ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի վարչապետը՝ Ֆրանկոֆոնիայի գործարար ֆորումում

11 հոկտեմբերի, 2018 | 08:31

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված գործարար համաժողովի փակմանը:

Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Պարոն նախագահ,
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարգելի ղեկավար,
Տիկնայք և պարոնայք նախարարներ,
Տիկնայք և պարոնայք պատվիրակությունների առաջնորդներ,
Տիկնայք և պարոնայք գործարարներ,
Տիկնայք և պարոնայք,
Հարգարժան ընկերներ,

Երջանիկ եմ ձեզ ողջունել այստեղ՝ հայաստանյան հողի վրա, խորհրդանշական Թումո կենտրոնում, որ մարմնավորումն է Նոր Հայաստանի, որ հենված է 2800 տարեկան մայրաքաղաքով մի քանի հազարամյա պատմության, բայց հատկապես իր երիտասարդ աղջիկների ու տղաների եռանդի վրա, որն, ըստ էության, մեր երկրի ու ժողովրդի ապագան է։

Ինչպես գիտեք, Հայաստանը գտնվում է մի փուլում, որտեղ մեկ անգամ ևս հաստատեց իր նվիրվածությունն այնպիսի արժեքների, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, օրինահավասարությունը, մարդու իրավունքները. արժեքներ, որոնք նաև Ֆրանկոֆոնիայի հիմքում են, արժեքներ, որ նշանաբանն են մեր Թավշյա հեղափոխության։
Թավշյա այդ հեղափոխությունը սոսկ քաղաքական չէր, այլև արժեքների։ Կարևոր է ընդգծել, որ վերջին հաշվով այդ հեղափոխությունն արժեք չի ունենա, եթե մենք չհասնենք նաև տնտեսական հեղափոխության։ Այդ իմաստով այսօր մենք գտնվում ենք մեր հեղափոխության ամենակարևոր փուլում, և մենք պետք է ապահովենք տնտեսական հաջողությունն այդ Հայաստանի Հանրապետության համար՝ իր հստակ կանոններով բոլոր նրանց համար, ովքեր ուզում են և կարող են սկսել տնտեսական գործունեություն Հայաստանում։ Այդ կանոնները մենք բարձրաձայնել ենք բազմիցս, բայց ես, օգտվելով գործարար տիկնանց և պարոնների այս ներկայությունից, կուզեի կրկնել, որ մենք միայն երկու նախապայման և շահագրգռություն ունենք բոլոր նրանց համար, ովքեր հանձնառու են կամ ուզում են լինել հանձնառու Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու։ Ցանկացած գործունեություն պետք է լինի կատարելապես համապատասխան օրենքին, և մենք կօգնենք բոլորին ստեղծել հնարավորինս շատ աշխատատեղեր, և, իհարկե, վճարել հարկեր։ Իմացեք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նեցուկ է ձեզ, եթե այս երկու պայմանները հարգված են։

Հարգելի ընկերներ,

շատ ուրախ եմ իմանալ, որ ձեր աշխատանքների ընթացքում հիմնական շեշտը դրվել է թվային տնտեսության վրա, քանի որ տնտեսության իր տեսլականով կառավարությունը նպատակադրել է ագրարային երկրից Հայաստանը վերածել բարձր տեխնոլոգիաների երկրի։ Եվ սա միայն ամբիցիա չէ. նրանք, ովքեր ճանաչում են Հայաստանը, գիտեն, որ մարդկային պատկառելի ռեսուրսներ կան այդ տնտեսական վերափոխումն իրականացնելու համար, որի անհրաժեշտ պայմանները հավաքված են։

Ես կուզենայի ձեզ հայտնել իմ գոհունակությունը ձեր քննարկումների արդյունքների առիթով, որոնք, որքանով ինձ հայտնի է, ի հայտ են բերել շատ հետաքրքիր նախաձեռնություններ:

Ես ջերմորեն ողջունում եմ նոր տեխնոլոգիաների ոլորտի պատասխանատու ֆրանկոֆոն նախարարների ցանցի հիմնումը։

Ես երախտագիտությունս եմ հայտնում տնտեսական ֆորումի բոլոր մասնակիցներին, բոլոր նրանց, ովքեր այս գեղեցիկ նախաձեռնությունների ակունքում են:

Ես կրկին մաղթում եմ բարի գալուստ Հայաստան ձեզ բոլորիդ, ձեր ստեղծարար ու նորարար գաղափարներին և վերահաստատում եմ, որ դրանք կգտնեն Հայաստանի Հանրապետության աջակցությունը։

Շնորհակալություն»:


Առնչվող նյութեր
1. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
2. Չեխական ,,Մարդը կարիքի մեջ,, կազմակերպությունը Հայաստանում իրականացնում է 1 միլիոն եվրոյի զարգացման ծրագրեր
3. Ձեր վստահության քվեն բացառիկ պարտավորեցնող է. Նիկոլ Փաշինյան
4. ՀԲԸՄ-ն շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի նոր խորհրդարանին
5. Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությանը
6. Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
7. Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
8. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
9. Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը
10. Պետք է ստեղծենք հավասար պայմաններ գործարարների համար. Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: