ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Համբիկ Մարտիրոսյան. Սփյուռքահայ պայմաններում մեր սքանչելի արեւմտահայերենին է վտանգ սպառնում

01 հունիսի, 2013 | 00:27

,,Մենք Հայաստանից չենք վախենում, մենք սփյուռքից ենք վախենում,, -, ասում են Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունները

Բեյրութի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության պաշտոնաթերթ ,,Խոսնակ,, հանդեսի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանին հանդիպեցինք ինչպես Երեւանում անցկացված Լրագրողների համահայկական խորհրդաժողովի օրերին, այնպես էլ ՀԲԸՄ համագումարին։ Ներկայացնում ենք մեր զրույցըՙ նվիրված հանդեսին եւ լիբանանահայ համայնքին։

Համբիկ Մարտիրոսյանը ծնվել է Սեբաստիա նահանգում 1945 թվականի դեկտեմբերի 4-ին, եղել է ջաղացպանի զավակ։ Մանուկ հասակում նախ խոսել է թրքերենով, հետո նաեւ սովորել է հայերեն։ Ավարտել է Պոլսի երկրորդական վարժարանը, այնուհետեւ ուսանել է Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանումՙ խորանալով հայագիտության մեջ։ Տեղափոխվելով Դամասկոս, երկար տարիներՙ մոտ 25 տարի, առաջնորդարանի դիվանապետ է եղել եւ Բարեգործականի Սահակյան վարժարանում նախ ուսուցիչ, հետո նաեւ տնօրեն է աշխատել, դասավանդել է այլ դպրոցներում, ղեկավարել է քառաձայն երգչախումբը։ Նա Դամասկոսի Թեքեյան մշակութային միության ակումբի հիմնադիրներից է։ 1997 թվականին տեղափոխվել է Լիբանան։ Սկզբնական շրջանում ՀԲԸՄ շրջանակային հանձնաժողովի տնօրեն է եղել, իսկ հետո հայկական հարցերի պատասխանատուն եւ վերջին յոթ տարին ,,Խոսնակ,, պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն է։

-Նախ մեր ընթերցողներին ծանոթացնենք ,,Խոսնակ,, հանդեսի հետ։ Ո՞ր թվականից է լույս տեսնում, ի՞նչ փուլերով է անցել եւ ինչպիսի՞ խնդիրներ կան ամսագրի առջեւ։

-,,Խոսնակ,,ը Լիբանանի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության պաշտոնաթերթն է։ Այն կյանքի է կոչվել 1957 թվականին։ 2012-ին դարձավ 55 տարեկան։ Բնականաբար տպագրում ենք միության տարբեր մասնաճյուղերի եւ դպրոցների հետ առնչվող լուրերը։ Յոթ տարիներ ի վեր, երբ ես եմ դարձել խմբագիրը, ե՛ւ բովանդակությունն եմ փոխել, եւ տպագրության սեւ-սպիտակից անցել ենք գունավորի։ Իհարկե, մեծ տեղ ենք տալիս հայաստանյան լրատվությանը, Հայաստանում տեղի ունեցող հառաջադիմություններին, արձանագրված հաղթանակներին, Արցախի ու սփյուռքի հայկական լրատվությանըՙ միշտ ջանալով օգտագործել ,,գաղութային լուրեր,, խորագիրը։ Տպաքանակը մոտ 1100 է, որից 600ը սփռվում է Լիբանանում, մնացյալ 500ըՙ ամբողջ աշխարհում։

-Ի՞նչ վիճակում է այսօր Լիբանանում հայ մամուլը։

-Այսօր լույս են տեսնում երեք օրաթերթՙ ,,Ազդակ,,, ,,Զարթօնք,, եւ ,,Արարատ,,, կան նաեւ ,,Նայիրի,,, ,,Դիտակ,, , ,,Ծաղիկ,,, ,,Սփյուռք,,, ,,Արծիվ,, եւ այլ պարբերաթերթեր։ Լույս են տեսնում նաեւ հոգեւոր պարբերականներ, օրինակՙ Կիլիկիոյ կաթողիկոսության պաշտոնաթերթ ,,Հասկը,,, Կաթողիկէ պատրիարքարանն ունի ,,Ավետիքը,, եւ ,,Մասիսը,,, իսկ ավետարանական համայնքըՙ,,Ջահակիրը,,, որոնք հոգեւոր դասին վերաբերող լուրեր եւ այժմ նաեւ ընդհանուր լրատվություն են տալիս: Անշուշտ ունենք գրական-մշակութային պարբերականներ, ինչպեսՙ ,,Բագին,,ը, ,,Կամար,,ը, ,,Ազդակ Գրական,,ը: Բայց պետք է ավելացնել, որ շատ միություններ եւ վարժարաններ ունեն իրենց սեփական պարբերաթերթերը, որոնք նվիրված են մշակութային, մարզական եւ դպրոցական լրատվությանը: Հայ մամուլի կողքին, ավելացնեմ նաեւ, որ ունենք հայկական զույգ ռադիոկայաններՙ ,,Վանա Ձայն,,ը եւ ,,Սեւան,,ը, որոնք կանոնավորաբար սփռում են հայկական երգ, երաժշտություն, օրվա լրատվություն եւ զանազան հարցազրույցներ:

-Հարեւան Սիրիայի իրավիճակն ինչպե՞ս է ազդում Լիբանանի վրա։

-Հարկավ, երբ Սիրիան անորոշության մեջ է, դա ազդում է նաեւ Լիբանանի վրա։ Շատ ցավալի է այս երեւույթը։ Այնքան ժամանակ, որ այնտեղ անապահովություն տիրի, մեր երկրից ներս խաղաղություն չի կարող տիրել, որովհետեւ քաղաքական հոսանքներն այսպես թե այնպես կապակցված են իրար հետ։ Լիբանանի հայ գաղութի պարագայում ՙ 1975 -1990 թթ-ից գիտենք, թե ի՜նչ պատերազմական վիճակներով է անցել այդ երկիրը, եւ այդ ցնցումներից որքան ենք ազդվել։ Մոտավորապես 150 հազար հայեր արտագաղթեցին Լիբանանից դեպի Արեւմուտք։ Եթե Աստված մի արասցե, այդ անապահովության ալիքը կամ հրդեհը Սիրիայից փոխադրվի Լիբանան, մեր գաղութը կրկին կենթարկվի ցնցումի։ Ճիշտ է, մեզ մոտ համախոհություն կա, բայց թե այդ սահմանները մինչեւ ուր կտանեն, հիմա դժվար է կռահել։ Մենք կրկին ամեն զոհողությամբ պետք է դրական չեզոքություն որդեգրենք եւ այդպես շարունակենք մեր ընթացիկ ազգային աշխատանքները։

-Մի այլ խնդիր է ուծացումը։ Արդյո՞ք հայության համար այդ խնդիրը նույն կերպ է արտահայտվում Լիբանանում, ինչպես ասենք Ֆրանսիայում կամ Ռուսաստանում է։ Լիբանանը միշտ համարվել է ավելի դասական գաղութ։

-Ցավում եմ ասել, որ այսօր սփյուռքահայ պայմաններում համաշխարհայնացման քամին հարվածում է աջ թե ձախ, որն առաջին հերթին սպառնում է ժողովուրդների լեզվին, մշակույթին եւ մեր պարագայում նաեւ ինքնությանը։

Այս կացության պարագայում այդ հանգամանքը սպառնում է մեր եկեղեցուն, մեր դպրոցներին, մեր ակումբներին ու մեր ընտանիքներին։ Բնականաբար տեղի են ունենում խառն ամուսնություններ, որոնց պատճառով լեզուն նույնպես նահանջ է ապրում։

Արդեն անկախ այս ամենից, սփյուռքահայ պայմաններում մեր սքանչելի արեւմտահայերենին է վտանգ սպառնումՙ որբացած է, խեղճացած է, աղքատացած է մեր լեզուն։ Մեծարենցի, Դուրյանի, Վարուժանի, Թեքեյանի, Օշականի լեզուն այսօր այնքան խեղճացել է, որ մեր վարժարաններում, մեր մամուլում արդեն տեսանելի է։ Իհարկե, խառն ամուսնությունների թվով Լիբանանը Արեւմտյան երկրների հայության մասշտաբները չունի, բայց մեզ մոտ էլ կա։ Երեխան է նման դեպքում դուրս մնում հայկական միջավայրից, բայց մենք ջանում ենք մեր միություններում նման երեխաներին ընդգրկել մեր կառույցներում։

-Դուք մասնակցում էիք Լրագրողների համահայկական ժողովին, եւ քանի որ արաբական աշխարհից եք, ի՞նչ դեր ունեն հայկական լրատվամիջոցներն այդ աշխարհում։

-Մամուլի վրա խոշոր պարտավորություն է դրված։ Մամուլը ժողովրդի բազկերակն է։ Հայկական համայքներում հարյուրամյակներ շարունակ հայ մամուլն իր ուրույն տեղն է ունեցել եւ կշարունակի այդ առաքելությունը։ Ինչ վերաբերում է Միջին արեւելքի մամուլին, մեր հարաբերություններն օտար մամուլի հետ պետք է ներդաշնակենք։ Մինչեւ հիմա շատ քիչ կամուրջներ են ստեղծվել։

Մենք պետք է կարողանանք մեր ուզածը օտար մամուլի միջոցով ասել։ Որովհետեւ եթե միայն մենք գրենք մեզ համար ու կարդանք, սահմանափակված կլինի եւ իսկական թիրախից հեռացած կլինենք։ Մամուլի աշխատողները պետք է օտար միջոցների հետ կապեր հաստատեն եւ նրանց ներկայացնեն մեր դատը։ Մինչեւ հիմա այդ գործը կատարվել է, բայց չմոռանանք նաեւ որ մեր հակառակորդը ահռելիորեն պատերազմի դաշտ է իջել իր բոլոր հնարավորություններովՙ մամուլից, ռադիոյով, հեռուստատեսությամբ, կայքերով եւ անշուշտ կաշառքով փորձում է իր ներկայությունը փաստել եւ իր գերակայությունը հաստատել արաբական աշխարհից ներս։ Մենք արաբ ժողովրդին պետք է հասցնենք, որ այս նույն օսմանցին է, որ չորս հարյուր տարի արաբ ժողովրդին պահեց իր ճիրանների մեջ, եւ այսօր պետք չէ խաբվել նրա կեղծ դիմակին։ Պետք է պատռել այդ դիմակը եւ ցույց տալ նրա կեղծ դեմքը։ Արաբական ընտանիքներն այդպիսով կտեղեկանան հայկական հարցերին։

Հետեւաբար, մամուլի խմբագիրները պետք է կապեր հաստատեն օտար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

-Դուք Ձեր ելույթում խոսեցիք թուրքական մամուլի արձագանքների մասին։ Հետեւելով այդ մամուլին նկատո՞ւմ եք շեշտադրումների փոփոխություն այդ հրապարակումների մեջ։

-Կան կողմ եւ դեմ ելույթներ, բայց ժխտողականությունը բացահայտ է։ Մենք հանդիպում ենք առաջադիմական տրամադրությամբ լուրջ մտավորականների, ովքեր համարձակվում են այդ ուղղությամբ քննադատություն անել Թուրքիայի իշխանավորներին։ Այդ համաժողովում ես ասացի, թե այսօր թուրքն ինչ է մտածում։ Իրենք մեզանից ավելի աշխատանք են տանում ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով, որպեսզի աշխարհին ցույց տան, որ բան չի եղել։ Ընդհակառակը, ոճրագործի պատմուճանը փորձում են հագցնել մեզ։ Սա միշտ էլ եղել էՙ երբ իրենք սպանում են, իսկ հետո զոհի դեր ստանձնում։ Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանություններն ասում ենՙ ,,Մենք Հայաստանից չենք վախենում, մենք սփյուռքից ենք վախենում, Որովհետեւ սփյուռքը արեւմտյան պետությունների գործիքն է, ուստի իրենք ամեն ջանք կթափեն սփյուռքը չեզոքացնելու համար։

Նրանք նաեւ ուզում են սիրաշահել հայ պատմաբաններին։ Բայց մեր թուրքագետները պետք է ցույց տան, թե ինչ է եղել իրականում։ Հիմա ոչ միայն ճանաչման, այլեւ հատմուցման ժամանակն է եկել։

Զրույցը վարեց Հակոբ Ասատրյանը

Orer magazine 10-12-2012

Orer.eu


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: