ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը պատռում է Աշոտ Գրիգորյանի իրական դեմքը՝ պատասխանելով նրա հերյուրանքներին

28 հուլիսի, 2018 | 07:46

ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագրի հարցերին պատասխանում է Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։ 

  • Հ Հարգելի պարոն Սեյրանյան, վերջին շրջանում հայկական մամուլում և սոցիալական ցանցերում կրկին արշավ է սկսվել Ձեր անձի դեմ, որի հեղինակը Սլովակիայում բնակվող «Եվրոպահայ միությունների ֆորումի» նախագահ Աշոտ Գրիգորյանն է, ով հնարավոր և անհնար տարբեր ամբաստանություններ է ներկայացնում, որոնք առնչվում են նաև Ձեր անձին։ «Ինչու՞ դրանց անհրաժեշտ հակահարված չեք տալիս», – հարցնում են նաև մեր ընթերցողները։

 

Պ – Բարև Ձեզ, նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Օրեր» հանդեսին՝ հարցազրույցի հնարավորության համար և ողջունել ընթերցողներին։ Այո, ցավոք, Աշոտ Գրիգորյանն իմ հասցեին հերյուրանքներ է տարածում պաշտոնավարմանս գրեթե սկզբից՝ արդեն վեց տարի է, ուղիղ կամ «ֆեյք»-երի միջոցով և համառ պարբերականությամբ՝ եթե չեմ սխալվում 2012 թվականի սեպտեմբերից, այսինքն ավելի շուտ, քան ես հավատարմագրվել եմ Սլովակիայում՝ 2013թ. մարտի 20-ին։ Այն ժամանակ նա խոսում էր Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնման խայտառակ գործարքի մասին. զանգահարել էր ՀՀ ԱԳՆ և ասել, թե դեսպանությունը ոչինչ չի անում սլովակյան մամուլում հակահայ հրապարակումները կանխելու համար։ Ստուգեցի և նման հրապարակումներ չգտա։ Հետո՝ ավելին, և այսպես՝ տարիներ շարունակ։ Հատկապես նա ակտիվանում է Հայաստանում նոր կառավարություն հաստատվելու պարագայում։ Հիմա էլ, օգտվելով ետհեղափոխական իրավիճակից, նա փորձում է ցեխ շաղ տալ իմ վրա, շեղել նորմալ աշխատանքային հունից և ռիթմից։ Ընդ որում, տարիների աշխատանքի արդյունքներն անտեսության է մատնում և փորձում հայաստանյան լրատվական դաշտն ու սոցիալական ցանցերը հեղեղել հորինվածքներով։ Ուրախ եմ, որ շատ լրատվամիջոցներ հասկացել են դա և ավելի ու ավելի քիչ ուշադրություն են դարձնում այդ հերյուրանքներին։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր բազմաթիվ հայրենակիցներին, ովքեր նույնպես իրենց անհանգստությունն են հայտնում իմ դեմ ուղղված այս արշավի կապակցությամբ։

Ինչ վերաբերում է «անհրաժեշտ հակահարվածին», ես կարծում եմ այս հարցազրույցը ևս դրա բաղկացուցիչներից է։ Բայց, հավատացեք, աշխատանքային առօրյաս այնքան լեցուն է, որ շատ ժամանակ չի մնում խորը բարդույթներ ունեցող անձնավորության ամեն մի զառանցանքին պատասխանելու համար։

 

  • Հ – Ինչպե՞ս կմեկնաբանեիք Աշոտ Գրիգորյանի՝ ձեր նկատմամբ որդեգրած դիրքորոշումը, երբևէ հանդիպե՞լ եք նրան, ինչ որ կոնֆլիկտի հետևա՞նք է դա։

 

Պ – Պատճառն անձնական թշնամանքն է, հավելեմ, որ նա նախկինում աշխատել է նաև Վիեննայից Բրատիսլավայում հավատարմագրված Հայաստանի դեսպանների դեմ, սակայն այն ժամանակներում սոցիալական ցանցերը և ինտերնետ-մեդիան այդչափ զարգացած չեն եղել և այս հանգամանքը դուրս է մնացել շատերի տեսադաշտից։ Եթե ավելի խորը նայենք, միգուցե պատճառը Սլովակիայում Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ դառնալու չիրականացված երազանքն է, կամ իր հետ չհամագործակցելը։ Չգիտեմ, իրենից հարցրեք։ Բայց ինչպե՞ս կարող էի գործակցել մի անձի հետ, ով անընդհատ ցեխ է շպրտում իմ վրա, ով ուրիշի արածն իրեն է վերագրում և այլն։ Եվ վերջապես՝ ո՞վ է նա և ու՞մ է ներկայացնում։ «Եվրոպայի հայկական միությունների ֆորում» հավակնոտ անունը կրող կազմակերպության պատմությունը Դուք ինքներդ լավ գիտեք, եթե չեմ սխալվում, նախկինում նաեւ մասնակցել եք դրա աշխատանքներին։ Իմ ունեցած տեղեկությունների համաձայն, 1998 թվականին ստեղծված այս կազմակերպությունն արդեն վաղուց իր անվանմանը համապատասխան գործունեություն չի ծավայում և  կենտրոնացած է միայն Աշոտ Գրիգորյանի անձի շուրջ։ Ինձ հայտնի չեն եվրոպական միություններ, որոնք ներկայում անդամակցում են այդ ֆորում կոչվածին, (http://www.faaeurope.eu/ կայքում էլ տեղեկություններ չկան), միգուցե տարբեր եվրոպական երկրներում առկա են եզակի համակիրներ։ Նույնիսկ Սլովակիայի հայ համայնքում այդ անձնավորությունն այսօր շատ քիչ մտերիմներ կամ հետևորդներ ունի։ Շփվում եմ մարդկանց հետ, գիտեմ։ Մեկ այլ կազմակերպություն, որ նա ներկայացնում է, Սլովակիայում 2002-2003թ.-ից գրանցված «Սլովակիայի հայ համայնք» հասարակական կազմակերպությունն է, և, ըստ լուրերի, սլովակահայերից շատ քչերն են դրան մասնակցում։ Այդպիսի կազմակերպության գրանցումն էլ մեծ հերոսություն չէ, ինչպես նա ներկայացնում է՝ մի քանի ստորագրություն բավարար է։ Նա մեղադրում է ինձ իրեն «գահընկեց» անելու փորձի մեջ, դա ևս չի համապատասխանում իրականությանը։ Այո, հանդիպել եմ Սլովակիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկել դրա ինստիտուցիոնալ գրանցման խնդիրը, ինչպես, օրինակ Հունգարիայում և Ռումինիայում է (ազգային փոքրամասնություն) կամ Չեխիայում (եկեղեցական համայնք): Պարզվեց, որ դա իրատեսական չէ՝ մեր հայրենակիցների փոքրաթիվ լինելու պատճառով։ Մարդիկ ցանկություն ունեին մեկօրյա հայկական դպրոց ունենալու Բրատիսլավայում, նույնիսկ մի՝ հանգստի կոչված ուսուցչուհի սկզբում հանձն առավ իր վրա վերցնել այդ բեռը։ Մենք նրան հրավիրեցինք Պրահա, ուր վաղուց շաբաթօրյա դպրոց կա, դասագրքեր տրամադրվեցին, հետագայում, սակայն, տիկինն առողջական պատճառներով հրաժարվեց մտադրությունից։ Հռետորական հարց հնչեցնեմ. ինչո՞վ է զբաղված «Սլովակիայի հայ համայնք» ՀԿ-ն, եթե դպրոցի հարց չի կարողացել լուծել։ Իհարկե, պարոն Գրիգորյանը կասի, թե Բրատիսլավայի կենտրոնում կաթոլիկ եկեղեցուց շենք է նվեր ստացել։ Ճիշտ է, այդ հնադարյա մատուռի բանալիները որոշակի ժամկետով փոխանցվել են իրեն, տարին երկու-երեք անգամ բացում է և փակում՝ եկեղեցական արարողությունների համար։ Կասի, որ Բրատիսլավայում խաչքար եմ դրել, չեմ հերքում, բայց, իմ ունեցած տեղեկության համաձայն, ամբողջ գումարը վճարել է «Նիգ Ապարան» հայրենակցական միությունը Հայաստանից։

Օբյեկտիվ լինելու համար չէի ցանկանա նսեմացնել պարոն Գրիգորյանի որոշ ծառայություններ, օրինակ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրում իր կարևոր ներդրումը։ Մի շարք այլ հարցերում էլ հնարավոր է որոշ դրական դերակատարում ունեցած լինի, բայց չեմ խոսի այն մասին, ինչի վերաբերալ հակասական տեղեկատվություն ունեմ։ Այնպես չի, որ անշահախնդիր է եղել։

Իր ղեկավարած՝ «հոլդինգ» հավակնոտ անունը կրող «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն ՍՊԸ»-ի մասին ես չէ, այլ հեղինակավոր տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն է ժամանակին վերլուծել դրա էությունը (https://blog.168.am/blog/151605.html)։ Միայն ավելացնեմ, որ այն կայք էլ չունի, որ գործունեությանը ծանոթանաք, իսկ ըստ սլովակյան ֆինանսական վիճակագրության կայքի, ընկերության ակտիվը 2017 թվականին կազմել է 32000 €, որևէ շրջանառություն չի ունեցել, կորուստը կազմել է -576 € (https://www.finstat.sk/50264427 ): Եվ այս ընկերությունը հարյուրավոր միլիոնների դոլարների ներդրումներ է խոստանում Հայաստանում։ Ժամանակը ցույց կտա։ Ես միայն երջանիկ կլինեմ, եթե Հայաստանի քիմարդյունաբերության գիգանտ «Նաիրիտ»-ն աշխատի, լցնի բյուջեն, իսկ աշխատակիցներն աշխատեն և լավ վարձատրվեն, ու շրջակա միջավայրը չաղտոտվի։

Աշոտ Գրիգորյանին կյանքում մեկ անգամ եմ հանդիպել, այն էլ պատահական, 2015թ. ապրիլի 20-ին Բրատիսլավայում, երբ մշակույթի նախարարությունում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդես բացելուց առաջ այցելեցի խաչքարը՝ ծաղկեպսակ դնելու նպատակով։ Ձեռք մեկնեցի, բարևեցի և ասեցի, որ հիշաչար մարդ չեմ, ներում եմ այն, ինչ մինչ այդ նա արել է իմ դեմ։ Ի պատասխան լսեցի. «Իսկ ես չար եմ, ծնկաչոք ես մոտս գալու, ներողություն խնդրես»։ Կարծում եմ բավականին խոսուն փաստ է։

 

  • Հ – Հանդիպե՞լ եք արդյոք հայ պաշտոնատար անձանց, որոնք ցանկացել են անշարժ գույք ձեռք բերել Չեխիայում։ Այս կապակցությամբ, ըստ Աշոտ Գրիգորյանի, ԱԱԾ-ն բացահայտումներ է արել, որի արդյունքում Չեխիայում ՀՀ դեսպանը հետ է կանչվելու: Ընդհանրապես, Չեխիայի անշարժ գույքի մասին ժամանակին մի քանի հրապարակումներ է գրել ,,Հետք,, շաբաթաթերթը, սակայն չգիտես ինչու վերոհիշյալ անձն այն ներկայացնում է իբրև հայտնություն և այդ ամենում մեղադրում է նաև Ձեզ։

 

Պ – Ոչ, չի եղել նման բան։ Չեմ հիշում նույնիսկ գների մասին հետաքրքրված լինեն, որ սովորաբար մարդիկ հարցնում են։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ որևի մեկի համար Չեխիայում, առավել ևս՝ Ավստրիայում, որևէ գույք ձեռք չեմ բերել և չեմ օգնել ձեռք բերելուն, լինի դա իշխանավոր, թե մասնավոր անձ։ Տարիներ է, դեսպանության համար հարմար շենք եմ փնտրում Պրահայում, որպեսզի Հայաստանի սեփականությունը լինի, դա այդչափ դյուրին գործ չէ՝ Պրահայի անշարժ գույքի շուկան չափազանց բարդ է։ Գրիգորյանը որևէ փաստ չի բերում, որովհետև չկա, չի էլ կարող լինել։ Միայն անուններ է տալիս։ Ասեմ, որ այդ մարդկանցից ոմանց հետ անձնապես ծանոթ էլ չեմ, իսկ մյուսների հետ միայն պաշտոնական հարաբերություններ եմ ունեցել։ Ավելին, իր նշած պաշտոնյաների ճնշող մեծամասնությունը կամ ընտանիքի անդամներն, իմ ունեցած տեղեկության համաձայն, Չեխիայում սեփականություն չունի։ Ավստրիայի մասին չեմ կարող ասել, տեղյակ չեմ։ «Հետք» պարբերականը բավականին խորն ուսումնասիրություն է կատարել Չեխիայում, փաստերով ժամանակի ընթացքում ներկայացրել է, թե ով ինչ ունի և ում միջոցով է գործարքն արել։ Վեր հանեք այդ հրապարակումները և կտեսնեք, որ ես որևէ առնչություն չունեմ։

Ինչ վերաբերում է իր կողմից նշվող ԱԱԾ «հայտարարությանը» կամ «բացահայտումներին», ապա այդ ստահոդ լուրը գալիս է հուլիսի 13-ի «Ժամանակ» օրաթերթի անստորագիր հրապարակումից, որի հետևում, համոզված եմ, էլի Գրիգորյանն է կանգնած։ Այս կապակցությամբ բերեմ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հայտարարությունը. «Ազգային անվտանգության ծառայության գործընկերները հավաստիացրին, որ «Ժամանակ» թերթի հրապարակումը կեղծիք է և բնականաբար իրականությանը չի համապատասխանում։ Կարծում եմ՝ հստակ է, թե այդ կեղծիքի պոչը որտեղից է գալիս»։ Ավելացնելու բան չունեմ։

 

  • Հ – Նախկինում շահարկվող ,,մեղադրանքներից,, մեկն էլ այն էր, որ զբաղվել եք առևտրական գործունեությամբ կամ գործարարությամբ, ամեն անգամ նշելով մի նոր ոլորտ։

 

Պ – Զավեշտալի է։ Նորից, որևէ փաստ չկա։ Օրերս «Հայկական Ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում մի վառ օրինակ բերեցի, որ կուզենամ կրկնել։ 2015-2016թթ. Գրիգորյանը կեղծ լուրեր էր տարածում, թե 400 հատ չեխական «Tatra» բեռնատար եմ վաճառել և պատկառելի գումար կորզել։ Ու՞ր եմ վաճառել, ու՞մ։ «Tatra» ընկերությունը տարեկան ընդամենը 1000-1300 բեռնատար է արտադրում, ստացվում է, որ ես ամենախոշոր դիստրիբյուտո՞րն եմ։ Մի օր ընկերության նախկին տնօրեններից մեկի հետ պատահական ծանոթացա և ասեցի դրա մասին, ծիծաղեց։ Իմ գործունեությունը Ձեր աչքի առաջ է անցել, մշտապես աշխատել եմ պայմաններ ստեղծել, որպեսզի հայաստանյան արտադորղները կարողանան իրենց արտադրանքը վաճառել չեխական և սլովակյան շուկայում և իմ հավատարմագրման երկրներից  ներդրողներ գնան Հայաստան։ Վարդագույն երազանքս էր, որ հայկական ծիրանը լինի չեխական շուկայում։ Կարողացա չեխական մի խոշոր ընկերության մարկետինգի տնօրենին 2015թ.-ին հրավիրել ՀՀ, սակայն ներմուծել չստացվեց՝ չափազանց թանկարժեք և բարդ լոգիստիկայի պատճառով։ Տեղեկատվության կարգով նշեմ, որ ընթացիկ տարում Հայաստան-Չեխիա ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 2 անգամ նախորդ տարվա համեմատ։ Սա նաև մեր դեսպանության աշխատանքի արդյունքն է։

 

  • Հ – Չեխական զենքի Սլովակիայի և Իսրայելի միջոցով Ադրբեջանին վաճառելու մասին նույնպես խոսվում է։ Թեև վերջին ամիսներին այս թեմային ՕՐԵՐ-ը քանիցս անդրադարձել է, բայց կցանկանայիք ճշգրտել, երբ եք իմացել այդ զենքի վաճառքի մասին և երբ եք ձեռնարկել դիանագիտական ճանապարհով դրա փոխանցումը կանխարգելելու միջոցներ։

 

Պ – Նախ պետք է ճշտեմ, դա զուտ չեխական զենք չէ, այլ չեխ-սլովակյան։ Առհասարակ, Dana M1 հաուբիցները և RM-70 Vampir հրթիռանետերը 70-80-ականներին արտադրվել են Դուբնիցա նադ Վահոմ բնակավայրում, որ ներկայիս Սլովակիայում է։ Սլովակիայից երրորդ երկրով Ադրբեջան արտահանված զինտեխնիկան արդիականացվել է Սլովակիայի Տրենչին քաղաքի MSM Martin ընկերությունում, որը մտնում է չեխ զինագործ Յարոսլավ Ստրնադի Czechoslovak Group արդյունաբերական խմբի կազմի մեջ։ Ի դեպ, վերը նշած Tatra-ն էլ է պատկանում այդ խմբին և այդ մահաբեր հաուբիցների ու հրթիռանետերի համար օգտագործվել են Tatra-ի վերանորոգված քարշակները։ Սլովակյան Dennik N հանդեսին տված իմ հարցազրույցում ես մանրամասն անդրադարձել եմ զենքի անօրինական վաճառքին։ Հոդվածը թարգմանաբար լայնորեն տարածվեց նաև հայկական մամուլում և Դուք դրան ծանոթ եք։ Զենքի հնարավոր արտահանման մասին իմացել եմ իմ աղբյուրից շուրջ մեկ տարի, կամ ավելի ճշգրիտ՝ 11 ամիս առաջ ու անմիջապես սկսել ենք մեր գործողությունները։ Լուրը որոշ ժամանակ անց հաստատվեց տեղի մամուլում, բայց առանց մանրամասների։ Նման գործարքներ կնքվում են ծայրահեղ գաղտնիության պայմաններում և դրանց կանխելը չափազանց դժվար է, եթե ոչ անհնարին։

Ինչպես նշեցի, տեղեկատվությունն ստանալուն պես այն սկսել եմ ճշտել և՜ չեխ և՜ սլովակ գործընկերների հետ։ Հայաստանի ԱԳՆ-ն բնականաբար տեղեկացված է եղել և դեսպանությունն առաջնորդվել է Երևանից ուղարկվող ցուցումներով։ Քիչ անց հաստատվեց, որ արտահանման լիցենզիան ձևակերպվել է Սլովակիայում, որի արտաքին գերատեսչությունը խոստացել էր պարզել եղելությունը, քանի որ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է եղել՝ դրանք ձևակերպվել են այլ երկիր արտահանվելու համար։ Իմ տպավորությամբ, Սլովակիայի ԱԳՆ համապատասխան պաշտոնյաները ևս անզոր են եղել, քանզի ռազմարդյունաբերական լոբբին չափազանց հզոր է։ Դրա ներկայացուցիչները սեփական շահը գերադասել են Հայաստանի և Արցախի անվտանգությունից, սեփական երկրի միջազգային պարտավորություններից և վարկանիշից, մանավանդ որ Սլովակիան 2019 թվականին պատրաստվում է ստանձնել ԵԱՀԿ նախագահությունը։ Քանի որ ամիսների ընթացքում Սլովակիայի իշխանությունները չեն կարողացել բավարար պատասխաններ ներկայացնել, որոշում կայացվեց հանրայնացնել խնդիրը։

Զուգահեռաբար հայկական դիվանագիտությունն աշխատանք է տանում նաև միջազգային հարթակներում, հատկապես ԵԱՀԿ-ում։ Այսօր էլ աշխատանքն ակտիվ փուլում է, որոշ դրական ազդակներ կան, սակայն այս փուլում ավելին չեմ կարող հանրայնացնել։ Այս պայքարին անմասն չմնաց նաև Չեխիայի հայ համայնքը, որի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ կազմակերպեցին Czechoslovak Group-ի գրասենյակի և Սլովակիայի դեսպանության առջև։

Ինչ վերբերում է պարոն Գրիգորյանի մեղադրանքներին, ապա իր մոտ դրանց նպատակահարմարությունը ուտիլիտար նշանակությունից է կախված։ Երբ հանդիպում էր հայցում ՀՀ ԱԳ նախարարից, հուլիսի 11-ին նա «ԵՀՄՖ» անունից հայտարարություն տարածեց (http://www.araratnews.am/katarvel-e-lurj-hancagortcuthyun%D5%9D-mahaber-zenkh-vatcharelov-adrbejanin/), որում անուղղակի գովում է դեսպանության գործողությունները։ Ցիտեմ. «Ի պատիվ ՀՀ ԱԳ նոր նախարարի՝ տեղեկացնում ենք, որ առաջին անգամ կատարվեց ճիշտ քայլ և արձագանք ստացավ ԵՀՄՖ-ի տեղեկատվությունն առ այն, որ Չեխիան և Սլովակիան կատարել են խայտառակ գործարք՝ զինելով Ադրբեջանին Հայաստանի դեմ նախատեսված խիստ մահաբեր ռազմական տեխնիկայով: Օրերս սլովակյան ԶԼՄ-ներում հայտնվեց Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանի հետ հարցազրույց, որը ծառայեց իր նպատակին…»: Երբ պարզ դարձավ, որ ԱԳ նախարարն իրեն չի ընդունելու, երկու օր հետո նա սկսում է վերջին խոսքերով փնովել ԱԳՆ-ին և ինձ, նույնիսկ մեղադրելով դավաճանության մեջ։ Գրիգորյանը պնդում է, թե ինքն է ահազանգել գործարքի մասին։ Ակնհայտ է, որ նա հենց չեխական, սլովակյան կամ, նույնիսկ, հայկական մամուլից է դրա մասին իմացել։ Դեսպանությունն իր գործողությունների համար հաշվետու է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և ոչ՝ Գրիգորյանին։ Եվ եթե ինքը տեղյակ չի եղել մեր գործողություններից, չի նշանակում, որ դրանք չեն եղել։

Դրա մասին նշեց նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Գրիգորյանն ասում է, թե ԱՄՆ-ից լոբբիստներ էր բերել, որոնք «համարյա համոզել էին» սլովակներին դադարեցնել մատակարարումները, բայց ՀՀ ԱԳՆ-ն չօգնեց։ Լավ, ասենք դեսպան Սեյրանյանի հետ հարաբերություն չունես, կոմունիկացիայի այլ միջոցներ չկա՞ն ԱԳՆ հետ։ Համոզված եմ, որ սա էլ հերթական սուտն է։ Պարոն Գրիգորյանը մշտապես խոսում է իր «հզորագույն լոբբիստական հնարավորությունների» մասին։ Դա փաստորեն արտահայտվում է միայն հայաստանյան որոշ լրատվամիջոցներով հերյուրանքներ տարածելու տեսքով։ Սա է իրական պատկերը։

 

  • Հ – Ձեր կարծիքով Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպանին անհիմն մեղադրանքներ նեկայացնող անձն ի՞նչ նպատակներ է հետապնդում։ Ավելին, ստահոդ ու վարկաբեկող լրատվություն տարածող անձին ինչպե՞ս պետք է պատասխանատվության ենթարկել։

 

Պ – Այս հարցին ես վերը պատասխանեցի։ Այնպես չէ, որ միայն ես եմ իր անհիմն մեղադրանքների «զոհը» և թիրախը։ Չե՞ք հիշում, մի քանի տարի առաջ Չեխիայի հայ համայնքի մասին էլ էր հերյուրանքներ տարածում, թե բարձիթողի վիճակում է և միակ «փրկությունն» իր «թևի տակ» անցնելն է։ Դուք էլ լավ տեղը դրեցիք իրեն ձեր հայտարարություններով։ Թիրախ կարող է դառնալ հաջորդ դեսպանը, քանի որ վաղ թե ուշ ռոտացիայի կենթարկվեմ, կամ ցանկացած ոք, ով կկանգնի իր զարտուղի ճանապարհին։ Ընդհանուր առմամբ, առայժմ սահմանափակվում եմ հերքումներով, իսկ հետո, եթե շարունակի, միգուցե դիմեմ օրենքով սահմանված միջոցների։

 

ՕՐԵՐ 

Orer.eu

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. «Հայաստանը Եվրոպա է». ընդունելություն Պրահայում Հայաստանի դեսպանատանը
2. Չեխիա. Դեսպան Սեյրանյանի և Սենատի նախագահի առաջին տեղակալ Միլուշե Հորսկայի հանդիպումը
3. Դեսպան Սեյրանյանի և Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի հանդիպումը
4. Հայաստանի անկախության տոնը նշվեց Չեխիայում
5. Չեխիան կարող է մեծ ներդրում ունենալ մեր տնտեսական առաջընթացի գործում. Սերժ Սարգսյան
6. Կարել Շվարցենբերգին՝ Հայաստանի Ազգային ժողովի Պատվո մեդալ
7. Լեժակիում հիշել են ֆաշիզմի զոհերին. մասնակցել է նաեւ Հայաստանի դեսպանը
8. Չեխական բիզնեսի պատվավոր մրցանակներ Գեւորգ Ավետիսյանին, Կարել Գոտին, Իվանա Թրամփին եւ այլոց
9. Տիգրան Սեյրանյան. ,,Չեխիայի խորհրդարանը վերահաստատեց ժողովրդավարության, մարդու իրավունքների բարձր արժեքների նկատմամբ իր հավատարմությունը,,
10. Սլովակիայում աննախադեպ արարողակարգով հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: