ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանը աջակցում է Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգմանը համայն աշխարհում

03 հունիսի, 2014 | 23:23

Harut SassounianՀարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Անցյալ շաբաթ երկու կարևոր համաժողովներ տեղի ունեցան Երևանում հաջորդ տարվա Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների նախապատրաստության շրջանակում:

Մայիսի 26-ին կայացած առաջին հանդիպմանը ներկա էին Ցեղասպանության հարյուրամյակի հանձնախմբերի ներկայացուցիչներ աշխարհի 40 երկրներից, որոնք տեղեկացրեցին 2015 թվականի ապրիլի 24-ի իրենց առաջիկա ծրագրերի մասին: Այս առիթով ներկայացվեցին Հարյուրամյակի խորհրդանշանը և կարգախոսը` «Ես հիշում եմ և պահանջում»: Մասնակիցների համար համաժողովը եզակի հնարավորություն էր տեղեկատվության փոխանակման և միասնական ջանքերի համախմբման քննարկման առումով:

Մայիսի 27-ին տեղի ունեցած երկրորդ հանդիպումը համախմբեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամներին, տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներին և տասնյակ հայ դիվանագետների ու հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչների համայն աշխարհից: Պետական հանձնաժողովի կազմում են Հայաստանի և Արցախի ղեկավարությունը և սփյուռքի խոշորագույն հայկական կազմակերպությունների նախագահները:

Նախագահ Սարգսյանը հանդուգն քայլ կատարելով հայտարարեց, որ հրավիրել է Թուրքիայի նախագահին այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու նպատակով: Անակնկալի գալով, թուրքական իշխանությունները դեռևս չեն պատասխանել այս մարտահրավերին: Հայաստանի նախագահը նաև տեղեկացրեց համաժողովի մասնակիցներին, որ հրավերներ է ուղարկել մի շարք պետությունների ղեկավարներին այդ օրն այցելելու Երևան: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն արդեն հաստատել է, որ մտադիր է մասնակցել Հայաստանում Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին:

Պետական հանձնաժողովի անդամների ելույթներից հետո, Արգենտինայի, Ֆրանսիայի, Լիբանանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հանդես գալու համաժողովում: Ինձ ևս խնդրեցին ելույթ ունենալ որպես Արևմտյան ԱՄՆ-ի Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնախմբի համանախագահ:

Ելույթս սկսեցի բացատրելով, որ աշխարհասփյուռ հայությունը չպետք է համակված լինի այն ակնկալիքով, թե արդյոք նախագահ Օբաման կներառի ցեղասպանություն բառը 2015 թվականի ապրիլի 24-ի իր «հիշատակման» ուղերձում: Հակառակ տարածված թյուրըմբռնման` Միացյալ Նահանգների կառավարությունը բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սկսած 1951 թվականից պաշտոնական փաստաթուղթ ներկայացնելով Միջազգային դատարան, Ներկայացուցիչների պալատի 1975 և 1984 թվականների բանաձևերով և 1981 թվականի ապրիլի 22-ին նախագահ Ռոնալդ Ռեյգանի նախագահական հռչակագրով: Հետևաբար, խիստ անհրաժեշտություն չկա պնդելու, որ նախագահ Օբաման ևս ճանաչի Հայոց ցեղասպանությունը` բացի իր տված խոստումը հարգելու և սեփական պատիվը փրկելու համար:

Ես իմ ելույթում նաև առաջարկեցի, որ քանի Հայոց ցեղասպանությունը տևել է 1915-ից մինչև 1923 թվականը, ապա Հարյուրամյակի առթիվ նախատեսված միջոցառումները պետք է երկարաձգել 2015-ից մինչև 2023 թվականը: Սա իսկական մղձավանջ կլինի թուրքական կառավարության համար, որն ստիպված է լինելու դիմակայել Հարյուրամյակի ոչ թե մեկ, այլ ութ տարվա միջոցառումներին:

Քանի որ Հարյուրամյակը պատմական կարևոր իրադարձություն է, ուստի ես կոչ արեցի հայկական համայնքներին` կազմակերպել յուրահատուկ միջոցառումներ, որոնք զանգվածային բնույթ կկրեն և հնարավորություն կունենան ապահովել համազգային կամ համաշխարհային հրապարակայնություն Թուրքիայից հայ ժողովրդի արդար պահանջների համար: Հարյուրամյակի առթիվ չպետք է կրկնել նախկին ամենամյա միջոցառումները: Սակայն, նախքան որևէ ծրագիր նախաձեռնելը, պետք է սկզբում հստակեցնել այն նպատակները, որոնք իրականացվելու են, այնուհետև որոշել, թե արդյոք նախատեսված միջոցառումները իրագործում են այդ նպատակները:

Այնուհետև ես ընթերցեցի համաժողովի մասնակիցների համար Արևմտյան ԱՄՆ-ի Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնախմբի որդեգրած առաքելությունը.

«Հայոց ցեղասպանության 100-ամյակը շեշտադրում է աշխարհասփյուռ հայության և բարի կամքի տեր բոլոր մարդկանց պահանջատիրական պայքարը հանուն արդարության: 2015 թվականին հիշատակվելու է 20-րդ դարի մարդկության դեմ գործած մեծագույն հանցագործություններից մեկը` Հայոց Ցեղասպանությունը: 1915-ին թուրքական կառավարությունը սկսեց իր կանխամտածված և համակարգված արշավը՝ արմատախիլ անելու հայ բնակչությանը իր հայրենիքից և կոտորելու 1,5 միլիոն անպաշտպան տղամարդկանց, կանանց և երեխաների: Թուրքիան պետք է վերջապես ընդունի իր պատասխանատվությունը Հայոց Ցեղասպանության համար և համապատասխան բարոյական, ֆինանսական և տարածքային փոխհատուցումներ տա` ըստ հիմնարար միջազգային նորմերի ու քաղաքակիրթ հասարակության օրենքների»:

Ելույթս ավարտեցի առաջարկելով աշխարհասփյուռ հայությանը Հարյուրամյակի իրենց գործողություններն այնպես համակարգել, որ միևնույն ուղերձը հասանելի լինի ինչպես բարեկամին, այնպես էլ թշնամուն: Ես նաև առաջարկեցի, որ պետական հանձնաժողովի կողմից ընտրված կարգախոսը՝ «Ես հիշում եմ և պահանջում», փոփոխվի հետևյալ կերպ՝ «Մենք հիշում ենք և արդարություն պահանջում»…

Թեև այս հանրահավաքը պետք է ավելի վաղ տեղի ունենար, սակայն այն առավել կարևոր էր Հարյուրամյակի նախատեսված միջոցառումների համակարգման առումով: Զարմանալի չէ, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անցյալ շաբաթ հայտարարեց, որ իր կառավարությունը ուշի ուշով հետևում է Հարյուրամյակի հանձնախմբերի երևանյան հանդիպմանը: Բարեբախտաբար, Հայաստանում կազմակերպիչները զգույշ էին Հարյուրամյակի ծրագրերը հրապարակավ չներկայացնելու և դրանք թուրքական իշխանություններից գաղտնի պահելու հարցում` հնարավորինս քիչ ժամանակ տալով նրանց հայկական նախաձեռնություններին հակազդելու համար…

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի


Առնչվող նյութեր
1. Վալենսիայում տեղի կունենա համերգ նվիրված Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին
2. ԲԵԼԳԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՔՐԻՍՏԻՆ ԴԸՖՐԵՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
3. Լեհաստան. Դասական երաժշտության համերգ` նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին
4. Զեմանը Երևանում կրկին հանդես եկավ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու օգտին
5. Հայտարարությունների եւ բանաձեւերի համահնչեղության խնդիրը
6. Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առնչությամբ Գերմանիայից դրական ազդակներ են գալիս
7. Բունդեսթագի բանաձեւում կամրագրվի ՚Ցեղասպանություն՚ եզրույթը
8. Հայերին մաղթում եմ, որ նրանց պատմության հաջորդ էջերը գրվեն միայն ոսկե տառերով-Զդենեկ Շկրոմախ
9. Ֆրանսիա. Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Լե Լիլա քաղաքում
10. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացում Ֆրանսիայի Էքս Ան Պրովանս քաղաքում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: