ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՆԱՆՅԱՆ. Բավարացիներն ու մորավացիները սերում են հայերից

29 դեկտեմբերի, 2012 | 00:14

Հայր սուրբ, երկար տարիներ ապրելով Գերմանիայում եւ Ֆրանսիայում, քաջատեղյակ եք հայկական սփյուռքի խնդիրներին, ներկա վիճակին։ Այսօր ակտիվորեն քննարկվում է հայ-թուրքական հարաբերությունների խրթին հարցը, եւ սփյուռքը իր դիրքորոշումն է արտահայտում այս առնչությամբ։ Ձեր կեցվածքը ո՞րն է։

-Իմ կեցվածքն այն է, ինչ որ հայ ժողովրդի շահն է։ Քաղաքական խնդիրները շահի պայքար են։ Ես հաճախ եմ լսել Բենիամին դ՚Իզրայելիի խոսքերը, որ ,,Անգլիան հավիտենական  բարեկամ չունի, Անգլիան հավիտենական թշնամի չունի,   Անգլիան հավիտենական շահ ունի միայն,,։ Հետեւաբար, եթե քաղաքականությունը  շահի խնդիր է, ուրեմն ես այն շահի կողմնակիցն եմ, որը հանուն իմ ժողովրդի եւ իմ երկրի  է։ Եթե Հայաստանի պետության եւ ժողովրդի շահն է այսօր հարաբերվել Թուրքիայի հետ, ուրեմն մենք պետք է այն իրականացնենք,  իսկ եթե այդ հարաբերությունը կարող է ինչ-որ ձեւով վնասել մեր ազգային շահին, անշուշտ ես հակառակ եմ դրան։

Դուք վերջերս՝ մեր մասնավոր զրույցներից մեկում հետաքրքիր դրվագներ պատմեցիք Բոհեմիայի եւ հայության հետ առկա կապերի մասին։ Կցանկանայի, որ այդ տեղեկությամբ կիսվեիք նաեւ մեր ընթերցողների հետ։

-Ուր որ պաշտոնավարել եմ սփյուռքում, միշտ հետաքրքրվել եմ տվյալ երկրում ապրող հայերի պատմությամբ։ Երբ պաշտոնավարում էի Ռումինիայում, բավական տեղյակ էի հայերի խաղացած մեծ դերի մասին այդ երկրում։ Ինչպես, օրինակ Յոն վոդե Չելկումպրիտ կամ Արմեանուլ իշխանի մայրը հայազգի Էռբեկա իշխանուհին էր։ Նրանց առաջին լուսա-վորության նախարարը Գեոգե Ասսակեն է, Փիլիսոփայության դպրոցի հիմնադիրը՝ Վասիլե Կոնտան, առաջին գրաքննադատը՝ Կարապետ Իբրաիլյանուն, մեծագույն մաթեմատիկոս-ներից է Գեորգե Թրանկու-Յաշը, Արճեշի նշանավոր տաճարի ճարտարապետը Մանոլեն է՝  Էմանուելը, մեծ բանաստեղծ Միխայիլ Էմինեսկուն, որի բուն ազգանունը եղել է Էմինովիչ, որի մեծ հայրըՙ Մուրադ Էմինովիչը եղել է հայ վաճառական Լեմբերգ (այժմ Լվով) քաղաքից, եւ նմանատիպ բազում անուններ։

Երբ տեղափոխվեցի Գերմանիա պաշտոնավարելու, ինձ համար հետաքրքիր էր, թե հայերը որեւէ դեր խաղացե՞լ էին Գերմանիայում։ Փաստերը ցնցող էին։ Նախ առաջին տեղեկությունները քաղեցի Հանթս Նոբաուեռի ,,Բավարացիները եւ Դիպայուվառն,, գրքից, ուր մեջբերում կար գերմանական մի քանի աղբյուրների մասին, որոնք վկայում էին բավարացիների հայկական ծագման մասին։ Այս խնդիրն ինձ շատ հետաքրքեց եւ սկսեցի պրպտել, թե այլ ինչ նյութեր կարող եմ գտնել, եւ  փորձեցի գտնել այդ գրքի մեջ նշված մի քանի աղբյուրների բնօրինակ տեքստերի պատճենները։ Դրանցից առաջինը 1080 թվականին գրված ,,Անո Լիդ,, անունով պոեմն էր, որ նվիրված էր Քյոլնի Անո եպիսկոպոսին, որտեղ առաջին անգամ բնագրից կարդացի, որ բավարացիների ծագումը գալիս է Հայաստանից։

Ihr Stamm  (die Baiern) war vormals dorthin gekommen

aus dem hochgelegenen Armenien,

wo Noah aus der Arche ging,

als er den Ölzweig von der Taube empfangen hatte,

auf den Bergen Ararat. (Das Annolied, Herausgegeben von Eberhard Nellmann, Stuttgart 1999, s. 27)

Նույն վկայությանն ենք հանդիպում նաեւ 1170 թ. գրված ,,Կայզերքրոնիկ,,-ում (,,Կայսերական ժամանակագրություն,,),  որի մեջ բավարացիների մասին նշված է, որ նրանք եկել են Հայաստանից.

Das Geschlecht der Baiern,

Hergekommen von Armenien,

Wo Noah aus der Arche ging

Und den Ölzweig von der Taube empfing,

Die Spuren der Arche kann man noch sehen

Auf den Bergen, die da heißen Ararat. (Hans F. Nöhbauer “Die Bajuwaren” Weltbild Verlag, Augsburg 1990, s. 15)

Անշուշտ այդ մասին այլ տեղերում էլ կան նշումներ, բայց ամենակարեւոր տեղեկությունը կարդում ենք Վայթ քահանա Առնփեկի  1492 թվականին գրված ,,Chronica Baioariorum,,

(Բավարական ժամանակագրություն) գրքի մեջ, ուր կարդում ենք՝ ,,Baioarius mit seinem fraisamen volk hat seinen ursprung aus dem land Armenia und ist mit in ausgezogen mit grosser macht, und sind komen in das land und funden darin paurenvolk, di sich nerten mit vischen und jagen der wilden thire, und ließen sich da nider und nennten das land nach irem fürsten und herfürer Bavaria¦  (Veit Arnpeck Sämtliche Chroniken, herausgegeben von Georg Leidinger München 1915, s. 447)թարգմանաբար՝

,,Բայոարիուսն իր ազատատենչ ժողովրդի հետ միասին, որի ծագումը Հայաստանից է, որտեղից դուրս են եկել մեծ ուժով, եւ եկել են այս երկիրը, ուր գտել են խեղճ մի ժողովուրդ, որը սնվում էր ձկնորսությամբ եւ վայրի կենդանիների որսով: Հաստատվելով այնտեղ, այդ երկիրն անվանում են իրենց իշխանի եւ առաջնորդի անունով՝ Բավարիա,,:  Հարկ է նշել նաեւ Վայթ քահանա Առնփեկի

,, Chronica Baioariorum,,-ից մեկ այլ տեղեկություն, որի համաձայն Բայոարիուս իշխանն ունեցել է երկու զավակ՝ Բոհեմ կամ Բոհեմունդ եւ Ինգրամ կամ Ինգրամանդ անուններով (Veit Arnpeck Sämtliche Chroniken, Cap. 7, s.25): Իսկ Հանս Նոբաուերի ,,Բավարացիները,, գրքի մեջ կարդում ենք, որ համաձայն Յոհաննես Թուրմայերի (որը համարվում է բավարական պատմագրության հայրը (Johannes Turmair-Aventinus(1477-1534) (Der Vater der bayerischen Geschichtsschreibung), 1522 Ã. բավարական իշխաններ Վիլհելմի եւ Լյուդվիգի (Herzöge Wilhelm und Ludwig)  պատվերով գրված “Annales ducum Baioariae” (բավարական իշխանների տարեգրություն) գրքում նշում է. ,,որ Բոհեմիան (այժմյան Չեխիայի Հանրապետություն) անտիկ գրքերում կոչվել է ,,Հերմենիա,,, որը նշանակում է Արմենիա։ Եվ ինչպես այսօրվա Բավարիայի տարածքն անվանվել է հայ իշխան Բայոարիուսի անունով, նույն կերպ էլ նախապես Հերմենիա-Արմենիա կոչված տարածքը վերանվանվել է Բավարիուս իշխանի ավագ որդու անունով՝ Բոհեմիա,,: ,,Der gelerte Johannes Turmaier aus Abensberg in Niederbayern war jedenfalls schon zu Luther Zeiten davon uberzeugt, dass ursprunglich Hermenien war – so nannten antike Schriftsteller Böhmen -, und das daraus dann  Armenien geworden sei¦ (Hans F. Nohbauer “Die Bajuwaren”, Weltbild Verlag, Augsburg 1990, s. 20), Այս տեղեկությունները մենք հանդիպում ենք Ավենտիուսի մոտ, որը մինչ այսօր դժբախտաբար ուսումնասիրված չէ։ Եվ կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք ուսումնասիրություններ կատարենք Մյունխենի արխիվներում, որտեղ բազմաթիվ փաստաթղթեր կան, որոնք անծանոթ են մեզ։

Այդ պատմիչների թողած տեքստերն ի՞նչ  լեզվով են եւ որտե՞ղ են գտնվում։

-Բնագրերը լատիներեն կամ հին գերմաներեն են եւ գտնվում են գերմանական տարբեր արխիվներում, հիմնականում՝ Մյունխենի պետական արխիվում։

Իսկ կասկածելի չէ, որ մինչեւ այժմ այդ մասին ո՛չ  չեխերը, եւ ո՛չ էլ գերմանացիները չեն գրել կամ անդրադարձել։

-Գերմանացիներն այդ խնդրին անդրադարձել են բազմաթիվ անգամ։ Միայն թե 19-րդ դարի կեսերից Ցիմերման անունով մեկին հաջողվեց  վերջնականապես այդ խնդիրը փակել, քանի որ գոյություն չունեցող մի վարկած առաջ քաշեց՝ հերմինոնների տեսակետը, որով եւ թաղեց բավարացիների հայկական ծագման  հարցը։ Հստակ է մեկ բան՝ 19-րդ դարում, երբ Հայաստանը գտնվում էր թուրքական, պարսկական եւ ռուսական լծի տակ, նրանք չէին կարող երբեք իրենց բավարական ծագումով հպարտանալ՝ այն կապելով Հայաստանի հետ։ Այդ փաստն էլ իր դերը խաղաց, որ գերմանացիները կտրականապես մերժեն բավարացիների հայկական ծագման հարցը։  Սակայն ինձ համար կարեւոր է հայ ժողովրդի այս պատմությունը, ոչ թե այն բանի համար, որ գերմանացիները դրա մասին իմանան, այլ այդ մասին իմանանք մենք՝ հայերս, եւ ըստ արժանվույն կարողանանք ինքներս մեզ գնահատել։ Մեզ համար շատ կարեւոր է, որ Եվրոպայում ապրող հայ երիտասարդի մեջ հստակեցնենք նրա պատկանելության գաղափարը։ Եթե մենք զլանում ենք դա անել, չենք կարող օտար ափերում ծնված երիտասարդից պահանջել ազգային իր դեմքն ու դիմագիծը պահել։ Այսօրվա երիտասարդը միշտ համեմատում է իր ապրած երկրի մշակույթը՝  իր ազգային մշակույթի հետ։ Ճիշտ չճանաչելով իր ազգային մշակույթը, նա, իբրեւ օրենք, առավելությունը տալիս է իր ապրած երկրի մշակույթին։  Ուրեմն, երիտասարդի մեջ արթնացնելով իր պատկանելության եւ իր ինքնության ճշմարիտ կերպարը, հնարավոր կդարձնենք նրա մեջ ազգապահպանման գիտակցության ամրագրումը։

Հայր Կոմիտաս, դուք երիտասարդների հետ շատ եք շփվում, այսօրվա երիտասարդությունն ի՞նչ հետաքրքրություններ ունի։

-Տարատեսակ են երիտասարդները՝ կան ազգային ոգով գիտակից երիտասարդներ, կան ամբողջությամբ ապազգայնացածներ։ Եվրոպական արժեքների արհեստածին կրողներն իբրեւ օրենք տառապում են անորոշությամբ,  քանի որ չեն կարողանում ճիշտ կերպով զատորոշել եվրոպականը՝ ազայինից։ Նմանների համար ինչը ազգային է՝ հետադիմական է, իսկ ինչը եվրոպական՝ հառաջադիմական։ Օրինակ, այսօր նկատելի է արհեստածին ազատամտական գաղափարախոսությունների տարածումը, որպես մոդեռնիզմի արտացոլում։ Երբ ազատամտությունը ոչ ճիշտ ձեւով է մատուցվում եւ որի քողի տակ իրականում տարածվում է բարոյական կերպարի աղավաղումը։ Բացի այդ, ազատամտություն չի նշանակում անարխիա։ Իմ ազատ մտածելը պիտի ունենա նաեւ իր սահմանները, որը պիտի ավարտվի այնտեղ, ուր սկսում է ուրիշինը։ Եվ բացի այդ, ազատամտությունը չի նշանակում ոչ դիմացինին վիրավորել, եւ ոչ էլ՝ անբարոյականություն։ Եվրոպական արժեքներն  արժեւորելուց առաջ, նախ մեր արժեքները պետք է մեր հոգեւոր արժեհամակարգում ըստ արժանվույն արժեւորենք։ Քանի որ սեփական արժեքը չարժեւորողը, այլոց արժեքների կեղծ կրողը կարող է լինել։

Սփյուռքահայ երիտասարդությունը եւս շատ հարաբերական է։ Կան, որ ծնվել են սփյուռքում, երրորդ եւ չորրորդ սերունդն են, սակայն պահում են իրենց ազգային դեմքն ու դիմագիծը եւ կան, որ չնայած նոր են եկել Հայաստանից, սակայն արդեն իսկ ոչ մի կապ չունեն հայության հետ։ Դա գալիս է ընտանիքից։ Եթե ծնողներն անտարբեր են ազգային արժեքների նկատմամբ, ապա զավակները եւս անտարբեր են։ Բայց կան երիտասարդներ, ովքեր կատարյալ կրողներն են ազգային արժեքների, հավատարիմ են իրենց Առաքելական Մայր եկեղեցուն, քանի որ գիտակից են մեր եկեղեցու դարերի ընթացքում խաղացած մեծ դերին։ Այդ եկեղեցու միջոցով ենք հայերս պահպանել մեր ինչպես ազգությունը, այնպես է՝ ազգային արժեքները։ Շատ եկեղեցիներ իրենց քարոզչությունը սահմանափակում են միայն ավետարանական ուսմունքի շրջանակներում, նրանք երբեք ազային խնդիրներ չեն շոշափում։ Մինչդեռ Հայ Առաքելական եկեղեցին ինչպես երեկ, այսօր եւս փորձում է արթուն պահել հայ մարդու սրտում թե եկեղեցական, եւ հոգեւոր արժեքները, եւ թե ազգային ոգին ու գիտակցությունը։ Այսօր, ցավոք, հաճախ ենք ականատեսները լինում քրիստոնեական գաղափարների արժեզրկման, տարբեր միջոցներով, ֆիլմերի, ինչպիսին էր ,,ԴաՎինչիի կոդը,, կամ ,,Քրիստոսի վերջին փորձությունը,, կամ այլ ֆիլմեր։  Անշուշտ, այս բոլորը գալիս է ոչ գիտակից երիտասարդի կերպարի մեջ կրոնական արժեքները արժեզրկելու ծրարից։ Նա չի հասկանում, որ այդ բոլոր ֆիլմերը իրականությունից կտրված եւ իրականության հետ որեւէ առնչություն չունեցող նյութեր են, հատուկ ինչ-ինչ նպատակներ հետապնդող։ Հայ եկեղեցին այսօր գտնվում է մի մարտադաշտում, ուր հակառակորդներն անտեսանելի են։ Բայց հավատացած ենք, որ քաղաքական այս ջրհեղեղից էլ Աստծո ողորմությամբ կփրկվենք այնպես, ինչպես փրկվեցինք Նոյի ժամանակ։

Հարցազրույցը վարեց  Հակոբ Ասատրյանը

ՕՐԵՐ  ԱՄՍԱԳԻՐ, 5/50/2009

Orer.eu


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: