ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը Տաթևում

16 հոկտեմբերի, 2017 | 12:39

 

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Տաթևի վանական համալիրի բակում տեղի ունեցավ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը։

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր,  Հայաստանում ԽՍՀՄ միակ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի  ղեկավարությամբ երգչախումբը  կատարեց Կոմիտասի, Եկմալյանի, Մոցարտի, Վերդիի և Չայկովսկու ստեղծագործությունները։

«Տաթևը զարմանահրաշ կառույց է։ Բազմիցս մասնավոր այցով եղել եմ Տաթևում, բայց այս անգամ, ի ուրախություն ինձ, այստեղ ելույթ ունեցանք մեր երգչախմբով։ 1111-ամյա իր բարձունքից մեզ նայող Տաթևի վանքը ջերմությամբ հյուրընկալեց  մեզ։ Խորհրդանշական է, որ հոկտեմբերի 16-ին լրանում է «ՏաԹևեր» ճոպանուղու գործարկման յոթերորդ տարեդարձը»,- ասել է մաեստրո Հովհաննես Չեքիջյանը։

Երգչախմբի համերգը մեկն է այն միջոցառումներից, որոնք ուղղված են Տաթևում հոգևոր ու մշակութային կյանքի վերածննդին։ Համերգին ներկա էին Տաթևի վանքի հարակից համայնքների բնակիչները, բազմաթիվ հյուրեր ու զբոսաշրջիկներ Հայաստանից և արտերկրից։

«Եթե պատմության էջերն ուսումնասիրենք՝ կտեսնենք, որ 1111 տարեկան Տաթևի վանքը եղել է հայ հոգևոր երաժշտության դարբնոցը։ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը Տաթևի վանքի բակում հայ հոգևոր երաժշտության դարավոր ավանդույթների պահպանման ու շարունակության լավագույն օրինակն է», – նշել է Տաթևի վանքի վանահայր Տեր Միքայել Վարդապետ Գևորգյանը:

«Երգչախմբի համերգը ինքնատիպ մի փորձ էր նույն տարածության մեջ հանդիպեցնելու մեր մշակույթի անցյալն ու ներկան․ կազմակերպել Տաթևի վանքի բակում մաեստրո Չեքիջյանի ղեկավարած երգչախմբի համերգը։  Թե՛ Տաթևը, թե՛ երգչախումբը  հոգևոր և մշակութային բացառիկ արժեքներն են ոչ միայն հայերի համար։ Այս ձայները հնչել են աշխարհի լավագույն բեմերից, իսկ Տաթևը և «Տաթևի վերածնունդ» ծրագիրը կարողացել են համախմբել տարբեր ազգությունների ու դավանանքի մարդկանց։ Ի վերջո, այս «հանդիպումը» վաղ թե ուշ պետք է կայանար։ Այս համերգը լավ առիթ էր, որպեսզի վանքի հարակից համայնքների բնակիչներն ու հյուրերը հաղորդակցվեն կենդանի լեգենդի՝ մաեստրո Չեքիջյանի և նրա ղեկավարած երգչախմբի արվեստի հետ»,- ասել է IDeA հիմնադրամի մշակութային ծրագրերի ղեկավար Էլեոնորա Մալխասյանը։

ՕՐԵՐ

Հայաստանի Պետական Ազգային Ակադեմիական երգչախմբի մասին

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937թ.-ին։ 1961թ.-ից երգչախմբի անփոփոխ գեղարվեստական ղեկավարը և գխավոր դիրիժորն է Հովհաննես Չեքիջյանը: Երգչախումբը պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ հասել է կատարողական բարձրագույն մակարդակի և արժանացել է բազմաթիվ մրցանակների և կոչումների: Իր բարձր կատարողականության և ձեռքբերումների համար երգչախումբը 1969թ․-ին արժանացել է «Ակադեմիական» կոչմանը: Ամենակարևոր ձեռքբերումներից են ԽՍՀՄ-ի երգչախմբային մրցույթի առաջին մրցանակը և երգչախմբային ձայնագրությունների Շառլ Գրո փարիզյան ակադեմիայի Grand Prix մրցանակը:

Երգչախումբն ամբողջ աշխարհում հայտնի է Կոմիտասի և այլ հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործությունների աննախընթաց և չգերազանցված կատարումներով:

Մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը թվով 97 համերգ է ունեցել Սանկտ Պետերբուրգում, մասնավորապես Շոստակովիչի դահլիճում, որից 77-ը հ ա ն ր ա հ ա յ տ Մրավինսկու սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ: Երգչախումբն առիթ է ունեցել ելույթ ունենալու աշխարհահռչակ դահլիճներում, ինչպիսիք են Մոսկվայի կոնսերվատորիայի դահլիճը, Palais des Congres, La Sale Pleyel, Theatre des Champs-Elysees, Boston Symphonic Hall, Queen Elizabeth Hall, Westminster Methodist Center Hall, The Salle Smetana, Avery Fisher Hall:

Երգչախմբի ձեռքբերումներից է նաև 1999թ. Մոնթրոյի (Շվեյցարիա) միջազգային փառատոնի ունկնդրի համակրանք մրցանակը:

 

«ՏաԹեւեր» ճոպանուղու մասին

«ՏաԹեւեր» ճոպանուղին կառուցվել է 2010 թ-ին՝  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում: Այն գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ ոչ միայն որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի, այլեւ որպես ամենակարճ ժամանակահատվածում (10 ամիս) կառուցված ճոպանուղի: Նախագիծն իրականացրել է ճոպանուղիների կառուցման ոլորտի համաշխարհային առաջատար ավստրո-շվեյցարական «Doppelmayr/Garaventa» ընկերությունը։

Գործարկումից ի վեր ճոպանուղուց օգտվել է ավելի քան  600 հազար ուղեւոր: Մինչեւ ճոպանուղու կառուցումը տարեկան Տաթեւ այցելողների թիվը չէր գերազանցում 7 հազարը:

Ճոպանուղու գործարկումը և «Տաթեւի վերածնունդ» ծրագրով իրականացված նախագծերը նոր թափ են հաղորդել Սյունիքի մարզում զբոսաշրջության զարգացմանը։ Վերջին տարիներին միայն Տաթևի  տարածաշրջանում բացվել են բազմաթիվ հյուրատներ, իսկ Գորիսում՝ ավելի քան 15 հյուրանոց, որտեղ աշխատում են շուրջ 200 մարդ։

«Տաթեւի վերածնունդ» ծրագրի նպատակն է վերականգնել Տաթևի վանական համալիրը՝ դրա պատմամշակութային և հոգևոր նշանակությանը համապատասխանող անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմամբ և տեղական համայնքների զարգացմամբ։

 


Առնչվող նյութեր
1. Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին՝ Հայրենիքի շքանշան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: