ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Համագործակցության և բարեկամության փառատոնը Լոռվա աշխարհում

Լոռու մարզի Օձուն գյուղում մեկնարկեց բացօթյա գեղանկարչության միջազգային փառատոնը
20 սեպտեմբերի, 2017 | 10:20

Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում` Օձունում, մեկնարկեց  «Համագոր­ծակցության և բարեկամության» ներկապնակ գեղանկարչական փառատոնը` մասնակցությամբ 8 երկրների:  Փառատոնը ունի  նաև  հյուր երկրներ` Չինաստանը և Հարավային Կորեան:

Փառատոնի խորհրդանիշներով ու մասնակիցների ստեղծած առաջին  աշխատանքներով ձևավորված  հետաքրքիր հարթակում  տեղի ունեցավ փառատոնի բացումը` կազմակերպված ՀՀ Մշակույթի նախարարության և ԱՊՀ երկրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի  օգնությամբ:

Կազմակերպիչների և աջակիցների անունից բացելով փառատոնը`  «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը ասաց, որ Հայաստանը հյուրընկալում է նմանօրինակ 7-րդ փառատոնը` մասնակցությամբ տարբեր երկրների, արվեստագետների:

«Այս անգամ  փառատոնը ներկայացուցչական է` 8 մասնակից  և երկու հյուր երկիր շուրջ 40 նկարիչներով,-ասաց Սերգո Երիցյանը,-10 օր շարունակ նկարիչները ոչ միայն կստեղծագործեն, այլև կծանոթանան տարածաշրջանին, կձգտեն միմյանց հետ ջերմ բարեկամական ու  գործնական կապեր հաստատել»:

Ողջունելով փառատոնի մասնակիցներին` Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանն ասաց, որ այս փառատոնը կարևոր մշակութային իրադարձություն է տարածաշրջանի կյանքում, որովհետև շատ բազմազան է ծրագիրը` ոչ միայն գեղանկար­­չական աշխատանքների ստեղծում, այլև հանդիպումներ արվեստագետների հետ, վարպետաց դասեր ապագա նկարիչների հետ, քննար­կում­ներ, փորձի փոխանակում:

«Ես պատկերացնում եմ, թե ինչ է նշանակում ստեղծագործ մարդու համար  10 օր շարունակ ապրել մեկ հարկի տակ, մեկ ընտանիքի նման»,-իր խոսքը  եզրափակեց Ալավերդու քաղաքապետը:

Օձունցիների անունից  հյուրերին և ներկաներին դիմեց   Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը, ասելով, որ  փառատոնը հարստացնում է գյուղի և տարածաշրջանի կյանքը,  այն ավելի աշխուժացնում  ու թարմացնում:

«Պատկերացրեք ահել  թե ջահել,  երբ տեսնում են նկարիչներին, ոգևորվում են հյուր հրավիրում, զրույցի բռնվում,-ասաց Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվը,-իսկ արվեստագետները նկարչական դպրոցի  սաների համար  վաղուց սպասված հյուրեր են» :

Փառատոնի գեղարվեստական  ղեկավար Գագիկ Ավետիսյանն իր ելույթում ընդգծեց, որ  ճիշտ է այստեղ մրցակցություն չի լինում, բայց ստեղծագործական որոնումները ավելի են շատանում, արդյունավետ դառնում:

«Նկարիչները ձգտում են ինքնատիպ լինել, ցույց տալ իրենց ստեղծագործական  ձեռագիրը»,-ասաց բանախոսը:

Ելույթներ ունեցան  նաև տարբեր երկրների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Վրաստանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Չինաստանի ներկայացուցիչները` ընդգծելով, որ սա իսկապես համագործակցության և  բարեկամության փառատոն է, ուր ստեղծագործականին  գումարվում են մարդկային  ջերմ  փոխհարաբերությունները, որից  էլ սկիզբ են առնում ստեղծագործական  հորիզոնական կապերը և համագործակցությունը:

Սանկտ-Պետերբուրգից  Ռուսաստանի վաստակավոր  նկարիչ Յուրի Վասիլևը, ով մասնակցել է նաև նախորդ փառատոններից մեկին, ասաց, ով գալիս է Հայաստան, առավել ևս Լոռվա այս գողտրիկ վայրը` սիրահարվում է այստեղի  գույներին, և այդ ամենը ինչ-որ տեղ նաև իրենցը դարձնում:

Հանդիսավոր մասին հաջորդեցին հայկական հյուրասիրությունը, ջերմ ու անկեղծ շփումները:

Փառատոնի  հանդիսավոր փակումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին Օձունի  սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, որի ընթացքում կկազմակերպվի բացօթյա ցուցահանդես: Այստեղ իրենց աշխատանքները կներկայացնեն փառատոնի բոլոր մասնակիցները: Այդ ժամանակ Օձունի եկեղեցու բակը կվերածվի բացօթյա ցուցահանդեսի:

 Կ. Տիտանյան

Օձուն-Երևան


Առնչվող նյութեր
1. Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
2. Համագործակցության և բարեկամության ներկապնակի գույները
3. Ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին
4. Լիլիթ Տոնականյանի անհատական ցուցահանդեսը Նկարիչների միությունում
5. Միքայել Օհանջանյանի նոր հաղթանակը Իտալիայում. գլխավոր մրցանակ Ֆլորենցիայի մրցույթում
6. Արման Վահանյանի «Տեսողական գոյացություններ» խորագրով ցուցահանդեսը գերմանական Ֆրայբուրգում
7. Պրահայի Գարնանային Միջազգային Երաժշտական Փառատօնի Եզրափակիչ համերգը
8. Պրահայում ավարտվեց Գրքի եւ գրականության միջազգային տոնավաճառ-փառատոնը
9. Ապրիլի 12-ից Արաքսյա Ղազարյանի ցուցահանդեսը Պրահայում
10. Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրությունը Գաֆէսճեան կենտրոնում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: