սակայն հենց թուրքական կողմը հրաժարվեց ստորագրեց արձանագրությունները, ինչին ի պատասխան՝ ասում էին, որ դրանց դեմ էր անձամբ Էրդողանը։ Գյուլը և այլոք ավելի կողմնակից էին սահմանների բացմանը։ Իրենք օգտագործեցին ղարաբաղյան գործոնը այդ գործընթացը վիժեցնելու համար։  Իմիջիայլոց, Հայաստանին նույնպես դիտարկում են իբրեւ պրոռուսական երկիր։ Մեկը նույնիսկ ինձ ասաց, որ իրենք նայում են Հայաստանին եւ տեսնում են Ռուսաստանը։ Հետո Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ դա մեծ անդունդ է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ։ 1992 թվականից սկսած Թուրքիան երբեք չի արգելափակել Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունը, քանի որ դա ռուսական ազդեցությունը թուլացնելու ևս մի հավելյալ փորձ է։ Իհարկե, Հայաստանում դա դիտարկում են որպես Հայաստանին Ռուսաստանից կտրելու և վրան հարձակվելու ցանկություն: Սակայն կարծում եմ, որ դա չի համապատասխանում իրականությանը: Իսկ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններն ընդամենն աշխարհաքաղաքական շատ սառը հաշվարկի արդյունք են։

– Վերջին շրջանում կրկին սրվել են հարաբերությունները Եվրամիության հետ, ԵՄ անդամ երկների մի մասը նույնիսկ կոշտ հայտարարություններ արեց։ Եվրոպայի հետ հարաբերությունների հետ կապված ի՞նչ կարծիքներ կան։

– Եվրոպացները ուզում են ավելի կանխատեսելի Թուրքիա տեսնել, բայց Էրդողանի անձը չափազանց բացասական դեր ունի այս հարաբերություններում, եւ եվրոպացիների պայքարը Էրդողանի անձի ու նրա մեթոդների դեմ է։ Այժմ լրջորեն հասունանում է թուրք- գերմանական ճգնաժամը՝ Մերկելի եւ Էրդողանի միջեւ, եւ այդ լարվածությունը փոխանցվում է նաեւ ԵՄ հետ ընդհանուր հարաբերություններին։ Փախստականները լուրջ խնդիր են Թուրքիայի համար եւ մարդիկ իրոք դժգոհ են դրանից, իսկ Էրդողանի համար  կարեւորը 2019-ի նախագահական ընտրություններն են, մնացածն իր համար ածանցյալ են։ Նա այժմ միայն մտածում է ներսում իր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։

 

Զրույցը վարեց

Հ.Ասատրյանը

Պրահա

Orer.eu

 

 


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը
2. Երեւանում բացվեց ՀՀ ժողովրդական արտիստ Ներսես Հովհաննիսյանի հուշատախտակը
3. Երեւանում օծվել է ռուսական եկեղեցին
4. Հայաստան – Եվրոպայի խորհուրդ գործողությունների 2015-2018թթ. ծրագիրը քննարկվել է Ստրասբուրգում
5. Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարությունների միջև
6. Հանդիսություն Ակնալճի եզդիական սրբատեղիում, ուր կառուցվում է Տաուսե Մալակի տաճարը
7. «Սենատ» համահայկական իրավաքաղաքական կառույց ստեղծելու գործընթացը սկսված է
8. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Նյու Յորքում
9. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը շնորհավորել է Հայաստանի անկախության օրը
10. Հռոմի Սբ. Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում նշվեց Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև կապերի 25-ամյակը

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: