ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հակոբ Փանոսյան. Հայաստանում գիտության զարգացման նոր ռազմավարություն պիտի մշակվի

31 հոկտեմբերի, 2013 | 21:47

arpa Hakob PanosyanՀայաստանում է Կալիֆորնիայի «ԱՐՓԱ» ինստիտուտի նախագահ, Կալիֆորնիայի պետական համալսարանի Նորթրիջի մասնաճյուղի դասախոս Հակոբ Փանոսյանը: Հոկտեմբերի 18-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ «ԱՐՓԱ» ինստիտուտի «Նորարարություն» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումը, որին 2013թ. մասնակցության հայտ էր ներկայացրել 8 ուսանող՝ ԵՊՀ-ից, ՀՊՃՀ-ից, ՀՊԱՀ-ից և Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայից: Հոկտեմբերի 24-ին Ինստիտուտի տնօրեն Հակոբ Փանոսյանին ընդունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, քննարկվեցին համագործակցության, ուսանողների միջև փոխադարձ կապերին վերաբերող հարցեր:

Նույն օրը «ԱՐՓԱ» ինստիտուտի նախագահ Հակոբ Փանոսյանի հետ զրուցել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակից Լիլիթ Դամիրյանը:

Հարց. Պարոն Փանոսյան, խնդրում եմ հակիրճ ներկայացնել, թե որտե՞ղ եք ծնվել, ուսանել, ինչպե՞ս եք հիմնավորվել ԱՄՆ-ում:

Պատասխան. Ծնվել եմ Այնճարում, նախնական և երկրորդական կրթությունս ստացել եմ Այնճարի Ավետարանական երկրորդական վարժարանում: Ավարտել եմ Բեյրութի Ամերիկյան համալսարանը և տեղափոխվել ԱՄՆ, որտեղ ստացել եմ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի մագիստրոսի, այնուհետև` Կալիֆորնիայի Համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղում` ճարտարագիտության դոկտորի աստիճան:

Հարց. 1983-ին հիմնադրել եք <Ճարտարապետների և գիտնականների ընկերակցությունը>, իսկ 1992թ. ի վեր ստեղծել և ղեկավարում եք «ԱՐՓԱ» հիմնարկը: Միևնույն ժամանակ ավելի քան 75 գիտական հոդվածների հեղինակ եք, կատարել եք բարդ հրթիռային շարժիչի կառավարման ծրագրավորումը, որը փորձարկվել է և պիտի օգտագործվի օդանավ-հրթիռների նորատիպ սիստեմներում: Ինչպե՞ս է հաջողվում Ձեզ համատեղել գիտնականի աշխատանքը կազմակերպչական այսպիսի լայնածավալ, այդ թվում` Հայաստանում գիտա-տեխնիկական բարեգործական գործունեության հետ:

 Պատասխան. Այնտեղ` Սփյուռքում հայրենի գիտության զարգացմանը, հայրենիքի զարգացմանն աջակցելու միտքն անգամ մեզ ուժ է տալիս: Մեր հիմնական խնդիրը երիտասարդներին օգնելն է:

Կուզեի տեսնել երիտասարդություն, որն իրեն իր երկրի տերն է զգում և սրտացավորեն է վերաբերվում իր հողին, ժողովրդի առողջությանը, անաղարտ բնության պահպանմանը և բոլոր ոլորտներում Հայաստանի բարգավաճմանը: Մեզ հուսադրում է իրենց իրավունքներին տեր կանգնող գիտակից երիտասարդների գիտական գործունեությունը և մարդկային նկարագիրը:

Մեր ծրագրերն էլ գալիս են օժանդակելու հենց այս երիտասարդին, հայ գիտատար միտքը, որպեսզի հայ երիտասարդները համաքայլ գնան աշխարհի զարգացած երկրների գիտնականների հետ, մասնակիցը դառնան աշխարհի մարտահրավերներին:

Ցանկացած երիտասարդի ներկայացրած նորարարություն մեզ համար կարևոր է ու խրախուսելի, եթե կարողանում է հիմնավորել, որ նման միտք և այդ մտքի իրագործման հետ կապված ծրագիր դեռևս չի եղել:

Սակայն ցավով պիտի նշեմ, որ ոչ մի գերատեսչություն, բացի ՀՀ սփյուռքի նախարարությունից, մեզ չի աջակցում և մեզ հետ չի գործակցում:

 Հարց. Պարոն Փանոսյան, որքա՞ն ժամանակ է գործում «ԱՐՓԱ»ն, ի՞նչ նպատակներ և ծրագրեր ունի:

Պատասխան. «ԱՐՓԱ» ինստիտուտը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է Լոս Անջելեսում 1992թ. մի խումբ ամերիկահայ գիտնականների կողմից: Կազմակերպության գլխավոր arpaնպատակն է Հայաստանի և ԱՄՆ միջև համագործակցության խթանումը՝ կրթական, տնտեսական, քաղաքական, առողջապահական և տեխնոլոգիական ոլորտներում:

«ԱՐՓԱ»ն օգնում է ՀՀ երիտասարդ գիտաշխատողներին, որպեսզի կատարեն իրենց հետազոտությունները արդիական գիտա-տեխնոլոգիական միջոցներով՝ նորարարություններով, նոր արտադրանքով և գյուտերով նպաստելով երկրի տնտեսական զարգացմանը:

Այս տարի, ցավոք, «Նորարարություն» ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցության հայտ է ներկայացրել ընդամենը 8 ուսանող՝ ԵՊՀ-ից, ՀՊՃՀ-ից, ՀՊԱՀ-ից և Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայից: Նախորդ տարիների համեմատությամբ այս տարի հայտեր ներկայացնողների թիվը պակասել է:

Բոլոր մասնակիցները ստացել են դիպլոմներ, մրցանակային հանձնախումբը 1-ին տեղ որոշեց ոչ մեկին չտալ, իսկ 2-րդ և 4-րդ տեղեր զբաղեցրած ուսանողներն ու նրանց գիտական ղեկավարները ստացան նաև դրամական պարգևներ՝ 400-ից մինչև 1000 ԱՄՆ դոլար գումարի չափով:

Հարց. Բացի <Նորարաություն> ամենամյա մրցանակաբաշխությունից, որն ընդամենը 6 տարվա պատմություն ունի, «ԱՐՓԱ»ն Հայաստանում 1992թ.-ից իրականացրել է բազմաթիվ այլ ծրագրեր: Պատմեք դրանց մասին:

Պատասխան. ARPA-ն ուսումնասիրում է ՀՀ գիտատեխնիկական տարբեր բնագավառները և, ըստ մեր մասնագետների եզրակացությունների, կազմում է ծրագրեր:

1992թ. մենք Հայաստանում կազմակերպեցինք էներգետիկների առաջին համաժողովը, որին մասնակցելու նպատակով Հայրենիք ժամանեցին Սփյուռքի 29 էներգետիկներ:

Լոս Անջելեսում կազմակերպում ենք հեռավար ուսուցման սեմինարներ, որոնց միջոցով ծավալում ենք մասնագիտական բանավեճեր հայության և Հայաստանի կարևոր հարցերի շուրջ: Ունենք ամենամսյա հեռավար դասախոսություններ, որոնք միտված են Հայաստանի հայության հետ կապված կարևոր տեղեկությունների և խնդիրների քննարկմանը: ԱՄՆ-ի տարբեր նահանգներից մասնագետները գիտության եւ մասնավորապես ճարտարագիտության նորարարությունների մասին իրենց գիտելիքները, տեղեկությունները հեռավար դասախոսությունների միջոցով փոխանցում են ՀՀ տարբեր համալսարանների ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին: Ունկնդիրներն այս սեմինարների ընթացքում ուղղում են իրենց հարցերը և ստանում են պատասխաններ:

Նշեմ նաև, որ 7 տարի է, ինչ մեր մշակած «Առողջ Ապրելակերպ և Կյանքի Ոճ> կրթական ծրագիրը ներդրվել է հայաստանյան հանրակրթական դպրոցներում:

Հարց. Հայկական մշակույթի պահպանման ինչպիսի՞ ծրագրեր ունեք, Հայաստանում որքանով են աջակցում Ձեր ծրագրերի իրականացմանը:

Պատասխան. Ի թիվս բազմաթիվ աշխատանքների` շատ կարևորում եմ «Ի-արխեոլոջի» (е-archeology) ծրագիրը, որը թանգարանային ամբողջ արխիվի և ցուցանմուշների թվայանցումն է: Այդ ծրագիրը Սիրիայի համար պատրաստել էր Դամասկոսի մեր ընկերներից մեկը, բայց arpa Hakob Panosyan Hranush HakobyanՍիրիայում չօգտագործվեց, հիմա նա պատրաստ է այդ ծրագիրն անվճար տրամադրել Հայաստանին:

«Իարխեոլոջի» ծրագրի միջոցով հնարավոր է թվայնացնել ՀՀ տարածքում գտնվող բոլոր պատմա-հնագիտական (թանգարանային և այլ) իրերն ու հուշարձանները:

Կալիֆորնիայում գործող Հայաստանի համար հետազոտական-վերլուծական և պլանավորման աշխատանքների իրականացման ինստիտուտը` «ԱՐՓԱ»ն (Analysis Research and Planning for Armenia, ARPA) այս օրերին դրամահավաք է սկսել Հայաստանի համար ԴՆԹ-սեքվենսորի ձեռքբերման նպատակով:

ԴՆԹ-սեքվենսորը գիտական սարքավորում է, որն օգտագործվում է ԴՆԹ հաջորդականության որոշման ավտոմատացման նպատակով:

Ծրագրի նպատակն է ձեռք բերել Հայաստանի համար ժամանակակից ԴՆԹ-սեքվենսոր և պատրաստել կադրեր, որոնք կաշխատեն սարքավորման հետ: Դա թույլ կտա բացահայտել հազարավոր հիվանդությունների գենետիկական ասպեկտները:

ԴՆԹ-ի (DNA) ծրագրի իրագործման համար, որի կարևորությունը ՀՀ տնտեսական և գիտահետազոտական զարգացման համար անգնահատելի է, մենք ակնկալում ենք ՀՀ Կառավարության աջակցությունը:

Մեր ինստիտուտի որակյալ մասնագետները բոլորն էլ աշխատում են անվճար, կամավոր կերպով: Ուսումնասիրում ենք ՀՀ գիտատեխնիկական տարբեր բնագավառները և, ըստ մեր մասնագետների եզրակացությունների, ծրագրեր կազմում: Որպես արդյունք` բերեմ Էրեբունի հիվանդանոցում արյան փոխներարկման և հետազոտման ամենաարդիական կենտրոն հիմնելու օրինակը:

Սակայն «ԱՐՓԱ»-ի նպատակները հնարավոր է իրագործել միայն ՀՀ կառավարության օժանդակությամբ, քանի որ մեր գործունեության առանցքը Հայաստանին մասնագիտական ծառայություններ տրամադրելն է:

Հարց. Գիտության ոլորտում ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում Հայաստանում: Կա՞ արդյոք մշակված գիտության զարգացման պետական ռազմավարություն: Համագործակցու՞մ եք արդյոք ԳԱ Ակադեմիայի, գիտության ոլորտը համակարգող կառույցների հետ:

Պատասխան. Գիտության ոլորտն այսօր Հայաստանում ճգնաժամ է ապրում:

Մեր աշխատանքների կիզակետում ուսանողներն են և երիտասարդությունը, քանի որ Հայաստանի ապագան նոր սերունդն է, որն իր առողջ մտածելակերպով և որպես ՀՀ գիտակից քաղաքացի, պիտի առաջնորդի երկիրը դեպի զարգացում:

Շատ անելիքներ կան գիտության ոլորտում, թեև առաջադիմություն որոշակիորեն նկատելի է, օրինակ` Երևանի ճարտարագիտական համալսարանի նոր լաբորատորիան հնարավորություն է տալիս ուսանողներին փորձարկելու իրենց տեսական գիտելիքները զանազան ճյուղերում: ԳԱԱ որոշ ինստիտուտներ նույնպես որոշ աշխատանքներ են տանում` մասնակցելով համաշխարհային գիտաժողովների:

Այսօրվա արագ զարգացող աշխարհում, եթե երկիրը նոր ապրանքներ չի ստեղծում, չի կարող շատ առաջ գնալ տնտեսության մեջ: Իսկ որպեսզի կարողանա մրցակից դառնալ, պետք է ճանաչվի իր սեփական արտադրանքով: ՏՏ ոլորտում բավական առաջադիմություն կա, բայց միայն ՏՏ ոլորտով չես կարող զարգացնել տնտեսություն:

Գիտության ցանկացած ճյուղով կարելի է զարգացնել տնտեսությունը: Օրինակ` հողագործությունը ևս նորարարություններ ունի, նույնը վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտին: Դեղագործածության ոլորտը պետք է առանձնահատուկ տեղ ունենա Հայաստանում, քանի որ հնարավոր է փոքր միջոցներով նորարարություններ ունենալ:

Պետական ռազմավարություն պետք է մշակվի, թե որ ուղղություններով զարգացնել Հայաստանի գիտությունը` անհրաժեշտության դեպքում դրսից մասնագետներ հրավիրելով:

Ես հավատում եմ գիտության շնորհիվ զարգացած Հայաստանի ապագային:

Համոզված եմ, որ այսօր նորարարների աշխատանքների միջոցով է հնարավոր Հայաստանի տնտեսությունն արագորեն զարգացնել ու դարձնել մրցունակ:

Պարոն Փանոսյան, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ ազգանվեր գործունեության համար: Թող որ հայրենի գիտությունը զարգացնելու Ձեր բոլոր ծրագրերն իրականություն դառնան:

Հարցազրույցը վարեց Լիլիթ Դամիրյանը

 

 

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Ֆիզմաթ. ժամանակը կրթության մեջ
2. Հայաստանցիները կարող են մասնակցել Եվրամիության «Հորիզոն-2020»-ի գիտության և նորարարության մրցույթներին
3. Բրյուսել. նախարար Մկրտչյանը հետազոտական եւ նորարարության համաձայնագիր է ստորագրել
4. Նոբելյան մրցանակակիրները Հայաստանում
5. Նորարարության մրցույթ Հայաստանի համալսարանական ուսանողների եւ ասպիրանտների համար
6. Հայաստանի երիտասարդական հիմնադրամին առաջարկվել է ավելացնել գիտությանը վերաբերող անվանակարգերի թիվը
7. Պահանջում են չեղյալ հայտարարել քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը եւ կրկնել դրա քննարկումը
8. Գուցե բարի նախագահը տեղյա՞կ չէ գիտության խնդիրներից
9. Հայտնի են ԱՐՓԱ կինոփառատոնի ժյուրիի անդամների եւ մրցանակների հավակնորդների անունները
10. Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 105 ամյակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: