ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ստորագրվել է Փոխգործակցության հուշագիր

06 նոյեմբերի, 2013 | 20:20

HH SARGSIAN XRISTENKOՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը:

«Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետության կառավարությունում: Ինձ զեկուցել են աշխատանքային խմբերի շրջանակում ընթացող քննարկման մասին, և մեր այսօրվա հանդիպման օրակարգում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ է», – ասել է վարչապետ Սարգսյանը:

«Մենք առաջին անգամ ենք Երևան ժամանում այսպիսի մեծ պատվիրակությամբ: Դա պայմանավորված է Մաքսային միության անդամ-երկրների նախագահների ընդունած որոշման իրագործման անհրաժեշտությամբ, որը վերաբերում է Հայաստանի՝ ՄՄ-ին և միասնական տնտեսական տարածքին միանալու գործընթացն սկսելուն», – իր հերթին նշել է Վիկտոր Խրիստենկոն:

Հանդիպման ժամանակ համատեղ աշխատանքային խմբերի ներկայացուցիչները զեկուցել են Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու գործընթացին վերաբերող մի շարք հարցերի շուրջ կատարված ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքները: Մասնավորապես, արծարծվել են տեխնիկական, սանիտարական, բուսասանիտարական կանոնակարգման, սակագնային և ոչ սակագնային կանոնակարգման, հակամենաշնորհային կանոնակարգման, մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև մաքսային և հարկային ոլորտներին առնչվող հարցեր: Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև ՀՀ օրենսդրությունը Մաքսային միության ընդհանուր օրենսդրությանը համապատասխանեցնելու խնդրին: Ամփոփելով մտքերի փոխանակումը՝ կողմերն ամրագրել են ձեռք բերված պայմանավորվածությունները և վերահաստատել բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը:

Այնուհետև ստորագրվել է Փոխգործակցության խորացման մասին հուշագիր Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:

Հուշագրի ստորագրման արարողությանը հաջորդել է ՀՀ վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի համատեղ մամուլի ասուլիսը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկո – Հարգելի գործընկերներ, մենք այսօր ստորագրել ենք Փոխգործակցության խորացման հուշագիր Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ՝ այդպիսով իրականացնելով մեր չորս երկրների նախագահների որոշումները: Այդ հուշագրի գաղափարը բավական պարզ է, որպեսզի իրականացնենք Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին միանալու մտադրությունները և հայտարարությունը, որը պաշտպանել են Մաքսային միության բոլոր երկրների նախագահները: Այս հուշագիրն ապահովում է Հայաստանի բոլոր կառույցների ներգրավումը Մաքսային միության մարմիններում՝ սկսած բարձրագույն՝ Եվրասիական տնտեսական խորհրդից ավարտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովով և նրա կոլեգիայով: Դա տեղեկատվության հասանելիություն է, հնարավորություն՝ պաշտոնապես առաջարկություն ներկայացնել այն որոշումների վերաբերյալ, որոնք քննարկվում և ընդունվում են մեզ մոտ՝ Մաքսային միությունում և միասնական տնտեսական տարածքում: Դա մշտական լիազոր ներկայացուցչի ամրագրում է հանձնաժողովում, որը կլինի ուղիղ վիրտուալ էլեկտրոնային մուտք այն աշխատանքներին, որոնք այսօր իրականացվում են միասնական տնտեսական տարածքում: Դա կարևոր բաղադրիչ է Մաքսային միությանը, միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության ճանապարհին: Բացի այդ, մենք այսօր բարեհաջող աշխատել ենք նաև բարձրագույն խորհրդի որոշումների շուրջ՝ փաստաթղթերի պատրաստման գործընթացի իրականացման և ճանապարհային քարտեզի ձևավորման գործընթացի շուրջ և հաջորդ գագաթաժողովի ժամանակ մեր նախագահներին այս աշխատանքի վերաբերյալ ներկայացվելիք զեկույցի ուղղությամբ: Մի շարք մասնագետներ երեկ, այսօր, վաղը աշխատելու են այդ բոլոր ասպեկտների, կետերի շուրջ՝ արդեն բոլոր երկրների կառավարությունների միջև հետագա աշխատանքի և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի ուղղությամբ: Շնորհակալություն:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյան –
Հարգելի գործընկերներ, առաջին հերթին ես ցանկանում եմ ողջունել Վիկտոր Բորիսովիչին իր մեծ թիմով Հայաստանում: Մենք փորձագետների, մեր մասնագետների, պատասխանատու պաշտոնատար անձանց մակարդակով իրականացրել ենք մեծ աշխատանք: Մեր առջև այսօր ծառացած խնդիրն է գնահատել այն աշխատանքների ծավալը, որը պետք է միասին իրականացնենք, որպեսզի դառնանք Մաքսային միության, միասնական տնտեսական տարածքի լիարժեք անդամ: Այս խորհրդակցություններն, իհարկե, հնարավորություն են տալիս գնահատել մեր ենթակառուցվածքների, օրենսդրության պատրաստականության մակարդակը: Աշխատանքների ծավալը, որը պետք իրականացնենք, նոր նորմատիվ փաստաթղթերի ընդունումն է, համապատասխան ենթակառուցվածքների պատրաստվածությունն է  այն ստանդարտների համակարգին համապատասխան, որը գործում է Մաքսային միության շրջանակում: Այն խորհրդակցությունները, որոնք մենք այսօր անցկացրինք, օգնում են մեզ ճշգրիտ գնահատել, թե ինչպիսի աշխատանքներ պետք է իրականացնենք և ինչպիսի ժամանակահատվածում կարող ենք իրականացնել: Այն հուշագիրը, որն այսօր ստորագրեցինք մեր նախագահների հանձնարարությամբ, ինտենսիվ շփումների, տեղեկատվության փոխանակման հնարավորություն է տալիս: Դա մեզ համար առաջին հերթին մուտք է այն մեծ տեղեկատվությանը, որն այսօր առկա է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում: Ընդհանրապես ցանկանում եմ գոհունակությամբ ընդգծել, որ մենք լիարժեք փոխըմբռնում ունենք բոլոր հիմնարար հարցերի շուրջ, չկա որևէ տարակարծություն, կան միայն խնդիրներ, որոնք մենք պետք է համատեղ լուծենք: Շնորհակալություն:

Հարցը վերաբերում է Մաքսային միությանը Հայաստանի միանալու դեպքում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկո – Ղարաբաղյան պատմությունը դուք ինձանից ավելի լավ գիտեք: Այն չի ծագել ո´չ հիմա, ո´չ էլ Մաքսային միությանը միանալու Հայաստանի Հանրապետության հայտարարության հետ կապված: Դրա համար կան ուրույն ձևաչափեր և մասնագետներ տարբեր պետություններից, որոնք զբաղվում են այդ թեմայի կարգավորմամբ, խնդրի լուծման ճանապարհների որոնմամբ: Մենք ցանկանում ենք հաստատականություն, փոխզիջումներ այս խնդրի լուծման ճանապարհը գտնելու մեջ, որն այսպես թե այնպես լուծվող է: Ինչ վերաբերում է տնտեսական հարթությանը, որն այսպես թե այնպես ի հայտ է գալիս Հայաստանի Մաքսային միությանը ինտեգրման շրջանակում, ապա տնտեսական զարգացումը երբևէ չի վատթարացրել այս կամ այն չկարգավորված իրավիճակները և նույնիսկ կոնֆլիկտները, այլ որպես կանոն նպաստել է դրանց կարգավորմանը: Իմ տեսանկյունից, չնայած մեր հանձնաժողովը քաղաքական հանգամանքների շրջանակից դուրս է,  այսօրվա իրավիճակը ո´չ խոչընդոտ է Հայաստանի ծրագրերի իրագործմանը, ո´չ էլ այդ ծրագրերի իրագործումը որևէ կերպ կբարդացնի, հակառակը՝ կլավացնի Ղարաբաղի շուրջ իրավիճակը:

Հարց – Ե՞րբ Հայաստանը կդառնա Մաքսային միության լիիրավ անդամ: Արդյոք Ղազախստանը և Բելառուսը որևէ կերպ խոչընդոտո՞ւմ են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը՝ հաշվի առնելով Ղազախստանի և Բելառուսի նախագահների հայտարարությունները:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկո – Աշխատանքային խումբը պետք է ձևավորված լինի նոյեմբերի 20-ին հանձնաժողովի նիստում: Մեր այսօրվա աշխատանքը, ըստ էության նյութեր է պատրաստում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կառավարություններից աշխատանքային  խմբեր մասնագետների ներգրավման համար, և Տիգրան Սուրենովիչը արդեն նշել է, որ այդ նախապատրաստական աշխատանքը ցույց տվեց, որ մենք բավական լավ ենք նույնականացնում այն, ինչ մեզ սպասվում է անել, այն, ինչ  պետք է արվի Հայաստանի Հանրապետության կողմից, Մաքսային միության կողմից միացման պայմանագրի պատրաստման շրջանակում: Այդ գործընթացը, իհարկե, այնպես էլ արագ չէ, որը կարելի է անցնել մի քանի շաբաթվա ընթացում: Այն պահանջում է բավական մեծ նախապատրաստական աշխատանք և ազգային օրենսդրության համապատասխանեցում: Դրա համար ես չէի փորձի ամրագրել որևէ ժամկետ, թե երբ այս ամենը կարող է ավարտվել, առավել ևս ես լավ ծանոթ եմ Հայաստանի ղեկավարության ծրագրերին և  հավակնություններին այն տեմպի վերաբերյալ, որը պետք է պահպանել այս գործընթացում: Ես համակարծիք եմ այդ ծրագրերի հարցում, բայց ցանկացած տարբերակում այս ճանապարհին մենք պետք է ոչ մի քայլ բաց չթողնենք և պետք է ամեն ինչ կարգավորենք: Չեմ տեսնում ոչ մի անհաղթահարելի խնդիրներ և խրթին հարցեր՝ սկսած ընդհանուր սահմանների հետ կապված հարցերից վերջացրած այլ ավելի քիչ կարևորություն ունեցող հարցերով: Այդ ամենը լուծելի է, և ես ոչ մի հիմք չեմ տեսնում ասելու, որ կան որևէ քաղաքական  արգելակներ այդ գործընթացը իրագործելու մեջ: Ամենակարևորը՝ պետք է անցնել գործընթացի իրագործմանը, և այդ ժամանակ բոլոր հարցերը և բարդությունները կմնան հետևում:
Ես փորձեցի մեղմ պատասխանել այդ հարցին, որ հիմա ես չեմ տեսնում այդպիսի խոչընդոտներ այս ճանապարհին, չեմ զգում: Դա կարելի է մեկնաբանել ոչ թե որպես քաղաքական սահմանափակումներ այդ գործընթացում, այլ որպես միացման գործընթացը լիարժեք դարձնելու ցանկություն: Հայաստանը նույնպես պետք է իր վրա վերցնի այն բոլոր պարտավորությունները, որ հիմա կրում են բոլոր անդամ-պետությունները: Այս պարագայում դա խոսում է մեր աշխատանքի որակի մասին, որը մենք պետք է ապահովենք և այն մասին, որ պետք է դուրս գալ այս ճանապարհ:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյան
– Ես կցանկանայի ավելացնել, որ Հայաստանի կառավարությունը մշակել է միջոցառումների ծրագիր: Դա մեր տեսլականն է այն աշխատանքի ծավալի մասին, որը մենք պետք է իրականացնենք Մաքսային միությանը միանալու համար: Հայաստանի նախագահը դիմել է խնդրանքով երեք պետությունների նախագահներին, որպեսզի նրանք արձագանքեն այն միջոցառումների ծրագրին, որն արդեն սկսել ենք իրականացնել: Ես կարծում եմ, որ դա էլ կնպաստի նրան, որ մենք կկարողանանք արագ և արդյունավետ շարժվել այս ուղղությամբ:

Հարցը վերաբերում է Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցության և Հայաստանի անդամակցության հետ կապված Ադրբեջանի հետ հաշվի նստելու վերաբերյալ Բելառուսի նախագահի հայտարարությանը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկո – Թուրքիայի՝ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ ոչ մի հայտարարություն  դեռևս չկա: Շատ պետություններ են մտադրություն և հետաքրքրություն հայտնում Մաքսային միության հետ փոխհամագործակցության ընդլայնման առնչությամբ: Մասնավորապես, Հնդկաստանը վարչապետի այցի ժամանակ Մոսկվայում կրկին ցանկություն է հայտնել ունենալ փոխհամագործակցության առաջադեմ ռեժիմ Մաքսային միության հետ համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի մակարդակով և այլն: Ընդհանրապես պետությունների քանակը, որոնք այսօր հայտարարում են, որ ցանկանում են նմանատիպ հարաբերություններ ձևավորել, հասնում է 36-ի: Որոշակի ուղղություններով այսօր աշխատանք է տարվում Վիետնամի, Նոր Զելանդիայի, Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի հետ: Հիմա Շվեյցարիայի հետ կտարվի այդպիսի աշխատանք: Թուրքիան չկա թեկնածուների մեջ, և նրա հայտարարությունը չի ուսումնասիրվել:  Եվ դա նշանակում է, որ այն, ինչ չկա, չի կարող խանգարել և վնասել: Ինչ վերաբերում է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, ես այն չեմ լսել, չեմ կարող մեկնաբանել և այդքան էլ կոռեկտ չէ մեկնաբանել ինքնիշխան պետության նախագահի հայտարարությունը: Բայց կարող եմ ասել, որ Մաքսային միության իրավունքի տեսանկյունից որևէ մեկի կարծիքը, բացի Մաքսային միությանը միանալու թեկնածուի և մասնակիցների, չի պահանջվում այս ամբողջ ծրագրի իրականացման համար: Պայմանագիրը, որը պատրաստվում է ստորագրման, ստորագրվելու է չորս ղեկավարների կողմից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյան  – Ես էլ եմ համակարծիք Վիկտոր Բորիսովիչի հետ այն հարցում, որ կոռեկտ չէ մեկնաբանել նախագահների հայտարարությունները: Առավել ևս կարևոր է այն, թե ինչ համատեքստում և ինչ նպատակով են դրանք ասվում: Կարծում եմ, որ դա ավելի լավ է թողնել վերլուծաբաններին:


Առնչվող նյութեր
1. Սարգսյանը Սարգսյանին բողոքել է ԵԱՏՀ որոշ գործընկերներից
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սկսել է Տիգրան Սարգսյանի նախագահության շրջանը
3. Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը կորոշվի հոկտեմբերի 10-ին
4. Մայիսի վերջին ՀՀ-ն կստորագրի Միասնական տնտեսական տարածքին միանալու փաստաթուղթը
5. ԲԵՌԼԻՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ
6. Պրահայաբնակ մի խումբ հայեր բողոքել են Հայաստանի Մաքսային միությանը անդամակցության դեմ
7. Վարչապետ Տիգրան Սարգսյանն ամփոփել է 2013-ը եւ նշել, որ 2014-ին Հայաստանը կստորագրի Մաքսային Միությանը միանալու համաձայնագիրը
8. ,,Ճանապարհային քարտեզ,, Հայաստանի համար
9. Չեղյալ են հայտարարվելու այն միջազգային պայմանագրերը, որոնք հակասում են Հայաստանի ազգային շահերին
10. Չեխ դիվանագետ.Եվրամիությունը չի կարող դիմակ դնել եւ ցույց տալ, թե ոչինչ չի պատահել

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: