ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հայաստանի 2017-ի ընտրությունը».ընդդիմության միավորումը անհրաժեշտություն է

24 հոկտեմբերի, 2016 | 15:44

ani-center-conf-3Հոկտեմբերի 22-ին Գյումրիում կայացավ «Հայաստանի 2017-ի ընտրությունը.Հայացք ներսից և Սփյուռքից» խորագրով մեկօրյա խորհրդաժողով՝ նվիրված գարնանը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այն կազմակերպել էր Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը:

2017-ի ապրիլին Հայաստանում կայանալու են խորհրդարանական ընտրություններ, որոնք առաջինն են 2015-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո: Ելույթ ունեցողները և խորհրդաժողովին ներկա մյուս մասնակիցները փորձեցին պատասխաններ գտնել օրակարգային հարցերին, մասնավորապես՝ հնարավոր է՞ Հայաստանում անցկացնել ազատ և թափանցիկ ընտրություններ և եթե այո, ապա ի՞նչ քայլեր պետք է գործադրվեն այդ ուղղությամբ, որո՞նք են խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս կազմակերպել արդար քվեարկություն, ո՞րն է Սփյուռքի դերակատարությունը և ունի՞ Սփյուռքը հանձնառություն Հայաստանի ներքաղաքական կյանքում, ինչքանո՞վ է ուսանելի Վրաստանի՝ համեմատաբար ազատ ընտրություններ անցկացնելու փորձը, կարող է՞ ընդդիմությունը միավորվել, ի՞նչ գործոններ են խանգարում միավորմանը: Եվ վերջապես՝ Հայաստանում հնարավոր է՞ իշխանափոխություն սահմանադրական՝ ընտրությունների ճանապարհով, իսկ եթե ոչ, ապա որն է ելքը «փակ շղթայից» և Ի՞ՆՉ ԱՆԵԼ:

 

Բացելով խորհրդաժողովը՝ լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ և ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը ներկայացրեց Հայաստանում համապետական ընտրությունների պատմությունը 1990-ից ի վեր: Նա ընդհանուր գծերով, համառոտ պատմեց անկախությունից ի վեր Հայաստանում անցկացված խորհրդարանական 6, նախագահական 6 և Սահմանադրության ընդունման կամ փոփոխման 3 քվեարկությունների առանձնահատկությունները և թե ինչպես են դրանք մնացել փորձագետների և քաղաքականապես ակտիվ հանրության հիշողության մեջ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանըներկայացրեց խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս կազմակերպել արդար քվեարկություն: Նա նշեց, որ առկա են բազմաթիվ խոչընդոտներ, սակայն չպետք է բացառել արդար քվեարկության հնարավորությունը: Թանդիլյանը ներկայացրեց կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումները: Նա հատկապես կարևորեց գաղափարական, ընդդիմադիր ուժերի միավորումը 2017-ի ընտրություններից առաջ:

 

Իւան Արտհալջեանը իր ելույթում հատկապես կարևորեց անհատների դերը: Նա ներկայացրեց մի շարք մարդկանց, ովքեր իրենց գործունեությամբ ճեղքում են կատարել և պատմություն կերտել: 2015-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ Արտհալջեանը եղել էր դիտորդ: Այդ ընտրատեղամասում ՈՉ-ը հաղթել էր, սակայն կեղծարարության պատճառով արդյունքերը փոխվել էին հօգուտ ԱՅՈ-ի: Արտհալջեանը բացահայտեց այդ կեղծարարությունը և հրապարակայնացրեց, թեև և՛ ինքը, և՛ իր կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, ջատագովն էին ԱՅՈ-ի:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահԼենա Նազարյանը խոսեց այն մասին, թե ինչ դեր ունեն տեղական ինքնակառավարման ընտրությունները համապետական փոփոխությունների համատեքստում: Նա նշեց, որ մի շարք գործոններ, այդ թվում ֆինանսական ռեսուրսների պակասը, հնարավորություն չեն տալիս ընդդիմությանը լիարժեք կերպով մասնակցել տեղական ընտրություններին: Բացի այդ, մարզերում հեշտ չէ գտնել մարդկանց, ովքեր որպես ընդդիմության թեկնածուներ կմասնակցեն ընտրություններին: Այդ պատճառով նաև տեղական ընտրություններում հիմնականում հաղթում են ՀՀԿ-ականները կամ անկուսակցականները, ովքեր ընտրվելուց հետո դառնում են ՀՀԿ-ական:

ani-center-conf1«Թրանսփարենսի ինթերնեյշնըլ»-ից Արմեն Գրիգորյանը խոսեց 2017-ի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելության դերի մասին, նշելով, որ իրենց կազմակերպությունը և Քաղաքացի դիտորդը միասին նախատեսում են ունենալ շուրջ 4 հազար դիտորդ: Գրիգորյանը ասաց, որ Հայաստանում ժողովրդավարությունը այլընտրանք չունի: Եթե Հայաստանում ժողովրդավարություն լիներ, ապա Սասնա ծռեր չէինք ունենա: Գրիգորյանը ընդգծեց, որ եթե հարևան Վրաստանում Սասնա ծռերի դուռը փակվել է, ապա նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին:

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանըներկայացրեց Արցախյան ընտրական գործընթացների քառորդդարյա փորձի առանձնահատկությունները: Բաղդասարյանն ասաց, որ Արցախում ընտրությունները լինում են ազատ, բայց ոչ արդար, քանի որ ադմինիստրատիվ ռեսուրսը կատարում է իր սև գործը: Բաղդասարյանը մանրամասներ ներկայացրեց 1990-ական թթ. Արցախյան ընտրությունների պատմությունից, մասնավորապես, թե ինչպես էր Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմը աջակցում Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին՝ ընդդեմ օրինական, ընտրությունների ճանապարհով Արցախում իշխանության եկած ՀՅԴ-ի:

 

Վրաստանի «Ալիք մեդիա» հայալեզու լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ներկայացրեց «Վրաստանի ազգային փոքրամասնությունները և 2016-ի խորհրդարանական ընտրությունները» զեկույցը՝ համառոտ ակնարկ կատարելով նաև 1990-ից ի վեր Վրաստանի համապետական ընտրությունների պատմությանը՝ Զվիադ Գամսախուրդիայի, Էդվարդ Շևարդնաձեի, Միխեիլ Սաակաշվիլիի և Բիձինա Իվանիշվիլիի ժամանակաշրջաններին: Խառատյանը նկատեց, որ, ի տարբերություն Հայաստանի, Վրաստանում քաղաքական դիսկուրսը շատ ավելի բարդ է, հատկապես ինտելեկտուալ իմաստով:

ՍիվիլՆեթի  քաղաքական մեկնաբան, հաղորդավար Դերենիկ Մալխասյանը ներկայացրեց «Ընդդիմադիր քաղաքի համբավը և համապետական ընտրությունների փորձը Գյումրիում» զեկույցը: Նա նախորդ ընտրությունների թվերով ցույց տվեց, որ բացի 2013-ի նախագահական ընտրությունների, որոնց ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի նկատմամբ «ջախջախիչ հաղթանակ» տարավ և՛ Գյումրիում, և՛ Շիրակի մարզում, մյուս դեպքերում իշխանությունները կամ իշխանական կուսակցություններն են հաղթանակ տարել: Մալխասյանը նշեց, որ եթե 2017-ի ընտրություններից առաջ ընդդիմությունը չմիավորվի, ապա իշխանությունները և նրանց արբանյակ կուսակցությունները հնարավորություն կստանան զբաղեցնել նոր խորհրդարանի մեծագույն մասը՝ առանց լուրջ խախտումների ու ընտրակեղծարարության:

ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ Արմենուհի Վարդանյանը իր ելույթում խոսեց այն մասին, թե ինչու, մասնավորապես, Գյումրիում հոկտեմբերի 2-ին կայացած տեղական ընտրություններում տեղի չունեցավ ընդդիմադիր և ոչ իշխանական ուժերի միավորում: Հենց այդ չմիավորման հետևանքով էր նաև, որ ընդդիմությունը, այդ թվում և ԳԱԼԱ-ն, մեծ հաշվով պարտվեցին: Բայց պարտվեց նաև իշխանական Բալասանյան դաշինքը, քանի որ այն ճանապարհը, որով Բալասանյանը մնաց քաղաքապետի պաշտոնին, արդար և իրավական չէ, ասաց Վարդանյանը:

 

Ամփոփելով խորհրդաժողովի աշխատանքները՝ Թաթուլ Հակոբյանը նշեց, որ ԱՆԻ կենտրոնը առաջիկայում կազմակերպելու է մեկ այլ խորհրդաժողով-քննարկում, փորձելով հասկանալ, թե հնարավոր է՞ ընդդիմադիր դաշտի միավորումը 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ:

Առաջիկա օրերին խորհրդաժողովի տեսագրությունը ամբողջությամբ կդրվի ԳԱԼԱ հեռուստաընկերության և ԱՆԻ կենտրոնի կայքերում և YouTube-ում:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
3. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
4. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
5. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
6. Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին
7. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
8. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
9. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
10. Նոր հնարավորություներ՝ Հայաստանի ֆրանսախոսների համար

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: