ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կոչ հանուն Հայաստանում արդար և ազատ խորհրդարանական ընտրությունների կայացման.

16 հոկտեմբերի, 2016 | 15:41

AAE_logo

Հարգելի հայրենակիցներ,

Հայաստանի և հայության ապագայով մտահոգ և հետաքրքրվող Սփյուռքի երիտասարդներ, քույրեր եւ եղբայրներ,

2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Այս ընտրությունը Հայաստանի Հանրապետության և ողջ հայ ժողովրդի համար ունի կենսական նշանակություն: Ինչպես հայտնի է, քիչ բացառություններով, Հայաստանում բոլոր ընտրությունները կայացել են լայնածավալ ընտրախախտումներով և ընտրակեղծիքներով: Երկրում տիրող կործանարար և հոռի երևույթները՝ աղքատությունը, արտագաղթը, հասարակական անապահովությունը, համատարած անարդարությունը, անպատժելիությունը, կոռուպցիան և ապագայի նկատմամբ ժողովրդի անվստահությունը, սկիզբ են առնում, ընտրակեղծիքների արդյունքում ձևավորվող իշխանությամբ, երբ մի խումբ մարդիկ կամայականորեն ժողովրդին զրկում են կամարտահայտությունից և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից:

Սփյուռքը, ցավոք, անցյալում Հայաստանի պետականակերտման և ժողովրդավարացման հարցում թերագնահատելով իր դերակատարության նշանակությունը կամա, թե՝ ակամա հեռու է մնացել նշված գործընթացներում իրեն հասցեագրված պատասխանատվությունից և պարտականությունից: Սակայն, նկատի առնելով Հայաստանի Հանրապետությանը և բնականաբար ողջ հայությանը սպառնացող արտաքին սպառնալիքներն ու ներքին մարտահրավերները, ապրիլին կայանալիք ընտրությունների նկատմամբ սփյուռքի անտարբերությունը ողջ հայության համար կարող է լինել ճակատագրական:

Ապրիլյան չորսօրյա պատերազմի և հուլիսյան դեպքերի առիթով հրապարակած նախկին հայտարարություններում արդեն ընդգծել էինք գալիք ընտրությունների կարևոր նշանակության և այդ ընտրություններում Սփյուռքի դրական դերակատարության անհրաժեշտության մասին մասնավորաբար շեշտելով, որ «Սփյուռքի մեծամասնությունը չունենալով անձնական կամ խմբակային նեղ շահեր՝ ընձեռած տեղական եւ միջազգային օրենքների սահմաններում կարող է ընտրակեղծիքների դեմ պայքարում լուրջ ներդրում ունենալ և այսպիսով օժանդակած լինել երկրի ժողովրդավարությանը և զարգացմանը»:

Հաշվի առնելով, որ ժողովրդի կամարտահայտությունը խոչընդոտող ընտրախախտումները տեղի չեն ունենում միմիայն ընտրությունների կայացման օրը, ուստի, անհրաժեշտ են ողջ ընտրական գործընթացում վերահսկողության մեխանիզմների կայացումը, սկսյալ կրթադաստիարակչական դասընթացներից միչև դիտորդական առաքելություն: Ավելին, դա կախված է նաև հասարակության բոլոր խավերի զգոնությունից, սեփական իրավունքները պաշտպանելու նրանց գիտակցությունից ու պատրաստակամությունից:

Հետևաբար, հարկավոր է հենվելով թե՛ Հայաստանի Հանրապետության և թե՛ միջազգային օրենքի դրույթներով մշակված ծրագրին` մասնակցել և գործնական քայլերով աջակցել մեր երկրում արդար ընտրությունների արդյունքում օրինական իշխանության ձևավորման գործընթացին:

Ուրախալի է, որ այս հարցի շուրջ Սփյուռքից հնչում են գործակցության առաջարկություններ եւ կոչեր:
Եվրոպայի Հայերի Համագումարը ողջունում և իր զորակցությունն է հայտարարում «Արդարադատություն Հայաստանին» (Justice Within Armenia) ստորագրահավաքի նախաձեռնությանը և հորդորում ողջախոհ մտավորականությանը և մեր ողջ հայրենակիցներին` միանալ այս ստորագրահավաքի արշավին:

Բախտորոշ այս օրերին Եվրոպայի Հայերի Համագումարը մի անգամ ևս հայտարարում է, որ սեփական ճակատագրի նկատմամբ անտարբերությունը կարող է ունենալ անդառնալի բացասական հետևանքներ, ուստի` հատկապես ներկա պահին Սփյուռքի պատասխանատվությունը և հայրենիքի ինքնիշխանության, անվտանգության, հողային ամբողջականության և հայրենի ժողովրդի նկատմամբ անվերապահ համերաշխությունը մնում է մեր միակ ընտրությունը:

Եվրոպայի Հայերի Համագումարը ժողովրդավարական հիմքերով գործող համաեվրոպական հայկական հասարակական անկախ և ինքնուրույն կազմակերպություն լինելով` չունի ու չի հետապնդում անհատական կամ խմբակային շահ: Մեր շահը մեր ժողովրդի դարավոր իղձերի իրականացումն ու երջանկությունն է:

Ընտրություններին մնացել է շուրջ վեց ամիս, օգտվենք ժամանակից իրականացնելու «ո’չ, կեղծ ընտրություններին» ծրագիրը:

Ընտրությունների ազատ և արդար լինելու կապակցությամբ, պատրաստ ենք լսելու և քննարկելու բոլոր գործնական և խելամիտ առաջարկները:

Միասնաբար անպայման կարող ենք հասնել մեր նպատակներին:

 

Այս կոչով դիմում ենք Սփյուռքի մեր հայրենակիցներին, ովքեր պատրաստ են աջակցելու և մասնակից դառնալու «ո’չ, կեղծ ընտրություններին» նախաձեռնությանը, մեզ հետ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով կամ էլեկտրոնային հասցեներով`

 

Եվրոպայի Հայերի Համագումար,

նախագահ՝

Կարո Հակոբյան 

e-mail: garo.hakopian@comhem.se,  հեռ: +46 (0) 707 25 85 93

 

Գերմանիայի մասնաճյուղի պատասխանատու՝

Դր. Րաֆֆի Բեդիկյան

e-mail: bedikian2001@yahoo.de,     հեռ: +49 (0) 1714579813

 

16 հոկտեմբերի 2016 թ.

contact@aaeurop.com

www.aaeurop.com


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
4. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
5. «Նոր Հայաստան, նոր սփյուռք» համաժողովի հայտարարությունը
6. Կայացավ Եվրոպայի հայերի համագումարի «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» նշանաբանով Խորհրդաժողովը
7. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
8. Եվրոպայի հայերը պետք է ճշտեն իրենց առաջնահերթությունները. Կարո Հակոբյանի հարցազրույցը Քյոլնի համաժողովի նախօրեին
9. Մհեր Սահակյան. «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» /նոր գիրք/
10. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: