ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը

14 նոյեմբերի, 2018 | 11:08

  

Հայկական բարեգործական ընդհանուր միությունում տրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, «KARDÉS» կազմակերպության, ՀԲԸՄ Հայաստանի և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի միջև համագործակցության մեկնարկը՝ ՀՀ դպրոցներում Աշխարհատեղեկատվական համակարգը (ԱՏՀ)՝ որպես կրթական առցանց տեխնոլոգիաների վրա հիմնված նոր ուսումնական մեթոդ ներկայացնելու շուրջ: 

Այդ նպատակով այսօր՝ ԱՏՀ-ի միջազգային օրը, ուսուցիչների համար կազմակերպվել է առաջին սեմինար-դասընթացը, որին մասնակցել է Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերի և Երևանի շուրջ 100 մասնակից՝ ծանոթանալու ԱՏՀ համակարգին, այն որպես ուսումնական գործիք կիրառելու կարևորությանը և տեղանքի վերլուծությանը:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը՝ նշելով, որ դպրոցներում ԱՏՀ-ն՝որպես թվային գործիք կիրառելու վերաբերյալ ծրագիրը ներկայացվել է Կրթության և գիտության նախարարություն, և Կրթության ազգային ինստիտուտի կողմից ստացել դրական եզրակացություն: «ԱՏՀ-ն՝ հանրակրթության մեջ որպես գործիք, կիրառվում է շատ երկրներում, մասնավորապես, STEM/ԳՏՃՄ-ի շրջանակում և ոչ միայն: Հույս ունենք, որ ծրագրին մասնակից ուսուցիչները կծանոթանան այս գործիքին և կփորձեն կիրառել այն ուսումնական գործընթացում՝ այդպիսով կրթության որակի բարձրացման մեջ ունենալով իրենց ներդրումը: Ուսուցիչները շարունակաբար կվերապատրաստվեն Վիրտուալ համալսարանի տրամադրած հարթակում, որի գնահատման արդյունքում կփորձենք հասկանալ՝ ինչպես այն տարածել ՀՀ բոլոր դպրոցներում, որը մտնում է մեր հեռահար նպատակների մեջ: Գործիքն անվճար կտրամադրի «KARDÉS» կազմակերպությունը՝ հայերեն թարգմանված»,-նշել է Գոհար Մամիկոնյանը՝ հավելելով, որ ծրագրին մասնակից յուրաքանչյուր մարզից ընտրվել է 5 դպրոց  և 10 ուսուցիչ /յուրաքանչյուր դպրոց ներկայացրել է 6-7-րդ դասարանում դասավանդող աշխարհագրության և մաթեմատիկայի երկու ուսուցիչ/:

 

«KARDÉS»-ի հիմնադիր և տնօրեն Բագրատ Բալաբանյանն իր հերթին նշել է, որ ԱՏՀ-ն հարցումների և որոշակի չափանիշների վրա հիմնված, խնդիրների լուծմանն ուղղված առաջադրանքների ամբողջություն է, որն իր մեջ ներառում է դաշտային աշխատանք և պահանջված ոլորտներում տրամադրում է մասնագիտական հմտություններ: «ԱՏՀ-ի կիրառումը կնպաստի Հայաստանում «STEM/ԳՏՃՄ» կրթության զարգացմանը: Այս համակարգն աշակերտներին կսովորեցնի՝ ինչպես օգտագործել, ստեղծել և տարածել քարտեզներ, հավաքել և ներմուծել տվյալներ, կատարել բազմապիսի վերլուծություններ և աշխատել մեծածավալ տվյալների հետ: Արդյունքում՝ աշակերտները կզարգացնեն իրենց քննադատական և տարածական մտածողությունը»,-նշել է Բագրատ Բալաբանյանը:

 

«ԱՏՀ-ն կրթական, նորարարական գործիք է, որ ՀՎՀ-ն կիրառել է վերջին տարիների ընթացքում: «KARDÉS»-ի հետ միասին մենք կներդնենք մեր փորձը և գիտելիքները՝ օնլայն կրթության առաջադեմ տեխնոլոգիաները հայկական դպրոցներում ներառելու համար»,-իր հերթին նշել է ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Երվանդ Զորյանը, ով միջոցառմանը մասնակցում էր Skype-ով:

 

Միջոցառման ընթացքում «KARDÉS»-ի և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի միջև ստորագրվել է փոխըմբռնման համաձայնագիր:


Առնչվող նյութեր
1. Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
2. Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
3. Ձեր վստահության քվեն բացառիկ պարտավորեցնող է. Նիկոլ Փաշինյան
4. ԱՄՆ պետքարտուղարությունը շնորհավորել է հայ ժողովրդին ընտրությունների կապակցությամբ
5. ՌԱԿ-ը շնորհավորում է համայն հայությանը ժողովրդավարական ընտրություններ ունենալու առիթով
6. Մեր Ժողովուրդը Իր Հաւաքական Կամքը Արտայայտեց. Արամ Ա.
7. Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Յայտարարութիւնը
8. Սպասում ենք Հայաստան-Սփյուռք աննախադեպ գործակցության եւ համախմբման. Եվրոպայի Հայերի Համագումար
9. Նոր խորհրդարանում կլինեն ,,Իմ քայլը,, դաշինքը, ԲՀԿ-ն եւ ,,Լուսավոր Հայաստանը,,
10. Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: