ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանը գնահատում է Ղարաբաղի խնդրում Իրանի հավասարակշիռ դիրքորոշումը

27 հունվարի, 2015 | 13:49

Nalbandyan Zarif 27.01.2015.ԵՐԵՎԱՆ. – Պաշտոնական այցով Երևանում է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում ասել է. ,,Մենք գոհունակությամբ նշեցինք, որ վերջերս Թեհրանում կայացած միջկառավարական հանձնաժողովի տասներկուերորդ նիստի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ տարբեր համատեղ տնտեսական ծրագրերի վերաբերյալ… անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Հայաստանը գնահատում է այն հավասարակշիռ մոտեցումը, որն Իրանը միշտ արտահայտել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ:  Մենք անդրադարձանք նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին: Իմ գործընկերը տեղեկացրեց վերջին զարգացումների մասին: Այն դրական միտումները, որ վերջերս նկատվում են այդ բանակցային գործընթացում, հույս են ներշնչում, որ շատ շուտով այդ բանակցությունները կտան համապատասխան արդյունքներ, որոնք գոհացուցիչ կլինեն բոլոր կողմերի համար, ինչը բխում է ոչ միայն Իրանի, ոչ միայն տարածաշրջանի երկրների, ներառյալ նաև՝ Հայաստանի, այլ նաև՝ միջազգային հանրության շահերից,,:

***
ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը ներկայացնում է հետևյալ հարց ու պատասխանը։

Հարց (Մեդիամաքս գործակալություն). Երկու հարց ունեմ: Առաջին հարցս Հայաստանի արտգործնախարարին է ուղղված: Պարոն նախարար, Դավոսում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում բոլոր հակամարտությունների կարգավորման հիմքում պետք է դրվեն միջազգային իրավունքի միևնույն նորմերը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը: Եվ երկրորդ հարցս Իրանի արտգործնախարարին է ուղղված: Պարոն նախարար, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ի՞նչ նոր հնարավորություններ կբացի՝ հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման համար: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Այդպիսի հայտարարությունները տպավորություն են թողնում, թե Ադրբեջանի ղեկավարի շուրթերով կարելի է «մեղր խմել», բայց դա չի համապատասխանում իրականությանը։

Իրական տպավորությունն այն է, որ կան միջազգային իրավունքի սկզբունքներ և նորմեր, և մյուս կողմից՝ միջազգային իրավունքի և սկզբունքների ադրբեջանական ընկալում: Հիշեցնեմ, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները ընկած են հիմքում այն առաջարկների, որոնք արվել են եռանախագահող երկրների կողմից՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնեմ նաև, որ դրանք երեք սկզբունքներն են՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Ի պատասխան այն կոչերի, որոնք արվել են եռանախագահ երկրների կողմից, անգամ՝ նախագահների մակարդակով արված կոչերի՝ Հայաստանը բազմիցս վերահաստատել է իր հանձնառությունը՝ այդ սկզբունքների հիման վրա հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Իսկ Ադբեջանը այդպես էլ չի արտահայտում իր դիրքորոշումը՝ ի պաշտպանություն միջազգային իրավունքի այդ սկզբունքների: Դա ցույց է տալիս այդ հայտարարությունների հակասությունը, որ անում են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները նայած՝ որ հարթակում են գտնվում և ինչպես են ուզում ընկալվել այդ հարթակներում։ Բայց, իրականում, երբ տարբեր միջազգային կազմակերպություններ քննադատություններ են հնչեցնում Ադրբեջանի հասցեին, Բաքուն ասում է, որ այդ կազմակերպությունները ոչինչ չեն հասկանում: Երևի հասկացողները միայն ադրբեջանցիներն են։

Հարց. Ի՞նչ հնարավորություններ են բացվում հայ-իրանական տնտեսական համագործակցության համար՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո։

Էդվարդ Նալբանդյան. Մենք դեռ նոր ենք դարձել Եվրասիական միության անդամ և ուսումնասիրում ենք հնարավորությունները, որպեսզի մեր անդամակցությունը դրական ձևով անդրադառնա ոչ միայն մեր հարաբերություններին Եվրասիական միության անդամ երկրների հետ, այլև մեր հարևանների, այլ երկրների հետ, որոնց հետ մենք ավանդական տնտեսական, առևտրական զարգացած հարաբերություններ ունենք և նաև լավ հեռանկարներ ունենք՝ այդ հարաբերությունները առավել ամրապնդելու, խորացնելու և զարգացնելու: Այդպիսի օրինակներից է հենց մեր հարևան Իրանը:

Հարց (Առավոտ օրաթերթ). Հարցս ուղղում եմ երկու արտգործնախարարներին: Իրանական կողմը միշտ պատրաստակամություն է հայտնում՝ երկաթուղու, ՀԷԿ-ի և Իրան-Հայաստան գազամուղի կառուցման առնչությամբ: Հարցը հետևյալն է. ի վերջո, ի՞նչն է խոչընդոտում` ներդրումների բացակայությունը, թե՞ երկու կառավարություններում քաղաքական կամքի բացակայությունը: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանյան. Եթե այդպիսի կամք չլիներ, ապա երկու կողմերն էլ չէին արտահայտի իրենց պատրաստակամությունը և ցանկությունը` այդ ծրագրերը կյանքի կոչելու։ Ես իմ խոսքի մեջ նշեցի, որ ողջունում ենք այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկու կողմերի միջև, ներառյալ՝ միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվել էին այդ ծրագրերը։ Ես հույս հայտնեցի, որ շուտով դրանք կյանքի կկոչվեն, և իրական արդյունքներ կտեսնենք:

Տեխնիկական հարցեր միշտ էլ լինում են, բայց ես կցանկանայի նշել, որ երկու երկրների միջև խնդիրներ չկան: Ավելի շուտ տեխնիկական հարցեր են, որոնց լուծումները միշտ հնարավոր է գտնել:

 


Առնչվող նյութեր
1. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
2. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
3. Անդրանիկ Խեչումյան՝ Հայ-Իրանական բարեկամության դրոշակիր
4. ԲՈԼՏՈՆԵԱՆ «ՀԱԿԱԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԷԶԸ»…
5. Իրանցի արդյունաբերողներն ու գործարարները մեկ հարկի տակ․ Երևանում բացվեց Իրանի Ալբորզ նահանգի արտադրանքների առաջին ցուցահանդեսը
6. Արցախին նվիրված քննարկում Եվրոպական խորհրդարանում
7. Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին Հայաստան – Եվրոպական միություն գործընկերության առաջահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը
8. Տեսակետ Իրանից. Վեցնյակից դուրս գալու Թրամփի արկածները…
9. ԻՐԱՆ. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՐՔԵՐԻ ՀԱՆԴԱՐՏԵՑՄԱՆ ՆԱԽԱՆՇԱՆՆԵ՞Ր…
10. ԻՐԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՈՒ ԿԱՅՈՒՆՈՒԹԵԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ…

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: