ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ. – Այսօր նոր Մինաս չեմ տեսնում, թեեւ բոլոր նկարիչները շնորհքով են

09 մարտի, 2013 | 17:46

Հայ ժամանակակից արվեստի նահապետներից մեկը՝ Հակոբ Հակոբյանը ,,ՕՐԵՐ,,-ի հետ հարցազրույցում անդրադառնում է իր անցած ուղուն եւ նկարիչ-անհատի ճակատագրին։

Կենսագրական.

Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆԸ ծնվել է 1923 թվականի մայիսի 16-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, 1934-41 թվականներին սովորել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, 1944 թ-ից՝ Կահիրեի ԳԵղարվեստի ակադեմիայում, 1952-54թթ. ուսանել է Փարիզում, նախ Լոտի արվեստանոցում, ապա Գրան-Շոմիեր ակադեմիայում՝ Էդուարդ Գեորգի արվեստանոցում։ Նրա անհատական ցուցահանդեսները բացվել են աշխարհի տարբեր երկրներում։ 1962 թվականի աշնանը նա ընտանիքով ներգաղթել է Հայաստան, ուր նույնպես մեկը մյուսին են հաջորդել նրա ցուցահանդեսները ոչ միայն Երեւանում, այլեւ հանրապետության սահմաններից դուրս։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների եւ բարձր պարգեւների՝ այդ թվում ԽՍՀՄ պետական մրցանակի(1986)։ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը նրան շնորհել է հայ եկեղեցու բարձրագույն պարգեւը՝ ,,Սուրբ Սահակ-Մեսրոպ,, շքանշանը։ Նրա արվեստի մասին բազմաթիվ գրքեր ու հոդվածներ են լույս տեսել։ Սակայն որքան էլ նրա արվեստը բարձր գնահատենք, չպետք է մոռանաք նաեւ Վարպետ Հակոբ Հակոբյանի մարդկային բարձր արժանիքներըՙ անսահման նվիրվածությունը ընտանիքին ու իր հայրենիքին, անմեկնելի սերը մարդկանց ու շրջապատի հանդեպ։ Եվ որքան մարդը ՄԵծ է լինում, նույնքան էլ համեստ՝ իր վերաբերմունքով, իր ամենօրյա շփումներով, իր ստեղծագործությամբ՝ պարզ ու ընդունելի։ Նրա բնակարանի ,,մշակութային,, մթնոլորտը ստիպում է կյանքին ու մարդկանց նայել այլ աչքերով։ Վարպետի պատշգամբում նստած՝ նայելով Հրազդանի կիրճին, ըմբոշխնում ենք տիկին Մարիի պատրաստած սուրճն ու թխվածքը, զրուցում կյանքից ու մեր մեծերից, մեր ժամանակների արվեստի մարտահրավերներից։ Մեր զրույցի ավարտին ես հասկացա, որ Մարտիրոս Սարյանի հայտնի խոսքերը վերաբերում են նաեւ Հակոբ Հակոբյանին՝ ,,Արվեստագետին պետք չէ անսահման ազատություն։ Արվեստագետին պետք է հող իր ոտքերուն տակ,,։

– Դուք այն բացառիկ անձնավորություններից մեկն եք, ով 1960-ականների ներգաղթի օրերին եկավ Հայաստան եւ մինչ օրս մնաց Երեւանում՝ իր փորձառությունը փոխանցելով հայաստանյան սերնդին։ 2009-ին Հայաստանի նկարիչների միությունում բացված Ձեր ցուցահանդեսը մի անգամ եւս ապացուցեց, որ լի եք ստեղծագործական նոր լիցքերով եւ չնայած պատկառելի տարիքին, շարունակում եք արարել։ Բայց մինչ ստեղծագործական հարցերին անցնելը, կցանկանայի Ձեր ընտանիքի պատմությունը ներկայացնեք՝ որո՞նք էին Ձեր ծնողների տված կյանքի դասերը։

– Հորս կորցրել եմ, երբ ընդամենը 7 տարեկան էի եւ դա ինձ համար մեծ հարված էր։ Երբ մարդ աշխարհ է գալիս, առաջին մարդիկ, որ իրեն կազմավորում են, դա իր ծնողներն են՝ հայրը, մայրը։ Դրանից ավելի հարազատ մարդ չկա։ Ես շատ եմ ափոսում, որ հորս դասերը առնելու պատեհությունը չունեցա։ Միայն կհիշեմ , որ մանուկ հասակում ինձ մի անգամ ասաց, որ երբեք կյանքում չստեմ։ Իհարկե, եթե նա ողջ մնար, շատ բան կունենայի սովորելու նրանից։

– Ինչպե՞ս որոշում կայացրիք, որ 1962-ին պետք է վերադառնաք Հայաստան։

– Այդ որոշումը կայացրած եմ գոնե ինձ համար։ Քանի որ սովորում էի Կիպրոսի Մելքոնյան դպրոցում, որը զուտ հայկական միջավայր էր, դպրոցը քաղաքից հեռու էր, այդ տեսանկյունից մենք երկու անգամ բաժանված էինք եւ տեսակ մը գաղութ էինք։ Եվ մենք այն զգացողությունն ունեինք, որ Մելքոնյանը փոքր Հայաստանն է եւ հաջորդ քայլը պետք է ըլլա մեծ Հայաստան գալը։ Այնտեղ զուտ հայկական միջավայր էր, միայն հայերեն էինք խոսում՝ մաքուր հայերենով։ Եթե նույնիսկ մեկը սխալ էր անում, ընկերները ճշտում էին։ Հոգեբանորեն արդեն նախապատրաստված էի ապրելու ոչ իրական, երեւակայական աշխարհի մեջ եւ Հայաստանը լավագույն օրինակն էր այդ աշխարհի, որին կարող էիր ամենալավ բաները վերագրել եւ հույսեր կապել այդ երազին հետ, այդ պատրանքին հետ։ Բնական կերպով, չհարմարվելով այդտեղի միջավայրին ընդհանրապես, փնտրում էի մի միջավայր, որտեղ պետք չէ որ պրոբլեմներ ունենայի, զուտ վիճակես մեկնելով։

Երբ Հայաստան եկանք Մարիի հետ, արդեն ամուսնացած էի։ Երկու երեխա ունեի։ Աղջիկներսՙ Նորան 11 տարեկան էր, Սիրարփին՝ 5 տարեկան։ Մայրս էլ մեզ հետ եկավ, եղբայրս էլ եւ տեղավորվեցինք Լենինական քաղաքում։

– Սովետական տարիները ստեղծագործական առումով արդյունավետ մթնոլորտ ստեղծեցի՞ն Ձեզ համար։

-Նախ պետք է ասեմ, որ ինչ որ Հայաստանի հետ էր կապված, շատ էր ինձ հուզում եւ քրքրում։ Ինձ հաճախ են հարցրել՝ չէի՞ր իմանում, թե ուր ես գալիս։ Ես էլ ասում էի, երկու Հայաստան չկա մեկը՝ սովետական, մյուսը՝ կապիտալիստական, որ ընտրություն կատարեմ։ Կա միակ Հայաստանը, որ կոչվում էր Սովետական Հայաստան՝ այդ մեծ պետության մեջը։ Եվ ինչպես կարող էիր սակարկել… Իհարկե, եթե այսօրվա մտայնությամբ լինեի, պիտի գտնեի, որ Հայաստանն ապրելու տեղ չէ։ Այն իմաստով, որ ոչ թե Հայաստանն ավելի վատ է, քան թե աշխարհի մյուս երկրները, բայց այն, ինչ-որ Սովետական Միությունն էր՝ իր վատությամբ, ոչ մի համեմատություն չկա մյուս երկրներում կատարվող վատությունների հետ։ Բայց երկիր մը, որ աշխարհի մեկ վեցերորդը փակել էր եւ ինչ ուզում՝ անում էր, երկիր, ուր որեւէ մեկը գիշերը պառկած տեղը կարող էր մտածել, որ ինքը հսկվում է, կամ կնոջ հետ չի կարող խոսել։ Այս ամենը չէի կարող պատկերացնել։ Բայց երբ եկա Հայաստան, մեզ հասկացրին, որ այս ամենը կապ չունի մեր երազած Հայաստանի հետ։ Իսկ մեր երազած Հայաստանը իդեալական տեղ էր,որ գովազդում էին, թե պաշտպանված է մի մեծ պետության կողմէ՝ ըսենք Ռուսաստանէ կողմե, որ թուրքերէ կոտորածներեն հետո հայերն արդեն ապահով մի կյանքի մեջ են, եւ մեզ մնում է այդ երկրի մեջ ապահով ապրել, աշխատել, ստեղծագործել, ուրախանալ։ Իրականի մեջ տեսանք, որ այդպիսին չէր երկիրը, եւ կային բաներ, որ անկանխատեսելի էին, եւ չէինք կարող պատկերացնել։

-Կարելի է ասել, որ այդ տարիների ստեղծագործությամբ դուք ինչ-որ տեղ հակադրվեցի՞ք այդ համակարգին։

-Դժվար է ասել, բայց որոշ չափով բախտս բերավ, որ իմ գործս համակրանքով ընդունեցին։ Ես 10 հատ նկար էի ուղարկել Հայաստան, պետական պատկերասրահ, եւ ասել էի, որ եթե հավանում են, թող պահեն, եթե ոչ՝ աղբանոց նետեն։ Հետո դեռ հայրենադարձությունից առաջ բոլոր այն սփյուռքահայ նկարիչների նկարների ցուցահանդեսն էին բացել, որոնց գործերը իրենց պահեստներում կային։ Այսինքն գործերս առաջին անգամ ցուցադրվել էին իմ գալես մեկ տարի առաջ։ Եվ ես այդպես մտա Հայաստան։ Այնպես որ, որոշ չափով ծանոթ էին եւ համակրանքով լցված իմ նկարչության հանդեպ։ Մեր ընտանիքը տեղավորեցին Լենինականում։ Չեմ կարող ասել, որ աշխատանքի իմաստով ունեցել եմ լավ պայմաններ, քանի որ արվեստանոց չունեի։ Բայց չէի կարող պահանջել, որ ինձի արվեստանոց տվեք։ Որովհետեւ իմ գիտակցությանս մեջ արվեստանոց ունենալն այնքան մեծ շնորհք էր, այնքան մեծ հարստություն էր, որ պետք էր արժանի լինեիր, որ տային։ Այսինքն հոգեպես պատրաստ էի բոլոր պայմաններն ընդունելու, միայն թե ինձ չխանգարեին նկարելու, չասեին այսպես կամ այնպես նկարի։ Դա չեղավ բարեբախտաբար, որեւէ մեկը չմիջամտեց գործիս, իսկ Լենինականում ապրելով, կարծում եմ, որոշ չափով ժամանակ շահեցի, քանի որ կենտրոնից հեռու էի, եւ ուշադրության կենտրոնից էլ դուրս էի։ Այդ կռիվներից ու տարբեր քննարկումներից հեռու։ Այդ տարիներին աշխույժ կյանք կար Երեւանում, եւ ես ամեն ինչ անում էի, որ գոնե ամիսը երկու օր գնամ Երեւան, տեսնեմ ընկերներիս՝ Մինասին եւ մյուսներին։ 5 տարի Լենինականում մնալուց հետո, ինձ առաջարկեցին տեղափոխվել Երեւան։

– Այդ տարիներին ղեկավարությունից ո՞վ առաջինը գնահատեց Ձեզ։

– Նկարիչների միության նախագահ Ռուբեն Պարսամյանը որեւէ համակրանք ցույց չտվեց։ Նույնիսկ չօգնեց, որ Երեւան տեղափոխվեմ։ Բայց երեւի ինձանով ,,զբաղվում էին,, եւ ինձ հանկարծ ընտրեցին Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։ Այդպիսի ծրագիր կար, որ խորհրդարանում պետք է լինեն երկու հայրենադարձ, բանվոր, նկարիչ եւ այլն։ Իմ նկատմամբ լավ վերաբերմունք եղավ։ Ոչ ոք այդ ամբողջ ժամանակաընթացքում չասաց՝ աչքիդ վերեւը հոնք կա։

-Գուցե դա պայմանավորված էր նաեւ նրանով, որ դուք չխառնվեցիք քաղաքականությանը։

-Քաղաքականությանը ես չէի կրնար խառնվիլ, իրենք էին ստիպում, որ մարդիկ խառնվեն։ Օրինակ, դուք ոչ Մինասի, ոչ էլ Փարաջանովի գործերի մեջ հակասովետական ոչինչ չեք գտնի։ Մինասը ստեղծագործում էր ինչպես ուզում էր։ Ես էլ արել եմ այն, ինչ որ դիտել եմ իբրեւ նկարչություն։ Բայց իմ նկարչության մեջ ոչ միայն հակասովետական չկար, այլեւ իրենց ուզածը կար՝ ժողովրդի, աղքատության հետ կապված։ Ասում էին Հակոբյանը ժողովրդին է նկարում։ Այդ իմաստով բախտս բերավ։

Հակառակ, որ արվեստանոց չունեի, անընդհատ աշխատում էի տան մի փոքր անկյունում։ Հետո երբ տեղափոխվեցի Երեւան, 12 տարի արվեստանոց ունեցա նկուղի մեջ։ Իսկ գալով այն բանին, որ Հայաստանում իմ գործը կարող էր ինչ-որ դեր խաղալ, չեմ կարծում։ Թեեւ շատերը նշում են շրջապատի վրա իմ ազդեցությունը, բայց ես կարծում եմ, որ ինձանից շատ ավելի ուժեղ մարդիկ կային Հայաստանում, որոնց գործն էր, որ իրապես նեղում էր բոլշեւիկյան գաղափարախոսությանը։ Ասենք Մինասը օրվա հերոսն էր։ Նրա գործն այնքան փայլուն էր, այնքան մեծ հանճարով, այնքան արժեքավոր, այնքան ինքը մաքուր ու մեծ նկարիչ էր, ուստի նաեւ անհանդուրժելի էր, քանի որ Սովետական Միությունը մեծ անհատներուն չէր ընդունում, ատում էր։ Ես այնպիսի մեկը չէի, որ երեւում էի իբրեւ անհատականություն կամ կարող էի ուշադրություն գրավել, իմ գործս մի տեսակ ընդունելի էր։ Իմ գործերով ինձ վնասելու առիթ չի եղել։ Եվ դա օգնեց ինձ։ 1960-ականներին որոշ չարություն, ատելություն պակսած էր, ամեն դեպքում 37 թիվ չէր։


Առնչվող նյութեր
1. Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը ներկայացվել է Գյումրիում
2. Վախճանվել է ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: