ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Համաձայնագիրը կհամարվի ուժի մեջ մտած համաձայնագրի վավերացման կամ հաստատման մասին վերջին ծանուցումն ավանդապահին հանձնելուց հետո-Կարեն Նազարյան

10 դեկտեմբերի, 2017 | 09:33

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հարցազրույցը Tert.am լրատվական կայքին

Հարց. Հայաստանի և Եվրամիության միջև Բրյուսելում ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Բանակցություններում Դուք հանդես եք եկել որպես գլխավոր բանակցող։ Ձեզ հետ նախորդ հարցազրույցում մենք մանրամասն խոսել էինք այն ոլորտների մասին, որտեղ Հայաստանն ու Եվրամիությունը պարտավորվում են համատեղ աշխատել, իրականացնել բարեփոխումներ: Քաղաքացիները ե՞րբ կզգան այս համաձայնագրի դրական օգուտները և ի՞նչ տեսքով:

Կարեն Նազարյան. Համաձայնագրի էֆեկտն ամբողջությամբ կզգացվի գալիք տարիների ընթացքում՝ կողմերի միջև ստանձնած հանձնառությունների հետևողական իրագործման արդյունքում։ Սա վերաբերում է մի շարք ոլորտներին, ինչպիսիք են` օրինակնախատեսվող օրենսդրական դաշտի կատարելագործման արդյունքում ԵՄ-ում հայկական ապրանքների ծավալների մեծացումը, Հայաստանի և ԵՄ ընկերությունների համար գործարար միջավայրի ու ներդրումների համար բարենպաստ պայմանների ավելացումը, դրա արդյունքում էլ աշխատատեղերի ստեղծումը, կամ էլ՝ փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվելիք աջակցությունը։ Մեր գյուտարարները, արվեստի մշակույթի գործիչները կարող են ապավինել մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության համակարգին և Հայաստանում, և ԵՄ տարածքում, սպառողների պաշտպանվածության բարձրացում, Հայաստանում կրթության որակի բարձրացմանն ուղղված քայլեր, բնապահպանական չափանիշների բարելավում և այլն: Սա ոչ ամբողջական քայլերի ցանկն է, որոնք ուղղակիորեն կազդեն մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման ու բարեկեցության վրա։

Հարց. Պարո՛ն Նազարյան, փաստաթղթի ստորագրման օրն անգամ շատ էին կարծիքները, որ գուցե այն չստորագրվի և կրկնվի 2013թ. պատմությունը: Արդյոք եղե՞լ են անհամաձայնություններ Եվրամիության հետ մինչև փաստաթղթի ստորագրումը, կամ առհասարակ՝ խոչընդոտներ համաձայնագրի ստորագրման համար:

Կարեն Նազարյան. Հիշում եմ, որ փաստաթղթի ստորագրմանը նախորդել էին բուռն քննարկումներ, սակայն, մի քանի առիթներով ինչպես Հանրապետության Նախագահի, այնպես էլ ԱԳ նախարարի և այլ մակարդակներով հստակ նշվել էր, որ մեր կողմից որևիցե խոչընդոտ չկա ստորագրման համար։ Իսկ մնացած խոսակցությունները մեկնաբանելուն իմաստ չեմ տեսնում։

Ինչ վերաբերում է 2013թ., ապա կցանկանայի հիշեցնել, որ հայկական կողմը պատրաստ էր ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը. այս հարցին մանրամասն անդրադարձ եղել է։

Հարց. Հայաստանն առաջին երկիրն է ԵԱՏՄ պետությունների կազմում, որը Եվրամիության հետ նման պայմանագիր է ստորագրել: Ի՞նչ առավելություն ունի այն Հայաստանի Հանրապետության համար։:

Կարեն Նազարյան. Ես արդեն նշեցի համաձայնագրով մեր քաղաքացիներին տրվող առավելություններից մի քանիսի մասին: Հավելեմ նաև, որ քաղաքական ու տնտեսական առումներով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համընդգրկուն փաստաթուղթը է, որն արտացոլում է ՀՀ-ԵՄ երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները և սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները՝ ներառյալ կողմերի միջև համապարփակ գործընկերությունն ու համագործակցության ստեղծումը, ժողովրդավարության, քաղաքական, տնտեսական ու ինստիտուցիոնալ կայունության ամրապնդումը։ Համաձայնագիրը նոր ժամանակաշրջան է նշանավորում նաև ԵՄ-ի հետ առևտրային հարաբերություններում:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամ Հայաստանի կողմից նման կարևոր փաստաթղթի ստորագրմանը, ապա ինչպես նշում են ԵՄ մեր գործընկերները, այն օրինակելի է ԵԱՏՄ մյուս անդամների համար։

Հարց. Արդյո՞ք Եվրամիության հետ ստորագրած պայմանագիրն ունի այն կշիռը, որ, համեմատելով ԵԱՏՄ անդամակցության պայմանագրի հետ, կարողանանք հայտարարել, որ «և-և»-ի որդեգրած քաղաքականությունն իրականություն դարձավ:

Կարեն Նազարյան. Արտաքին հարաբերություններում Հայաստանն առաջնորդվում է բազմավեկտորությամբ։ Դա նշանակում է շահերի հաշտեցում ու համադրում: Այսօր մեր բազմաթիվ միջազգային գործընկերներ Հայաստանը որակում են որպես տարբեր ինտեգրացիոն կառույցներ մերձեցնող երկիր և այո, կարող եմ ասել, որ «և-և»-ի քաղաքականությունը այլևս իրականություն։

Հարց. Առաջիկայում նախատեսվում է Եվրամիության անդամ բոլոր պետությունների կողմից համաձայնագրի վավերացման փուլ: Կա՞ն արդյոք ԵՄ անդամ-երկրներ, որոնք կարող են չվավերացնել այն կամ ձգձգել վավերացման փուլը: Առավելագույնը որքա՞ն կարող է տևել համաձայնագրի վավերացման փուլը: Կա՞ արդյոք վերջնաժամկետ:

Կարեն Նազարյան. Այո, առաջիկայում նախատեսվում է որ համաձայնագրի կողմերը կսկսեն վավերացման գործընթացը: Որևէ պատճառ չեմ տեսնում ԵՄ կողմից այդ գործընթացը ձգձգելու համար, իսկ թե որքան կտևի, արդեն կախված է յուրաքանչյուր երկրի ներքին ընթացակարգերից։ Ամեն դեպքում, դա կլինի մեր ուշադրության կենտրոնում։

Հարց. Դուք հայտարարել էիք, որ համաձայնագրի վերջնական վավերացումից առաջ որոշակի դրույթներ կարող են ուժի մեջ մտնել: Ի՞նչ դրույթների մասին է խոսքը: Երբվանի՞ց դրանք պետք է ուժի մեջ մտնեն: Արդյո՞ք բանակցություններ ընթանու՞մ են Եվրամիության հետ այս հարցով:

Կարեն Նազարյան.Հավելյալ բանակցությունների կարիք չկա։ Ինչպես միջազգային բոլոր պայմանագրերի, այնպես էլ ԵՄ հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պարագայում, ստորագրումից հետո կողմերը նախ պետք է վավերացնեն այն։ Համաձայնագիրը կհամարվի ուժի մեջ մտած համաձայնագրի վավերացման կամ հաստատման մասին վերջին ծանուցումն ավանդապահին հանձնելուց հետո։ Միաժամանակ, ըստ անհրաժեշտության, համաձայնագրի հնարավորինս արագ կիրառումն ապահովելու նպատակով դրանով նախատեսված է համաձայնագրի ժամանակավոր կիրառման հնարավորության մասին դրույթ, որի համաձայն ՀՀ կողմից վավերացվելուց և ԵՄ կողմից անհրաժեշտ ընթացակարգերը կատարելուց հետո Համաձայնագիրը մասամբ կամ ամբողջությամբ կարող է ժամանակավորապես կիրառվել։

Հարց. Ե՞րբ կմեկնարկի վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը:

Կարեն Նազարյան. Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր հարց է, որի մասին խոսվում է համաձայնագրում, և այն նաև բարեփոխումներ պարունակող գործընթաց է ու միտված է մեր հասարակությունների առավել մերձեցմանը։ Հուսով ենք, որ եվրոպական կողմը երկխոսությունը սկսելու մանդատ կստանա համաձայն այս հարցում ավելի վաղ ստանձնած հանձնառության։


Առնչվող նյութեր
1. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2. Մենք կարևորում ենք Արևելյան գործընկերության 20 արդյունք մինչև 2020 թվականը. ասել է Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում
3. Բրյուսելում կայացավ Հայաստան – Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը
4. Բրյուսելում ստորագրվեց Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագիրը
5. Եվրամիություն.Մնացականյան-Մորեգինի հանդիպում, համատեղ հայտարարություն. ավելի քան 160 մլն եվրո՝ 2017-2021 թվականների համար
6. Արտգործնախարարը Բրյուսելում քննարկեց ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հարցը
7. Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Յոհանես Հանի հետ
8. ԱլԳ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
9. Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը ժամանել է Երեւան
10. Նախաստորագրվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին Համաձայնագիրը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: