ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանը լավագույն ուղղությունն է . ասում է չեխ ճանապարհորդ Վախալը

22 մայիսի, 2018 | 21:28

Պրահայի Վելեսլավին թաղամասի ճամփորդական սրճարանում երեկ տեղի ունեցավ չեխ ճանապարհորդ Վլադիմիր Վախալի Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված դասախոսությունը, որն ուղեկցվում էր լուսանկարների ցուցադրությամբ եւ հյութեղ մեկնաբանություններով։ 7 տարի շարունակ Հայաստան ճամփորդող Վլադիմիրը, նոր է վերադարձել Երեւանից, ուր 30-օրյա ճամփորդության ընթացքում  ականտես է եղել թավշյա հեղափոխությանը, անցկացրել հիշարժան արկածներով լի ժամանակ եւ իբրեւ անձնական փորձառության արդյունք՝ ներկաներին խորհուրդ էր տալիս անպայման այցելել Հայաստան։

ՙՈրեւէ պատճառ չկա Հայաստան չգնալու համար։ Ես միայն կարող եմ ասել, որ բոլոր առումներով Հայաստանն առաջին ուղղությունն է, որ կարող եք ընտրել եւ այցելել՚,- ոգեւորում էր նա ներկաներին։

,,Հայաստանը գրավում է ոչ միայն քրիստոնեական անցյալով ու ներկայով, եկեղեցիների ու վանքերի  առատությամբ, այլեւ մաքրությամբ, ժամանակակից դիզայնով ռեստորաններով ու սրճարաններով, մարդկանց հյուրասիրությամբ եւ հայկական խոհանոցի թարմ ու համեղ ուստեստեղենով,,- ասում էր Վախալը։

Վլադիմիրը հիացած է նաեւ Երեւանի ճարտարապետությամբ, խմելու ջրով ու հայկական կոնյակով, գինիների տեսակներով ու թորած  օղու համով, նույնիսկ ՙԳյումրի՚ եւ ՙԿիլիկիա՚ գարեջրերով։ Անդրանիկը նրա ամենասիրած հայ հերոսն է, իսկ Արարատի բնապատկերը՝ նրա նախընտրած տեսարանը։ Ու թեեւ Արարատն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում, բայց Վլադիմիրի ասելով, հույս ունի, որ մի օր իր սիրելի լեռը կվերադարձվի Հայաստանի տարածք։

Լեռնային Ղարաբաղի մասին պատմական տեղեկություններից ու ներկա կարգավիճակի մասին տեղեկություններ տալուց հետո,Վլադիմիրը ցույց տվեց նաեւ մի քանի լուսանկար Աղդամից, Վանք գյուղից, Շուշիից ու Գանձասարից, Դադիվանքից, նաեւ հետաքրքիր պատմություններ հիշեց իրեն ուղեկցող արցախցիների մասին։

Չեխ ճանապարհորդը հումորով ներկայացում էր,թե ինչպես օգտվել քաղաքային տրանսպորտից, ինչ թանգարաններ այցելել եւ ինչ համտեսել։ Օրինակ, նրա կարծիքով հայերը հոյակապ պանիր են պատրաստում եւ Հայաստանում անպայման պետք է փորձել պանրի տեսակները, ինչպես նաեւ ծիրանը՝ չորացրած,  թե թարմ վիճակում։ Նույնը վերաբերում է հայկական բանջարեղենին։  Միակ բանը, որ նա խորհուրդ տվեց երբեք չխմել, դա Բուրատինո հայկական լիմոնադն է։ Նաեւ խոսեց լեզվի մասին, հայերեն երեք բառ է սովորել, որոնք անընդհատ օգտագործել է՝ մոխրաման, զուգարան եւ հրապարակ։

Իսկ մնացյալ հարցերում, խորհուրդ տվեց մեկնել Հայաստան եւ վայելել օդը, ջուրը եւ բնությունը,  հիանալ Սեւանա լճի գեղեցկությամբ՝ անպայման այցելելով նաեւ Սուրբ Էջմիածին։

Իբրեւ հավելում, վերջում ներկայացնում ենք նաեւ Հայաստանում կատարած լուսանկարները, այդ թվում՝  թավշյա հեղափոխության օրերին, որոնք արտահայտում են այդ օրերի ապրումներն ու զգացումները։

Հ.Ա.

orer.eu

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
3. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
4. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
5. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
6. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
7. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
8. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
9. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
10. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: