ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Հայաստանն ինձ համար էներգետիկ աղբյուր է,,. Գեւորգ Ջորջ Քասսաբյանի ցուցահանդեսը Բեռլինում

28 հոկտեմբերի, 2016 | 23:15

gevorg-kassabianԲԵՌԼԻՆ. Հոկտեմբերի 28-ին Բեռլինի InteriorDAsein ցուցասրահում բացվեց  քանդակագործ եւ նկարիչ, ինժեներ եւ հոգեբան  Գեւորգ Ջորջ Քասսաբյանի անհատական ցուցահանդեսը։ Այն կգործի մինչեւ նոյեմբերի 6-ը։

Բեռլինում բացված ցուցահանդեսը կոչվում է ,,Ընտրված դիտարկումներ,,։  Ցուցադրվում  են 55 գրաֆիկական աշխատանքներ, որոնք երբեք չեն ցուցադրվել եւ ներկայացվում են արվեստագետի հայկական փորագրության, զարդանախշերի գծանկարները, նաեւ իր քանդակների 15 լուսանկարները, ինչպես նաեւ երկու տեսաֆիլմ եւ վերջին տասնամյակների աշխատանքների լուսանկարային տեսաշարը։

 Պարոն Քասսաբյանը սիրով համաձայնեց պատասխաենլ ՕՐԵՐ եվրոպական ամսագրի հարցերին։

Կենսագրական տեղեկանք

Գեւորգ Ջորջ Քասսաբյանը ծնվել է Հալեպում, սովորել է տեղի ՀԲԸՄ Լազարյան Նաջարյան,այնուհետեւ Գալուստ Գյուլբենկյան վարժարաններում։ 1967 թվականին Կանադայում ավարտել է Բրիտանական ինստիտուտի ճարտարագիտական բաժինը՝ ստանալով ինքնաթիռների մեխանիկ-ինժեների որակավորում, 1969 թվականին՝ Տորոնտոյի համալսարանի համակարգչային ծրագրավորման բաժինը՝ համակարգիչների դիզայներ մասնագիտությամբ, իսկ արդեն 1973-ին՝ Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի գեղարվեստի բաժինը, ուր ուսանել է արվեստ եւ հոգեբանություն։ 1977-81 թվականներին աշխատել է մի շարք ընկերություններում իբրեւ սեփականատեր կամ  գործադիր տնօրեն։ Կանադայում առաջին ցուցադրությունն ունեցել է 1973 թվականին, իսկ Հայաստանում՝ 2004-ին։ 1999-ից ընտանիքով տեղափոխվել է Հայաստան։

 kevork-openingkassabian

-Ինչպե՞ս եք համատեղում արվեստն ու տեխնիկան։ Արվեստի իմացությունն է օգնում տեխնիկական աշխատանքում, թե տեխնիկայի իմացությունը օգտագործում եք արվեստում։

– Վերջինը։ Տեխնիկական գիտակցությունը շատ է օգնում։ Ինձ համար նյութը շատ կարեւոր է եւ այդ առումով ես մինիմալիստ եմ։ Շատ եմ սիրում աշխատել պղնձի, տիտանի, մոլիբդենի հետ։ Ես քանդակին արծաթի կամ մարգարիտի փոշի եմ խառնում, որ հետաքրքիր գույն ստանամ։ Սովորական գույներն ինձ չեն բավարարում։ Ինձ համար կարեւորը գիտակցությունն է։  Իսկ կանադական շարքի աշխատանքներն իրենց մեջ պարունակում են նման նյութեր։ Շատ եմ սիրում ժամանակակից նյութեր, եւ օրինակ ապակեպատ աշխատանքներում օգտագործում եմ նաեւ ապակաթել։

-Այդ դեպքում ցանկություն ունենում ե՞ք ձեր քանդակը նաեւ նկարի վերածել կամ նկարը քանդակել։

-Նկարում եմ քանդակներ, որոնք մտածված են, բայց միայն պատկերացված են, իրականում դրանք չեմ ստեղծել։ Ես միշտ ինժեներական աչքով եմ նայում արվեստի գործերին։ Զգացական կամ ռոմանտիկ գրականության աչքով չեմ  նայում։ Հակառակը, ամեն ինչ ինձ համար երկրաչափական ձեւերի մեջ է, ամեն ինչ պարզեցված է։ 1973 թվականին Կանադայի վերացական քանդակի առաջին 5 վարպետներից մեկն էի համարվում։ Միշտ մինիմալ միջոցներ եմ փնտրում։ Քանի որ նախընտրում եմ ավանգարդը, միշտ ինչ որ նորություն եմ մտցնում իմ քանդակների մեջ։ Դրանք ամբողջությամբ լցված չեն, դրանք կեղեւապատ են։ Այսինքն ցանկանում եմ ցույց տալ ոչ միայն մարմնի դուրսը, այլեւ ներսը, թե մենք ինչպիսին ենք ներսից։ Ինձ այս հարցում օգնում է չինական փիլիսոփայությունը։ Սեւի եւ սպիտակի, լույսի եւ խավարի հակադրությունն եմ ցույց տալիս։ Կամ ասենք մի այլ քանդակում կանացի մարմնի էությունը ոչ թե ինձ համար էրոտիկ նշանակություն ունի, այլ իբրեւ էներգիայի աղբյուր։ Կանայք տիեզերքից հավաքում են էներգիա եւ մեզ են փոխանցում իրենց կրծքի միջոցով։ Կուրծքը դա մարդկության համար էներգիայի աղբյուր է, լինի դա մարդ, թե  կենդանի։

kevork-kassabian-3

-Արդեն որոշակի հաջողություններ ունենալով Կանադայում, ինչո՞ւ որոշեցիք թողնել եւ տեղափոխվել Հայաստան։ Ի՞նչ կարեւոր բան կատարվեց ձեր կյանքում, որ նման որոշում կայացրիք։

– Նախ ուզեցի տասը եւ տասնչորս տարեկան երեխաներս լավ հայերեն սովորեն եւ հայ ընկերներ ունենան։ Այդ իսկ պատճառով 1999 թվականին ընտանիքով տեղափոխվեցինք Հայաստան։ 7 տարի այնտեղ մնալուց հետո, 2006ին  վերադարձանք Կանադա, որպեսզի երեխաները բարձրակարգ համալսարանում սովորեն։ Աղջիկս Հայաստանում համալսարանում ուսանեց 2004-2006 թվականներին,  սակայն նորմալ  ուսում չկարողացավ ստանալ։ Դրա համար որոշեցի, որ երեխաները պետք է լավ ուսում ստանան եւ կրկին տեղափոխվեցինք Կանադա։ Իմ կարծիքով, իրենց ապագան կախված էր այդ ուսումից։ Այդ ընթացքում ամեն տարի  շարունակում էի Հայաստան գալ, 3-4 ամիս մնում էի, ստեղծագործում։

Մեր ժամանակներում, երբ Արեւմուտքում ամեն ինչ խիստ զարգացավ,  առաջին պլան մղվեց էլեկտրոնիկան, իսկ մարդկային հարաբերությունները սառեցին, ես զգում էի Հայաստանի կարիքը, մարդկային շփումների անհրաժեշտությունը։ Դրա համար նախընտրեցի Հայաստան վերադառանալ եւ զգալ մարդկային տաքությունը։ Ինձ համար տարբեր էներգետիկայի աղբյուր է Հայաստանը։ Հիմա արդեն հիմնականում Հայաստան եմ մնում, իսկ ընտանիքս՝ Կանադայում։

– Հայաստան գալով, Ձեր ստեղծագործական ուղղությունը փոփոխություն կրե՞ց։

-Այն, ինչ որ ես ներկայացնում եմ իմ վերջին գործերում, դա մարդկային հարաբերությունների եւ զգացմունքների արդյունքն է։ Մինչ այդ աշխատանքներս մինիմալ էին եւ մարդկային զգացմունքներից զերծ։ Բայց այն, ինչ որ անում եմ Հայաստանում վերջին երկու տարիներին, ավելի մարդկային են եւ հասարակական կառույցի հետ են կապված։ Մարդկային տիեզերքն է դրա հետ կապված։

Հայաստանի աշխատանքներս ցուցադրում եմ Երեւանի իմ ստուդիայում են, իսկ այն ինչ որ ստեղծել եմ Կանադայում, ցուցադրվում են այնտեղ։

kevork-kassabian-nakrner-2

– ԾՆված լինելով Հալեպում, բնականաբար կրում եք նաեւ արաբական մշակույթի եւ Սիրիայի շունչը։  Արդեն 5 տարուց ավելի է Սիրիան կրակների մեջ է։ Այն ազդում է ձեր արվեստի վրա։

– Իմ արվեստի վրա չի անդրադառնում, քանի որ ես մինիմալիզմով եմ առաջնորդվում, ու թեեւ քաղաքականությունը շատ լավ հասկանում եմ, բայց նման բաներից հեռու եմ։ Ես անհանգիստ եմ ոչ միայն Սիրիայի, այլեւ աշխարհի ցանկացած տեղ որեւէ անհատի իրավունքների ոտնահարման ժամանակ։ Ես չեմ կարծում, որ մի անհատ մյուսից բարձր է։ Տիեզերքը բոլորի համար նույնն է։ Այս հարցում Քվանտային ֆիզիկան այսօր մեզ համար ամենակարեւոր ուղենիշն է։

  • Բեռլինում բացված ցուցահանդեսով ի՞նչ եք ուզում ներկայացնել գերմանացի արվեստասերներին։
  • Նախ ինձ համար մեծ պատիվ է Արչի Գալենցի պատկերասրահում ցուցադրվելը։ Բացի այդ նախկինում ես շատ եմ ցուցադրվել Գերմանիայում։ Ես արդյունաբերությամբ եմ զբաղվել 1980-1990 թվականներին, եւ ծանոթ եմ Բասֆ ընկերությանը, աշխատել եմ նրանց հետ, ինչպես նաեւ այլ մեծ ընկերությունների հետ կապի մեջ էի։ Բեռլինում չէի եղել, քանի որ ժամանակին այս քաղաքի իրավունքները կիսված էին, ուզում էի նաեւ այստեղի մշակույթին ծանոթանալ, Արեւեքի եւ Արեւմուտքի հարաբերությունները տեսնել, նոր մարդկանց հետ ծանոթանալ եւ նրանց էներգիան վերցնել։

kevork-kassabian-nakrner

  • Մեկ հարց եմ տալիս նաեւ Բեռլինի InteriorDAsein  ցուցասրահի տնօրեն եւ համակարգող Արչի Գալենցին, թե ինչո՞ւ որոշեց ներկայացնել  Գեւորգ Ջորջ Քասսաբյանին։
  • Նախ ասեմ, որ իմ գողտրիկ տարածքը ոչ միայն գերմանական հասարկությանն է ցույց տալիս ժամանակաից արվեստի նվաճումները, այլ նաեւ հայ մշակույթով հետաքրքրվող մարդկանց։ Անցյալ տարի Եղեռնի 100-ամյակի կապակցույթամբ այստեղ ցուցահանդեսներ չարվեցին, այլ փոխարենը մասնակցեցինք Բեռլինի եւ Ստամբուլի ցուցահանդեսներին։ Նաեւ իմ տարածքը կարեւոր կենտրոն է դարձել գերմանական ժամանակակից արվեստի նմուշներ հավաքելու եւ ցույց տալու համար։ Գեւորգի Դյուսելդորֆ գալն առիթ հանդիսացավ, որպեսզի նրա աշխատանքները ցուցադրենք նաեւ Բեռլինում։ Նրա արվեստը ֆենոմեն է,քանի որ նա զբաղված է ոչ միայն արվեստ արտադրելով եւ վաճառելով,այլ ունեցել է ֆինանսական հենակետ եւ աշխատանք, իսկ արվեստը նրա համար դարձել է մաքուր ստեղծագործության դաշտ, այլ ոչ թե գումար վաստակելու կամ ամբիցիաները բավարարելու միջոց։ Գեւորգի գործերն առաջին անգամ տեսել եմ 2010 թվականին ժամանակակից արվեստի թանգարանում, հետագա տարիներին տարբեր առիթներով հանդիպել ենք, ինչպես եղավ անցյալ տարի, երբ միասին մեկնեցինք  Գյումիրի եւ ծանոթացանք տեղի արվեստագետների հետ։ Այնպես որ, սա միայն Գեւորգի հետ համագործակցության սկիզբն է։ Հուսամ շատերին կհետաքրքրեն նրա աշխատանքները, եւ մինչեւ նոյեմբերի 6-ը կարող են գալ եւ ծանոթանալ նրա արվեստի հետ։

Հակոբ Ասատրյան

Պրահա

ՕՐԵՐ ամսագիր

Ստորեւ՝ տարբեր տարիների ցուցահանդեսներից որոշ աշխատանքների պատկերներ։

kevork-works-1 kevork-works2 kevork-works3 kevork-works5 kevorks-works4


Առնչվող նյութեր
1. Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
2. Ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին
3. Լիլիթ Տոնականյանի անհատական ցուցահանդեսը Նկարիչների միությունում
4. Միքայել Օհանջանյանի նոր հաղթանակը Իտալիայում. գլխավոր մրցանակ Ֆլորենցիայի մրցույթում
5. Արման Վահանյանի «Տեսողական գոյացություններ» խորագրով ցուցահանդեսը գերմանական Ֆրայբուրգում
6. Ապրիլի 12-ից Արաքսյա Ղազարյանի ցուցահանդեսը Պրահայում
7. Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրությունը Գաֆէսճեան կենտրոնում
8. Նվարդ Զարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես Երեւանում
9. ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին նվիրված հատուկ քննարկում Բեռլինում
10. Լիլիթ Սողոմոնյանը նկարչության միջոցով զգացմունքներ է արթնացնում. Պրահայի ցուցահանդեսի արձագանքները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: