ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանում ԵՄ երկրների վիզա ստանալը դյուրացել է. մոնիտորինգ

28 հոկտեմբերի, 2014 | 14:46

eu armeniaԵրեւան: Մեդիամաքս: 2014թ. հունվարի 1-ից՝ Եվրամիության եւ Հայաստանի միջեւ մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիների համար ԵՄ անդամ երկրների վիզա ստանալու գործընթացը ավելի պարզ եւ կարճատեւ է դարձել:

Այս մասին են վկայում Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի եւ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության անցկացրած մոնիտորինգի արդյունքները, որոնք ներկայացվել են այսօր Երեւանում:

Հաշվետվության հեղինակ Նիկոլայ Իսրայելյանն ասել է, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կատարվել են հիմնական 3 փոփոխությունները.

1. ավելի դյուրին է դարձել վիզա ստանալու կարգը, պակաս թվով փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել;

2. Շենգենյան վիզան ավելի էժան է դարձել. նախկին 60 եվրոյի դիմաց այժմ ՀՀ քաղաքացիները վճարում են 35 եվրո;

3. արագացել է վիզայի տրամադրման որոշման ընդունումը՝ 10 օրում:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան ասել է, որ Եվրամիությունը կարեւորում է համաձայնագրի իրականացման ընթացքի մոնիտորինգը եւ այս հարցում հատուկ ընդգծել է քաղաքացիական հասարակության դերը:

«Քանի որ համաձայնագիրն ուժի մեջ է մտել միայն մի քանի ամիս առաջ, այս հաշվետվությունը հնարավորություն է տալիս առաջնային պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես է իրականացվում այս համաձայնագիրը, եւ ուրվագծել այն մարտահրավերները, որոնք ապագայում հավելյալ ուշադրության կարիք կզգան»,- ասել է Տրայան Հրիստեան:

Հաշվետվության պատրաստման նպատակով կատարվել է Հայաստանում գործող ԵՄ անդամ պետությունների (Գերմանիա, Լեհաստան, Ֆրանսիա, Իտալիա, Լիտվա, Հունաստան) դիվանագիտական առաքելությունների եւ հյուպատոսական հիմնարկների, ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիայի պետական ծառայության աշխատանքի ուսումնասիրություն: Ուսումնասիրվել են այդ երկրների հյուպատոսական բաժինների պաշտոնական կայքերը՝ հասկանալու, թե որքանով են դրանք մատչելի տեղեկատվություն տրամադրում ՀՀ քաղաքացիներին:

Հաշվետվության մեջ ներկայացված են հյուպատոսական հիմնարկներին ուղարկված հարցումների պատասխանները, համաձայն որոնց այս տարվա հունվարից Հայաստանում Լեհաստանի դեսպանությունում վիզա տրամադրելու մերժումները կազմել են դիմումների ընդհանուր թվի մոտ 14%-ը (տրվել է 407 վիզա, մերժվել՝ 59-ը), Իտալիայի դեսպանությունում՝ 7%-ը (տրվել է 1867 վիզա, մերժվել՝ 135-ը), իսկ Գերմանիայի դեսպանությունում՝ շուրջ 10%-ը:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ 2012թ. դեկտեմբերի 17-ին Հայաստանն ու ԵՄ-ն Բրյուսելում ստորագրել են մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագիր: 2013թ. հոկտեմբերի 9-ին Եվրոպական խորհրդարանը հավանություն տվեց այդ համաձայնագրին, որը հստակ սահմանում է քաղաքացիների այն խմբերը, որոնք Շենգենյան վիզա կարող են ստանալ պարզեցված կարգով: Դրանք են` ՀՀ պետական պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները, ԵՄ երկրներում մերձավորներ ունեցող անձինք, ուսանողները, կրթական, ակադեմիական, մշակութային, գիտական, բուժման նպատակով ԵՄ այցելողներն ու նրանց ուղեկցողները, լրագրողները, միջազգային մարզական միջոցառումների մասնակիցները եւ նրանց ուղեկցողները, ԵՄ երկրներում գործող հայկական սփյուռքի կազմակերպություններից հրավեր ստացած անձինք, եւ այլն:

ՄԵԴԻԱՄԱՔՍ


Առնչվող նյութեր
1. Եվրամիություն.Մնացականյան-Մորեգինի հանդիպում, համատեղ հայտարարություն. ավելի քան 160 մլն եվրո՝ 2017-2021 թվականների համար
2. Արտգործնախարարը Բրյուսելում քննարկեց ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հարցը
3. Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին Հայաստան – Եվրոպական միություն գործընկերության առաջահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը
4. Նախաստորագրվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին Համաձայնագիրը
5. Ստորագրվեց Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստան ընդլայնման փաստաթուղթը
6. Եվրոպական Միությունը ողջունել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը
7. Հայաստան – Եվրոպայի խորհուրդ գործողությունների 2015-2018թթ. ծրագիրը քննարկվել է Ստրասբուրգում
8. Հավակնոտ համաձայնագիր, որ կստորագրվի նոյեմբերին. Լուկ Պիեռ Դեվինի բացառիկ հարցազրույցը
9. Եւրոպական միութիւնը 20 միլիոն եւրօ պիտի յատկացնէ Հայաստանի կրթական ոլորտին
10. ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: