ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպում. առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի

10 սեպտեմբերի, 2018 | 18:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի նստավայրում Վրաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մամուկա Բախտաձեի առանձնազրույցը, որի ժամանակ քննարկվել են երկկողմ բարեկամական հարաբերությունների ընթացքը և հետագա զարգացման հեռանկարները:

Ողջունելով Վրաստանի վարչապետին` Հայաստանի վարչապետը նշել է. «Հարգելի պարոն վարչապետ,
Նախ թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ` Վրաստանի վարչապետի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ցանկանալ, որ հաջողությամբ իրականացնեք այն բոլոր ծրագրերը, որ ունեք ի բարօրություն Վրաստանի և ի նպաստ մեր հարաբերությունների բարելավման:
Ես ջերմությամբ եմ հիշում իմ այցը, որ կատարեցի Վրաստան վարչապետ ընտրվելուց հետո և հույս ունեմ, որ Ձեր այցի արդյունքում այն լավատեսությունը, որ մենք ունեցանք Վրաստան իմ այցի արդյունքներով, կկրկնապատկվի:
Վրաստանում ես մեր հարաբերությունների նոր բանաձև առաջարկեցի, որի էությունը հետևյալն է. Վրաստանը, վրաց ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի գործողություններում և մտադրություններում չկա որևէ դավադրություն, նեգատիվ մտադրություն, որևէ սպառնալիք, և հայ ժողովուրդն ու Հայաստանի Հանրապետությունը պետք է վստահ լինեն, որ Վրաստանի և վրաց ժողովրդի գործողություններում ու մտադրություններում չկա որևէ դավադրություն, որևէ սպառնալիք և վատ մտադրություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ»:
Ես ուզում եմ այս այցի կապակցությամբ այդ բանաձևը զարգացնել ևս մի այսպիսի նրբությամբ. կարծում եմ, որ և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Վրաստանն իրենց գործողություններում, արտաքին հարաբերություններում պետք է չմոռանան մեր հարևանության առանձնահատուկ բնույթը: Համենայն դեպս, ես վարչապետ ընտրվելու առաջին օրից հենց այդպես էլ վարվել եմ: Համոզված եմ, որ այդպես վարվում եք նաև Դուք, և այդպես վարվում են Վրաստանի իշխանության բոլոր ներկայացուցիչները: Բարով եք եկել»:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն իր խոսքում ասել է. «Պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այսպիսի ջերմ ընդունելության համար: Ինձ համար միշտ ուրախալի է Երևան ժամանելը:
Կարծում եմ, որ այն հարաբերությունները, որ դարերի ընթացքում ձևավորվել են մեր երկու պետությունների միջև, իսկապես կարևոր են: Չէ՞ որ մենք նոր էջից չենք սկսում մեր պատմությունը. դա բազմադարյա պատմություն է, որը զարգացնելու ենք:
Դուք գիտեք, որ Վրաստանն անցել է բարեփոխումների երկար ճանապարհ, և այդ ճանապարհը լի էր մարտահրավերներով: Մեր նոր ծրագրերը ևս լի են պատվախնդրությամբ, ամբիցիայով և աշխատում ենք նոր բարեփոխումների ուղղությամբ: Կարծում ենք` կհամագործակցենք այդ ուղղությամբ: Միջազգային ֆինանսական ինստիտուտները Վրաստանը դիտարկում են որպես բարեփոխիչ, և կարծում եմ` մեր փորձով կկիսվենք նաև ձեզ հետ, եթե անհրաժեշտ լինի:
Այսօր մեր առևտրաշրջանառությունը 400 մլն ԱՄՆ դոլար է կազմում, սակայն, կարծում եմ, որ դա բավարար չէ, ողջ ներուժն օգտագործված չէ, և այս ուղղությամբ կարևոր քայլեր կարելի է անել: Մենք առավելագույնս շահագրգռված ենք, որ զարգացնենք մեր քաղաքական, տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև մշակույթի և կրթության ոլորտներում կապերը»:


Նիկոլ Փաշինյանի և Մամուկա Բախտաձեի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Երկուստեք արձանագրելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը` Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցության, զբոսաշրջության ոլորտներում գործակցության ընդլայնման հնարավորությունները: Այս համատեքստում կողմերը կարևորել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը և պայմանավորվածություն ձեռք բերել` հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել այս տարվա նոյեմբերին Թբիլիսիում:
Անդրադառնալով երկկողմ առևտրաշրջանառության ծավալին, որը կազմում է 400 մլն ԱՄՆ դոլար` Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները համակարծիք են եղել, որ այդ ցուցանիշը բավարար չէ, և առկա է մեծ ներուժ` ավելի բարձր արդյունքներ արձանագրելու համար: Մամուկ Բախտաձեն նշել է, որ պետք է ակտիվ աշխատել առևտրաշրջանառության ծավալը 1 մլրդ ԱՄՆ դոլարի հասցնելու համար և առաջարկել է ՀՀ վարչապետին` տնտեսական թիմերի առջև խնդիր դնել այդ ճանապարհին առկա խոչընդոտները վերհանելու և դրված նշաձողին հասնելու համար:
Նիկոլ Փաշինյանը և Մամուկ Բախտաձեն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին, ընդգծել հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը` տարածաշրջանի անվտանգության և խաղաղության ապահովման համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ, որոնք, նրանց կարծիքով, կնպաստեն տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, ապրանքաշրջանառության աճին և կայունության ապահովմանը:
Կողմերն ընդգծել են նաև միջազգային կառույցներում ներգրավվածության և արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ միմյանց կենսական շահերի հստակ գիտակցմամբ ու հարգմամբ։
Հայ-վրացական հումանիտար կապերի սերտացման համատեքստում վարչապետներ Փաշինյանը և Բախտաձեն կարևորել են շարունակական փոխգործակցությունը մշակութային, կրթական կապերի ամրապնդման, երիտասարդների միջև փոխճանաչելիության բարձրացման ուղղությամբ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն երկու երկրների կառավարությունների միջև բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո հանդիպել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան.
«Հարգելի′ պարոն վարչապետ,
զանգվածային լրատվության միջոցների հարգարժա′ն ներկայացուցիչներ,
տիկնա′յք և պարոնայք,
Ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար: Այսօր մենք շատ կարևոր խոսակցություն ունեցանք և մեր բանակցությունների ընթացքում մեր հետագա հարաբերությունների զարգացման բավական ամբիցիոզ խնդիրներ ձևակերպեցինք:
Իհարկե, Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները փայլուն են, շատ լավ են, և մենք խնդիր ունենք, ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունների տնտեսական կոմպոնենտը համապատասխանացնել մեր հարաբերությունների բովանդակային մակարդակին և այն էմոցիոնալ մակարդակին, որ հիմա գոյություն ունի մեր ժողովուրդների միջև: Մեր փոխայցելությունները պարբերական բնույթ են կրում, և շարունակելու են պարբերական բնույթ կրել:
Մենք քննարկել ենք մեր հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցեր՝ տրանսպորտային հարցեր, տնտեսական և քաղաքական փոխգործակցության հարցեր: Կարծում եմ, որ իսկապես ամենակարևոր արձանագրումն այն է, որ այս այցի արդյունքներով մենք նոր խթան կհաղորդենք մեր քաղաքական, հումանիտար և տնտեսական հարաբերություններին:
Վրաստանի վարչապետի կողմից շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել, և մենք լիովին պաշտպանում ենք այդ ծրագիրը: Կոնկրետ խնդիր է ձևակերպվել՝ առաջիկայում, առաջիկա տարիների ընթացքում փոխադարձ առևտուրը, առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի: Սա մի կոնկրետ թեմա է, որի նկատմամբ բոլորս կարող ենք դիրքավորվել, ունենալ հստակ ճանապարհային քարտեզ և հստակ, պայմանավորված քայլերով գնալ դեպի այդ խնդրի լուծումը:
Մենք պայմանավորվեցինք, որ առաջիկայում տեղի կունենա Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը, և այդ հանձնաժողովի առաջ կդրվի կոնկրետ խնդիր, և մինչև այդ էլ մեր կառավարությունների առաջ այդ խնդիրը կդրվի՝ ձևավորել կոնկրետ ճանապարհային քարտեզ մեր առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու, մեր քաղաքական հարաբերությունները, ինչպես նաև հումանիտար, մշակութային, կրթական հարաբերությունները զարգացնելու համար:
Ամեն դեպքում կարող ենք արձանագրել, որ ամեն այցի հետ մեր երկրների հարաբերությունների մակարդակն ավելի է բարձրանում, մթնոլորտն ավելի բարեկամական և ավելի ջերմ է դառնում, և մեր կառավարությունների անդամների միջև հաստատվում, ամրապնդվում են բարեկամական, ընկերական կապեր, ինչը պակաս կարևոր չէ երկրների հարաբերություններում: Այս տեմպը պետք է անպայման շարունակել և վստահ քայլելով գնալ առաջ»:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձե.
«Պարո′ն վարչապետ,
տիկնա′յք և պարոնայք,
Ինձ համար մեծ պատիվ է լինել բարեկամ երկրում առաջին պաշտոնական այցով՝ Վրաստանի վարչապետի կարգավիճակով: Նախ և առաջ ուզում եմ ողջունել և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Մեր երկրներն աչքի են ընկնում իրեն հյուրընկալությամբ, և դրա հստակ ապացույցն այս օրն է:
Այս տարի և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը նշում են Անկախության հռչակման 100-ամյակը: 100 տարի առաջ վրացիները և հայերը, չնայած բազմաթիվ դժվարություններին և մարտահրավերներին, դրսևորեցին մարտունակություն և զարգացման ժողովրդավարական ուղղության նկատմամբ իրենց դիրքորոշումն արտահայտեցին:
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը, և այդ օրվա կապակցությամբ իմ շնորհավորանքն եմ փոխանցում: Անկախության վերականգնումից հետո համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ փոխշահավետ հարաբերություններ զարգացնել մեր երկրների միջև:
Խորհրդանշական է, որ երկիրը նոր կառավարական կազմով հնարավորություն է ստանում այդ կատարված աշխատանքներն ամփոփել: Հավատում եմ, որ մեր միջև հարաբերություններն էլ ավելի կխորանան տարբեր ուղղություններով, և մեր ակտիվ այցերը դրա նախադրյալն են:
Այսօրվա հանդիպմանը ես և իմ գործընկերը քննարկեցինք համագործակցության հիմնական ուղղությունները և ընդգծեցինք ինտենսիվ քաղաքական հարաբերությունների մեր ձգտումը: Քննարկեցինք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության, նորարարության ոլորտներին վերաբերող հարցեր և համոզվեցինք, որ դեռ ունենք չօգտագործված ներուժ բազմաթիվ ուղղություններով:
Մենք աշնան վերջին կհյուրընկալենք միջկառավարական հանձնաժողովին, որը կքննարկի նախագծեր և կարևոր գաղափարներ, թե ինչպես կարելի է մեր հարաբերություններն էլ ավելի խորացնել առևտրատնտեսական ուղղությամբ:
Միևնույն ժամանակ խոսել ենք Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման գործընթացի և այն նշանակալի հաջողությունների մասին, որ ունի Վրաստանն այդ ուղղությամբ: Եվ միևնույն ժամանակ ողջունում ենք Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ակտիվացումը:
Պայմանավորվեցինք պահպանել բարձր մակարդակի հանդիպումների դինամիկան և միևնույն ժամանակ աջակցել ոլորտային նեղ հանդիպումների անցկացմանը:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերոջը և պատրաստակամություն հայտնում հետագա արդյունավետ համագործակցության համար»:


Առնչվող նյութեր
1. Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3. Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը
4. Պետք է ստեղծենք հավասար պայմաններ գործարարների համար. Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում
5. Հայաստանի խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետ չընտրեց. տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
6. Նիկոլ Փաշինյան-ՌԱԿ կենտրոնական վարչություն հանդիպում
7. Նիկոլ Փաշինյանը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը
8. Հայաստանի վարչապետի հանդիպումները լիբանանահայ համայնքի հետ
9. Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիպումը
10. Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: